ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-029-17.09.2021-ՏՀ-011/0), «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0291 -17.09.2021-ՏՀ-011/0), «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0292 -17.09.2021-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0293 -17.09.2021-ՏՀ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ- լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0294 -17.09.2021-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0295 -17.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-029-17.09.2021-ՏՀ-011/0), «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0291 -17.09.2021-ՏՀ-011/0), «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0292 -17.09.2021-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0293 -17.09.2021-ՏՀ-011/0), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ- լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0294 -17.09.2021-ՏՀ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0295 -17.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

23.09.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) գլուխների համարակալումից հետո դրված միջակետերն առաջարկում ենք հանել՝ հետեւյալ հիմնավորմամբ. նախ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում հստակ սահմանված են միջակետերի կիրառության դեպքերը, մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծում գլուխների համարակալումներից հետո դրված միջակետերին:

2.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 6-րդ հոդվածի 2-րդ մասում հանձնաժողովը սահմանված է որպես ինքնավար պետական մարմին, մինչդեռ հիմք ընդունելով Սահմանադրության 122-րդ հոդվածում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` առաջարկում ենք Նախագծում կիրառված «ինքնավար պետական մարմին» բառերից «պետական» բառը հանել:

3.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածների վերնագրեր, կարծում ենք, որ լայն են ձեւակերպված: Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածը վերնագրված է «Հանձնաժողովի նախագահը», մինչդեռ բովանդակում է միայն նախագահի լիազորությունները:

«Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

Հիմք ընդունելով վերագրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի հոդվածների վերնագրերը:

4.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ գլուխը վերնագրված է կարգավորող մարմինը, մինչդեռ քննարկվող գլխում ներառված են հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքներին վերաբերող, հանձնաժողովի անդամի պաշտոնավարման անհամատեղելիության պահանջներին վերաբերող, տեղեկատվություն տրամադրելու պարտականությանը վերաբերող, հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը չխոչընդոտելու պարտականությանը վերաբերող հոդվածներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում, 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով, բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

 Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի՝ կարգավորող մարմնին վերաբերող 3-րդ գլխում ներառված են ոչ համասեռ հոդվածներ, միաժամանակ՝ 3-րդ գլխի վերնագիրը չի համապատասխանում նույն գլխում ներառված հոդվածների բովանդակությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ գլուխը՝ դրանում ներառելով վերնագրին համապատասխան եւ բովանդակությամբ համասեռ հոդվածներ:

5.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքը նոր խմբագրությամբ շարադրելիս բաց են թողնվել մի շարք հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ առանց Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված պատճառաբանության:

Օրինակ՝ Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված է հետեւյալը՝ «Այն դեպքում, երբ հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչեւ իր՝ որպես հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում անհայտ է մնում հանձնաժողովի անդամներից մեկի՝ հանձնաժողովի նախագահ նշանակվելու պարագայում պաշտոնավարման ժամկետի առնչությամբ կարգավորումը:

Օրենքի 7.2-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքը նոր խմբագրությամբ շարադրելիս բաց է թողնվել Հանձնաժողովի նախագահին փոխարինող անդամի կողմից եզրակացությունը համապատասխան ժամկետում Ազգային ժողովի նախագահին ուղարկելու իրավասության վերաբերյալ կարգավորումը:

Օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի համաձայն՝ 

«Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

(…)

ե) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքը նոր խմբագրությամբ շարադրելիս Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման հիմքերի շրջանակից բաց է թողնվել քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու դեպքը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք ապահովել քննարկվող փոփոխությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ բավարար հստակությամբ հիմնավորումը:

6.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ 

«Հանձնաժողովի նախագահը՝

(…)

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները եւ պաշտոնական այլ փաստաթղթեր, ընդունում է հրամաններ, տալիս է հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, կնքում է պայմանագրեր.

(…)»:

Օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ «Հանձնաժողովի նախագահը՝

(…)

գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր եւ կնքում պայմանագրեր.»:

Օրենքի 7.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի անդամն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ այլ փաստաթղթեր:

