ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-027-17.09.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-027-17.09.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

22.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 1.1-ին մասով, որի համաձայն՝ 

«1.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաեւ ապահովում է դրանց կատարումը»:

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւան քաղաքն ունի մարզի կարգավիճակ»:

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ « Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից`

(…)

պատգամավորների գյուղական, ավանային քաղաքային, շրջանային խորհուրդները եւ նրանց գործադիր մարմինները մինչեւ Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակում են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները (…)»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունների 108-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունների 117-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո`

(…)

Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Մինչ այդ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարումը եւ տարածքային կառավարումը իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.(…)»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը»:

Հարկ ենք համարում արձանագրել, որ Նախագծով Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 1.1-ին կետում նախատեսված է մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերում  փոփոխություն, լրացում կատարելու իրավունքը եւս վերապահել Երեւանի քաղաքապետին, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ ներկայացված է միայն հիշյալ ակտերի ուժը կորցրած ճանաչելու իրավասությունը քաղաքապետին վերապահելու անհրաժեշտությունը:

Ընթացակարգային տեսանկյունից, կարծում ենք, որ նպատակահարմար է Երեւանի քաղաքապետին վերապահել միայն նշված ակտերն ուժը կորցրած ճանաչելու իրավասությունը: Միաժամանակ, համապատասխան ակտերում լրացում կամ փոփոխություն կատարելու իրավասությունը Երեւանի քաղաքապետին վերապահելու փոխարեն՝ վերջինիս վերապահել տվյալ հարցերով նոր իրավական ակտ ընդունելու լիազորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող լրացումը՝ հանելով վերը ներկայացված ակտերում փոփոխություն, լրացում կատարելու, դրանց արդյունքում այդ ակտերի կատարումն ապահովելու առնչությամբ Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունը: Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջ գալիս վերանայելու նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 105-րդ հոդվածում նոր լրացվող 3.1-ին մասով քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության իրականացնող բարձրագույն մարմնի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի վրա դրված պարտավորությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 105-րդ հոդվածում լրացնել նոր 3.1-ին մաս, հետեւյալ բովանդակությամբ՝ «Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացնելիս Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը»: Նշված ձեւակերպումից բխում է, որ տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնին վերապահվում է քաղաքապետարանին մասնագիտական աջակցության  ցուցաբերում, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ «Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում են իրավական եւ մասնագիտական հսկողություն»:  Օրենքի 105-րդ հոդվածը եւս վերաբերում է քաղաքապետի եւ ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողությանը: Նշված հոդվածների դրույթներից բխում է, որ տեղական ինքնակառավարման մարմիների, այլ ոչ քաղաքապետարանի, նկատմամբ կարող է իրականացվել մասնագիտական հսկողություն, այլ ոչ աջակցություն: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքով սահմանված հասկացություններ՝ լրացվող դրույթի բովանդակությունը համապատասխանեցնելով Օրենքի համապատասխան հոդվածի վերնագրին: 

3. Առաջարկում ենք Նախագծ 2-րդ հոդվածով լրացվող 3.1-ին մասում «ցուցաբերում» բառից հետո նշել «Հայաստանի Հանրապետության» բառը՝ ապահովելով Օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս միեւնույն բառերի կիրառումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկվում է վերանայել Նախագծով սահմանված լրացմամբ Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորության շրջանակը՝ կարգավորումները  համապատասխանեցնելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.09.2021թ.
 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լուծել Երեւանի կառավարման մարմինների իրավահաջորդության որոշ հարցեր: Խնդիրը կայանում է նրանում, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Երեւանը համարվում է Երեւան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը, սակայն անդրադարձ չի կատարվել մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցին:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

22.09.2021թ.
 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է նախկինում մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանայաին խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային բնագավառի պետական լիազոր մարմինը:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

22.09.2021թ.