ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-979-24.05.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

02.06.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը (…)»: 

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը նախատեսված է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք հստակեցնել «օրենքով սահմանված կարգով» ձեւակերպումը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առաջին պարբերության՝ նոր խմբագրությամբ շարադրվող առաջին նախադասությանը:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նախատեսված է հետեւյալը՝  «երկրորդ նախադասության մեջ «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքի)» բառերը,»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 

«Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով»:

Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք «գ» ենթակետում «բառերը» բառից հետո լրացնել եւ «կետադրական նշանը» բառերով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ», «ե», «զ» ենթակետերին:

4.  Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով Նախագծի ծավալը եւ ժամանակի սղությունը՝ նշենք, որ բացակայել է Նախագիծն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.06.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.06.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

- անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով Ավելացված արժեքի հարկով (այսուհետ` ԱԱՀ)  եւ շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող անշարժ գույքի արժեքում արդեն իսկ ներառված է ԱԱՀ-ը),

- 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը,

- մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով եւ հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը։

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

24.05.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, որի նպատակն անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:

Գործող իրավակարգավորումներով՝ անշարժ գույքի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազան չի կարող փոքր լինել անշարժ գույքի հարկման նպատակով Օրենսգրքով սահմանված հարկման բազայից՝  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքներից: Ըստ այդմ, անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացել են ներկայացվող խնդրին վերաբերվող հրատապ լուծում պահանջող հարցեր: Հարկ է նշել, որ.

-   ներկայում անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվել են գործարքների միջին շուկայական արժեքներով, որոնք իրենց մեջ ներառում են ԱԱՀ-ի գումարներ: Արդյունքում՝ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ ներառված ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկվող բազայի մեջ, ինչը հակադրվում է նշյալ հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը,

-   նոր կառուցապատվող բազմաբնակարան շենքերի դեպքում անշարժ գույքի վաճառքն իրականացվում է անշարժ գույքի գնման իրավունքի վաճառքի ձեւով, եւ անշարժ գույքի փաստացի օտարումը տեղի է ունենում միայն բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտելուց հետ: Բանն այն է, որ հարկվող գործարքը տեղի է ունենում անշարժ գույքի փաստացի օտարման փուլում, մինչդեռ օտարվող անշարժ գույքի գինը, հետեւաբար նաեւ հարկվող բազան որոշվում է նախապես՝  գնման իրավունքի վաճառքի փուլում: Անշարժ գույքի շուկայում, անշուշտ, կարող են տեղի ունենալ գների փոփոխություն, ինչն էապես իր ազդեցությունը կունենա նաեւ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքների վրա: 

Նախագծով հեղինակն առաջարկում է.

-   անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով հիմք ընդունել ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80%-ը, 

-   2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում՝  անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝  անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80%-ը,

-   մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝  անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում՝  անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝  գույքահարկով եւ հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը միանշանակ կունենա դրական սոցիալական ազդեցություն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորումների համեմատությամբ տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը որոշակիորեն կնվազի:

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.05.2021