Մեջբերված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Օրենքում հստակ կերպով սահմանված է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի անունից պաշտոնական փաստաթղթեր ստորագրելու իրավասությունը, մինչդեռ Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում անհայտ է՝ ո՞ր դեպքերում է հանձնաժողովի նախագահը ստորագրում քննարկվող փաստաթղթերը հանձնաժողովի անունից եւ ո՞ր դեպքերում՝ իր անունից:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին եւ քվեարկում, հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով եւ առաջարկություններով. իսկ նիստը նախագահողի համաձայնությամբ համապատասխան հիմնավորման դեպքում նիստին կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում,»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում բավարար որոշակիությամբ նախատեսված չեն նիստին տեսաձայնային հաղորդակցության կապի միջոցով մասնակցելու հնարավոր դեպքերը կամ այդ դեպքերի շրջանակի որոշման չափանիշները: Քննարկվող կարգավորումների բացակայության պարագայում, կարծում ենք, հնարավոր չէ հստակեցնել  հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող հիմնավորման առարկան, ինչպես նաեւ դրա գնահատման չափանիշները: Միաժամանակ, խնդրահարույց կարող է լինել հանձնաժողովի նախագահի կողմից տրվող համաձայնության, կամ դրա բացակայության իրավաչափության որոշման հարցը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը նախատեսելու պարագայում հստակ նախատեսել նաեւ նիստին տեսաձայնային հաղորդակցության կապի միջոցով մասնակցելու դեպքերը:

8.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ 

Հանձնաժողովի անդամը`

(…)

4) համաձայնության դեպքում նշագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները եւ այլ փաստաթղթեր, իր համակարգման գործառույթների շրջանակում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.»:

Հարկ ենք համարում նկատել, որ անհասկանալի է «նշագրում է (…) այլ փաստաթղթերը» ձեւակերպումը: Օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության պահանջների պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում ենք վերաձեւակերպել մեջբերված նորմն ընդգծված հատվածով:

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է՝ «հանձնաժողովի անդամի կողմից իր համակարգման ոլորտում ճյուղային օրենքներին եւ հանձնաժողովի ընդունած իրավական ակտերին համապատասխան գործառույթների իրականացումը վերջինիս բացարկ հայտնելու հիմք չէ», մինչդեռ համակարգման ոլորտում ճյուղային օրենքներին եւ հանձնաժողովի ընդունած իրավական ակտերին համապատասխան իր գործառույթների իրականացումը չի կարող հանձնաժողովի անդամին բացարկ հայտնելու հիմք հանդիսանալ, քանի որ Նախագծով նախատեսված չեն ոչ միայն բացարկ հայտնելու հիմքերը, այլեւ բացարկ հայտնելու ինստիտուտի առնչությամբ կարգավորումները: Հետեւաբար՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումից հասկանալի չէ նշված հոդվածի նպատակը: 

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի անդամների միջեւ գործառույթների բաշխման կարգի մանրամասները սահմանում է հանձնաժողովը»:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»:

«Մանրամասները» ձեւակերպման կիրառման պարագայում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարգավորման ենթակա հարցերի շրջանակը անհարկի լայն է ստացվում, ինչը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությանը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի մի շարք հոդվածներում «մանրամասները» ձեւակերպման կիրառման փոխարեն սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարգավորման ենթակա հարցերի շրջանակը:

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են «հանձնաժողովի ընդունած իրավական ակտ», «հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ» եւ «հանձնաժողովի իրավական ակտ» արտահայտությունները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ», առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն արտահայտությունը:

12. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ»: 

Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ հանձնաժողովի անդամի կողմից իր հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար պատասխանատվության ենթարկվելու դեպքերը սահմանափակված են, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամն իր արտահայտած կարծիքի համար պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն դեպքում, երբ համապատասխան կարծիքը կամ որոշումը քրեական կամ վարչական պատասխանատվություն կարող է առաջացնել: Տվյալ պարագայում հասկանալի չէ՝ ինչո?վ է պայմանավորված հանձնաժողովի անդամին պատասխանատվության չենթարկել իր արտահայտած այն կարծիքի կամ որոշման համար, որը պարունակում է վիրավորանք կամ զրպարտություն, որի միջոցով կարող է արատավորվել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հանձնաժողովի անդամի արտահայտած կարծիքը կամ որոշումը կարող է ունենալ  ոչ միայն քրեական եւ վարչական պատասխանատվություն առաջացնող բովանդակություն, այլեւ քաղաքացիական՝ կարծում ենք՝ նպատակահարմար է  հանձնաժողովի անդամին պատասխանատվության ենթարկել առանց սահմանափակման բոլոր այն դեպքերում, երբ վերջինիս արտահայտած կարծիքի կամ ընդունած որոշման մեջ կարող է առկա լինել ոչ միայն վարչական իրավախախտման  եւ հանցագործության հատկանիշներ, այլեւ քաղաքացիական պատասխանատվության: 

Միաժամանակ, հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում եւ մի շարք այլ հոդվածներում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք «կայացրած» բառը փոխարինել «ընդունած» բառով:

13. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում,  որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից»: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է, որ հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն հանրային  ծառայության  պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը համարվում է զբաղեցրած պաշտոնի համար անհամատեղելի գործունեության տեսակ: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ այն, որ Նախագծերի փաթեթում եւ դրան կից ներկայացված հիմնավորման մեջ առկա չէ որեւէ պատճառաբանություն այն մասին՝ ինչու՞ հանձնաժողովի անդամին կարող է թույլատրվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նշված գործունեության տեսակների շարքում լրացնել  նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: 

14. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածը վերնագրված է «Հանձնաժողովի որոշումները» վերտառությամբ, մինչդեռ նույն հոդվածի 6-րդ մասը վերաբերում է ոչ թե հանձնաժողովի որոշմանը, այլ հանձնաժողովի կողմից խախտում կատարած անձի գույքի վրա արգելանք կիրառելուն: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ համաձայն որի՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի  վերնագիրը եւ բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց:

15. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը հանձնաժողովի մեկ այլ անդամի չի թույլատրվում: Որոշմանը դեմ քվեարկելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում բացակայում են որոշմանը դեմ քվեարկելու դեպքում հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող հատուկ կարծիքի վերաբերյալ կարգավորումները: Մասնավորապես՝ բացակայում են դրա բովանդակությանը, տեսքին, որոշմանը կցելուն, ինչպես նաեւ հրապարակելուն ներկայացվող պահանջները:

16. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գրավոր՝ բացառությամբ դռնփակ նիստ գումարելու, օրակարգը հաստատելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, արձանագրային հանձնարարականներ տալու, նիստից հեռացնելու մասին որոշումների եւ ընթացակարգային բնույթ կրող այլ հարցերի»:

Նկատենք, որ Նախագծում հանձնաժողովի կողմից որոշումները ոչ գրավոր եղանակով կայացվելու դեպքերը (շրջանակը) հստակ կերպով սահմանված չեն: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչու՞ է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված վարչական վարույթի երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունվում գրավոր քվեարկությամբ, իսկ վարույթի կասեցման որոշումը՝ ոչ: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել որոշումների ընդունման կարգի առնչությամբ սահմանված տարանջատման օբյեկտիվ հիմքը:

17. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող, հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցերի քննարկման կամ շահագրգիռ անձի կողմից հարցի քննարկումը դռնփակ անցկացնելու վերաբերյալ միջնորդության՝ հանձնաժողովի կողմից հիմնավոր համարվելու դեպքերի: Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննարկելու մասին միջնորդությունը ընդունվում կամ մերժվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, քննարկվում է դռնփակության պայմաններում եւ արձանագրվում»:

Հանձնաժողովի կողմից միջնորդությունը հիմնավոր համարվելու դեպքերի առնչությամբ կարգավորումը, կարծում ենք, որ ոչ ամբողջական է, մասնավորապես՝ բացահայտված չեն այն շահերը, որոնց պաշտպանությունն ապահովելու միտումով հարցի քննարկումը կարող է կատարվել դռնփակ: Ուստի առաջարկում ենք իրավական որոշակիության պահանջի հաշվառմամբ՝ Նախագծում հստակ կերպով արտացոլել հանձնաժողովի կողմից միջնորդությունը հիմնավոր համարվելու սկզբունքը:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 27-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ հանձնաժողովի գործունեությունը հրապարակային է, ուստի ընդհանուր կանոնից, իբրեւ բացառություն, հանձնաժողովի կողմից նիստը դռնփակ անցկացվելու դեպքերը պետք է օբյեկտիվ չափորոշիչների մատնանշմամբ սահմանվեն Նախագծում:

18. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի նիստերն արձանագրվում եւ ձայնագրվում են: Դռնփակության պայմաններում քննարկվող հարցերի պարագայում, ինչպես նաեւ նիստի ձայնագրման համար նախատեսված սարքավորման անսարքության կամ նիստի ձայնագրման անհնարինության այլ դեպքերում ապահովվում է միայն արձանագրումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (…)»:

Մեջբերված նորմում նշում է կատարված այն մասին, որ արձանագրումը հնարավոր է բացառել օրենքով նախատեսված դեպքերում, մինչդեռ Նախագծում բացահայտված չեն այն դեպքերը, որոնց պարագայում արձանագրում չի կատարվելու: Բացի այդ, արձանագրում չկատարելու նպատակի եւ օբյեկտիվ հիմքի առնչությամբ կարգավորումները եւս բացակայում են: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք ապահովել քննարկվող հարցերի արտացոլումը Նախագծում՝ իրավական որոշակիության սկզբունքի պահանջը պահպանելու միտումով:

19. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Շահագրգիռ անձը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ իրավասու պետական, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինը նախապես ողջամիտ ժամկետում ծանուցվում են հանձնաժողովի նիստի կամ քննարկման անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին: Շահագրգիռ անձի ծանուցումն իրականացվում է վերջինիս կողմից պաշտոնապես հանձնաժողով ներկայացված հեռախոսահամարով հեռախոսազանգի միջոցով, որը ձայնագրվում է: Հեռախոսազանգից հետո կազմվում է հեռախոսագիր՝ հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Շահագրգիռ անձի կողմից իր հեռախոսահամարի փոփոխության մասին   հանձնաժողովին չհայտնելու պարագայում, ինչպես նաեւ շահագրգիռ անձի նշած (վերջին) հեռախոսահամարով վերջինի հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում, հեռախոսագրի կազմման ուժով, վերջինս համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ ծանուցված»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝

1) Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Որոշակիության սկզբունքի բովանդակության հաշվառմամբ շահագրգիռ անձին, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ իրավասու պետական, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմնին ծանուցելու համար «նախապես ողջամիտ ժամկետում» ձեւակերպումը կիրառելու փոխարեն առաջարկում ենք սահմանել հստակ ժամանակահատված, որի ընթացքում պետք է կատարվի ծանուցումը: 

2) Սահմանադրական դատարանը 2020 թվականի մայիսի 12-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ հոդվածի 2-րդ նախադասությունն այն մասով, որով հնարավոր է դարձնում հարկ վճարողների պատշաճ իրազեկումը սահմանափակել սոսկ նրա էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելով՝ դրանով պայմանավորելով նաեւ հիշյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելը՝ առանց այն ստանալու մասին հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` պատշաճ վարչարարության, հատկապես` անձի լսված լինելու իրավունքին հակասող: Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ նշել է՝ «անձի կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը պետք է հաստատվի հասցեատիրոջ կողմից ցանկացած եղանակով ակտը ստանալու հավաստման միջոցով: Հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ուղարկելը՝ առանց այդ փաստաթղթի մուտքագրումը հավաստող ծանուցագրի ստացման, չի կարող դիտարկվել բավարար պայման, որպեսզի հարկ վճարողը համարվի պատշաճ ծանուցված: Նման եզրահանգման համար հիմք կարող է լինել, մասնավորապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների հետեւանքով հարկ վճարողի կողմից նման ծանուցում չստանալու հավանականությունը»: Նկատելի է, որ Սահմանադրական դատարանը անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքն ուղղակիորեն կապում է փաստաթղթերի, ակտի ստացման, ստացման մասին հետադարձ հավաստման, կարդալու հետ, եւ էլեկտրոնային ծանուցման համակարգի կիրառման դեպքում՝ առանց համապատասխան ակտերի ստացման մասին հավաստման, զուտ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով ծանուցումը եւ անձնական էջ մուտք գործելու մասին հավաստումը չեն կա՟րող գնահատվել որպես արդյունավետ հարկային վարչարարություն: Այսպիսով՝ Սահմա՟նա՟դրական դատարանն անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքի հիմքում դնում է փաստաթղթերը ստանալու եւ դրանց ստացման մասին հավաստման հավանականությունը, ինչը բացակայում է նախատեսված կարգավորումներում: Մասնավորապես՝ Նախագծով հեռախոսագրի կազմման ուժով անձը համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ ծանուցված, մինչդեռ ծանուցման տվյալ միջոցը չի ապահովում այն ստանալու մասին հավաստման պահանջը: 

Վերոգրյալի հաշվառմամբ կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքով նախատեսված պատշաճ ծանուցմանը վերաբերող կարգավորումը չի արտացոլում Սահմանադրական դատարանի պահանջը: Ուստի առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը՝ ապահովելով անձի նվազագույն հավաստիացման հնարավորությունը:

20. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի քննարկման դեպքում պատշաճ ծանուցում է համարվում հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում նիստի անցկացման վայրի, օրվա եւ ժամի մասին նախապես սահմանված կարգով հրապարակումը»: Հարկ է նկատել որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքով սահմանված չէ, թե ովքեր կարող են ընդհանրապես մասնակցել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի քննարկմանը, հետեւաբար պարզ չէ` ու՞մ պետք է ծանուցվի նիստի անցկացման վայրի, օրվա եւ ժամի վերաբերյալ: Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք կարգավորումները լրամշակել եւ հստակեցնել:

21. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 18-րդ հոդվածը վերաբերում է հանձնաժողովի որոշման ուժի մեջ մտնելուն.

