ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-026-17.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-026-17.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
22.09.2021թ.
Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք` առկա չեն Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` պայմանագիրը ստորագրած կողմի` պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չէ: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, անհրաժեշտ է Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 22.09.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 22.09.2021թ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման բացառման, միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա բացասական ազդեցության նվազեցման, ինչպես նաեւ կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտի ստեղծման նպատակով: Համաձայնագրով սահմանվում են Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց հարկման ենթակա գույքը եւ եկամուտների տեսակները, որոնց կապակցությամբ էլ Պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ: Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես. Համաձայնագիրը կիրառել նաեւ ցանկացած նույնական կամ էապես նման հարկատեսակների նկատմամբ, որոնք կսահմանվեն Համաձայնագրի ստորագրումից հետո՝ ի լրումն գործող հարկատեսակների կամ դրանց փոխարեն, ինչպես նաեւ ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները մալթական կողմի իրավասու մարմիններին ծանուցեն Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած էական փոփոխության մասին, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկության շահույթը հարկվի միայն Հայաստանի Հանրապետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում Մալթայում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, Մալթայի ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը չհարկել Հայաստանի Հանրապետությունում. վերոհիշյալ կարգը կիրառել նաեւ միավորումում, համատեղ գործունեությունում կամ միջազգային շահագործման գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ, չսահմանել որեւէ հարկ Մալթայի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ, եթե անգամ վճարված շահաբաժինները ամբողջությամբ կամ մասամբ կազմված են Հայաստանի Հանրապետությունում առաջացող շահույթից կամ եկամտից, բացառությամբ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի, չհարկել Մալթայի ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը, Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, չնայած նույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Մալթայի Հանրապետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը հարկել Հայաստանի Հանրապետությունում, չնայած Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ չհարկել Մալթայի Հանրապետության կողմից կամ նրա ստեղծած հիմնադրամներից այդ պետությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները եւ համանման այլ վարձատրությունները, սակայն դրանք հարկել, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտն ու քաղաքացին, չհարկել ուսանողի կամ ստաժորի, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչեւ Հայաստանի Հանրապետություն ժամանելը հանդիսացել է Մալթայի Հանրապետության ռեզիդենտ եւ որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, Հայաստանի Հանրապետությունում իր ապրելու, կրթության կամ մասնագիտանալու համար ստացած վճարումներից` պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջանում են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, Մալթայի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որեւէ հարկման կամ դրա հետ կապված որեւէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միեւնույն հանգամանքներում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. չնայած Համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթներին՝ վերոհիշյալ դրույթը կիրառել նաեւ Պայմանավորվող 8 պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ, երաշխավորել, որ Մալթայի Հանրապետության ձեռնարկության մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չի լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ձեռնարկության հարկումը, երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության ներպետական օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը եւ կհաղորդվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները եւ վարչական մարմինները), որոնք առնչվում են Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը, բողոքարկումների քննմանը կամ վերոնշյալի վերահսկողությանը, ինչպես նաեւ երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդպիսի նպատակների համար եւ այլն: Հարկ ենք համարում նշել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված տոկոսների մասով, թեպետ պահպանվում է եկամուտների աղբյուր երկրի առաջնային հարկման իրավունքը, բայց, այդուհանդերձ, ներդրումների խրախուսման նպատակով նախատեսվել են որոշակի պայմաններ, որոնց բավարարման դեպքում այդ եկամտատեսակի մասով սահմանվում են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված հարկման դրույքաչափերից ցածր դրույքաչափ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների առավել մերձեցմանը եւ նրանց համար համագործակցության նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը: Համաձայնագիրը նպատակ ունի ավելի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները եւ ամրապնդել հարկային հարցերում համագործակցությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 22.09.2021թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման բացառման եւ այդպիսով եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների, միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա բացասական ազդեցության նվազեցման, ինչպես նաեւ կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտի ստեղծումը: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը: Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Հանրապետության միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 22.09.2021թ.
|