ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-039-22.09.2021-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0391 -22.09.2021-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0392 -22.09.2021-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0393 -22.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-039-22.09.2021-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0391 -22.09.2021-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0392 -22.09.2021-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0393 -22.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

04.10.2021թ.
 






Իրավական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ, իսկ 1-ին հոդվածում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 18-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասում «Գովազդի մասին» օրենքի անվանման հիշատակմանը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Նախագծի 4-րդ հոդվածում կիրառվում է «օրենք» եզրույթը, որը վերաբերում է Նախագծին:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերությամբ սահմանվում է օդանավակայանի տաքսի ծառայության հասկացությունը՝ «Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ «Ա» տիպի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղեւորների փոխադրման գործունեություն»:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ ««Ա» տիպի լիցենզիա» հասկացությունը: Իրավական որոշակիության ապահովման նպատակով` առաջարկում ենք Օրենքում սահմանել ««Ա» տիպի լիցենզիա» հասկացությունը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

4. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք մեկ համարակալված պարբերության համարակալումը, այն է՝ «2.», հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մեկ համարակալված պարբերությանը:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի համաձայն՝ «Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն «Ա» տիպի լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:»:

«Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղ» ձեւակերպումն որոշակիացնելու համար` առաջարկում ենք Օրենքում սահմանել կայանատեղի հասկացությունը կամ օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղ հասկացությունը, ինչը հնարավորություն կտա որոշակիացնել նաեւ դրանց ներկայացվող պահանջները: Սույն դիտարկումը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ միայն այդ տարածքներից իրականացվող տաքսի ծառայությունների մատուցումն է պահանջում նոր տեսակի լիցենզավորում, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն է նախատեսված օդանավակայնների տարածքի տաքսու կայանտեղերից առանց համապատասխան լիցենզիայի տաքսու ծառայություններ մատուցելու համար: Հարկ է ընդգծել, որ սահմանափակում եւ պատասխանատվություն նախատեսող իրավական նորմերը պետք է ունենան իրավական որոշակիության առավել բարձր աստիճան:

6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասի համաձայն՝ «Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «գ» կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ»: 

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ «2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`

ա) տաքսամետրով (սակաչափիչով).

բ) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին եւ սեւ տարբերանշանով.

գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.

դ) թափքի կողային մասում եւ ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղեւորափոխադրման սակագինը, նստելավարձի եւ (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում)»: 

Այսպես՝ օդանավակայանի տաքսու ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն տաքսամետրով (սակաչափիչով) եւ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասում նախատեսված դրույթը չի նախատեսում ուղեւորափոխադրման նվազագույն արժեքի ուղեւորափոխադրման սակագնի, նստելավարձի եւ (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվության վերաբերյալ կարգավորումներ:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերության «տաքսամետրի» բառը փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառերով:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք, որ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում կիրառված է «տաքսամետր (սակաչափիչ)» եզրույթը: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում կրառված «տաքսամետր (սակաչափիչ)» բառերը եւս փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառերով՝ տերմինների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով:

8. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 18-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասի համաձայն՝ «Օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողների կողմից տաքսի ծառայության գովազդի տարածումը կարգավորվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք, որ ցանկացած տեսակի գովազդի վրա տարածվում են «Գովազդի մասին» օրենքի կարգավորումները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները», առաջարկում ենք գովազդի մասին առանձին նշում չկատարել:

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

10. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

11. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.2-րդ հոդվածի 9-րդ մասից հետո լրացվող նոր՝ 10-րդ մասով սահմանված կարգավորումը նախատեսել «7.1-ին» մասի տեսքով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 9-րդ մասում սահմանված կարգավորումը վերաբերում է իրավախատման սուբյեկտին: 

12.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման տեքստն առաջարկում ենք ներառել չակերտներում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացմանը: 

13.  Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Պետական տուրքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

14.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ենթակետով» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերություն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: 

15.  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում 16-րդ բաժինը նախատեսվում է լրացնել նոր 6-րդ կետով:

Հարկ ենք համարում նշել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում 16-րդ բաժնում առկա է 6-րդ կետ: 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով», ինչպես նաեւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:», առաջարկում ենք քննարկվող լրացումը կատարել նոր լրացուցիչ համարով:

16.  Առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` Օրենք) Օրենքի» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Լիցենզավորման մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.10.2021թ. 






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

04.10.2021թ. 







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է «Ավտոմոբիլային տրասնսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն ՀՀ օրենքի 4-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներում կատարել լրացումներ եւ փոփոխություններ, որով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն անօրինական փոխադրումները, որի արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները չեն հայտնվի անհարմար դրության մեջ:

Օդանավակայանների տարածքի տաքսի կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն «Ա» տիպի լիցենզիա ունեցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով արտաքին տեսք ունեցող ավտոմոբիլներ, որոնց համար առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ տարեկան 200 000 դրամի չափով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծառայություններ մատուցողների շրջանակի խիստ նեղացումը, որպես կանոն, հանգեցնում է համապատասխան ծառայությունների սակագների բարձրացմանը, ինչը նույնպես կարեւոր գործոն է ՀՀ մուտք գործող զբոսաշրջիկների եւ մյուս ուղեւորների սպասարկման տեսանկյունից: Իր հերթին ծառայությունների սակագների բարձրացումը իրական հնարավորություններ կստեղծի ստվերային տաքսի ծառայություններ մատուցելու համար, որը կարող է կատարվել առանց տարբերանշանների եւ, գուցե, շատ ավելի նոր ու հարմարավետ ավտոմեքենաներով (օրինակ` հարազատներին կամ ծանոթներին դիմավորելու պատրվակով): 

Այս կապակցությամբ առաջարկում ենք հատուկ իրավակարգավորումներ սահմանել նաեւ «Աէրոտաքսի» ծառայության սակագների կարգավորման եւ դրանց վերահսկման նպատակով: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք է ունի` կապված ծառայությունների սակագների կարգավորման հետ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

23.09.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019 թվականի «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 267-րդ կետի կատարման ապահովմամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ օդանավակայանների տարածքում տաքսի-ծառայությունների մատուցման գործընթացը դեռեւս իրավական կարգավորում չունի, արդյունքում՝ տաքսի-ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսեւորվում ուղեւորների, հիմնականում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների եւ զբոսաշրջիկների նկատմամբ: Արդյունքում՝ վերջիններս հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից, միանշանակ,  անընդունելի է:

Նախագծերի փաթեթով օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով` կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար կսահմանվի տարեկան 200000 դրամ:

Նախագծերի փաթեթով սահմանվում են նաեւ օդանավակայանի տաքսի-ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքին ներկայացվող պահանջները, դրանով պայմանավորված կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:

2. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը,  մասնավորապես` Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ. «Օդանավակայանի տաքսի ծառայություն? «Ա» տիպի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղեւորների փոխադրման գործունեություն:»: 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-իդ մասի «գ)» կետի հետ համահունչ դարձնելու նպատակով` առաջարկում ենք «Օդանավակայանի տաքսի ծառայություն?» բառերը (ինչպես նաեւ Նախագծի ամբողջ տեքստում) փոխարինել «Օդանավակայանի տաքսի-ծառայություն`» բառերով:

3. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

4. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթով, անշուշտ, կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը եւ կբարձրանա սպասարկման որակը: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

23.09.2021