«1. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի անհատական եւ ներքին բնույթի որոշումները կարող են ուժի մեջ մտնել օրենքով սահմանված ժամկետից ավելի ուշ՝ այդ որոշմամբ սահմանված լինելու դեպքում:

3. Վարչական վարույթի երկարաձգման եւ կասեցման մասին հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ «6. Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

7. Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի եւ հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:»:

Հարկ է նկատել, որ անհատական եւ ներքին իրավական ակտերի վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ նախատեսված են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում, որոնցում հստակ նշում է կատարվում, որ այլ օրենքով կարող է նախատեսվել անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու այլ կարգ կամ ներքին իրավական ակտով կարող է նախատեսվել դրա ուժի մեջ մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից ավելի ուշ ժամկետ: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «անհատական եւ ներքին բնույթի որոշումները կարող են ուժի մեջ մտնել օրենքով սահմանված ժամկետից ավելի ուշ՝ այդ որոշմամբ սահմանված լինելու դեպքում» ձեւակերպումը՝ միաժամանակ զերծ մնալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի խախտումից՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:

22. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում են հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելու վերաբերյալ կարգավորումներ, մինչդեռ նշենք, որ համապատասխան կարգավորումներն արդեն իսկ առկա են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածով, հետեւաբար` նշված դրույթների սահմանումը, կարծում ենք, կրկնություն է:  Միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում կիրառված հասկացություները` առաջարկում ենք   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «բնույթի» բառը հանել:

23. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝

«Առանձին դեպքերում՝ անհրաժեշտությունից ելնելով,  կարգավորվող անձի համաձայնությամբ, մոնիթորինգը կարող է սկսվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետից ավելի շուտ:

Կարգավորվող անձի կողմից ակնհայտ խախտում կատարելու վերաբերյալ ողջամիտ կասկած առաջանալու դեպքում վերջինիս տարածքում մոնիթորինգը կարող է իրականացվել անհապաղ եւ առանց վերջինիս տեղեկացնելու»:

Օրենքի կանխատեսելիության պահանջի պահպանումն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում բավարար հստակությամբ արտացոլել այն «առանձին դեպքերը», որոնց պարագայում մոնիթորինգը կարող է կատարվել սահմանված ժամկետից ավելի շուտ, հակառակ դեպքում` «առանձին դեպքերում՝ անհրաժեշտությունից ելնելով» ձեւակերպումն անհամաչափ լայն է ստացվում՝ հակասելով իրավական որոշակիության սկզբունքի էությանը:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված կարգավորումը, կարծում ենք, որ իր էությամբ ստուգում իրականացնելու դեպք է եւ դուրս է մոնիթորինգի հասկացության շրջանակից:

24. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հանձնաժողովի դիմելու դեպքում տասնօրյա ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկություններ, բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա», հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտականություն սահմանելը Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի կարգավորման առարկայից դուրս է եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը («Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից»)` առաջարկվում է վերոնշյալ փոփոխությունը կատարել համապատասխան օրենքում:

   Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին:

25.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված է՝ « 1. Հանձնաժողովի անդամները եւ իրավասու աշխատողներն օրենքով սահմանված՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում ունեն կարգավորվող անձանց ու սպառողների տարածք մուտք գործելու եւ հանձնաժողովի լիազորություններից բխող գործառույթներն անխոչընդոտ իրականացնելու իրավունք:

   2.  Կարգավորվող անձինք չպետք է խոչընդոտեն հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը»:

   Նշված ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ո՞ր դեպքերում, ի՞նչ նպատակով հանձնաժողովի անդամները կամ աշխատակիցները կարող են մուտք գործել սպառողների տարածք: 

 Բացի այդ, նույն հոդվածի  1-ին եւ 2-րդ մասերի համադրության արդյունքում ստացվում է, որ հանձնաժողովի անդամները եւ աշխատակիցները կարող են մուտք գործել եւ՛ կարգավորվող անձանց, եւ՛  սպառողների տարածք, սակայն հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը չխոչընդոտելու պարտականություն նախատեսված է միայն կարգավորվող անձանց համար: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:

    Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է նաեւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Վճարողներն իրավունք ունեն՝ 1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաեւ հանձնաժողովի գործողությունները»: Տվյալ դրույթից բխում է, որ վճարողը կարող է բողոքարկել հարկային մարմնի որոշումները, գործողությունները եւ անգործությունը, իսկ հանձնաժողովի դեպքում` միայն գործողությունները: Մինչդեռ, հասկանալի չէ՝ ինչո՞վ է պայմանավորված վճարողների համար բողոքարկման հնարավորություն նախատեսելը միայն հանձնաժողովի գործողությունների համար, սակայն ոչ անգործության կամ որոշումների:

26. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանձնաժողովը`

1)  յուրաքանչյուր տարի` մինչեւ հոկտեմբերի 1-ը, հաստատում եւ Ազգային ժողով է ուղարկում հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը՝ այն միաժամանակ հրապարակելով իր պաշտոնական ինտերնետային կայքում.»:

Հարկ ենք համարում նշել, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում բացակայում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ծրագրի վերաբերյալ կարգավորումները:

27. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլուխը վերաբերում է հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկություններին: Մինչդեռ, նշված գլխի բովանդակությունը լրամշակման կարիք ունի, քանզի նշված գլխի բովանդակությամբ չեն սահմանվում մի շարք կարգավորումներ, առանց որոնց հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթը որոշակի չէ: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ովքե՞ր կարող են հանդիսանալ հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի մասնակիցներ: Միաժամանակ, բացահայտված չեն վարույթի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, հստակեցման կարիք ունեն վարույթի հարուցման առիթները, վարույթի հարուցման մերժումը, ինչպես նաեւ այլ կարգավորումներ:

28. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են վարչական վարույթի կասեցման պարտադիր, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով՝ վարչական վարույթի կասեցման հայեցողական հիմքերը: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ վարչական վարույթը պարտադիր կասեցվում է, եթե գործում է անհաղթահարելի ուժ կամ վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքին, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ վարչական վարույթի կասեցումը հայեցողական է, եթե առկա է ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակ, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքին: Վերոնշյալ դրույթների ձեւակերպումից հասկանալի չէ՝ արդյո՞ք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ներառում է իր մեջ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը` հիմք ընդունելով այն, որ ռազմական կամ արտակարգ դրությունը նույնպես հանդիսանում է վարույթի իրականացումն անհնար դարձնող հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքին, ուստի նման կարգավորումը կարող է առաջացնել իրավական շփոթ, քանի որ անհասկանալի է, թե ռազմական կամ արտակարգ դրության առկայության դեպքում վարչական վարույթի կասեցումը պարտադիր պայման է, թե հայեցողական: Առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ դրույթները:

29. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «մասով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

30. Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթում կիրառված «եւ (կամ)» ձեւակերպմամբ կարգավորումները:

31. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում կիրառվում է «սպառող» եւ «բաժանորդ» հասկացությունները. առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

32. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

33. «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Էներգետիկայի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել իրավական ակտի նորմատիվ բնույթին վերաբերող «Ն» տառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

34.  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները բաղկացած են մեկական հոդվածից, մինչդեռ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ»:

35.  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ընթացիկ գործառույթների իրականացման ծախսեր» հասկացությանը տրվել է «(ԸԾ)» կրճատ տարբերակը, մինչդեռ՝ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում եւս կիրառվում է «ընթացիկ գործառույթների իրականացման ծախսեր» հասկացությունը եւ «(ԸԾ)» կրճատ տարբերակը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը», առաջարկում ենք «ընթացիկ գործառույթների իրականացման ծախսեր» հասկացության կրճատ տարբերակի առաջին սահմանումից հետո կիրառել միայն կրճատ տարբերակը:

36. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 7-րդ գլուխը եւ 13-րդ հոդվածը վերնագրված են «Անցումային դրույթներ»: 

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1)  նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.»:

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասն եզրափակիչ դրույթ է:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 7-րդ գլխի եւ 13-րդ հոդվածի վերնագրերը փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ ապահովելով գլխի եւ հոդվածի վերնագրերի համապատասխանությունը բովանդակությանը:

37. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի՝ օրենքը խախտելու համար պատասխանատվությանը վերաբերող 12-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորում.

«1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(…)

3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:

4. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

5 Կարգավորման պարտադիր վճարի պարտականությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753):  Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերի համաձայն՝ «4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

(…)

6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:»:

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծից մեբերված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում բացակայում են վճարների վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում նախատեսվող տույժերի չափերը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին հղումները կատարվում են ոչ հստակ:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները եւ եզրակացության սույն կետում կատարված դիտարկումները՝ առաջարկում ենք «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին կատարվող հղումները հստակեցնել, ինչը իրավունքի սուբյեկտներին հնարավորություն կտա համապատասխան հանգամանքներում կողմնորոշվելու, թե վճարների վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում:

38. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի` «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի անվանման կիրառումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-դր հոդվածի 3-րդ մասին՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:», կիրառելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի կրճատ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը»:

39. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի նախագծի վերջում նշված «Հայաստանի Հանրապետության Նախագահ Ա. Սարգսյան» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝  ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը համարվում են նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններ:

40. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի անվանման լրիվ հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

41. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-3-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածում: 

42. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ- լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Միաժամանակ առաջարկում ենք «-» կետադրական նշանը փոխարինել «եւ» բառով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ, 50-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված մի շարք կարգավորումների վերաբերյալ լրացուցիչ հիմնավորվածությունը, համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի  եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), 

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.07.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), 

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

02.07.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերաշարադրել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը` դրանում կատարելով մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Մասնավորապես, առաջարկվում է`

- հստակեցնել հանրային ծառայությունները կարգավորող մարմնի` Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող դրույթները` նախատեսելով, որ դրանք ընդունվում են Հանձնաժողովի նիստում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ,

-   ամրագրել Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկման, այդ ընթացքում դրանց հետագա գործողությանն առնչվող հստակ կարգավորումներ, որոնք ուղղված են այդ ակտերի՝ ժամանակին կատարման ուժով իրենց նպատակին ծառայելուն,

