ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-009-18.08.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-009-18.08.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

08.09.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Իրավական շփոթից խուսափելու համար` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ` օրենք)» ձեւակերպման մեջ «օրենք» բառը նշել մեծատառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` Նախագծի տեքստում «օրենք» բառը պետք է կիրառվի որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի անվանման կրճատ տարբերակ, մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածում «Սույն օրենքն» ձեւակերպման մեջ «օրենք» բառը վերաբերում է Նախագծին: 

2.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով: Օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչվելու իրավունք ունեցող անձանց ցուցակը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի նոր 4-րդ կետը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացին, հետեւաբար` առաջարկում ենք այն շարադրել որպես Օրենքի 10-րդ հոդվածի առանձին մաս:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ կետում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին» եզրույթը, մինչդեռ Նախագծի մյուս հոդվածներում նույն մարմնի մասին նշում կատարելիս կիրառվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եզրույթը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», հետեւաբար` առաջարկում ենք վերոնշյալ կետում «լիազոր մարմինը» բառերի փոխարեն կիրառել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը:

4.  Հարկ է նկատել նաեւ, որ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում, Օրենքի ողջ տեքստում «դիվանագիտական ներկայացուցչություն» եզրույթը փոխարինվում է «դեսպանություն» եզրույթով, բացի Օրենքի 7-րդ հոդվածից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը հաշվի առնելով՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 7-րդ հոդվածի «դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները» ձեւակերպման մեջ:

5.  Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացումը հաշվի առնելով եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ առաջարկում ենք համարակալել Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերությունը «1.» թվով:

6.   Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում եւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածում կիրառվում է «ՀՀ քաղաքացիություն» ձեւակերպումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում եւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածում «ՀՀ քաղաքացիություն» ձեւակերպումը իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն» ձեւակերպմամբ՝ համապատասխան հոլովաձեւերով:

7.  Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել իր քաղաքացիությունը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ «յուրաքանչյուր քաղաքացի» ձեւակերպումը ենթադրում է, որ վերոնշյալ իրավունքից կարող են օգտվել եւ՛ չափահաս, եւ՛ անչափահաս քաղաքացիները՝ անհրաժեշտ է սահմանել կարգ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացիները կկարողանան օգտվել իրենց՝ քաղաքացիությունը փոխելու իրավունքից կամ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածում կատարել հստակեցում առ այն, որ այդ հոդվածում նշված «յուրաքանչյուր քաղաքացի» եզրույթը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիներին:

8.   Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 27-րդ հոդվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կարգը, որտեղ առկա չէ որեւէ դրույթ կարգով սահմանված վարույթների կատարման ժամկետների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ քննարկվող կարգի շրջանակներում գործող իրավակարգավորմամբ նախատեսված են գործընթացների իրականացման ժամկետներ, որոնց՝ Նախագծով կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում չնախատեսման վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ դիտարկումները բացակայում են: 

Կարծում ենք՝ անհրաժեշտ է սահմանել համապատասխան ժամկետներ` Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 27-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների համար:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ, առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

08.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական լրացումներ կատարելու անհրաժեշտություն.

Մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացնում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները, իսկ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասում լրացվող նոր նախադասությամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձն իր անձնագիրը ստանում է Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանությունից կամ հյուպատոսական հիմնարկից: «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում եւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում նման գործառույթներ սահմանված չեն դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների համար: 

Հիմք ընդունելով վերոնշված դրույթները՝ կարծում ենք` անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել «Հյուպատոսական ծառայության մասին» եւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքներում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

08.09.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է լուծել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, վերացնել առկա անհապատասխանությունները, օրենսդրական հնարավորություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի` պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքն ամբողջությամբ իրացնելու եւ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի (որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.08.1994թ-ից) պահանջները պատշաճ կատարելու համար: 

Նախագծի նպատակը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո մինչեւ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը ՀՀ նախկին քաղաքացու կողմից քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում հայտնվելը եւ իր իրավունքներն իրացնելու համար առանց անձը հաստատող փաստաթղթի մնալը բացառելու, ինչպես նաեւ անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերություններում իրականացվող վարչարարությունը պարզեցնելու հետ կապված խնդիրների հաղթահարումն է:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                                     Ա.ԹԱՄԱԶՅԱՆ
 

Կատարող`  Գ. Սաֆարյան 

(հեռ.՝ 011 513-343) 

27.08.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է լուծել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում առաջացած իրավական խնդիրները, օրենսդրական հնարավորություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի` պարզեցված կարգով ՀՀ քաղա՟քա՟ցիություն ստանալու իրավունքն ամբողջությամբ իրացնելու եւ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961թ. կոնվենցիայի պահանջները պատշաճ կատարելու համար:   Նախագծի նպատակը անձի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու հարաբերու՟թյուն՟նե՟րում իրականացվող վարչարարությունը պարզեցնելու հետ կապված խնդիրները հաղթահարելն է:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)
31.08.2021թ.