ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-945-23.04.2021-ՊԻ-011/0), «Ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9451 -23.04.2021-ՊԻ-011/0), «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9452 -23.04.2021-ՊԻ-011/0), «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9453 -23.04.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9454 -23.04.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9455 -23.04.2021-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9456 -23.04.2021-ՊԻ-011/0), «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9457 -23.04.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                   ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

14.05.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝  Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից  հայտարարագրում կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար` (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով): «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու համար` (առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով): Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ համապատասխան հայտարարագրում կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելով՝ նշված արարքը հանդիսանում է առավել վտանգավոր, քան օրենքով սահմանված ժամկետում կամ ընդհանրապես տեղեկություն չներկայացնելը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 60.3-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում ստացվում է, որ առնվազն երեք տարի հայտարարագիրը չներկայացնելու ընթացքում, նախքան իրավասու մարմնի կողմից դատարան դիմելը, իրավաբանական անձի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար:

Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների արդյունքում ստացվում է, որ դիտավորությամբ հայտարարագրում կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար ավելի խիստ պատասխանատվություն է սահմանված, քան դիտավորությամբ համապատասխան հայտարարագիրը ընդհանրապես չներկայացնելու կամ սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերլուծությունից բխում է, որ վարչական տույժը պետության վարչական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից մեկն է եւ հանդիսանում է զանցանքին պետության պաշտոնական արձագանքը: Վարչական տույժի նպատակն է վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել  օրենքները հարգելու ոգով, կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Նշված նպատակներին հասնելու լուրջ երաշխիք է վարչական տույժ սահմանելիս եւ նշանակելիս արդարության եւ համաչափության սկզբունքների պահպանումը:

 Վարչական տույժի արդարությունը դրսեւորվում է զանցանքին վարչաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաեւ զանցանքի եւ վարչաիրավական ներգործության միջոցների (տույժի) համաչափության ապահովմամբ: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին, ինչպես նաեւ բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից: 

Այս առումով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաեւ համաչափության սահմանադրական սկզբունքին: Այսպես, վարչական տուգանքը դրամական տուժանք է, որը, որպես վարչական իրավախախտման համար  նշանակվող պատասխանատվության միջոց, կիրառվում է անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձեւավորելու եւ նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Ընդ որում, պատասխանատվության միջոց սահմանելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները սահմանափակված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակն ու պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Այդ սկզբունքի պահանջներով վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը: Այլ կերպ ասած, կոնկրետ արարքի համար վարչական տուգանքի չափը սահմանելիս հաշվի են առնվում այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, իրավախախտողին դաստիարակելու եւ այլ անձանց կողմից եւս հետագայում իրավախախտումների կատարումը կանխելու անհրաժեշտությունը: 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ «(…) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն՝ սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ:» Տվյալ դեպքում հայտարարագրի կանոնների խախտման համար պատասխանատվություն սահմանելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հայտարարագիր ներկայացնելու պահանջների խախտման բնույթին եւ վտանգավորությանը:

Այսպիսով, պատասխանատվություն սահմանելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, ինչից ենթադրվում է, որ օրենքով նախատեսված պատասխանատվության տեսակներն ուղիղ համեմատական են արարքի հանրային վտանգավորության աստիճանին: Տվյալ դեպքում հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը, կարծում ենք, իր բնույթով չի կարող առավել վտանգավոր արարք հանդիսանալ քան նույն հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ընդհանրապես չներկայացնելը: 

2.  Նախագիծ 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«26) փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, եթե՝

ա. ֆիզիկական անձին ուղղակի կամ անուղղակի պատկանում է 20 եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. ֆիզիկական անձն օրենքով չարգելված այլ ձեւով հնարավորություն ունի կանխորոշելու իրավաբանական անձի որոշումները,

գ. ֆիզիկական եւ իրավաբանական անձը գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.»:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի գործող կարգավորման համաձայն`

«փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը հանդիսանում է՝

(…)

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ կառավարման այլ մարմինների անդամ.»:

Մեջբերվածի համատեքստում նկատենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում «փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք» հասկացությունից դուրս են մնում Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձինք: Նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ պատճառաբանված չէ, ուստի, կարծում ենք, վերջինս լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

3.   Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝  «Սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելու, ինչպես նաեւ սույն գլխի կանոններն այլ կերպ բազմակի կամ կոպիտ խախտելու դեպքում գործակալությունը կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը, այն է՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը գործակալություն ներկայացնել 1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ 2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ, երեք տարի անընդմեջ չկատարելը գործակալության կողմից իրավաբանական անձին լուծարելու պահանջով դատարան դիմելու հիմք է: Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Իրավաբանական անձը կարող է լուծարվել` 1) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է. 2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ. 3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում: Քաղաքացիական օրենսգրքի նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումն է հիմք հանդիսանում իրավաբանական անձի լուծարման պահանջով դատարան դիմելու համար: Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքով նախատեսված համապատասխան պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելը նախատեսված է որպես Օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներից տարբերակված այլ հիմք: Մինչդեռ, կարծում ենք, Օրենքով սահմանված համապատասխան պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելը կարող է ներառվել Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեջ: 

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգանքը, որ շատ հաճախ իրավաբանական անձի մասնակիցները կարող են չտիրապետել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին, կարծում ենք, նպատակահարմար է նախքան Նախագծի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը երեք տարի անընդմեջ ներկայացնելու համար իրավաբանական անձի լուծարման պահանջով դատարան դիմելը, իրավասու պետական մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրն առաջին տարում չներկայացնելու համար սահմանել զգուշացում, երկրորդ տարում չներկայացնելու համար՝ գործունեության կասեցում, որից հետո միայն իրավասու պետական մարմինը դիմի դատարան իրավաբանական անձի լուծարման պահանջով: Հարկ է նկատել, որ համանման կարգավորում նախատեսված է Ընդերքի մասին օրենսգրքում՝ նախքան ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը:

4.  Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող 12.1-ին գլխի 60.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն ` «Անձը համարվում է իրական շահառու, եթե նա «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված պայմանները բավարարում է առանձին կամ իր հետ փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ համատեղ:

Ոլորտային օրենսդրությամբ կարող են սահմանվել իրական շահառուների բացահայտման` «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված չափանիշներից խիստ չափանիշներ, եթե դա բխում է իրավաբանական անձի գործունեության ոլորտի առանձնահատկություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից»:

Հարկ ենք համարում նկատել, որ 60.1-ին հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված պայմաններին, իսկ 3-րդ մասում` չափանիշներին: Մինչդեռ, հաշվի առնելով  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով իրական շահառուին վերաբերելի կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առաջարկում ենք Նախագծում կիրառել միեւնույն ձեւակերպումը՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով:

5.  Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 66-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս տվյալ հոդվածի 1-ին մասում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը:

6.  «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «2.1-րդ» գրելաձեւը առաջարկում ենք փոխարինել «2.1-ին» գրելաձեւով:

7.  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` նշելով օրենսգրքի հերթական համարը:

8.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2231-ին հոդվածին արված հղումը ճիշտ կատարել, մասնավորապես՝ «2231-րդ» ձեւակերպումը փոխարինել «2231-ին» ձեւակերպմամբ: 

9.   «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

10.  Նախագծի 9-րդ հոդվածի, «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածի, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

11.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.29-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «կամ ոչ ամբողջական» բառերը փոխարինել «կամ անզգուշությամբ ոչ ամբողջական» բառերով: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ «կամ» շաղկապի կիրառման արդյունքում անզգուշությամբ բառը վերաբերում է միայն հայտարարագրում սխալ տվյալ ներկայացնելուն, իսկ հայտարարագրում ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար Նախագծերի փաթեթում ներառված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով արդեն իսկ նախատեսված է քրեական պատասխանատվություն:

