Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-993-08.06.2021-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-9931 -08.06.2021-ՏՀ-011/0) նախագիծը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
22.06.2021թ.
Իրավական փորձաքնության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակվում է հետեւյալ հաջորդականությամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի», մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Հետեւաբար՝ առաջարկվում է Նախագծում Օրենսգրքի լրիվ անվանումը համնապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր հոդված, որով սահմանվում է պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով, արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելու համար: Նախագծով սահմանված զանցանքների համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ քսանհազարապատիկի չափով, ինչը, կարծում ենք, հակասում է պատժի համաչափության սկզբունքին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին»: Սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 եւ 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշումների մեջ՝ նշելով. «հանրային իշխանության իրականացումը նախեւառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` հասարակական հարաբերությունների կարգավորման համաչափության ընդհանուր սկզբունքով: Այս սկզբունքը հանդիսանում է նաեւ իրավաբանական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարեւորագույն սկզբունքներից մեկը (...) համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ»: Օրենսգրքի մի շարք հոդվաների բովանդակության վերլուծությունից բխում է, որ Օրենսգրքի 441ին հոդվածով առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, այսինքն՝ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, իսկ Օրենսգրքի 1102րդ հոդվածով շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու սահմանվում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից երեսնապատիկի չափով: Անհրաժեշտ է նաեւ նշել, օրինակ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրեսնգրքով ավելի բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարքի համար սահմանվում է Նախագծով նախատեսված տուգանքի չափից 10 անգամ ցածր չափ, ինչը վկայում է այն մասին, որ Նախագծով սահմանվող տուգանքի չափը անհամաչափ բարձր է: Վերոգրյալը հաշվի առնելով՝ առաջարկվում է Նախագծով լրացվող Օրենսգրքի 443րդ հոդվածում տուգանքի չափերը սահմանել իրավախախտմանը եւ Օրենսգրքի կարգավորումներին համաչափ: 3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 44.3-րդ հոդվածը վերնագրված է «Արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը» վերտառությամբ, մինչդեռ լրացվող հոդվածի 5-րդ մասը վերաբերում է ոչ թե արտադրական կանեփի օրինական շրջանառության նորմերին, այլ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքներին խոչընդոտելուն կամ օրինական պահանջները չկատարելուն: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով լրացվող 44.3-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունը չի համապատասխանում նույն հոդվածի վերնագրին՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 44.3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել առանձին հոդվածի շրջանակներում: Սույն պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից: 4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 44.3-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելու համար: Հարկ է նկատել, որ շրջանառության մեջ դրված Կ-963-05.05.2021-ՏՀ-011/1 Նախագծերի փաթեթով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքում լրացնել արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելը: «Լիցենզավորման մասին» օրենքն արդեն իսկ բովանդակում է լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ, պատասխանատվություն համապատասխան օրենքի պահանջների խախտման համար, հետեւաբար՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հղում կատարել «Լիցենզավորման մասին» օրենքին, մասնավորապես նշելով (...) «, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն՝»: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ, օրինակ, «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որպես լիցենզիայի գործողության կասեցման դեպք, սահմանված է լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտումը, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար: Նման պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է, մինչդեռ Օրենսգրքով լիցենզավորման պահանջների ցանկացած խախտման համար նախատեսված է տուգանք: Հետեւաբար՝ հակասական կարգավորումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 44.3-րդ հոդվածի 1-ին մասում հղում կատարել «Լիցենզավորման մասին» օրենքին: 5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվում է նոր՝ 44.3-րդ հոդված. «Հոդված 44.3. Արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը 1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով: 2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով: 3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: 4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով: (...)»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ դրա ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտարկումները. «(...)2021 թվականի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում են արտադրական կանեփի արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ եւ մեծածախ առեւտրով զբաղվելու համար պահանջվող նորմերը, ինչպես նաեւ այդ նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը եւ վերահսկողության առանձնահատկությունները: (...) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվում են արտադրական կանեփի օրինական շրջանառության համար նորմերը, որոնց խախտման համար տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, ուստի անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման համար պատասխանատվության միջոցներ: (...)»: Հարկ է նկատել, որ քննարկվող իրավակարգավորումները ամբողջական փորձաքննության կարող էին ենթարկվել միայն համապատասխան օրենսդրական նախաձեռնության շրջանակներում, այն է՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ միասին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի: Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ իրավական փորձաքննության շրջանակում դիտարկվում է Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության հարցը: Արդյունքում՝ արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ գործող կարգավորումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բացակայությունը սահմանափակում է ամբողջական փորձաքննության հնարավորությունը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված 45.7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Մինչդեռ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 44.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նույն իրավախախտումը՝ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտելը, հանգեցնում է տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով: Կարծում ենք՝ անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել համապատասխան լիցենզիայի դադարեցման հանգեցնող դեպքի պարագայում նաեւ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով տուգանքի կիրառման նպատակահարմարության հարցը: Միաժամանակ հարկ է նկատել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացվող նոր 5.1-ին գլխում ներառված 45.8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի պահանջները խախտելը, ինչպես նաեւ տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերը չկատարելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու համար: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին գլխում ներառված «Արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում սահմանված նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագիրը» վերտառությամբ 45.10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգադրագիրը ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Հարկ է նկատել, որ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով լրացվող կարգավորումից բխում է, որ օրենքով նախատեսված պատասխանատվության հանգեցնում է կարգադրագրի չկատարումը, այն է՝ կարգադրագիրը ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին չտեղեկացնելը: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 44.3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելն է հանգեցնում վարչական պատասխանատվության: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 44.3-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվող «կարգադրագրի պահանջները խախտելը» ձեւակերպումը: 6. Նախագծի 3-րդ հոդվածում «244.7» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «244.7-րդ» գրելաձեւով:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավաբանական պատասխանատվության համաչափության սկզբունքին, «Լիցենզավորման մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.06.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 22.06.2021թ.
Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր՝ 44.3-րդ հոդվածով, որով սահմանվում է արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերի խախտման դեպքում տնտեսվարողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում՝ սահմանելով, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումներն իրականցվում են առանց նախնական ծանուցման: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան (հեռ.՝ 011-513-217)
Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը միտված է 2021թ. հունիսի 3-ին ընդունված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրով զբաղվելու համար պահանջվող նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը եւ վերահսկողության առանձնահատկություններին: Նախագծերի փաթեթով լրացում է նախատեսվել նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում՝ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումներն առանց նախնական ծանուցման իրականացնելու առումով: Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ, ըստ հեղինակի, կապահովվի արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կսահմանվեն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցները: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Ներկայացված նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 09.06.2021
|