-   ամրագրել Հանձնաժողովի (անդամների) գործունեության անկախության երաշխիքներ, քվեարկության դրված հարցի մասով բացասական դիրքորոշում ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորություն եւ պարտավորություն, հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջների, վերջիններիս պաշտոնավարման եւ գործունեության դադարման (դադարեցման) ու կասեցման հետ կապված հստակեցումներ եւ այլն,

-   Հանձնաժողովի նիստերի հրավիրման եւ անցկացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնել առկա իրողություններին, մասնավորապես` ամրագրել Հանձնաժողովի նիստին ինչպես Հանձնաժողովի անդամի, այնպես էլ այլ անձանց՝ տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով մասնակցելու հնարավորություն եւ այլն,

-   Հանձնաժողովի կողմից մոնիթորինգի իրականացման, ինչպես նաեւ կարգավորվող անձանց կամ սպառողների տարածք մուտք գործելու վերաբերյալ կարգավորումները համապատասխանեցնել լիազորող նորմի իրավական որոշակիության սկզբունքին, նախատեսել շահագրգիռ եւ այլ անձանց պատշաճ ծանուցման ապահովման հետ կապված հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորումներ եւ այլն,

-  նախատեսել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթներով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկմանն ուղղված կարգավորումներ, որոնք հաշվի են առնում կարգավորվող ոլորտներին բնորոշ առանձնահատկությունները, խիստ մասնագիտացված բնույթ կրող հարցերի համակողմանի քննության անհրաժեշտությունը, հանրային ծառայություններից օգտվող սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռմանը միտված մեխանիզմները եւ այլն, 

-  հստակեցնել Հանձնաժողովի կողմից իրավախախտման փաստի արձանագրման դեպքում մինչեւ խախտումը եղած դրությունը վերականգնելու ու դրանից բխող գործողություններ կատարելու (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ եւ այլն) կամ այդ մասին հանձնարարականներ տալու հետ կապված իրավասությունները, 

-  առաջարկվել է սահմանել Հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծությունն անհրաժեշտ չափով ավելացնելու գործընթացը, ինչի արդյունքում համապատասխանաբար կավելանան պետական բյուջե վճարվող հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները։ Փոփոխությունը հնարավորություն կտա Հանձնաժողովին մրցույթի միջոցով ներգրավելու անկախ աուդիտորների, որոնք իրենց մատուցած ծառայությունների համար վճարվելով Հանձնաժողովի կողմից, հաշվետու կլինեն վերջինիս, եւ, դրանով իսկ կբացառվի աուդիտի իրականացման ընթացքում կարգավորվող անձանց միջամտությունը կամ ներգործությունը եւ այլն։ 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 

23.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ստացավ ինքնավար մարմնի կարգավիճակ, սակայն չամրագրվեցին այն օրենսդրական երաշխիքներն ու կարգավորումները, որոնք պետք է ապահովեն  ինքնավար  մարմնի կողմից իր առջեւ դրված խնդիրների համակողմանի եւ արդյունավետ լուծումներ՝ միտված հանրային ծառայություններից օգտվող սպառողների եւ ոլորտի տնտեսվարող անձանց շահերի հավասարակշռմանը եւ վերջիններիս նկատմամբ խտրականության բացառմանը։

Հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ անցած տարիների ընթացքում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում տեղի են ունեցել զգալի զարգացումներ, որի արդյունքում ստեղծվել է եւ նախատեսվում է այնպիսի իրավիճակ, երբ կարգավորվող ոչ բոլոր անձանց համար է հանձնաժողովը սահմանում (սահմանելու) սակագներ եւ արդյունքում` վերջիններս դուրս են մնում կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկից՝ չնայած նշված անձանց մասով հանձնաժողովն իրականացնում է համապատասխան գործառույթներ։ Մասնավորապես` հեռահաղորդակցության բնագավառում հանձնաժողովն իրականացնում է ամբողջական կարգավորում, սակայն նշված շուկայում առկա մրցակցության պայմաններում սակագների կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է եւ գրեթե չի իրականացվում։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

-  հստակեցնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները` նախատեսելով, որ դրանք ընդունվում են հանձնաժողովի նիստում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր քվեարկությամբ, ինչպես նաեւ նիստը դռնփակ անցկացնելու, նիստի արձանագրման եւ ձայնագրման, ծանուցումների, հետաձգումների հետ կապված հարցերը,

