ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-005-17.08.2021-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0051 -17.08.2021-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-0052 -17.08.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-005-17.08.2021-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0051 -17.08.2021-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0052 -17.08.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

07.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսված է հետեւյալը՝ «Գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` (այսուհետ՝ Օրենսգիրք) «Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: (...)»:

Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսված «գնահատման կազմակերպություն» հասկացությունը բացահայտելիս նրանում ներառված է նաեւ անհատ ձեռնարկատերը, ինչը հակասում է Օրենսգրքում կիրառված եզրույթների տրամաբանությանը:

Վերոշարադրյալ դրույթների հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել «գնահատման կազմակերպություն» հասկացությունը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի ամբողջ տեքստում կիրառվող «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ նախատեսված ձեւակերպումը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված մի շարք հասկացություններ խնդրահարույց են Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, այն է՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ «Գնահատում` արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, գնահատման ստանդարտներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է.»: Տվյալ պարագայում «գնահատում» հասկացությունը սահմանելիս, կարծում ենք, որ անհրաժեշտ է բացահայտել՝ ինչ արժեքի որոշմանն է ուղղված տվյալ գործընթացը՝ օրենքի կանխատեսելիության պահանջի պահպանման անհրաժեշտության հաշվառմամբ:

 Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «Գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով որեւէ ամսաթվի դրությամբ որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ.»: Գնահատման հաշվետվության հասկացությունը սահմանելիս «որեւէ ամսաթվի դրությամբ» ձեւակերպումն անորոշ է՝ գնահատման օբյեկտի՝ ո՞ր օրվա դրությամբ որոշված արժեքի վերաբերյալ տեղեկատվություն պետք է պարունակի հաշվետվությունը: 

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ «Գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որտեղ արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ գնահատման նպատակը, գնահատման գործառույթը եւ գնահատվող օբյեկտի իրավունքների տեսակը.»: Այս դեպքում, մասնավորապես, անհասկանալի է՝ ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, բացի այդ ոչ բավարար հստակությամբ ձեւակերպման պարագայում ստացվում է, որ քննարկվող իրավունքները պատկանում են գնահատվող օբյեկտին: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերախմբագրել ընդգծված հատվածը՝ ապահովելով համապատասխանությունը որոշակիության սկզբունքին: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք այլ հոդվածների ոչ բավարար հստակությամբ ձեւակերպմանը: Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը հաշվառման նպատակով լիազոր մարմնին դիմելիս պետք է ներկայացնեն գնահատողի գործունեության մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագրի պատճենը: Օրենքի կանխատեսելիությունն ապահովելու տեսանկյունից, կարծում ենք, որ անհրաժեշտություն կա բացահայտելու տվյալ փաստաթղթի էությունը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության սկզբունքը՝ ինքնակարգավորվող կազմակերպությունների առավելագույն անկախությունը պետական մարմիններից, (...), անորոշ է «առավելագույն» եզրույթի գնահատողական լինելու տեսանկյունից: Մասնավորապես՝ անհասկանալի է՝ արդյոք որոշ դեպքերում պետական մարմինները կամ պատվիրատուները կարող են որոշակի կառուցակարգերով ազդեցություն ունենալ ինքնակարգավորվող կազմակերպության անկախության վրա:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում կիրառված է «գնահատման գործունեություն իրականացնող անձ» արտահայտությունը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.»:

Քննարկվող օրենքի տրամաբանությունից բխում է, որ գնահատման գործունեություն իրականացնող անձը գնահատման կազմակերպությունն է: Հետեւաբար` առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ հաշվի առնելով գնահատման կազմակերպության սահմանումը հասկացությունների շարքում, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 5-րդ հոդվածում սահմանված է «Սույն օրենքի իմաստով գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից հաշվառված գնահատման կազմակերպությունները, գնահատողները, ինչպես նաեւ պատվիրատուները»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ լիազոր մարմնի կողմից հաշվառված լինելու փաստը կրկին նշելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է գնահատման կազմակերպության հասկացությունը, որի համաձայն՝ «Գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.»:

