ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-025-17.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-025-17.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

22.09.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը (…)»: 

2. Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ ««ա. մասնակցել ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով՝ բացառությամբ սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված է Օրենքի 64-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ 

«3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե`

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.

բ) գործարքը եւ/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, եւ որոնց քանակն ավելի է Ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝

1)     Օրենքի 64-րդ հոդվածում նախատեսված է՝ 

«Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, եթե`

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.

բ) գործարքը եւ/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, եւ որոնց քանակն ավելի է Ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից»:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Սահմանադրության մեջբերված դրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ անձի իրավունքի սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով մատնանշված հստակ հիմքերի առկայության պարագայում եւ իրավունքի սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակմամբ հետապնդվող նպատակին:

Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից բխում է, որ գործարք կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր, միաժամանակ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ այդ հոդվածի «ա» եւ «բ» ենթակետերում նշված դեպքերի պարագայում: Ընդգծենք, որ գործող կարգավորմամբ նաեւ հստակ կերպով սահմանված է, որ քննարկվող դեպքերում քվեարկությանը մասնակցելու իրավունք չունի գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն ունեցող բաժնետերը: 

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության տրամաբանությունից բխում է, որ շահագրգռվածություն ունեցող բաժնետերը ցանկացած դեպքում իրավունք չունի ներկա գտնվելու գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: 

Նշենք, որ Նախագծի 64-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս նախեւառաջ հստակ չէ «շահագրգռվածություն ունեցող բաժնետեր» ձեւակերպումը, մասնավորապես՝ անորոշ է՝ տվյալ բաժնետոմսի սեփականատերն ի՞նչ հարցում պետք է ունենա շահագրգռվածություն: Միաժամանակ, բոլոր դեպքերում շահագրգռվածություն ունեցող բաժնետիրոջ՝ քվեարկությանը, ինչպես նաեւ քննարկմանը մասնակցելու իրավունքի սահմանափակումը պետք է կատարվի օբյեկտիվ հիմքի մատնանշման պարագայում՝՝ համաչափության սկզբունքի հաշվառմամբ: Մինչդեռ, Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ՝ գործնականում ի՞նչ խնդիրներ են ծագում գործարքը կնքելու մասին որոշմանը շահագրգռվածություն ունեցող բաժնետերերի մասնակցության պարագայում եւ որո՞նք են այն օբյեկտիվ ռիսկերը, որոնց կանխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միտում կա Օրենքով սահմանափակելու հասարակ բաժնետոմսի սեփականատիրոջ իրավունքը՝ վերը քննարկված հատվածով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք բավարար հստակությամբ հիմնավորել նշված փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը՝ անդրադարձ կատարելով գործնականում առկա խնդիրներին, ինչպես նաեւ սահմանափակման համար ընտրված միջոցի եւ նպատակի համաչափության հարցին:

2)  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

Առաջարկում ենք ապահովել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 64-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի եւ ենթակետերի համարակալման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին: 

«Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Ուստի առաջարկում ենք վերանայել տվյալ կարգավորումը՝ ընդգծված հատվածով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել Նախագծով սահմանված փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.09.2021թ.
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.09.2021թ.
 





Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բաժնետիրական ընկերության`

- շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը,

- բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից:

Առաջարկվող կարգավորումների ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը եւ դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով արձանագրել Հայաստանի դիրքի առաջընթաց:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական, սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.09.2021թ.
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ եւ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)

22.09.2021թ.