ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-040-22.09.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-040-22.09.2021-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

01.10.2021թ.






Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի (Այսուհետ նաեւ Համաձայնագիր) վավերացման ամսաթիվը նշվում է հետեւյալ կերպ. «2019թ. հուլիսի 5-ին»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ», ուստի առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում «2019թ.» ձեւակերպումը փոխարինել «2019 թվականի» ձեւակերպմամբ:

2.  Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, այն է` միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման նպատակահարմարության մասին տեղեկանքը, Նախագծին կից ներկայացված չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից ծխնդրահարույց կարգավորումներ չի պարունակում: 

Միաժամանակ, առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին եւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

01.10.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

01.10.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Համաձայնագիրը, որի  նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջեւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ նպաստել պետությունների հետազոտողների, դասախոսների, ուսանողների եւ աշակերտների փոխանակման ծրագրերին:

Նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, մասնավորապես՝ 6-րդ հոդվածը, որը կապված է կրթաթոշակների տրամադրման հետ, 8-րդ հոդվածը, որը վերաբերում է հետազոտական աշխատանքներին եւ մեթոդական ձեռնարկներին ու դասագրքերին եւ 9-րդ հոդվածը, որը վերաբերում է փորձագետների պատվիրակությունների փոխանակմանը:

Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է առավել արդյունավետ համագործակցություն կրթության եւ գիտության բնագավառում, այդ թվում՝  այն միջազգային  կազմակերպություններում, որոնց անդամ են հանդիսանում երկու երկրները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

24.09.2021թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Համաձայնագիրը ստորագրվել է կրթության եւ գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու եւ զարգացնելու նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել փոխանակման ծրագրեր հետազոտողների, դասախոսների, դասավանդող անձնակազմի, ուսանողների եւ աշակերտների միջեւ: Նախատեսվում է, որ փոխանակման ծրագրերի հստակ ժամկետները եւ պայմանները, ինչպես նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հստակ ժամկետները եւ ֆինանսական պայմանները կկագավորվեն Հայաստանի եւ Վիետնամի շահագրգիռ հաստատությունների եւ կազմակերպությունների միջեւ կնքվելիք համապատասխան համաձայնագրերով:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ կհաստատվի առավել արդյունավետ համագործակցություն կրթության եւ գիտության բնագավառում երկու երկրների միջեւ: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան  (հեռ.՝ 011-513-339)

24.09.2021թ.