ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1007-13.07.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

14.07.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «խմբագրությամբ.» բառին հաջորդող փոփոխությունները երկու կողմից նշել չակերտների մեջ:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը: Օրենքի 19.6-րդ հոդվածի վերնագրից բխում է, որ այն վերաբերում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերին: 

«Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզավորման ենթակա գործունեությունը գործունեության տեսակ է, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա:

«Լիցենզավորման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված է համապատասխան օրենքի գործողության ոլորտը, որի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ կարգավորում է լիցենզավորման  հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքը չի տարածվում արտաքին առեւտրային նպատակով ապրանքների արտահանման եւ (կամ) ներմուծման լիցենզիաների, պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների (լիցենզիաների), ինչպես նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզային պայմանագրերի վրա»:

Արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորմանը վերաբերող կարգավորումներ նախատեսված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածում, որի 1-ին մասը սահմանում է, որ «Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր»: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետում սահմանվում է «արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ» հասկացությունը, այն է՝ «(…)ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ եւ (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների եւ բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը»:

Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված եւ սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը: Նշված ցանկերում ընդգրկված չեն Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 19.6-րդ հոդվածում նշված ապրանքները: 

Նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ  արտաքին առեւտրային նպատակով ապրանքների արտահանման հարաբերությունների վրա չի տարածվում «Լիցենզավորեւման մասին» օրենքը եւ նշված հարաբերություններում լիցենզավորումը եւ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա ապրանքների ցանկը պետք է կարգավորվի Կառավարության որոշմամբ: Մինչդեռ, Նախագծին կից հմապատասխան որոշմանը վերաբերող որեւէ դրույթներ կամ որոշման նախագիծ կցված չէ: Տվյալ պարագայում Նախագծով նախատեսվում է պետական տուրք համապատասխան ապրանքների արտահանման համար, որոնց սահմանափակման կամ արգելքի վերաբերյալ իրավական ակտը բացակայում է, ինչի արդյունքում համապատասխան ապրանքների արտահանման համար պետական տուրք սահմանելու իրավական հիմքը փաստացի բացակայում է, ուստի որեւէ ակտի կարգավորումից հասկանալի չէ, որ Նախագծով պետական տուրք սահմանված ապրանքները սահմանափակման ենթակա ապրանքներ են եւ այդ ապրանքների արտահմամբ զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիա (կամ հավաստագիր, կամ թույլտվություն):

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «մասով» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների», ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Օրենքի 38-րդ հոդվածը բաղկացած է միայն չհամարակալված պարբերություններից:

5. Նախագծի 2-րդ հոդվածին հաջորդող «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն առաջարկում ենք հանել:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա (հավաստագիր, թույլտվություն) ստանալու համար ներկայացված հայտերի վրա»:  Նշենք, որ Նախագծով նախատեսված պղնձի խտահանք, մոլիբդենի խտահանք եւ մոլիբդեն արտահանելու լիցենզան լիցենզավորման ենթական գործունեության նոր տեսակ է, ուստի նախքան Նախագծի ուժի մեջ մտնելը, համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու իրավական հիմքը բացակայել է, եւ համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու հայտ չէր կարող ներկայացվել:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, (...)»: Նախագծով նախատեսված լիցենզավորման ենթական գործունեության տեսակները, որպես նոր կարգավորումներ,  առաջին անգամ սահմանվում են նշված նախագծով, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ իրավական ակտի գործողությունը տարածվում է իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե տվյալ ակտով այլ բան սահնաված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք` Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով տվյալ օրենքի գործողության ժամանակի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է, քանզի «Նորմատիվ իրավական ակյտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի ուժով Նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու գործընթացի վրա:

7. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 38-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն, որով Օրենքի 19.6-րդ հոդվածի միայն 2-ից 4-րդ մասերի համար է սահմանված պետական տուրքը չվերադարձնելու հնարավորություն: Տվյալ պարագայում, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 19.6-րդ հոդվածի միայն 2-ից 4-րդ մասերով եւ ոչ նաեւ 5-րդ կամ 6-րդ մասերով վերադարձման ոչ ենթական պետական տուրքի սահմանումը:

8. Նախագծի 3-րդ հոդվածն ունի «Օրենքն ուժի մեջ մտնելը» վերտառությամբ վերնագիր: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի», ուստի նպատակահարմար է հանել Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը:

9. Միաժամանակ նշենք, որ Նախագծում առկա են մի շարք վրիպակներ, մասնավորապես՝

9.1 Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 19.6-րդ հոդվածի 2-րդ մասում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» բառերը միայն մեկ կողմից են նշված չակերտի մեջ, 

9.2 Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 19.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերում «ԵԱՏՄ» բառից հետո «եւ» տառը երկու անգամ է շարադրված,

9.3 Նախագծի վերնագրում  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը երկու անգամ են նշված:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ, հաշվի առնելով ժամանակի սղությունը, նշենք, որ Նախագիծն ամբողջական փորձաքննության չի ենթարկվել, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

14.07.2021




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

14.07.2021





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է պղնձի եւ մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի եւ ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (այսուհետ՝ լիցենզիա) տրամադրելու համար՝ նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության եւ գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել եւ զարգացնել առավել մաքուր եւ էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները.

1. Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտ, որտեղ գեներացվում են գերշահույթներ, բնականաբար, պետք է ենթարկվի հարկային հատուկ կարգավորումների՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ եւ հնարավորինս արդարացի դարձնել երկրում եկամուտների վերաբաշխման գործընթացը: Այս տեսանկյունից, իհարկե, Նախագծով առաջարկվող գաղափարը միանգամայն ընդունելի եւ հիմնավորված կարելի է համարել, սակայն Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները որոշ չափով թերի են: Մասնավորապես, Նախագծի հիմնավորման մեջ, որպես ակնկալիք, նշվում է, որ. «…լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում, կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարկի փոփոխությունից (օրինակ՝ պղնձի բորսայական գնի 7.5 հազ. ԱՄՆ դոլարի շեմը, իսկ մոլեբդենի պարագայում՝ 20 հազ. ԱՄՆ դոլարի շեմը չգերազանցելու դեպքում՝ կվերանայվեն առաջարկվող դրույքաչափերը դեպի նվազում)»։ Խնդիրը կայանում է նրանում, որ նշված ակնկալիքն իրավական որեւէ ձեւակերպում չի ստացել տվյալ Նախագծում եւ դրանում տեղ է գտել միայն պետական նոր տուրքի սահմանման գաղափարը՝ անկախ մետաղների բորսայական գների շեմերից կամ գնային որեւէ միջակայքից: Տվյալ մոտեցումն, իհարկե, բացասական ազդեցություն կթողնի մետաղական հանքավայրեր շահագործողների գործունեության վրա, քանի որ նման մոտեցումը երկրի հարկային քաղաքականությունը դարձնում է անկանխատեսելի, իսկ մետաղների գների կտրուկ անկման պարագայում (ինչը հաճախ է տեղի ունենում միջազգային շուկաներում) այդ սուբյեկտները կարող են մեծ կորուստներ կրել՝ մինչեւ օրենքի ընդունմամբ պետական տուրքի  նոր (ցածր) դրույքաչափերի սահմանումը (ինչպես խոստացվում է Նախագծի հիմնավորման մեջ):

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի համապատասխան մասերում ավելացնել եւ ամրագրել այն շեմային գները, որի պարագայում պետական տուրք չի գանձվելու կամ էլ այդ տուրքերը գանձվելու են էականորեն ցածր դրույքաչափերով՝ նպատակ ունենալով չվնասել տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերը:

