ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-021-14.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-021-14.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

04.10.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ վերը նշված փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը մեկնաբանված է հետեւյալ կերպ՝ «Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, ինչպես նաեւ ապրանքների եւ/կամ դրանց խմբերի անվանումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին եւ ապրանքների անվանումներին եւ/կամ դրանց խմբերին, ինչը կարող է թյուրըմբռնումների տեղիք տալ նշված ապրանքների ներմուծման գործընթացն իրականացնելիս»: Մեջբերվածի տրամաբանությունից բխում է, որ քննարկվող փոփոխության նպատակը Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասում ներառված աղյուսակում ներկայացված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը եւ ապրանքների անվանումները համապատասխանեցնելն է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին եւ անվանումներին: 

Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածում ներառված  աղյուսակում մի շարք ապրանքների համառոտ անվանումները (օրինակ՝ 2710, 2714, 2715 00 000 0, 3819 00 000, 4012 ծածկագիր ունեցող ապրանքների անվանումները) ոչ ամբողջապես են համապատասխանում ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում նախատեսված անվանումներին: Ուստի, առաջարկում ենք վերանայել ապրանքների համառոտ անվանումների ձեւակերպումները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում ներառված  աղյուսակում նշված «37»  ապրանքային խմբի անվանմանը:

2. Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կառավարության որոշում) սահմանված են հիդրոֆտորածխածինների ծածկագրերը՝ «ըստ ԵՏՄ ՇԱՏԳ ԱԱ»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Նշենք, որ «ՇԱՏԳ» հապավման բացահայտված չլինելու արդյունքում անհասկանալի է՝ արդյո՞ք «ըստ ԵՏՄ ՇԱՏԳ ԱԱ»-ի՝ սահմանված արտադրանքի ծածկագրերը հնարավոր է ներառել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագրերի շարքում: 

3. Նախագծի 1-ին հոդվածում ներառված աղյուսակում նշված մի շարք ապրանքային ծածկագրեր, օրինակ՝ 2903 79 300 0, առկա չեն ո՛չ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում, ո՛չ Կառավարության որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում, ինչն էլ խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել վերը նշված ցանկերով չնախատեսված ապրանքների ծածկագրերը եւ անվանումները:

4. Կառավարության որոշմամբ սահմանված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված արտադրանքի մի շարք քիմիական անվանումներ ամբողջական չեն, օրինակ՝ 2903 39 270 0, 2903 39 290 0 ծածկագրեր ունեցող արտադրանքի անվանումները: Հետեւաբար` առաջարկում ենք վերանայել Կառավարության որոշմամբ սահմանված հիդրոֆտորածխածինների անվանացանկում ներառված արտադրանքի քիմիական անվանումներն օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների պահմանման անհրաժեշտության հաշվառմամբ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.10.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

04.10.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը սահմանող աղյուսակից հանել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելված է, ինչպես նաեւ լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով եւ ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ): Միաժամանակ, առաջարկվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերը եւ ապրանքների ու դրանց խմբերի անվանումները համապատասխանեցնել ԵԱՏՄ ԱԱ ծածկագրերին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

24.09.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ըստ որի` նախատեսվում է Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից դուրս բերել Հայաստան ներմուծվող արգելված օզոնաքայքայիչ նյութերը:

Ըստ այդմ, առաջարկվում է լրացնել ցանկը ներմուծվող օզոնաքայքայիչ նյութերով եւ ֆտորացված այլ գազերով (հիդրոֆտորածխածիններ), որոնց ցանկը հաստատված է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ: Ֆտորացված գազերի լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 19-ից՝ համաձայն ԵԱՏՀ 2021 թվականի մարտի 16-ի N 30 որոշման:

Նախագծով նշված նյութերի ներմուծման եւ իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0%՝ գործող օրենսդրությամբ օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման եւ իրացման համար սահմանված մեծություններին համապատասխան, առաջարկվում է նաեւ շտկել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը եւ ապրանքների եւ դրանց խմբերի անվանումները՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ ԱԱ ծածկագրերին:

Ըստ Նախագծի հեղինակի` ներկայացվող փոփոխությամբ ակնկալվում է կանոնակարգումների համապատասխանեցում ներպետական գործող իրավական ակտերին, ինչպես նաեւ միջազգային պարտավորություններից բխող նոր իրավակարգավորումների նախատեսում, ինչպիսիք են հիդրոֆտորածխածինների վերաբերյալ իրավակարգավորումները եւ կարգավորվող նյութերի դրույքաչափերը:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեն միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, կամրագրվեն կարգավորումների համար անհրաժեշտ իրավական գործիքները:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

16.09.2021