ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-001-13.08.2021-ՊԻ-012/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-001-13.08.2021-ՊԻ-012/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

19.08.2021թ.
 
 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»:

2.  Առաջարկում ենք Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասին՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը»:

3.  Նախագծի 1-ին կետն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: (…)»:

4.  Իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին կետում «որոշման»-ը հղում կատարելիս հիշատակել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:» եւ 8-րդ մասի՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:» պահանջները: 

5.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին կետի «ենթակետը» բառը փոխարինել «պարբերությունը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով: Ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք տեքստից բաժանվում են փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, որոնք տեքստից բաժանվում են միջակետով»: 

6.  Նախագծի 2-րդ կետի «Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից» բառերն առաջարկում ենք փոխարինել «ընդունվելու պահից» բառերով՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները, այն է՝ «Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումները, ինչպես նաեւ հայտարարությունները եւ ուղերձներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման, իսկ Ազգային ժողովի մյուս որոշումները՝ դրանց հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ»:

7.  Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է՝ «(…) Հաշվի առնելով, որ Արցախյան խնդրի կարգավորումն ուղղակիորեն կապվում է արտաքին քաղաքականության հետ եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային գերակայությունը, ուստի պետք է ներառված լինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործառույթների շրջանակում՝ նաեւ հանձնաժողովի անվանման մեջ հատուկ շեշտադրումով»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, իսկ Արցախյան խնդրի կարգավորումը՝ օրակարգային առաջնահերթություն: Ուստի, առանց հանձնաժողովի անվանման փոփոխության` Նախագծին կից հիմնավորմամբ ներկայացված հարցերը, միեւնույն է, ենթակա են քննարկման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.08.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

19.08.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվանման եւ նրա կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի մեջ՝ ավելացնելով Արցախի հետ կապված հարցերը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

17.08.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Որոշման Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՕ-001-Ն որոշման մեջ փոփոխություն կատարել՝ համաձայն որի, Արցախյան խնդրի կարգավորման գործընթացները պետք է ներառվեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործառույթների շրջանակում եւ հանձնաժողովի անվանման մեջ հատուկ շեշտադրությամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

18.08.2021թ