ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1003-29.06.2021-ՏՏԳԲ-011/0), «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-10031 -29.06.2021-ՏՏԳԲ-011/0), «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-10032 -29.06.2021-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

30.06.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածով  «Տարածքային կառավարման մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք)  լրացվող 4.1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը (...) լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները»: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝  «Պետական մարմնի ղեկավարը՝ (...) 11) լսում է պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների եւ հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն «Պետական մարմնի ղեկավարը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց անմիջական ղեկավարն է»: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  «Կառավարչական իրավահարաբերություններում վարչապետը (...) մարզպետների վերադասն է»: Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարզպետի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով ենթակա պետական մարմնի համար սահմանված պահանջներին համապատասխան»: Նշվածի համատեքստում առաջարկում ենք վերանայել Նախագծով նախատեսված կարգավորումը:

2.   Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր 4.1-ին հոդված, որի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ « 1. Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը (այսուհետ՝ փոխվարչապետ)՝

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկում եւ համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը. »

Փոխվարչապետի իրավասությանը վերապահվող նշված լիազորությունների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է «պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.»: 

Այսպես՝ տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը մարզպետներից ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը, մինչդեռ՝ վերոնշյալ լրացմամբ փոխվարչապետն է քննարկում եւ համադրում տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցնեով նախատեսվող ծրագրերը: Այսինքն՝ տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը ստանում է տեղեկատվություն, որը փոխկապակցված է Նախագծի 3-րդ հոդվածով փոխվարչապետին վերապահվող լիազորության հետ: Կարծում ենք՝ լիազորությունների նման տարանջատումը նպատակահարմար չէ:

Բացի այդ, Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Մարզպետը ֆինանսների բնագավառում՝

1) սահմանված կարգով մշակում եւ լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաեւ մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.»: 

Նախագծի 3-րդ հոդվածով փոխվարչապետի իրավասության է տրվում տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերի քննարկումը եւ համադրումը, մինչդեռ մարզպետը լիազորված մարմնի միջոցով է Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ պետական բյուջեի նախագծերի վերաբերյալ: 

Միաժամանակ նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  «Կառավարության գործունեության՝ իրեն վերապահված առանձին ոլորտների համակարգումը ներառում է փոխվարչապետի կողմից ձեռնարկվող այնպիսի գործողություններ, որոնց նպատակն այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեության համաձայնեցումը եւ ներդաշնակեցումն են:»: Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:»  Տվյալ պարագայում հասկանալի չէ եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի լիազորված մարմնի մի շարք լիազորությունների տարանջատումը եւ դրանք փոխվարչապետին վերապահելը, որի հիմնական նպատակը պետք է լինի համապատասխան ոլորտում նախարարությունների գործունեության համաձայնեցումը եւ ներդաշնակեցումը:

3.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք վերաձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Մարզպետի ընհանուր լիազորությունները», քանի որ «… եւ նրա ընդհանուր լիազորությունները» ձեւակերպման պարագայում ստացվում է, որ խոսքը երրորդ անձի մասին է:

4.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝  «պարտադիր քննության է առնում փոխվարչապետի պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.»: Ընդգծված հատվածում փոխվարչապետի բառից հետո առաջարկում ենք լրացնել «,» կետադրական նշանով, քանի որ հակառակ դեպքում մտքի շփոթ է առաջանում: 

Միաժամանակ առաջարկում ենք ուղղել Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում առկա վրիպակը, այն է՝ «իազորված մարմին»:

5.  Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ 

«Մարզպետի կատարած աշխատանքները ենթակա են գնահատման:

Մարզպետի կատարած աշխատանքների գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը»:

Նկատելի է, որ մեջբերված նորմերով կարգավորված է մարզպետի կատարած աշխատանքի գնահատումը եւ դրա կարգը, ինչի առնչությամբ կարգավորումները բացակայում են Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածում առանց որեւէ հիմնավորման: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշում կատարել համապատասխան փոփոխությունը կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

6.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 5-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս, ըստ էության, դետալային փոփոխություններ են կատարվում հոդվածի առանձին կետերում, օրինակ՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում եւ այլն, ուստի առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրելու փոխարեն՝ համապատասխան փոփոխություններ կատարել առանձին մասերում կամ կետերում՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված մի շարք կարգավորումների առնչությամբ հիմնավորումը, բացի այդ համապատասխանեցնել, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար տրամադրված մեկ աշխատանքային ժամը, այդ ընթացքում Նախագծերի փաթեթի լրամշակված մի քանի տարբերակների ներկայացումը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.06.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.06.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով մարզպետների ու մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է սահմանել դրույթներ, ըստ որոնց նշված անձինք հաշվետու կլինեն նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Մասնավորապես, առաջարկվում է`

- «Տարածքային կառավարման մասին» օրենքում սահմանել դրույթներ, որոնց համաձայն` կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի եւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները, քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին, իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները եւ այլն,

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով փոխվարչապետին վերապահել լիազորություն` վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ տալ մարզպետներին` ինչպես իր համակարգման ոլորտի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակներից դուրս հարցերի վերաբերյալ,

- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ վարչապետի կողմից իրականացվող` մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողության եւ մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները լսելու, ինչպես նաեւ  գործունեության ստուգման արդյունքները քննելու լիազորություններն առաջարկվում է վարչապետի հանձնարարությամբ վերապահել ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.06.2021թ.
 
 


Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տարածքային կառավարման մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում: 

Ըստ ներկայացված Նախագծերի փաթեթի` մարզպետների ու նրանց աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հեղինակներն առաջարկում են սահմանել դրույթներ, համաձայն որոնց՝ վերջիններս հաշվետու կլինեն նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Այդ կապակցությամբ առաջարկվում է.

- «Տարածքային կառավարման մասին» օրենքում սահմանել դրույթներ, որոնց համաձայն կառանձնացվեն տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի եւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ մարզպետների աշխատանքները, քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով ՀՀ պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւանհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին, իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները եւ այլն,

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով փոխվարչապետին վերապահել լիազորություն` վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ տալ մարզպետներին` ինչպես իր համակարգման ոլորտի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակներից դուրս հարցերի վերաբերյալ,

- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ վարչապետի կողմից իրականացվող` մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողության եւ մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները լսելու, ինչպես նաեւ  գործունեության ստուգման արդյունքները քննելու լիազորություններն առաջարկվում է վարչապետի հանձնարարությամբ վերապահել ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235)

30.06.2021թ.