-  ամրագրել հանձնաժողովի (անդամների) գործունեության անկախության երաշխիքներ,  քվեարկության դրված հարցի մասով բացասական դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորություն եւ պարտավորություն, բանավոր որոշումների ընդունմանն առնչվող կարգավորումներ, իրավասու մարմինների եւ կարգավորվող անձանց կողմից հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ կարգավորումներ, այդ թվում՝ հստակ ժամկետներ (համանման պարտավորություն նախատեսվել է նաեւ հանձնաժողովի համար), դիմում-բողոքների եւ հաղորդումների արդյունավետ եւ համակողմանի քննարկմանն ուղղված հստակ ընթացակարգ, հանձնաժողովի նիստին ինչպես հանձնաժողովի անդամի, այնպես էլ այլ անձանց՝ տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով մասնակցելու հնարավորություն եւ այլն:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել նաեւ կարգավորման պարտադիր վճար վճարողների շրջանակը, բարելավել հանձնաժողովի գործունեության ֆինանսավորման մեխանիզմը, հաշվետու տարվա ընթացքում կարիքն առաջանալու դեպքերում համապատասխան փոփոխություններ կատարել կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկում եւ պարտադիր վճարների դրույքաչափերում։

2.   Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Հանձնաժողովի անդամի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին  եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:»: 

Գործող օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների վարձատրության, այդ Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք` Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված կարգավորումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի` նկատի ունենալով այն, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ նշված փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել «բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն» հասկացությունը, քանի որ տվյալ տեսքով ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում  եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:

2.2.  Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Շահագրգիռ անձը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ իրավասու պետական, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինը նախապես ողջամիտ ժամկետում ծանուցվում են հանձնաժողովի նիստի կամ քննարկման անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին: Շահագրգիռ անձի ծանուցումն իրականացվում է վերջինիս կողմից պաշտոնապես հանձնաժողով ներկայացված հեռախոսահամարով հեռախոսազանգի միջոցով, որը ձայնագրվում է: Հեռախոսազանգից հետո կազմվում է հեռախոսագիր՝ հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:»:

Օրենքի նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է.  « 5. Շահագրգիռ անձի կողմից իր հեռախոսահամարի փոփոխության մասին հանձնաժողովին չհայտնելու պարագայում, ինչպես նաեւ շահագրգիռ անձի նշած (վերջին) հեռախոսահամարով վերջինի հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում, հեռախոսագրի կազմման ուժով, վերջինս համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ ծանուցված:»:

Նախագծով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի շարադրանքը, մեր կարծիքով, խնդրահարույց է մի քանի նկատառումներով, մասնավորապես`

ա) վերոգրյալից ստացվում է, որ անկախ հանգամանքից, թե ինչի հետեւանքով է անհնար եղել կապ հաստատել շահագրգիռ անձի հետ (օրինակ? որոշ ժամանակով հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է, շահագրգիռ անձը անգիտակից վիճակում է եղել եւ այլն) հեռախոսագրի կազմման ուժով վերջինս համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ ծանուցված, 

բ) Օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից պարզ չէ` արդյո՞ք մեկ անգամ հեռախոսազանգի միջոցով շահագրգիռ անձի հետ կապ չհաստատելու դեպքում հեռախոսագրի կազմման ուժով վերջինս պետք է համարվի նիստի կամ քննարկման մասին պատշաճ ծանուցված:

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով տրված է «անհատական ծանուցում» եզրույթի սահմանումը, այն է. «1) անհատական ծանուցում` անձին առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.»:

Վերը նշված օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «1. Օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Կողմերի համաձայնությամբ սահմանված դեպքերում անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն ուղարկվել է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը: Սույն մասով նախատեսված դեպքում անձը պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ծանուցումն ուղարկած անձը կամ մարմինը հնգօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում, կամ ծանուցվող անձը մասնակի կամ ամբողջությամբ չի կատարում ծանուցմամբ պահանջվող գործողությունը, ապա ծանուցումը եւս մեկ անգամ ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դա ուղարկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում չստանալու կամ ծանուցմամբ պահանջվող գործողության ամբողջական կամ մասնակի կատարում կրկին չլինելու դեպքում ծանուցումն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով՝ ծանուցումն ստացող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված հասցեով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գտնվելու վայրի փոստային հասցեով:

4. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված դեպքերի, անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցողի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործողությունները կատարվելուց հետո ծանուցումը եւս մեկ անգամ ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում անհատական ծանուցման առկայության վերաբերյալ ծանուցում հրապարակելուց հետո՝ տասներորդ օրը:

5. Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ չունեցող ֆիզիկական անձանց կամ պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող իրավաբանական անձանց անհատական ծանուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:»:

Անհրաժեշտ ենք համարում Օրենքի 16-րդ հոդվածը քննարկել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքի համատեքստում, մասնավորապես՝ 10-րդ հոդվածի:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից հստակեցման եւ լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումներից ելնելով: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

22.09.2021թ.