ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-004-17.08.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-004-17.08.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
31.08.2021թ.
Իրավական փորձաքնության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր 4-րդ կետի «ա»-«դ» ենթակետերում կիրառվում է «ՀՀ կառավարության» ձեւակերպումը: Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ», հետեւաբար առաջարկում ենք «ՀՀ կառավարության» ձեւակերպման փոխարեն կիրառել «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմնի անվանում կիրառվում է ոչ թե «Հայաստանի Հանրապետության կառավարություն», այլ «Կառավարություն» ձեւակերպումը: 3. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ»: Հիմք ընդունելով մեջբերված դրույթի կարեւորությունը՝ առաջարկում ենք այն արտացոլել նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի հիմնական մասում: Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.08.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 30.08.202թ.
Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում` ըստ գոտիականության եւ ըստ տարիների, աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: 1. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակություն, սակայն ՀՀ հարկային օրենսգրքով անշարժ գույքի ձեռք բերման հետ կապված տրամադրվող արտոնությունն ավելի շատ ուղղված է անմիջական կառուցապատողների տնտեսական գործունեության, քան ֆիզիկական անձանց կողմից բնակարանային պայմանների բարելավման խթանմանը: Հարկ է նշել, որ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնա՟կելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կող՟մից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար՟ները եկա՟մտային հարկի գումարների հաշ՟վին վերա՟դարձնելու հնարավորության սահ՟մա՟նումն ի սկզբանե նպատակ է ունեցել խթանել բնակարանային շինարարության ոլորտի գործունեությունը (ի դեպ` այդ մասին նշվում է նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ): Այլ կերպ ասած` եկամտային հարկի վերա՟դարձ՟՟ման համա՟կարգի ներդրումը նպա՟տակ է ունեցել բնա՟կա՟րանների եւ անհատական բնա՟կելի տների նկատ՟մամբ պահան՟ջարկի աճի հաշ՟՟վին նպաս՟տել տնտեսության շինա՟րա՟րու՟թյան ոլորտի աշխուժացմանը: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է պարտադիր կերպով «անմիջական կառուցապատողից» ձեռք բերելու պահանջի սահմանումը: Հետագայում բացի նշված տնտեսական նպատակից համակարգին տրվել է նաեւ որոշակի սոցիալական ուղղվածություն, ինչի համար սահմանվել են դրանից օգտվելու մի քանի պայմաններ՝ կապված բնա՟կա՟րանի կամ անհատական բնակելի տան առավելագույն գնի, փոխհատուցվող եկամտային հարկի առավելագույն չափի եւ համակարգից ընդա՟մենը մեկ անգամ օգտվելու իրա՟վունքի հետ: Այսինքն` նպատակը եղել է այն, որ եկամտային հարկի վերադարձից օգտվեն մինչեւ որոշակի գումարը չգերազանցող արժողությամբ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող ֆիզիկական անձինք՝ դրանով իսկ փորձելով համակարգից օգտվողների շրջանակում ընդգրկել առավելապես սոցիալական պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց: Հետեւաբար` եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնա՟կելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կող՟մից ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար՟ները եկա՟մտային հարկի գումարների հաշ՟վին վերա՟դարձնելու համակարգը դիտարկում ենք միայն որպես շինարարության ոլորտի աշխուժացմանն ուղղված տնտեսական գործիք, ապա այն, իր թերություններով հանդերձ, ընդունելի է, քանի որ առավելապես ուղղված է տվյալ նպատակի իրականացմանը: Սակայն, եթե այն դիտարկում ենք որպես սոցիալական նպատակների ձեռք բերման գործիք, ապա տրամաբանական չէ բարձր արժեք ունեցող բնակարան կամ անհատական տուն ձեռք բերող ֆիզիկական անձանց (ովքեր, ըստ էության, բարձր եկամուտներ ունեցող, հետեւաբար` նաեւ պետական աջակցության առավել քիչ կարիք ունեցող կամ ընդհանրապես չունեցող քաղաքացիներն են) հնարավորություն ընձեռել օգտվել այդ համակարգից՝ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծելով պետական բյուջեի վրա եւ նպաստելով հարկային բեռի անհամաչափ բաշխմանը: Ակնհայտ է, որ այս գործիքը ոչ թե սոցիալական, այլ տնտեսական է, քանի որ թիրախավորում է բոլորին անխտիր, ներառյալ՝ բարձր եկամտով անձանց, որոնք