12.    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 169.29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե մինչեւ վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը եւ իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին է ներկայացրել ապացույցներ այդ մասին: Նույն նախագծի 4-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսվում պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված  տեղեկությունները եւ փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չպահապնելու համար: Տվյալ պարագայում հասկանալի չէ՝ նոր լրացվող 169.29-րդ հոդվածի 5-րդ մասն ինչպես է տարածվելու եւ կիրառվելու նոր լրացվող 4-րդ մասի նկատմամբ: Այսպես, եթե իրավաբանական անձն օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի պահպանել պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված  տեղեկությունները եւ փաստաթղթերը (նշված փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից), ինչպես պետք է լրացվող 169.29-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վերջինս վերացնի նշված խախտումը՝ պահպանի ուսումնասիրության իրականացման ընթացքում (5 տարվա կտրվածքով) ձեռք բերված այն տեղեկությունները, որոնց չպահպանման համար է վարչական պատասխանատվություն է նախատեսվում: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 71-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Քաղաքացիական օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

14.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

14.05.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթը պարունակում է բազմաթիվ փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղված են իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման ինստիտուտի կատարելագործմանը եւ 2008 թվականի «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք), ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ արդեն իսկ իրականացված որոշ բարեփոխումների օրենսդրական ամրագրմանը: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների բազմաքանակությունը՝ ստորեւ կներկայացնենք, մեր կարծիքով, դրանցից ամենակարեւորները: Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

- առկա համակարգերի միասնականացմամբ ներդնել իրական շահառուների բացահայտման նոր համակարգ, որը կգործի Պետական ռեգիստրում գրանցում ստացած բոլոր իրավաբանական անձանց համար,

- հայտարարագրման պարտականության ծագման համար նախատեսել անցումային շրջան` մյուս իրավաբանական անձանց (առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների) համար,

- պետական ռեգիստրում իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հայտարարագրման պարտականությունը սահմանափակել այն ընկերությունների համար, որոնց բաժնետոմսերը ցուցակված են կարգավորվող շուկայում, որտեղ իրական շահառուների բացահայտման հարցով կիրառելի չափանիշները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին, ինչպես նաեւ սույն բացառությունը տարածել նաեւ այդպիսի ընկերություններին պատկանող դուստր ընկերությունների վրա,

- օրենսդրության մեջ արտացոլել իրական շահառուների տվյալների բացահայտման միջազգային կառույցների կողմից առաջարկվող կասկադային մեթոդը,

- պետական ռեգիստրում ստեղծել իրական շահառուների ռեեստր, որը կգործի Օրենքով նախատեսված «իրական շահառու» հասկացության հետ միասնական հիմունքների վրա,

- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ ապահովել հանքարդյունաբերության ոլորտում «իրական շահառու» հասկացության օգտագործումը բազմաշահառու խմբի կողմից որոշված իմաստով եւ մասնակցության շեմով,

- համապատասխանեցնել Օրենքով նախատեսված «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացությունը կիրառելի միջազգային չափանիշներին,

- հրաժարվել իրավաբանական անձանց վրա իրենց կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու պարտականություն դնելու մոտեցումից, փոխարենն իրավաբանական անձանց իրական շահառու բացահայտումն ապահովել պաշտոնատար անձանց շահերի հայտարարագրի շրջանակներում,

- իրական շահառու հանդիսանալու կանխավարկած նախատեսել, եթե անձն իրական շահառու հանդիսանալու չափանիշները բավարարում է իր հետ փոխկապակցված (հարազատական կապերի մեջ գտնվող կամ համաձայնեցված գործող) անձանց հետ,

- պարտադիր հրապարակման ենթակա նվազագույն տվյալները նախատեսել օրենքում՝ մնացած մասով ապահովելով միայն իրավասու մարմինների եւ շահագրգիռ խմբերի հասանելիությունը,

