Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի եւ Անդրանիկ Քոչարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1012-29.07.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-10121 -29.07.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
30.07.2021թ.
Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքում լրացնել նոր 137.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»: Նշված լրացմամբ նախատեսվում է քրեականացնել անձին ծանր վիրավորանք հասցնելը, այն է՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը: Նախագծով որպես վիրավորանք սահմանված «արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» եզրույթը, կարծում ենք, կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ «արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել» ձեւակերպմամբ ոչ միայն բացահայտված չէ տվյալ հասկացության բովանդակությունը, այլեւ պարզ չէ, թե ինչ չափանիշների կամ սկզբունքի հիման վրա է որոշվելու անձի արժանապատվության ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու հանգամանքը: Տվյալ պարագայում կիրառողը չի կարող օբյեկտիվորեն հիմնավորված հետեւություն անել, թե անձի արժանապատվությանն ի՞նչ եղանակով է վիրավորանք հասցվել կամ արդյո՞ք այդ վիրավորանքը անձի արժանապատվությանը ծայրահեղ անպարկեշտ եղանակով է կատարվել, թե ոչ: Հետեւաբար կարծում ենք` «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել» եզրույթը խիստ գնահատողական է, եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այս կամ այն գործողությունը որպես անձի արժանապատվության ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու հանգամանք որակելու համար նորմատիվ-նկարագրական հատկանիշների շրջանակ պետք է առկա լինի, ինչը նշված կարգավորմամբ բացակայում է: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (ՍԴՈ-1213): Ուստի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված հանցակազմը համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին: 3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 137.1-ին հոդվածի 2-րդ մասով, որպես արարքը ծանրացնող հանգամանք, սահմանված է «(...) արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ անձի՝ նրա կողմից իրականացվող հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորելն առանձնանում է հանրային վտանգավորության ավելի բարձր աստիճանով՝ նկատի ունենալով, որ այն տվյալ դեպքում ոչ միայն նվաստացնում է կոնկրետ անձի արժանապատվությունը, որպես նրա իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմք եւ հետեւաբար հատուկ պաշտպանության ենթակա բարիք, այլ նաեւ վնասում տվյալ անձի կողմից իրականացվող գործունեությանը, ազդում դրա արդյունավետության վրա՝ այն իրականացնող անձին ճնշելու, կաշկանդելու միջոցով: Նշված հիմնավորումից բխում է, որ անձին` նրա կողմից իրականացվող հանրային գործունեությամբ պայմանավորված, ծանր վիրավորանք հասցնելու քրեականացումն ուղղված է կանխելու հանրային գործունեություն իրակնացնող անձի պատվի եւ արժանապատվության վնասումը՝ կապված վերջիններիս կողմից իրականացվող հանրային գործունեության հետ: Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:»: Տվյալ պարագայում հանրային գործունեություն իրակնացնող անձին վիրավորելը քրեականացնելու հիմքում դրված գաղափարը, այն է` հանրային գործունեություն իրականացնող անձի կողմից իրականացվող գործունեության վնասումը, այդ գործունեության արդյունավետության վրա ազդելը նույնությամբ կարող է առաջանալ նաեւ հանրային գործունեություն իրականացնող անձին զրպարտելու արդյունքում, ինչի համար քրեական պատասխանատվություն սահմանված չէ եւ չի կարող սահմանվել՝ ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձեւի: Այս բանաձեւի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ ( ՍԴՈ-997): Տվյալ պարագայում հարց է առաջանում` որքանո՞վ է իրավաչափ եւ համաչափ քրեական պատասխանատվություն սահմանել հանրային գործունեություն իրականացնող անձին վիրավորելու համար` հիմքում դնելով այն գաղափարը, որ հանրային գործունեություն իրականացնող անձի պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը վնասում է նաեւ տվյալ անձի կողմից իրականացվող գործունեությանը, ազդում դրա արդյունավետության վրա, իսկ հանրային գործունեություն իրակացնող անձին զրպարտելը, որը առավել կարող է վնասել հանրային գործունեություն իրականացնող անձի հանրային գործունեությանը, ապաքրեականացված է: 4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 137.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»: Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենսգրքի 3322-րդ հոդվծում սահմանված է քրեական պատասխանատվություն Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, որի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»: Օրենսգրքի 343-րդ հոդվածում սահմանված է քրեական պատասխանատվություն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, որի 3-րդ մասի համաձայն՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով»: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 137.1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգավորումից բխում է, որ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված նրան ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելն առաջացնում է քրեական պատասխանատվություն, մասնավորապես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանին նրա լիազորությունների, այսինքն` նաեւ հանրային գործունեության հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, նույնիսկ սպառնալն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք է նախատեսված նաեւ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու համար: Այսպես՝ այլ անձանց հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանք հասցնելու համար Նախագծով նախատեսվում է տուգանքի ավելի բարձր չափի նշանակման հնարավորություն, քան նախատեսված է դատավորի կամ Մարդու իրավունքների պաշտպանին վիրավորանք հասցնելու համար: Հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 137.1-ին հոդվածի 2-րդ մասում եւ Օրենսգրքի վերը նշված դրույթներում սահմանված տուգանքների սահմանաչափերը՝ կարծում ենք անհրաժեշտություն է առաջանում վերանայել Նախագծի քննարկվող կարգավորումը: 5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 137.1-ին հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ «Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Նշված կարգավորման վերաբերյալ նշենք, որ հասկանալի չէ` ո՞րն է համարվում հրապարակախոսական գործունեություն, անձանց ո՞ր շրջանակն է զբաղվում հրապարակախոսությամբ եւ ովքե՞ր են համարվում հրապարակախոս:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքներին Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար տրամադրված երեք աշխատանքային ժամերը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 30.07.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 30.07.2021թ.
Նախագծերի Փաթեթով նախատեսվում է քրեականացնել անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ եղանակով վիրավորելը եւ սահմանել նշված արարքների համար համապատասխան պատժամիջոցներ: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 30.07.2021թ.
|