ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-042-22.09.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-042-22.09.2021-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
30.09.2021թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, ինչպես նաեւ նույն մասի 9-րդ կետով նախատեսված՝ բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած` այդ պայմանագրի կողմերի ցանկը, Նախագծին կից ներկայացված չեն:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 30.09.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248) 30.09.2021թ.
«Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, ըստ նախագծի հեղինակի, պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության գիտակրթական եւ հումանիտար կապերի ընդլայնման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ միացել է բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք տարածաշրջանային կոնվենցիաների (Փարիզի (1979թ.), Բանգկոկի (1983թ.) եւ Լիսաբոնի (1997թ.) կոնվենցիաներ, իսկ Տոկիոյի (2011թ.) կոնվենցիայի վավերացման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է), ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը, իսկ սույն Կոնվենցիան կոչված է լրացնելու բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման ոլորտում ՀՀ միջազգային համագործակցության իրավական հիմքերը: Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Կոնվենցիայով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես. բարձրագույն կրթության համակարգի մատչելիության ապահովման նպատակներով ճանաչել մյուս Կողմ պետություններում ձեռք բերված որակավորումները եւ փաստաթղթով կամ վկայականով հաստատված նախորդ ուսուցումը, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության մատչելիության ընդհանուր պահանջներին, եթե չի հաստատվում էական տարբերություններ մյուս Կողմ պետություններում մատչելիության ընդհանուր պահանջների եւ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր պահանջների միջեւ: Հակառակ դեպքում մեկ այլ Կողմի պետությունում ձեռք բերված որակավորում ունեցողին ընձեռել այդ որակավորման գնահատում ստանալու հնարավորություն, եթե որակավորմամբ ապահովվում է այն Կողմ պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ բարձրագույն կրթության ծրագրերի միայն կոնկրետ տեսակների մատչելիություն, որտեղ ձեռք է բերվել որակավորումը, ապա այդպիսի որակավորում ունեցողների համար ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մաս կազմող հաստատությունների կամ ծրագրերի համանման կոնկրետ տեսակների մատչելիություն` առկայության դեպքում, եթե չի հաստատվում էական տարբերություններ, ճանաչել մեկ այլ Կողմ պետությունում տրված բարձրագույն կրթության որակավորումը, եթե չի հաստատվում այդ որակավորման եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան որակավորման միջեւ էական տարբերություններ: Հակառակ դեպքում մեկ այլ Կողմ պետությունում տրված բարձրագույն կրթության որակավորում ունեցողին նրա հարցման հիման վրա ընձեռել այդ որակավորման գնահատում ստանալու հնարավորություն, ՀՀ կրթական համակարգի շրջանակներում եւ ՀՀ սահմանադրական, օրենսդրական եւ կարգավորող դրույթներին համապատասխան` ձեռնարկել անհրաժեշտ եւ իրագործելի քայլեր փախստականների եւ տեղահանված անձանց՝ բարձրագույն կրթության մատչելիության, բարձրագույն կրթության ծրագրերով կրթությունը շարունակելու կամ աշխատանքի տեղավորման հնարավորություններ փնտրելու համապատասխան պահանջները բավարարելու հանգամանքի արդարացի եւ արդյունավետ գնահատման ողջամիտ ընթացակարգեր մշակելու համար, այդ թվում՝ այն դեպքերում, երբ մեկ այլ երկրում անցած մասնակի ուսումնառությունը, ստացած նախորդ ուսուցումը կամ որակավորումները չեն կարող ապացուցվել փաստաթղթային եղանակով, Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված որակավորումների եւ ուսուցման արդյունքների ամբողջական նկարագրության համար ստեղծել թափանցիկ համակարգեր, ՀՀ բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ հավատն ու վստահությունը խթանելու նպատակով ՀՀ սահմանադրական, օրենսդրական եւ նորմատիվ կարգավիճակի եւ կառուցվածքի հիման վրա հնարավոր իրագործելի սահմաններում գործարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստատման, ճանաչման եւ որակի ապահովման օբյեկտիվ եւ հուսալի համակարգ, ՀՀ բարձրագույն կրթության համակարգի վերաբերյալ համապատասխան, ճշգրիտ եւ թարմացված տեղեկությունների հասանելիությունն ապահովելու համար ստեղծել ազգային տեղեկատվական կենտրոն կամ համանման սուբյեկտներ եւ աջակցել դրանց, տեղեկությունների հեշտ հասանելիությունն ապահովելու համար խրախուսել տեխնոլոգիաների կիրառումը, անհրաժեշտության