- նախատեսել իրական շահառուների ռեգիստրին հասանելիություն ունեցող իրավասու պետական մարմինների պարտականությունը ծանուցել ռեգիստրում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ՝ տրամադրելով իրենց հասանելի տեղեկությունները,

- նախատեսել հայտարարագիր ներկայացնող անձի պարտականությունը՝ փաստաթղթավորել իրական շահառուների հայտնաբերման գործընթացը եւ պահպանել իրական շահառուին առնչվող փաստաթղթերն առնվազն հինգ տարի այն պահից, երբ անձը դադարում է համարվել իրական շահառու,

- նախատեսել հայտարարագիր ներկայացնող անձի պարտականությունը իրավասու պետական մարմինների պահանջով վերջիններիս անհապաղ հասանելի դարձնել ներկայացված հայտարարագիրը հիմնավորող փաստաթղթերը, եթե դա անհրաժեշտ է տվյալ մարմնի լիազորությունների իրականացման համար,

- նախատեսել իրավաբանական անձի վարչական պատասխանատվություն իրական շահառուների հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ պատշաճ ուսումնասիրություն չկատարելու կամ պատշաճ ուսումնասիրության փաստաթղթերը օրենքով նախատեսված ժամկետով չպահպանելու համար՝ տուգանքի տեսքով,

- նախատեսել իրավաբանական անձի իրական շահառուների եւ մասնակիցների (նրանց անունից գործող ֆիզիկական անձանց) քրեական պատասխանատվություն իրական շահառուների բացահայտման վերաբերյալ իրավաբանական անձի հարցումներին օրենքով նախատեսված ժամկետներում չպատասխանելու կամ դիտավորությամբ կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար՝ տուգանքի տեսքով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով,

- նախատեսել իրավաբանական անձի անունից գործող ֆիզիկական անձի քրեական պատասխանատվություն իրական շահառուների հայտարարագրում դիտավորությամբ կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներառելու համար՝ տուգանքի տեսքով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով,

- նախատեսել իրավաբանական անձին լուծարելու հնարավորություն, եթե վերջինս երեք տարի անընդմեջ չի ներկայացնում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր կամ այլ կերպ կոպիտ խախտում է իրական շահառուների բացահայտման կանոնները։ 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

03.05.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց եւ հանրամատչելի ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա: 

Նոր համակարգի ներքո Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել այնպիսի տվյալների մշակում, որոնք համադրելի են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության կարգավորումների ներքո մշակվող տվյալների հետ, ինչպես նաեւ ներդնել իրական շահառուների տվյալների արժանահավատության ապահովման նոր արդյունավետ մեխանիզմներ:

Հարկ է նշել, որ ՀՀ-ում իրավաբանական անձանց իրական շահառուի բացահայտման ինստիտուտը ներդրվել է դեռեւս 2008 թվականին՝  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի տեսքով, որի 9-րդ հոդվածով սահմանվել են իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ հայտարարությամբ տեղեկությունների տրամադրման դեպքերը` հայտարարության տրամադրման կարգի, ձեւի եւ ժամկետների սահմանման իրավասությունը վերապահելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին («Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձեւը, հայտարարություն ներկայացնելու կարգը եւ ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշում /27.01.2009/): 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է իրական սեփականատերերի բացահայտման ընթացակարգը սկզբնական շրջանակում նախատեսել միայն հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար, ինչն, ըստ հեղինակի, վերոհիշյալ ոլորտում պիլոտային ծրագրի իրականացմամբ թույլ կտա վեր հանել համակարգի օրենսդրական եւ գործնական խնդիրներն ու թերությունները եւ դրանց լուծում տալուց հետո համակարգը կիրառել իրավաբանական անձանց ավելի լայն շրջանակների համար:

Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական առումով հիմնախնդիրներ չի պարունակում:

Ներկայացված Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

29.04.2021