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ 

«1. Գնահատման ստանդարտները` գնահատման անցկացման, ինչպես նաեւ գնահատման գործընթացի համար անհրաժեշտ հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն են:

2. Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաեւ գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտներին ու վարքագծի կանոններին համահունչ, որի կիրառումը պարտադիր է գնահատողների կողմից»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում արդեն իսկ սահմանված է «գնահատման ստանդարտ» հասկացությունը: Տվյալ պարագայում հակասություն է առաջանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջի հետ, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»: Ուստի առաջարկում ենք բացառել միեւնույն հասկացության առնչությամբ տարաբնույթ սահմանումների առկայությունը, ինչպես նաեւ  նորմերի անհիմն կրկնությունները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի «գնահատման ստանդարտների սահմանումն ու դրանց կիրառումը» վերտառությամբ 7-րդ հոդվածում նախատեսված չեն այն տվյալները, որոնք պետք է պարունակեն գնահատման ստանդարտները, մինչդեռ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում գնահատման ստանդարտներին վերաբերելի նվազագույն պայմանները բացահայտված են: Կարծում ենք՝ քննարկվող պայմանները նպատակահարմար է նախատեսել Օրենքում:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հաշվառման ծրագիր մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը եւ գաղտնաբառը կազմակերպության ղեկավարին ու գնահատողին տրամադրվում է լիազոր մարմնի կողմից»:

Իրավական որոշակիության ապահովման նպատակով` առաջարկում ենք «կազմակերպության» բառը փոխարինել «գնահատման կազմակերպության» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված հասկացությունը:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվում են գնահատման պարտադիր դեպքերը.

«1. Գնահատումը պարտադիր է՝

1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման դեպքերում՝ բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.

2) գույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.

3) պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի.

4) պետական կամ համայնքային կարիքների համար գույք վարձակալելու դեպքերում.

5) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օբյեկտներն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.

6) անշարժ գույքի բռնագանձման հետեւանքով դրա իրացման դեպքերում.

7) գույքի սեփականատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնանկ ճանաչելու եւ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նախատեսվում է, որ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմքերը եւ կանոնակարգում գնահատման գործունեությանն առնչվող հարաբերությունները:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք դրույթներում առկա են պարտականություններ` կապված պարտադիր գնահատման դեպքերի հետ, այսինքն՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի իմաստով կիրառվող սուբյեկտների որոշ պարտականություններ բխում են գնահատման դեպքի պարտադիր լինելուց:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Հիմք ընդունելով սույն կետում մեջբերված իրավական նորմերը եւ դիտարկումները՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված կարգավորումը՝ գնահատումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում, խնդրահարույց է որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից՝ հաշվի առնելով իրավահարաբերությունների սուբյեկտների համար կարգավորման կանխատեսելիության աստիճանը, ինչպես նաեւ Օրենքի կարգավորման առարկայի տրամաբանությունը:

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Գնահատման պատվերի համար իրավական հիմք է գնահատման կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որը պարունակում է գնահատման առաջադրանքը»:

Կարծում ենք՝ «, որը պարունակում է գնահատման առաջադրանքը» ձեւակերպման անհրաժեշտությունը բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 11-րդ հոդվածում սահմանված են պայմանագրի էական պայմանները, որոնց շարքում է նաեւ գնահատման առաջադրանքի վերաբերյալ տեղեկությունները: Հետեւաբար` անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, որը պարունակում է գնահատման առաջադրանքը» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»:

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում գնահատման կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագրին տրվել է կրճատ տարբերակ՝ «(այսուհետ՝ Պայմանագիր)»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի տեքստում «գնահատման կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագիր» երկար արտահայտության համար սահմանված կրճատ տարբերակից հետո կիրառված է նաեւ «պայմանագիր» ձեւը: 