դեպքում ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգերի, որակավորումների, որակի ապահովման եւ որակավորման շրջանակների վերաբերյալ պաշտոնական եւ ճշգրիտ տեղեկությունների հասանելիությունը, դյուրացնել այլ Կողմ պետությունների բարձրագույն կրթության համակարգերի, որակավորումների եւ բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովող որակավորումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների տարածումը եւ հասանելիության ապահովումը, անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն եւ տեղեկություններ ճանաչման հետ կապված հարցերի, այդ թվում՝ որակավորումների գնահատման չափորոշիչների եւ ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ օրենքներին, կարգավորումներին եւ քաղաքականություններին համապատասխան՝ ճանաչման ոլորտում առկա լավագույն գործելակերպերին առնչվող նյութերի մշակման վերաբերյալ, ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մաս կազմող ցանկացած հաստատության եւ այդպիսի հաստատություններում իրականացվող ցանկացած ծրագրի վերաբերյալ պատշաճ տեղեկությունների ողջամիտ ժամկետում տրամադրումը, ապահովել, որ ՀՀ կրթական համակարգի մաս կազմող հաստատությունները հնարավորության սահմաններում, հարցման հիման վրա, ողջամիտ ժամկետներում եւ անվճար հիմունքներով համապատասխան տեղեկություններ տրամադրեն որակավորում ունեցողին կամ այն Կողմ պետության հաստատությանը կամ ճանաչման հարցերով իրավասու մարմիններին, որտեղ հայցվում է ճանաչումը, ապահովել, որ ճանաչման նպատակով գնահատում իրականացնող մարմինը ներկայացնի դիմումի՝ պահանջներին անհամապատասխանության պատճառները եւ էական տարբերությունները, Կոնվենցիայի ավանդապահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնող իրավասու մարմինների վերաբերյալ պաշտոնական ծանուցումը, Հայաստանի Հանրապետությունում ճանաչման հարցերով կենտրոնական իրավասու մարմինների առկայության դեպքում երաշխավորել նրանց համար Կոնվենցիայի դրույթների անմիջականորեն պարտադիր լինելը, ՀՀ իրավազորության սահմաններում Կոնվենցիայի դրույթների կիրարկումն ապահովելու համար նրանց կողմից անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելը, ճանաչման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությունն առանձին բարձրագույն ուսումնական հաստատություններին կամ այլ սուբյեկտներին վերապահված լինելու դեպքում Կոնվենցիայի տեքստը փոխանցել այդ հաստատություններին կամ սուբյեկտներին եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ դրա դրույթների արդյունավետ դիտարկումը եւ կիրառումը խրախուսելու համար, Կողմ պետությունների միջկառավարական խորհրդաժողովի քարտուղարությանը ծանուցել կիրարկումն ապահովող ՀՀ կառույցների կամ այդ առնչությամբ տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին, ինչպես նաեւ երաշխավորել, որ այդ կառույցները ստեղծեն ցանցեր եւ ակտիվ մասնակցություն ունենան դրանցում, խթանել Կոնվենցիայի եւ միջազգային պայմանագրերի, մասնավորապես՝ ճանաչման վերաբերյալ տարածաշրջանային կոնվենցիաների, որոնց Կողմ է Հայաստանի Հանրապետությունը, միջեւ փոխօգնությունը, ճանաչման վերաբերյալ տարածաշրջանային կոնվենցիաները, որոնց Կողմ է Հայաստանի Հանրապետությունը, մեկնաբանելիս եւ կիրառելիս, ինչպես նաեւ այլ միջազգային պարտավորություններ ստանձնելիս հաշվի առնել Կոնվենցիայի համապատասխան դրույթները, եւ այլն, ՀՀ բարձրագույն ուսումնական տվյալ հաստատություն կամ այդ հաստատության կոնկրետ ծրագրով ընդունելության ընթացակարգերը մշակել այնպես, որ օտարերկրյա որակավորումների գնահատումն ապահովվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ներկայացված թափանցիկության, արդարացիության եւ խտրականության բացառման սկզբունքների համաձայն: Կոնվենցիայի համաձայն՝ յուրաքանչյուր կողմ պետություն ստեղծում է ազգային տեղեկատվական կենտրոն կամ համանման սուբյեկտներ եւ աջակցում դրանց՝ ճշգրիտ եւ թարմացված տեղեկատվությունների հասանելիությունն ապահովելու համար, ինչպես նաեւ կիրարկումն ապահովող ազգային կառույցներ, որոնք պետք է ստեղծեն ցանցեր եւ ակտիվ մասնակցություն ունենան դրանցում: Կոնվենցիայի այս դրույթները Հայաստանի Հանրապետության համար կարող են առաջացնել ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն: Կոնվենցիան վավերացնելու արդյունքում ակնկալվում է խթանել եւ ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես նաեւ ապահովել արդար, թափանցիկ եւ համապարփակ միջոցներ` բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական, սոցիալ, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող` Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 24.09.2021թ.
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 25.09.2021թ.
|