2. Նախագծի ընդունումը, անկախ դրա ընդունման նպատակից, բացասական ազդեցություն կունենա մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական վիճակի վրա՝ ավելացնելով նրանց հարկային բեռը: Հետեւաբար` նման քայլը, մեր կարծիքով, պետք է ունենա շատ ակնհայտ եւ մանրամասն հիմնավորված բնույթ: Այս առումով Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորումների ընդունմամբ նպատակ է դրվում՝ 

  - երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձր շահույթից գումարներ ուղղել մշակող արդյունաբերության եւ հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը եւ արդյունաբերական արժեշղթաների խորացմանը: Մասնավորապես, նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետեւ խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացումը, 

- խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործումը եւ գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացումը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ,

- խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությունը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները,

- երկարաժամկետ հատվածում վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկումն ապահովելու համար եւ ստեղծել «Սուվերեն Հարստության Ֆոնդ» ներդրումային հիմնադրամ` որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը: 

Նշվածը, կարծում ենք, չափազանց քիչ է տվյալ ոլորտում պետության տնտեսական քաղաքականության այս կարեւոր շրջադարձի մասին բավարար պատկերացում կազմելու համար, քանի որ Նախագծի հիմնավորումից այդպես էլ հայտնի չի դառնում, թե՝

ա) մշակող արդյունաբերության եւ հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ո՞ր ակտիվների մասին է գնում խոսքը,

բ) պղնձի մշակման արժեշղթայի խորացման նպատակով ի՞նչ ներդրումների հաշվին պետք է հիմնվի բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրությունը եւ խթանվի հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացումը (եթե խոսքը գնում է առաջարկվող պետական տուրքի գծով բյուջետային եկամուտների մասին, ապա ակնհայտ է, որ դրանք շատ քիչ են եւ պետական բյուջեից կպահանջվեն լրացուցիչ կապիտալ ներդրումներ, իսկ վերջինիս պարագայում էլ անհայտ է մնում այդ ներդումների կատարման մեխանիզմները, համապատասխան պետական ծրագրի մշակման եւ իրականացման հեռանկարը եւ այլն),

գ) ինչպե՞ս պետք է խթանվի հանքերի առավել արդյունավետ շահագործումը եւ գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացումը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, եթե առաջարկվող պետական տուրքի սահմանումը մեծացնելու է համապատասխան սուբյեկտների ծախսերը (հետեւաբար՝ նաեւ նվազեցնելու է նրանց գործունեության արդյունավետության մակարդակը եւ արտադրողականությունը), ինչպես նաեւ նվազեցնելու է նրանց կողմից նոր տեխնոլոգիաների ներդրման փաստացի հնարավորությունները եւ այլն:

Նշվածի առումով, կարծում ենք, ակնհայտ է, որ Նախագիծը շատը ավելի խորը եւ փաստարկված հիմնավորման կարիք է  զգում: 

3. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ առաջարկվող կարգավորումների ընդունումը «հանդիսանում է ժամանակավոր լուծում` մինչեւ ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական եւ խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ», ինչից կարելի է ենթադրել, որ այս ոլորտի քաղաքականության վերանայումը դեռեւս ընթացքի մեջ է եւ բազմաթիվ հարցեր դեռեւս հստակեցված չեն: Հետեւաբար` կարծում ենք` մինչեւ համապատասխան քաղաքականության մշակումն ու կիրարկումը (ներառյալ «Սուվերեն Հարստության Ֆոնդ» ներդրումային հիմնադրամի ստեղծումը եւ այլն), սույն Նախագծով առաջարկվող կարգավորումները կունենան ավելի շուտ ֆիսկալ, քան կարգավորիչ եւ խթանիչ բնույթ:

