ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-038-22.09.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-038-22.09.2021-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

06.10.2021թ.
 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ հանելով Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` օրենք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, հարկ է նկատել, որ եզրակացության սույն կետում քննարկվող առաջարկը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Նախագծի 2-րդ հոդվածում կիրառվում է «օրենք» եզրույթը, որը վերաբերում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում նախատեսվում է լրացնել նոր նախադասություն, որի բովանդակությունից առաջ՝ լրացվող տեքստում առկա է «6.1» համարակալումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հանել Նախագծի 1-ին հոդվածով  Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվող նախադասության համարակալումը:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվում է նոր նախադասություն.

«6.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվող նոր նախադասության վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվող նոր նախադասության տեքստում կիրառվում է «հաշմանդամ դարձած» ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի՝ դրանում կիրառվող հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանվում է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը՝ անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ (կամ) զգայական տեւական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության հետեւանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: «Հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը կիրառվում է նաեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատաման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքում՝ հղում կատարելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» օրենքի սահմանմանը, որի՝ օրենքի կարգավորման առարկային եւ նպատակին վերաբերող 1-ին հոդվածի համաձայն՝ օրենքի նպատակն է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնումը, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը, բացառությամբ 6-րդ, 6.1-ին, 6.2-րդ հոդվածների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

Եզրակացության 4-րդ կետի սույն ենթակետում քննարկվող օրենքների ընդունման անհրաժեշտությանը վերաբերող հիմնավորմամբ նշված են եղել հետեւյալ դիտարկումները.

«(...)«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական եւ մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության եւ մասնակցության սահմանափակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշմանդամությունն այլեւս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր,(...):

Կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության եւ մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: 

(...)

Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ եւ հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը` թեթեւ, միջին, ծանր, խորը: Գնահատումը հիմնված է ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: (...)»:

Հիմք ընդունելով եզրակացության 4-րդ կետի սույն ենթակետում մեջբերված իրավական կարգավորումները եւ դիտարկումները եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կիրառման ենթակա է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը «հաշմանդամ» եզրույթի փոխարեն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվող նոր նախադասության տեքստում «հաշմանդամ դարձած» ձեւակերպումը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» ձեւակերպմամբ:

4.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվող նախադասության անհրաժեշտության վերաբերյալ նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է հետեւյալը.

« (...)«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարելու հիմքով կատարողական վարույթը ենթակա է կարճման: Քաղաքացիական օրենսդրության համաձայն պարտավորությունը դադարում է նաեւ պարտքը ներելու հիմքով: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը եւ վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների (օրինակ՝ զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց) պարտավորությունները: Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, որի դեպքում գանձվում են կատարողական գործողությունների կատարման ծախսեր: 

(...)

Ուստի, առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը եւ վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով եւ մարտական գործողություններով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում պարտավոր է վճարել կատարողական ծախսերը:

Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ եւ պատերազմական գործողություններով պայմանավորված պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք սահմանված չէ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: 

(...)

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասում լրացվող կարգավորմամբ նշում է կատարվում միայն որոշակի խումբ անձանց մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթների մասին, մինչդեռ նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացվող կարգավորման նպատակ է նշվում որոշակի խմբի անձանց համար՝ կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը սահմանելը (սահմանել ռազմական դրությամբ եւ պատերազմական գործողություններով պայմանավորված պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք):

Հիմք ընդունելով եզրակացության 4-րդ կետի սույն ենթակետում մեջբերված եւ կատարված դիտարկումները, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող կարգավորման նպատակն է որոշակի խումբ պարտապանների պարտավորությունները դադարելու դեպքում (պարտատերերի կողմից պարտքը ներելու հիմքով), որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել են կատարողական վարույթներ, կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելը՝ առաջարկում ենք վարկային պարտավորությունների ստանձնումը չսահմանափակել որոշակի ժամկետով, որի ընտրության վերաբերյալ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ դիտարկումները բացակայում են, այլ նշում կատարել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչեւ համապատասխան ռազմական գործողություններին մասնակցելու հետեւանքով անձի զոհվելը, հաշմանդամություն ձեռք բերելը, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը (միաժամանակ՝ կարող է դիտարկվել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ընթացակարգերի դեպքում վարկային պարտավորությունների ստանձնման ժամկետ նախատեսել մինչեւ անհայտ կորելու օրը) ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ «2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

05.10.2021թ.
 






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

05.10.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 67-րդ հոդվածի 6.1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ, ըստ որի` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով…կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագիծը կլուծի դրանով հետապնդվող խնդիրը եւ հստակություն կմտցնի դատական ակտերի կատարման հետ կապված այս խնդրում: Սակայն, խնդրի ամբողջական լուծման նպատակով` առաջարկում ենք սահմանել նաեւ, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով կարճվելու եւ, միաժամանակ, կատարողական գործողությունների կատարման ծախսերը գանձված լինելու դեպքում, դրանք ենթակա են վերադարձման այդ վճարները կատարած անձանց:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող`  Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 

23.09.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթափոխության կամ հստակ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությույնների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով եւ օրենքով սահմանված կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձել:

Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կսահմանվի կատարողական ծախսեր չգանձել վերոնշված խմբի անձանցից կատարողական վարույթները կարճվելու դեպքում:

Նախագծի ընդունումը կոնկրետ շրջանակի անձանց համար կունենա սոցիլական դրական ազդեցություն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից  լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

25.09.2021թ.