ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-007-18.08.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-007-18.08.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:  
  
  
  
  
   ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

01.09.2021թ.
 
 


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծում նշված «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությունը հանել, քանի որ քննարկվող չհամարակալված վերտառությունը նորմատիվ իրավական ակտի մաս չի համարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր եւ հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր եւ հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: Ընդհանուր եւ հատուկ մասերը չեն համարակալվում: Ընդհանուր եւ հատուկ մասերի վերնագրերն են համապատասխանաբար` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ» եւ «ՀԱՏՈՒԿ ՄԱՍ»: Վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»:

2.  Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝«Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

3. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ Կառավարության որոշումներով ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից այդ որոշումներով սահմանված ներմուծված (ներմուծվող) ապրանքների մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված կարգավորումները»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում սահմանված են անցումային դրույթների նախատեսման վերաբերյալ կանոններ, մասնավորապես՝ «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածում սահմանված է օրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը, որի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, համաձայն որի՝ Նախագիծն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մեջբերված դրույթները՝ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգավորումը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված անցումային դրույթ համարվող պայմաններից որեւէ մեկին:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածով սահմանված իրավադրույթները՝ նշենք, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, ինչ վերաբերում  է անձի իրավական վիճակը բարելավող օրենքներին, ապա հետադարձ ուժ տալու վերաբերյալ կարգավորումները պետք է նախատեսված լինեն այդ ակտերով: Նախագծով սահմանված կարգավորումների գործողությունը տարածվելու է Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Հարկ է նկատել, որ մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը,  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա Կառավարության որոշմամբ ընտրված ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ ընդունված որոշումների հիման վրա ծագած եւ շարունակվող իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` մինչեւ նշված իրավահարաբերությունների ավարտը:

Նշենք, որ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածից բխող կանոն, հետեւաբար` անհիմն կրկնությունից խուսափելու եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով` կարծում ենք՝ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.08.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.08.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վերացնել Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի հետաձգելու արտոնությունը: Որպես նման քայլի փաստարկ է ներկայացվում այն, որ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում արդեն իսկ ընդգրկված է ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող  սարքավորումների ու հումք-նյութերի հիմնական մասը եւ վերը նշված հարկային արտոնության անհրաժեշտությունն այլեւս չկա։ Այլ կերպ ասած` Նախագծի նպատակը բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար հարկման հավասար պայմանների ապահովումն է։

1. ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Ընդ որում, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման` ներմուծվող ապրանքների ցանկում կարող են ներառվել միայն տվյալ գործունեության յուրաքանչյուր փուլի համար հումք եւ նյութեր հանդիսացող՝ բացառապես ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները։ Այլ կերպ ասած` հարկային արտոնությունից օգտվելու հիմնական պայման է հանդիսանում ներդրումային ծրագրի առկայությունը, որին ներկայացվող պահանջները, գնահատման չափորոշիչները եւ մեթոդաբանությունը հստակ սահմանված են ՀՀ կառավարության վերը նշված որոշման մեջ։ ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված կարգավորման նպատակը ներդրումային ծրագիր իրականացնող սուբյեկտներին պետական աջակցության ցուցաբերումն ու ներդրումային գործունեության խթանումն է՝ հարկային արտոնության տրամադրելու եւ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու միջոցով։ Մինչդեռ, «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով սահմանվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Կարծում ենք` այս երկու կարգավորումների միաժամանակյա առկայությունը ոչ թե խանգարում կամ հակասում, այլ լրացնում է միմյանց։ Մասնավորապես` եթե կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում նախատեսվող ապրանքների ներմուծումն արդեն իսկ վերը նշված օրենքով ազատված է ավելացված արժեքի հարկից, ապա այդ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կօգտվեն տվյալ կարգավորումից։ Սակայն հնարավոր են դեպքեր, երբ որոշակի ապրանքներ ընդգրկված չլինեն այդ ցանկում (ի դեպ` այդ մասին է վկայում նաեւ հարկային արտոնություն տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշումների վերլուծությունը): Հետեւաբար կարծում ենք, որ այս երկու կարգավորումները ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են միմյանց՝ հնարավորություն տալով պոտենցիալ ներդրողներին ընտրություն կատարել պետական աջակցության գործիքների միջեւ։

2. Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի հետաձգելու արտոնության վերացումը բոլոր հարկ վճարողների համար հավասար պայմանների ստեղծման տեսանկյունից կարելի է դրական համարել։ Միեւնույն ժամանակ կարեւորելով ներդրումային գործունեության խթանման անհրաժեշտությունը` կարծում ենք` պետք է ընդլայնել նաեւ  «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ  օրենքով սահմանվող ցանկը։ Հակառակ պարագայում ներդրումային գործունեության խթանման շրջանակը կնեղացվի՝ դրանից բխող հետեւանքներով։
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 

01.09.2021թ.



Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց` տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար կստեղծվեն իրավահավասար պայմաններ, ինչը մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման պարագայում կթեթեւացնի ընկերությունների ֆինանսական բեռը։

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան։

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի։
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Ա. Հարությունյան (հեռ.՝ 011-513-339) 

 31.08.2021թ