ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-003-13.08.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                       ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

16.08.2021թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (,,,)»:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի հավելված հանդիսացող Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ  համալիր ծրագրերի՝ (այսուհետ՝ տարեկան եւ  համալիր ծրագրեր) «Ջրային ռեսուրսների եւ կենսապաշարների օգտագործման չափաքանակների սահմանումը» վերտառությամբ 6-րդ բաժնում նոր լրացվող 6.8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2.   Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.8-րդ կետով.

«6.8. 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: 2021 թվականի ընթացքում Սեւանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման` այդ գումարների հավաքագրման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանած ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (,,,) »:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1)   Տարեկան եւ  համալիր ծրագրերի 6.7-րդ կետում արդեն իսկ կիրառված են «Lրացուցիչ գումարներ» եւ «Արտաբյուջետային հաշիվ» կրճատ տարբերակները: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածով տարեկան եւ  համալիր ծրագրերի 6-րդ բաժնում լրացվող 6.8-րդ կետում նույն կրճատ տարբերակների սահմանումն իրավական շփոթի տեղիք է տալիս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի տրամաբանության համատեքստում, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Ինչպես նաեւ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերախմբագրել քննարկվող հատվածը՝ բացառելով իրավական շփոթը:

2)   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 6.8-րդ կետում նախատեսված է, որ «Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Ուստի առաջարկում ենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանության հաշվառմամբ Նախագծի անցումային դրույթում նախատեսել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 6.8-րդ կետում կիրառված «(նախահաշիվները)» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից»:

3.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող «2021 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» վերտառությամբ 7-րդ հավելվածի (այսուհետ՝ Հավելված) ներածական հատվածում 2021 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի համար առաջին իսկ կիրառումից հետո, իբրեւ կրճատ տարբերակ, սահմանված է հետեւյալը՝ «(այսուհետ՝ Ծրագիր)»: Մինչդեռ, Օրենքում նույն կրճատ տարբերակը սահմանված է նաեւ 2017 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ եւ 2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրերի պարագայում, ինչն էլ իրավական շփոթի է հանգեցնում Օրենքի շրջանակներում «Ծրագիր» եզրույթի մեկնաբանման տեսանկյունից: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք շտկել վերը քննարկված իրավական շփոթը: 

4.  Հավելվածում Օրենքի անվանման կրճատ տարբերակի հիշատակումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ կրճատ տարբերակի հիշատակումը կատարվում է առաջին իսկ կիրառումից հետո: Ուստի առաջարկում ենք օրենքի անվանման կրճատ տարբերակ սահմանելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

5.  Հավելվածի մի շարք հատվածներում կիրառված են հապավումներ, օրինակ՝ ՀՀ կառավարություն, էլէներգիա, ՀԷԿ եւ այլն: Միաժամանակ նշենք, որ մեկ դեպքում կիառված է միեւնույն բառի հապավումը, այն է՝ ՀԷԿ, իսկ մեկ այլ դեպքում ամբողջական տարբերակը՝ հիդրոէլեկտրոկայան: 

Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ առաջարկում ենք ապահովել Հավելվածում կիրառվող բառերի ձեւակերպումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ վերը մեջբերված դրույթներով սահմանված պահանջներին:

Միաժամանակ նկատենք, որ Հավելվածում թվականները հիշատակելիս անհրաժեշտ է պահպանել նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

6.  Հավելվածի «Ներկա վիճակի վերլուծությունը» վերտառությամբ 2-րդ բաժնի 2-րդ պարբերությունում նախատեսված է հետեւյալը՝ «2021 թ. օգոստոսի 1-ի դրությամբ, ջրամբարների լցվածությունը եղել է մլն մ3 226,21 մլն մ3, իսկ 2020թ.՝ (...)»:

Նկատենք, որ մեջբերված նախադասությամբ մտքի արտահայտումը բացակայում է, մասնավորապես՝ անհայտ է 2021 թվականի դրությամբ ջրամբարների լցվածության ցուցանիշը: Հետեւաբար` առաջարկում ենք վերախմբագրել տվյալ հատվածը:

7.  Հավելվածի մի շարք նախադասություններ ձեւակերպված են ոչ բավարար հստակությամբ: Օրինակ՝ «Անխուսափելի է նաեւ ջրի դեֆիցիտ Սեւան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում հուլիս-սեպտեմբեր ամիսներին»: Տվյալ պարագայում անհայտ է՝ ո՞ր տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների մասին է խոսքը, ինչը հստակեցման կարիք ունի օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների պահպանման հաշվառմամբ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ պարբերության հետեւյալ նախադասություններին՝ «(...) , սակայն գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն սակավաջուր տարում այդ ամիսների Հրազդան գետից կանխատեսվում է վերցնել 116 մլն մ3 ջուր (...)», «Սեւանա լճից հուլիսի 15-ի դրությամբ 2019 թվականին բաց է թողնվել 48,264 մլն մ3, (...)»:

8.  Հավելվածի 2-րդ կետում նախատեսված է հետեւալը՝ «Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանները 2021թ. ոռոգման շրջանում շահագործելու համար պլանավորվել է 14.8 մլն մ3 ջուր, սակայն սակավաջրության պատճառով նշված պոմպակայանների շահագործմամբ ավելացվել է 22.1 մլն մ3 լրացուցիչ ջուր (պոմպակայանների շահագործումը կախված է էլէներգիայի լարումից, մղման խողովակաշարերի տեխնիկական հնարավորություններից), որի արդյունքում կծախսվի նախատեսվածից շուրջ 11 կՎտ/ժ ավելի շատ էներգիա, որը իր հերթին կառաջացնի շուրջ 450 մլն դրամի լրացուցիչ ծախս»:

Մեջբերված նախադասությունը, կարծում ենք, որ վերախմբագրման կարիք ունի, քանի որ հասկանալի չէ՝ Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանները 2021 թվականի ոռոգման շրջանում շահագործելու համար պլանավորվել է  ինչ անել 14.8 մլն մ3 ջուրը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք ապահովել մեջբերված նախադասության ձեւակերպումը բավարար հստակությամբ՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջը:

9.  Նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը»:

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը կարող է սահմանվել միայն այդ նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում: Բացի այդ, քննարկվող հոդվածում սահմանված է նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը հստակ կերպով սահմանելու պահանջ: 

Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել եզրափակիչ մասը ընդգծված հատվածով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով Նախագծի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար տրամադրված սեղմ ժամկետը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

16.08.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

16.08.2021թ.
 


Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակիորեն մեղմելու եւ ջրաապահովվածությունը բարձրացնելու նպատակով 2021 թվականի Սեւանա լճից ջրի բացթողնման 170 մլն մ3 չափաքանակը դարձնել մինչեւ 245 մլն մ3: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` Գ. Կիրակոսյան  (հեռ.՝ 011 513-603) 

16.08.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է հողերին մատակարարվող ջրի դեֆիցիտի եւ ջրապահովության բարձրացման նպատակով օրենքով սահմանված Սեւանա լճից 2021 թվականին բացթողնման 170 մլն մ3 չափաքանակը դարձնել 245 մլն մ3: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող`  Ա. Հարությունյան (հեռ.՝ 011 513-339) 

16.08.2021թ.