ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-958-03.05.2021-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9581 -03.05.2021-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-9582 -03.05.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

18.05.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերնագրի լրիվ անվանման հիշատակման մեջ առաջարկում ենք նշել նաեւ օրենքի հերթական համարը՝ «ՀՕ-165-Ն»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»:

2.  «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնում լրացվող նոր տողի սյունակների թիվն առաջարկում ենք համապատասխանեցնել վերոնշյալ աղյուսակի սյունակների թվին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ սյունակը հանվել է եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը:

3.  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ բաժնում լրացվում է նոր` 20-րդ կետ: Հարկ է նկատել, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ բաժնում արդեն իսկ առկա է 20-րդ կետ. հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ բաժնում նոր կետ լրացնելիս պահպանել կետերի համարակալման հաջորդականությունը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

18.05.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

18.05.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված նախագծերի փաթեթի նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է: Այս նպատակով առաջարկվում է սահմանել, որ՝

1) ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող եւ համապատասխան լիցենզիա ստացած ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի եւ նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը,

2) սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող եւ համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները, եկամտային հարկով հարկման նպատակով, համարվում են նվազեցվող եկամուտներ,

3) Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: 

2. Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստում «հետագա» բառը  տարընթերցման տեղիք կարող տալ: Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ նշված լրացման՝ «…ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան)…օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հետագա օտարման ժամանակ Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման գնի դրական տարբերությունը:», ինչը կարող է մեկնաբանվել այնպես, որ տվյալ հոդվածի կարգավորումները չեն վերաբերում այդ ավտոտրանսպորտային միջոցի առաջին օտարմանը, քանի որ հատուկ շեշտադրվում է «հետագա օտարման» փաստը, թեեւ լրացման տրամաբանությունից ակնհայտ է, որ խոսքը այդ ավտոտրանսպորտային միջոցի ցանկացած օտարման գործարքի մասին է:

3. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստից առաջարկում ենք հանել «հետագա» բառը: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

05.05.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ձեւավորել Հայաստանի Հանրապետության ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայր: Դրանով պայմանավորված՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում: 

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի՝ ներկայում Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու եւ հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: 

Մյուս կողմից, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վերջիններիս մոտ, որպես հարկային գործակալ, առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացմանը:

Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցիձեռք բերման եւ վաճառքի ժամանակ ձեւավորվող` եկամտային հարկով եւ ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները, ինչպես նաեւ  վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, առաջարկում ենք Նախագծի տեքստում «ավտոարտադրող» բառը փախարինել «ավտոարտադրող ընկերություն» բառերով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

7.05.2021