կարող են բնակարանի կարիք նույնիսկ չունենալ, բայց օգտվել այս ծրագրից: Այլ կերպ ասած` սոցիալական տեսանկյունից գործող համակարգը չի կարելի համարել արդարացի, քանի որ հնարավորություն է տալիս դրանից օգտվել միջին եւ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին եւ, ինչպես հարկային արտոնությունների գերակշիռ մասը, հասցեական չէ։ Ուստի, կարծում ենք, ընտրությունն առաջին հերթին պետք է կատարվի տնտեսական եւ սոցիալական նպատակների միջեւ պետական կարգավորման համապատասխան, այդ թվում՝ ոչ միայն հարկային գործիքների կիրառմամբ: Այսինքն` եկամտային հարկի վերադարձման համակարգի աստիճանական կրճատումն առանց բնակարանային շինարարության ոլորտի պետական աջակցության այլ գործիքների կիրառման կարող է լուրջ դժվարություններ ստեղծել եւ հանգեցնել ոչ ցանկալի զարգացումների՝ շինարարության եւ դրա հետ կապված հարակից մի շարք ճյուղերի գործունության կտրուկ նեղացման եւ, որպես հետեւանք, նրանց ֆինանսական վիճակի վատթարացման հետ կապված։ 2. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որպես առաջարկվող փոփոխության փաստարկ է ներկայացվում հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածության փոփոխությունը եւ դրան տարածքային համաչափ զարգացման նշանակության հաղորդումը, ինչպես նաեւ կարգավորման սոցիալական նշանակության բարձրացման անհրաժեշտությունը: Նախագծի հեղինակի կարծիքով` առաջիկա երեք տարիների ընթացքում առաջարկվող ուղղորդումը կազդի Երեւանում բնակարանային շինարարության բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխեն Երեւանից դուրս գտնվող քաղաքային եւ գյուղական բնակավայրեր: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող սահմանափակումների կիրառումը (Երեւան քաղաքում կառուցապատվող բնակարանների համար հիպոտեկային վարկի տոկոսավճարների վերադարձի աստիճանական վերացումը) դեռեւս երաշխիք չի հանդիսանում Երեւանից դուրս գտնվող բնակավայրերում բնակարանաշինության ծավալների ավելացման համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է նաեւ այլ՝ իրենց նշանակությամբ ավելի կարեւոր եւ ազդեցիկ գործանների առկայություն։Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման` Երեւանից դուրս բնակարանաշինությունը դեռեւս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Երեւանից դուրս իրականացվող կառուցապատման ծրագրերի շահառուների քանակը չի գերազանցում ընդհանուրի 7%-ը: Նման պատկերն անշուշտ ունի օբյեկտիվ պատճառներ, որոնց շարքում հատկապես վճռորոշ դերակատարում ունեն Հանրապետության տարածաշրջաններում անշարժ գույքի գները, բնակչության ցածր վճարունակ պահանջարկը, եկամուտների ցածր մակարդակը, արտագաղթի մեծ ծավալները, ուրբանիզացիայի մակարդակի բարձրացումը (հատկապես՝ դեպի Երեւան քաղաք) եւ այլն։ Այս առումով, առանց նշված պատճառների վերացման ուղղությամբ քայլեր կատարելու, կարծում ենք, չի կարելի վստահ լինել, որ Երեւանում հիպոտեկային վարկի տոկոսավճարների վերադարձման համակարգի գործողության դադարեցումը մեխանիկորեն կհանգեցնի մարզերում շինարարության ծավալների ավելացման։ Ինչ վերաբերում է Նախագծով հետապնդվող մյուս նպատակին՝ Երեւանի «բեռնաթափմանը», ապա, կարծում ենք, որ այս դեպքում տվյալ գործիքը լավագույնը չէ նշված խնդրի լուծման համար թեկուզ միայն այն պատճառով, որ գոյություն ունեն առավել արդյունավետ ու կիրառման տեսանկյունից պարզ, ինչու չէ նաեւ ցանկալի արդյունքներ երաշխավորող միջոցներ (օրինակ՝ Երեւանում բնակարանային շինարարության թույլտվությունների տրամադրման խիստ պահանջների սահմանումը կամ ժամանակավորապես դրանց սահմանափակումը եւ այլն)։ 3. Հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Դրա կիրառման շրջանակների աստիճանական կրճատումը կարող է հանգեցնել բնակարանների նկատմամբ պահանջարկի նվազմանը եւ կառուցապատողների համար իրացման հետ կապված խնդիրների առաջացմանը, շինարարության եւ դրա հետ փոխկապակցված այլ ոլորտների գործունեության վատթարացմանը, դրանցում գործազրկության ավելացմանը եւ այլն։ Այս առումով, կարծում ենք, Նախագծով առաջարկվող փոփոխությունը պետք է դիտարկել հնարավոր օգուտների եւ վնասների գնահատման համատեքստում։ Այս տեսանկյունից, կարծում ենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բերվող այն փաստարկը, ըստ որի՝ արդեն 2021 թվականին պետական բյուջեից եկամտային հարկից վերադարձվող գումարը կկազմի 21 մլրդ դրամ, պետք է դիտարկել այն լրացուցիչ մուտքերի