Առաջարկում ենք «գնահատման կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագիր» երկար արտահայտության համար կրճատ տարբերակի սահմանումից հետո կիրառել միայն սահմանված կրճատ տարբերակը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը հաշվառման նպատակով լիազոր մարմին դիմում կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ դիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձվում են, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է եռօրյա ժամկետ, որը հաշվարկվում է դիմողի կողմից փաստաթղթերը ստանալու օրվանից: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող  Օրենքում առկա կարգավորումներում արտացոլված չէ դիմումը եւ կից փաստաթղթերը համապատասխան սուբյեկտներին վերադարձվելու պարագայում վերջիններիս կողմից դրանք ստանալու հանգամանքի մասին հետադարձ կերպով հավաստում լինելու պահանջ: Տվյալ կարգավորման բացակայության պայմաններում անհայտ է՝ արդյոք իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին լիազոր մարմնում հաշվառող էլեկտրոնային համակարգն ունի դիմումը դրա ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ դիմողին վերադարձնելու հնարավորություն:

Կարեւորելով անձանց՝ պատշաճ ձեւով ծանուցված լինելու խնդիրը՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է վերը նշված խնդրին: Մասնավորապես՝ 2015 թվականի հունվարի 27-ի իր թիվ ՍԴՈ-1189 որոշման մեջ Սահմանադրական դատարանը հարկ է համարել ընդգծել, որ՝ «(…) շահագրգիռ սուբյեկտների կողմից (…) պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարեւոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստի ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձեւական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (…) սուբյեկտի (…)` Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (…) արդյունավետ ծանուցման (…) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (…) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»: 2020 թվականի մայիսի 5-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ «ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն՝ էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը (…) ծանուցում ուղարկելու կանոնը` անկախ հետադարձ կապի մասին գոնե նվազագույն հավաստիացման հնարավորության օրենսդրական ամրագրումից, անձի պատշաճ ծանուցման կառուցակարգ չէ»: 

Վերոնշյալի հիման վրա ակնհայտ է` հետադարձ ծանուցման պայմանը երաշխիք է, որ շահագրգիռ անձինք պատշաճ ձեւով ծանուցված կլինեն՝ օբյեկտիվորեն բացառելով ոչ իրազեկված լինելու իրավիճակները: Հետեւաբար` կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծում սահմանել էլեկտրոնային դիմումի վերադարձն ստանալու առնչությամբ կարգավորում՝ Սահմանադրական դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումների տրամաբանության համատեքստում: 

12. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումները եւ դրան կից փաստաթղթերը լիազոր մարմին մուտք լինելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը ուսումնասիրում է դրանք եւ կայացնում որոշում՝ իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառելու կամ հաշվառման դիմումը մերժելու վերաբերյալ:

Դիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են: Փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու համար լիազոր մարմինը տրամադրում է եռօրյա ժամկետ, որը հաշվարկվում է դիմողի կողմից փաստաթղթերը ստանալու օրվանից: Եռօրյա ժամկետում թերությունները վերացվելու եւ լիազոր մարմին կրկին ներկայացվելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված այն սկզբնապես ներկայացվելու օրը»:

Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվառվելու նպատակով լիազոր մարմնին ներկայացված դիմումներում եւ կից փաստաթղթերում թերությունների վերացման համար տրամադրվող եռօրյա ժամկետի սահմանումը, կարծում ենք, խնդրահարույց է, քանի որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում համապատասխան իրավաբանական անձը եւ անհատ ձեռնարկատերը հնարավորություն չի ունենա լիազոր մարմնին եռօրյա ժամկետում կրկին ներկայացնել փաստաթղթերը: Ուստի, առաջարկում ենք թերությունների վերացման համար նախատեսված «եռօրյա» ժամկետը փոխարինել «երեք աշխատանքային օր» ժամկետով:

Նույնական դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված «երեք օրվա ընթացքում» ժամկետին:

13. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են գնահատման կազմակերպության՝ հաշվառումից հանելու հիմքերը: Վերոնշյալ մասի 3-րդ կետով հղում է կատարվում Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, որն իր հերթին հղում է կատարում Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է կատարել շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի: Հետեւաբար` առաջարկում ենք ապահովել համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` վերը մեջբերված դրույթի պահանջին:

14. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում, ի տարբերություն գործող Օրենքում նախատեսված իրավանորմերի, բացակայում են էական հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող փոփոխությունների անհրաժեշտության մասին նշում կատարված չլինելու պայմաններում:

Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 11-րդ հոդվածով պայմանագրի էական պայմանները նախատեսելիս, ի տարբերություն գործող Օրենքի 10-րդ հոդվածի, ներառված չեն մի շարք պայմաններ: Սակայն, մասնավորապես, գույքի գնահատման ամսաթվի եւ տարեթվի պայմանի վերաբերյալ պայմանագրում նշում կատարելը, կարծում ենք, որ կարեւոր է գույքի արժեքի վերաբերյալ տեղեկատվության որոշակիացման՝ կոնկրետ ամսաթվի դրությամբ տվյալ արժեքի ֆիքսված լինելը հավաստելու տեսանկյունից:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում գնահատման հաշվետվությունում ներառվող տվյալների թույլատրելիության դեպքերը քննարկելիս, ի տարբերություն գործող Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, նշում կատարված չէ գույքի գնահատմամբ որոշված արժեքը համարժեք դրամով արտահայտելու պահանջի մասին: Նշված փոփոխության կատարումը, կարծում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի Օրենսգրքի 142-րդ հոդվածով որդեգրված մոտեցման համատեքստում, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է, իսկ  Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը նախատեսված են ընդհանուր կանոնից՝ իբրեւ բացառություն:

15. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ 

«Հաշվետվության տվյալների վիճահարույց լինելը

1. Գնահատման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, գործող ստանդարտներին համապատասխանության խնդիրները կարող են պարզաբանվել լիազոր մարմնի կողմից՝ վերջինիս ուղղված գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի կամ շահառուների դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, իսկ դրանց վերաբերյալ վեճերի առկայության դեպքում` դատական կարգով:

2. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1)  Գնահատման գործունեության սուբյեկտների կամ շահառուների կողմից դիմումներ ներկայացնելու ընթացակարգը քննարկվող հոդվածում բացահայտված չէ: Սակայն տվյալ ընթացակարգի արտացոլումն Օրենքում, կարծում ենք, որ անհրաժեշտ է իրավական որոշակիության սկզբունքի պահպանման տեսնկյունից, մասնավորապես՝ համապատասխան սուբյեկտներին տվյալ իրավակարգավորման հետ իրենց վարքագիծը համադրելու հնարավորություն ընձեռելու առումով:

2)  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմնի նախաձեռնությամբ գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Հարկ է նկատել, որ Կառավարության կողմից գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերի սահմանման համար ժամկետ անցումային դրույթներով նախատեսված չէ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ առաջարկում ենք անցումային դրույթում սահմանել Կառավարության կողմից գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերի նախատեսման համար ժամկետ: 

3) Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրից՝ հաշվետվության տվյալների վիճահարույց լինելը, բխում է, որ նույն հոդվածով կարգավորվող դեպքերը վերաբերելի են վիճահարույց դեպքերին: Հարկ է նկատել, որ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը, որոնք ենթադրյալ պետք է լինեն վիճելի դեպքեր, չեն պարունակում վիճարկման տարր, այն է` գնահատման գործունեության սուբյեկտների կամ շահառուների դիմումով վիճարկվող հարց: Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածը չի պարունակում կարգավորում, որը հնարավորություն կտա որոշակիացնելու քննարկվող դեպքերը վիճահարույց համարելու չափանիշները, ինչից իրավաչափորեն կբխեր Լիազոր մարմնի նախաձեռնությամբ ուսումնասիրության անցկացումը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշում է կատարվում, որ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկ է նկատել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական նորմերը եւ կատարված դիտարկումները՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը խնդրահարույց է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից, մասնավորապես՝ լիազորող նորմը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:

16. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «եւ (կամ)» ձեւակերպումը:

Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, միչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող ձեւակերպման կիրառությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «եւ (կամ)» գրելաձեւին:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում ուղղել վրիպակը՝ հանել «կամ սեփականատեր» բառերը:

17. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի մասնագիտական որակավորում» հասկացությանը տրվել է կրճատ տարբերակ՝ «(այսուհետ՝ Որակավորում)»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:», առաջարկում ենք «գնահատողի մասնագիտական որակավորում» հասկացության կրճատ տարբերակը սահմանել առաջին կիրառումից հետո, որից հետո կիրառել միայն սահմանված կրճատ տարբերակը:

18. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում կիրառված է  «խախտում (խախտումներ)» ձեւակերպումը: Կարծում ենք՝ փակագծում խախտում բառի հոգնակի ձեւի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից»: 

19. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլուխը վերնագրված է «ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլուխում ներառված են նաեւ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն վերտառությամբ 24-րդ հոդվածը, Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամակցելու հայտի մերժման եւ անդամակցությունը դադարեցնելու դեպքերը վերտառությամբ 28-րդ հոդվածը, ինչպես նաեւ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը լիազոր մարմնում հաշվառումից հանելու դեպքերը վերտառությամբ 29-րդ հոդվածը: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլուխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»:

20. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «ՀՀ» հապավումը  փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված «ՀՀ» հապավմանը:

21. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ  գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը ոչ առեւտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող 4-րդ գլխում բացակայում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության մարմիններին եւ կանոնադրության բովանդակային պահանջներին վերաբերող կարգավորումները: Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող 4-րդ գլխի մի շարք կարգավորումներում հղում է կատարվում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված պահանջներին, ինչպես նաեւ դրանով կազմակերպության համար նախատեսված իրավունքներին: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի:

1)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկել պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավաբանական անձանց որոշումները, գործողությունները եւ (կամ) անգործությունը, որոնց արդյունքում խախտվում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության եւ իր անդամ գնահատողների օրինական շահերը կամ իրավունքները.

2)  սույն օրենքով կամ իր կանոնադրությամբ սահմնանված նպատակների եւ գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ անհրարաժեշտ տեղեկատվություն՝ բացառությամբ օրենսդրությամբ պաշտպանված գաղտնիք պարունակող տեղեկությունների.

(...)

6)  օգտվել օրենսդրությամբ եւ իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:»:

Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական նորմերը եւ կատարված դիտարկումները՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետի կարգավորումը խնդրահարույց է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից՝ լիազորող նորմը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին: Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի՝ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող 4-րդ գլխի մի շարք կարգավորումներում ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված պահանջներին կատարվող հղումները կանոնադրության բովանդակային պահանջներին վերաբերող կարգավորումների բացակայության պարագայում եւս խնդրահարույց են որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:

22. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 8-րդ կետերով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության համար նախատեսված գործառույթներն առաջարկում ենք վերանայել՝ խմբագրման արդյունքում ապահովելով համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին:

23. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում, օրինակ՝ 14-րդ հոդվածի 1-ին մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, կիրառված է «գործող ստանդարտներ» ձեւակերպումը, մինչդեռ Նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունների հատվածում բացահայտված է «գնահատման ստանդարտ» եզրույթը, ինչն էլ կիրառված է Նախագծի հոդվածների զգալի մասում: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք բացառել միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր բառերի կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի ամբողջ տեքստում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» եւ «օրենսդրությամբ» ձեւակերպումները: Առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն ձեւակերպումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետում կիրառված «գնահատման սուբյեկտներ» եզրույթին:

24. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

25. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 32-րդ հոդվածում սահմանված եզրափակիչ մասը՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, սահմանել Նախագծի 2-րդ հոդվածով: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանել նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 31-րդ հոդվածում սահմանված անցումային դրույթները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»: 

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 31-րդ հոդվածի վերանգիրը չի համապատասխանում  հոդվածի բովանդակությանը, քանի որ քննարկվող հոդվածով նախատեսված են միայն անցումային դրույթներ: 

Ինչպես նաեւ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 32-րդ հոդվածը վերնագրված չէ:

26. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

27.                 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

28. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.20-րդ, 169.21-րդ եւ 169.22-րդ հոդվածներում «անշարժ գույքի» բառերը հանել:

Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

Նախ՝ առաջարկում ենք «169.20-րդ, 169.21-րդ եւ 169.22-րդ» ձեւակերպումներն փոխարինել «16920-րդ, 16921-րդ եւ 16922-րդ» ձեւակերպումներով՝ հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կիրառված համարակալման ձեւերը:

Բացի այդ նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16920-րդ, 16921-րդ եւ 16922-րդ հոդվածներում «անշարժ գույքի» բառերը կիրառվում են մի քանի անգամ: Ուստի հղումները հստակ եւ ուղղակի կատարելու պահանջի հաշվառմամբ՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը վերաձեւակերպել այնպես, որ ակնհայտ լինի քննարկվող փոփոխության վերաբերելիությունը բոլոր դեպքերին:

29. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում «Պետական տուրքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

30. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «44. գնահատողի որակավորման վկայական տալու համար բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «1.Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը, 

(…)»:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Այսպես՝ վերոնշյալ փոփոխությամբ նախատեսվում է գնահատողի որակավորման վկայական տալու համար սահմանված բազային տուրքի 20-ապատիկի չափը փոխարինել բազային տուրքի 100-ապատիկի չափով:

Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսելիս հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ եւ  79-րդ հոդվածներով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթին ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածում սահմանվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի լիազորությունները, որի 2-րդ մասի 8-րդ կետում նախատեսված է՝ «Անշարժ գույքի պետական ռեգիստրը՝ 

(…)

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» որակավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում. 

(…)»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում տրված է գնահատման հասկացությունը, այն է՝ «Գնահատում` արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, գնահատման ստանդարտներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է»: 

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածում որպես գնահատման օբյեկտներ նշված են « գույքը (անշարժ եւ շարժական), գույքի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են հանդիսանալ քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ, որոնց վերաբերյալ սահմանված են գնահատման ստանդարտներ»:

Հիմք ընդունելով վերոնշված դրույթները՝ կարծում ենք` անհրաժեշտություն է առաջանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «Անշարժ գույքի գնահատում» ձեւակերպումից հանել «Անշարժ գույքի» բառերը:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.09.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերաշարադրել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ դրանում առկա անհամապատասխանությունները վերացնելու, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու եւ օրենքի մի շարք դրույթներ հստակեցնելու նպատակով: 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել օրենքի գործողության ոլորտը եւ գնահատման պարտադիր դեպքերի շրջանակը, սահմանել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությանը ներկայացվող որոշակի պահանջներ, սահմանել որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշներ: Նախագծերի փաթեթով նախատեսվում է պատախսանատվություն սահմանել նաեւ կազմակերպության համար որակավորված գնահատողի որակավորման վկայականի դադարեցման համար, ինչպես նաեւ ներդրվում է գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտի գործունեության իրավական հիմքերը:

2. Ֆինանսատնտեսագիտական եւ կազմակերպական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

2.1 Նախագծի 12-րդ հոդվածի վերնագրի եւ 1-ին մասի շարադրանքից տպավորություն է ստեղծվում, որ խոսքը ոչ թե գնահատման կազմակերպության, այլ ընդհանրապես իրավանաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին է, ուստի առավել հստակություն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք 12-րդ հոդվածի վերնագրի սկզբում եւ 1-ին մասի «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո ավելացնել «որպես գնահատման կազմակերպություն» բառերը:

