ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-002-13.08.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-002-13.08.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 

18.08.2021թ.





ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Նախագծի 1-ին հոդվածում «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմնք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

3.  Նախագծի 1-ին հոդվածը շարադրված է հետեւյալ կերպ.

«Հոդված 1. «Oդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 10-ին ՀՕ-156-Ն օրենքի 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) Հոդված 3-ի 1-ին կետում «100.000 (հարյուր հազար)» բառերը փոխարինել  «128 821 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ)»  բառերով:

2) Հոդված 3-ի 2-րդ կետում «1000 (հազար)» բառերը փոխարինել «1288 (հազար երկու հարյուր ութսունութ)» բառերով:

3) Հոդված 3-ի 3-րդ կետում «17» բառը փոխարինել «22 (քսաներկու)» բառերով:

4)  Հոդված 3-ի 4-րդ կետում «4150» բառը փոխարինել «5346 (հինգ հազար երեք հարյուր քառասունվեց)» բառերով»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում արդեն իսկ նշվում է, որ Նախագծում առկա բոլոր փոփոխությունները կատարվում են «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածում, եւ այն, որ Նախագծի 1-ին հոդվածի յուրաքանչյուր կետում առանձին հղում է կատարվում «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածին՝ առաջարկում ենք անհարկի կրկնություններից խուսափելու համար Նախագծի 1-ին հոդվածի բոլոր կետերից հանել «Հոդված 3-ի» բառերը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «17» եւ 4-րդ կետում «4150» թվերից հետո գրված «բառը» բառերն առաջարկում ենք փոխարինել «թիվը» բառերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածում առկա է վրիպակ, հետեւաբար անհրաժեշտ է «10-ին» ձեւակերպումը փոխարինել «10-ի» ձեւակերպմամբ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարողներ`  Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

                         Տ. Բադալյան  (հեռ.` 011-513-248)
 
 

17.08.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարողներ`  Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

                         Տ. Բադալյան  (հեռ.` 011-513-248)
 
 

17.08.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է որոշ չափով բարձրացնել օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված սահմանաչափերին համահունչ դարձնելու նպատակով:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի 24-րդ հոդվածով նախատեսվում է, որ նշված պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը վերանայվում են Դեպոզիտարի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) կողմից: ԻԿԱՕ անդամ-պետությունները ծանուցվել են պատասխանատվության սահմանաչափերի փոփոխությունների մասին 2019 հունիսի 28-ի թիվ LE 3/38.1-19/50 պաշտոնական գրությամբ՝ միաժամանակ տեղեկացվելով նաեւ այն մասին, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականի դեկտեմբերի 28-ին, եթե մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը անդամ-պետությունների մեծամասնությունը չհայտնեն իրենց անհամաձայնության մասին:

Մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արձանագրել է, որ անդամ-պետությունների մեծ մասը չի հայտնել անհամաձայնություն առաջարկվող փոփոխությունների մասով, ուստի, նշված հանգամանքով էլ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել կատարել Նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.08.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» գործող օրենքի 3-րդ հոդվածում, որով սահմանվում են պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը:

Նախագծի ընդուման դեպքում օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը կլինեն համահունչ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված սահմանաչափերին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում


Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

18.08.2021թ