վերլուծության համատեքստում, որոնք ձեւավորվում են բնակարանային շինարարության եւ դրա հետ փոխկապակցված ոլորտների տնտեսական գործունեության իրականացման արդյունքում: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ անգամ Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի վրա տվյալ հարկային արտոնության գործողությամբ պայմանավորված ֆինանսական ծանրաբեռնվածությունը կշարունակի պահպանվել, քանի որ արդեն իսկ այդ համակարգի շահառուները կշարունակեն օգտվել դրանից եւ հետ ստանալ եկամտային հարկից գումարները։ 4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների միջեւ, մեր կարծիքով, առկա է որոշակի հակասություն։ Մասնավորապես` 2-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ:»։ Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում են հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման սահմանափակումները, համաձայն որոնց՝ 2022-2025 թվականներին աստիճանական կարգով դադարեցվում է եկամտային հարկի վերադարձը Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման համար։ Մասնավորապես, ըստ վերջինիս, «հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝ ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում, բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում, գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում, դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ սույն կետի «ա», «բ» եւ «գ, ենթակետերում չնշված գոտիներում:»: Կարծում ենք` որոշակի հակասություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ շինարարական թույլտվությունը տրված է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով, իսկ հիպոտեկային վարկը ստացված է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո։ Կամ կարող են խնդիրներ ծագել, եթե շինարարական թույլտվությունը տրված է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, սակայն հիպոտեկային վարկը ստացված է մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը կամ Նախագծով սահմանված սահմանափակումների գործողության այլ ժամկետներում։ Կարծում ենք` Նախագծի ընդունման դեպքում նման հնարավոր հակասությունները պետք է վերացվեն։ Նախագծի ընդունման պարագայում, կարծում ենք, որոշակի խնդիրներ կառաջանան բնակարանային շինարարության ոլորտում՝ հատկապես պահանջարկի կրճատմամբ պայմանավորված: Կարեւորելով հարկային արտոնության հասցեականության բարձրացման եւ դրա սոցիալական ուղղվածության խորացման անհրաժեշտությունը` կարծում ենք, որ այն պետք է իրականացնել շինարարության ոլորտին աջակցության լրացուցիչ գործիքների ներդրմանը զուգահեռ։ Միաժամանակ, տվյալ խնդրի լուծումը պետք է դիտարկել եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման շրջանակներում, ինչը թույլ կտա սոցիալական բնույթի որոշ ծախսեր հարկման բազայից նվազեցնելու միջոցով բարձրացնել եկամտային հարկի դերը սոցիալական խնդիրների լուծման գործում։
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 30.08.2021թ.
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
Ներկայումս սահմանված արտոնությունները կշարունակվեն կիրառվել այն կառուցապատողների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվությունները ստացված կլինեն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը: Ըստ նախագծին կից հիմնավորման՝ առաջարկվող լրացումը թույլ կտա պահպանել կառավարության ֆինանսական զգալի աջակցություն կրող այս ծրագրի տնտեսական եւ սոցիալական դրական ազդեցությունը եւ հնարավորություն կընձեռի Երեւանից դուրս կառուցապատման ծավալները ընդլայնելու: Դրա հետ մեկտեղ հարկ ենք համարում նշել, որ Երեւան քաղաքում վերջին 10 տարիներին լայն թափ ստացած կառուցապատման ծավալները ուղղակիորեն պայմանավորված են նաեւ հետեւյալ գործոններով: Դրանք են՝
Նշված գործոնների առկայությունն է հիմնականում Երեւան քաղաքն առավել գրավիչ դարձնում կառուցապատողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի տարածքային համաչափ զարգացման գործընթացին, ինչը, բացի ընդգծված սոցիալական նշանակությունից, ունի նաեւ ռազմավարական նշանակություն, սակայն, կարծում ենք, որ այն առավել արդյունավետ կիրականացվի, եթե հետագայում նախատեսվեն որոշակի միջոցառումներ, որոնք կխրախուսեն կառուցապատողներին գործունեություն ծավալել Երեւանից դուրս:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 31.08.2021թ
|