ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-043-22.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-043-22.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

29.09.2021թ.
 





Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

29.09.2021թ.







ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

29.09.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին Սինգապուրում` պետություններից մեկում կամ երկուսում հարկման ենթակա անձանց ծավալած գործունեությունից ստացվող եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու նպատակով: 

Համաձայնագրով սահմանվում են պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը եւ եկամուտների տեսակները, որոնց կապակցությամբ էլ պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է որոշակի պարտավորություններ, մասնավորապես՝

          Համաձայնագիրը կիրառել շահութահարկի եւ եկամտային հարկի նկատմամբ, 

          ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Սինգապուրի Հանրապետության իրավասու մարմիններին ծանուցեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին, 

          չհարկել Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժիններն այն դեպքում, երբ Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Հայաստանի Հանրապետությունից` բացառությամբ Համաձայնագրով նախատեսված դեպքերի, 

          ապահովել, որ Համաձայնագրով նախատեսված դեպքերում գանձվող հարկերը չգերազանցեն ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը, 

 Համաձայնագրով նշվածից տարբեր ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը չհարկել, եթե գույքն օտարողը Սինգապուրի ռեզիդենտ է, 

          Համաձայնագրի դրույթները չկիրառել այն եկամտի նկատմամբ, որը ստացվում է Սինգապուրի Հանրապետությունում արվեստի գործչի կամ մարզիկի իրականացրած գործունեությունից, 

          չհարկել Սինգապուրի Հանրապետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կամ օրենքով սահմանված մարմնի կողմից վճարված՝ այդ պետությանը կամ ստորաբաժանմանը կամ մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը եւ համանման այլ վարձատրությունները, 

          ազատել հարկումից ֆիզիկական անձին, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչեւ Հայաստանի Հանրապետություն մեկնելը հանդիսացել է Սինգապուրի Հանրապետության ռեզիդենտ եւ որը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համալսարանի, քոլեջի, դպրոցի, թանգարանի կամ մշակութային այլ հաստատության հրավերով կամ մշակութային փոխանակման պաշտոնական ծրագրի շրջանակներում այդպիսի հաստատություններում դասավանդելու, դասախոսություններ կարդալու կամ հետազոտություններ կատարելու նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, 

          Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է կամ ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում է Սինգապուրի Հանրապետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել որեւէ այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որեւէ պահանջի, քան այն հարկումն ու դրա հետ կապված պահանջներն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել Հայաստանի Հանրապետության այլ նման ձեռնարկությունները, 

          երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն կդիտարկվի գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան ստացված տեղեկությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների առավել մերձեցմանը եւ նրանց համար համագործակցության նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը: Համաձայնագիրը նպատակ ունի ավելի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները եւ ամրապնդել հարկային հարցերում համագործակցությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

24.09.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի հուլիսի 8-ին Սինգապուրում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու, եւ հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ» համաձայնագիրը: 

Համաձայնագիրը համապատասխան իրավական հիմքեր կստեղծի երկու երկրների միջեւ հարկային հարցերում համագործակցությունն ընդլայնելու եւ կանոնակարգելու տեսանկյունից: Այն ներառում է իրավակարգավորման լայն շրջանակ եւ միտում ունի կոորդինացնել հարկման գործընթացը երկու երկրներին միաժամանակորեն առնչվող համապատասխան ցանկացած գործունեության պարագայում: 

Համաձայնագրի նպատակն է բացառել կրկնակի հարկումը պետություններից մեկում կամ երկուսում հարկման ենթակա անձանց կամ ընկերությունների ծավալած գործունեությունից ստացվող եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ՝ առանց հնարավորություններ ստեղծելու հարկերից խուսափելու կամ դրանք շրջանցելու միջոցով հարկման բացառման կամ նվազեցված հարկման համար: 

Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը: 

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

24.09.2021թ.