4. Մեր կարծիքով բավականին վիճահարույց է Նախագծի «Անցումային դրույթներ» բաժնի (որոնք իրականում ոչ թե անցումային, այլ եզրափակիչ դրույթներ են) 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող՝ օրենքի ուժի մեջ մտնելու դրույթը: Մասնավորապես, այդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:», այն դեպքում, երբ ՀՀ Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:», հետեւաբար՝ տվյալ օրենքը, ըստ էության, չի կարող ուժի մեջ մտնել առաջարկվող ժամկետներում: Այս դրույթի հետ կապված, իհարկե, կարելի է որպես հակափաստարկ նշել, որ Նախագծով առաջարկվող պետական տուրքը նախատեսվում է սահմանել ոչ թե Օրենսգրքով, այլ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, իսկ մյուս կողմից էլ՝ առաջարկվողը ոչ թե  «Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում» է իրենից ներկայացնում, այլ այդպիսի նոր վճարի սահմանում: 

Կարծում ենք` հասկանալի է նաեւ, որ նշված իրավիճակի կարգավորումը դուրս է մնացել Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման շրջանակներից, թեեւ այդ մասի էությունից եւ բովանդակությունից ակնհայտ է, որ դրա գործողություն պետք է տարածվի նաեւ այլ օրենքով պետական տուրքի նոր տեսակի սահմանման դեպքի վրա: Ինչեւէ, փաստացի ստեղծված է մի իրավիճակ, երբ Նախագծով առաջարկվող՝ օրենքի ուժի մեջ մտնելու մասին դրույթը թեեւ տառացիորեն չի հակասում Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասին, սակայն չի էլ համապատասխանում այդ մասի էությանը, նշանակությանը եւ բովանդակությանը, իսկ Նախագծի շուտափույթ կիրարկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ համապատասխան տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական վիճակի վրա՝ շատ քիչ ժամանակ տալով նրանց հարմարվելու պետական նոր տուրքերի վճարմանը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք վերանայել օրենքի ուժի մեջ մտնելոււ ժամկետը եւ հնարավորինս շատ ժամանակ տալ տնտեսավարողներին՝ նոր կարգավորումներին հարմարվելու համար:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից առավել խորը հիմնավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.07.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի եւ մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առեւտուրը:

Ըստ Նախագծի հիմնավորման` հաշվի առնելով վերջին տարիներին համաշխարհային շուկայում գունավոր մետաղների բորսայական գների աճը` վերջինս բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի եւ ոլորտի հետագա զարգացման համար: Մասնավորապես` սկսած 2020թ. ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար: Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին` 24,000 ԱՄՆ դոլարի չափով:

Համաձայն կառավարության գնահատականների` ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագայում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կարգավորել հետեւյալը`

       ընդերքի շահագործումից առաջացող բարձր շահույթից ուղղել մշակող արդյունաբերության եւ հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը եւ արդյունաբերական արժեշղթաների խորացմանը, 

       նոր տեխնոլոգիաների ներդրմամբ նախադրյալներ ստեղծել հանքերի առավել արդյունավետ շահագործման եւ գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացման համար,

       առավելագույնս նվազեցնելով վնասակար արտանետումները, խթանել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համաշխարհային շուկայում ձեւավորված գունավոր մետաղների բարենպաստ գների պարագայում կուտակել ֆինասական միջոցներ եւ այն օգտագործել երկրում հանքարդյունաբերության եւ գունավոր մետալուրգիայի ոլորտների միջազգային չափանիշներին համապատասխանող, (նորարարականան տեխնոլոգիաների կիրառմամբ) էկոլոգիապես անվտանգ արտադրությունների ստեղծմանը եւ զարգացմանը:

Նախպագծի ընդունման արդյունքում կգեներացվեն լրացուցիչ բյուջետային եկամուտներ, որոնք, ըստ Նախագծի հիմնավորման, պետք է ուղղվեն ինչպես ոլորտի զարգացմանը (այդ թվում՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը), այնպես էլ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրների լուծմանը, ինչն էլ դրական ազդեցություն կունենա բնակչության սոցիալական եւ առողջապահական հիմնահարցերի լուծման առումով:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

14.07.2021թ.