ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

23.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 1-ին հոդվածում անվանման հիշատակումից նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքին Նախագծում այլեւս հղում չի կատարվում:

3.  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 18-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների՝ 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած»:

Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշենք հետեւյալը.

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ եւ սույն օրենքով նախատեսված ժամկետներում»: Նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված է՝ «(...) Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին) առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ` ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին»:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի N 35-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի՝ Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականցման ժամանակացույցի վերաբերյալ հավելվածի 48-րդ կետում նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները հաշվարկում եւ Ֆինանսների նախարարությանն է ներկայացնում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Նշված գործընթացի կատարման սահմանային ժամկետ է նախատեսված 2021 թվականի սեպտեմբերի 8-ը:

Այսպես՝ վերոնշյալ իրավական դրույթներից բխում է, որ մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 8-ը համայնքներին 2022 թվականին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկը ավարտված է համարվում: 

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 18-րդ հոդվածի գործող 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների՝ 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած»: Նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ նախքան 2021 թվականի սեպտեմբերի 8-ը դոտացիաների՝ 2022 թվականի գումարների հաշվարկն արդեն իսկ պետք է սկսված լինի, ինչի հետեւանքով Օրենքի 18-րդ հոդվածի գործող 1-ին մասի համաձայն՝ ուժի մեջ կմտնի Օրենքի 6-րդ հոդվածը: Այսինքն՝ 2022 թվականի դոտացիաների «ա» մասի հաշվարկը պետք է կատարվի «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով: 

Հիմք ընդունելով Նախագծի շրջանառության մեջ դրվելու ժամկետը, ինչպես նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ կարծում ենք՝ նախքան Նախագծի ուժի մեջ մտնելն Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի ուժով 2022 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները պետք է հաշվարկվեն Օրենքի 6-րդ հոդվածով, ինչի հետեւանքով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումների արդյունքում Նախագծում փոփոխություն կնախատեսվի արդեն իսկ իրացված դրույթում:

Նույն հիմնավորմամբ դոտացիաների «բ» մասի հաշվարկը պետք է կատարվի Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ համայնքի եկամտային կարողության հաշվարկը՝ Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

4.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու պարբերությունը համարակալել: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

22.09.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

22.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետները, որոնք վերաբերում են համայնքներին հատկացվող դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացին, երկարաձգել երկու տարով՝ 2022 եւ 2023 թվականների համար օրենքին համապատասխան այդ դոտացիաների հաշվարկներն իրականացնելու համար:

Նշենք, որ Օրենքի 18-րդ հոդվածով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման կարգն ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2022 թվականի գումարները հաշվարկելու պահը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ 2020 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1608728,1 մլն. դրամ, որոնք ՀՀ 2019 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտների՝ 1614924,6 մլն. դրամի նկատմամբ նվազել են 6196,5 մլն. դրամով, հետեւաբար՝ ներկայիս Օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ (մոտ 118 համայնք), որոնց կհատկացվի պակաս (ընդհանուր գումարով շուրջ 2411,3 մլն. դրամով), քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները. ինչն էլ Օրեքով արգելված է:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ նույն փոփոխությունները կատարվել են նաեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին՝ համայնքներին հատկացվող դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացի ժամկետները 2020 թվականից տեղափոխելով 2022 թվական: Խնդիրը կայանում է նրանում, որ որեւէ տարվա ընթացքում ՀՀ համախմբված բյուջեի եկամուտների նվազման պարագայում տվյալ խնդիրը նորից կառաջանա, քանի որ կխախտվի «ա» գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների նվազեցում թույլ չտալու սկզբունքը, ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է մշակել եւ ներդնել այսպիսի դեպքերի համար ունիվերսալ կարգավորումներ՝ ամեն անգամ նույն փոփոխությունը չկատարելու (սահմանված ժամկետները չտեղաշարժելու) նպատակով: 

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն փոփոխության ենթարկվող նորմերը, մեր կարծիքով, վերաիմաստավորման եւ ունիվերսալացման անհրաժեշտություն են զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացը 2022-2023 թվականների համար օրենքին համապատասխան իրականացնելու նպատակով:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

22.09.2021թ.