2.2 Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում, որպես գնահատման կազմակերպության հաշվառման պայման, նշվում է նաեւ «մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագրի պատճենի» ներկայացման պահանջը, որը ներկայումս ուղղակի անհնար է կատարել: Խնդիրն այն է, որ ապահովագրության ոլորտը կանոնակարգող՝ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով «մասնագիտական պատասխանատվության ապահովագրության» դաս սահմանված չէ, ուստի ապահովագրական ընկերությունները նման ապահովագրություն չեն կարող իրականացնել եւ նման անվանումով ապահովագրության վկայագիր չեն կարող տրամադրել: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պահանջը փոխարինել համապատասխան ապահովագրության դասով, օրինակ՝ վերը հիշատակված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոչ կյանքի պահովագրության 13-րդ կետով նախատեսված՝ «ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն» դասով (պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն օրենքի տվյալ մասի 10-12-րդ կետերով նախատեսված դասերում) կամ 16-րդ կետով նախատեսված՝ «ֆինանսական վնասների ապահովագրություն, որոնք առաջանում են շուկայական արժեքի կորստից կամ ֆինանսական կորուստների այլ ձեւերից» դասով: Հաշվի առնելով գնահատման գործունեության բնույթը` ավելի նպատակահարմար կլինի կիրառել նշված երկրորդ տարբերակը, որի կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի «իր գործունեության մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագրի պատճենը» բառերը փոխարինել «գնահատման արդյունքում հաճախորդներին կամ երրորդ անձանց հասցված ֆինանսական վնասների ապահովագրության վկայագրի պատճենը» բառերով:

2.3 Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ գնահատման կազմակերպությունն իրավունք ունի «պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու եւ պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվել գնահատման իրականացումից», իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանվում է, որ գնահատողը պարտավոր է  «հրաժարվել գնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով եւ գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար»: Այսինքն՝ այն դեպքում, երբ գնահատման կազմակերպությունը եւ գնահատողը նույն անձն են (այսինքն՝ գնահատման կազմակերպությունն անհատ ձեռնարկատեր հանդիսացող գնահատող է), ստացվում է, որ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ դրա թերի լինելու հիմքով գնահատման կազմակերպությունը միաժամանակ իրավունք ունի եւ պարտավոր է հրաժարվել գնահատման իրականացումից: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ եթե գնահատման կազմակերպությունը նշված դեպքում իրավունք ունի հրաժարվել գնահատման իրականացումից, ապա նա իրավունք ունի նաեւ չօգտվելու իր այդ իրավունքից եւ չնայած անհրաժեշտ տեղեկատվության չստացմանը՝ շարունակի կատարել գնահատման գործընթացը:

Լրացուցիչ կարգավորման կարիք ունի նաեւ այն դեպքը, երբ գնահատման կազմակերպության գնահատողներից մեկը, օրինակ, գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ դրա թերի լինելու հիմքով հրաժարվում է գնահատման իրականացումից, իսկ գնահատման կազմակերպությունը նույն առաջադրանքը հանձնարարում է իր գնահատողներից մեկ ուրիշին, որն էլ, չնայած տեղեկատվության հետ կապված խնդիրներին, իրականացնում է օբյեկտի գնահատումը: 

Հետեւաբար՝ Նախագծով անհրաժեշտ է կամ կարգավորել նշված դեպքերը՝ բնականաբար այդ դեպքերում գնահատման կազմակերպության կամ գնահատողի վրա դնելով առնվազն հաճախորդին կամ երրորդ անձանց գնահատման արդյունքում հասցված վնասների փոխհատուցման ռիսկը, կամ էլ կարելի է նաեւ հանել Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ նշված հիմքով գնահատման իրականացումից հրաժարվելու մասին դրույթը՝ ինչպես գնահատման կազմակերպության, այնպես էլ գնահատողի համար սահմանելով որպես պարտականություն:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի, ինչպես նաեւ առանձին դրույթների եւ նորմերի հստակեցման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

25.08.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝

  •        օրենքի գործողության ոլորտի ընդլայնում, 
  •        գնահատման պարտադիր դեպքերի ընդլայնում,
  •        որակավորված գնահատողների կողմից գնահատված գույքերի բազայի վարում լիազոր մարմնում,
  •        գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությանը ներկայացվող որոշակի պահանջների սահմանում,
  •        որակավորման վկայականների գործողության դադարեցման նոր չափանիշների սահմանում,
  •        գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտի ներդնում եւ այլն:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

30.08.2021թ