ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-046-22.09.2021-ՏՀ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0461 -22.09.2021-ՏՀ-011/0)   վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-046-22.09.2021-ՏՀ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0461 -22.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

30.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագծերի փաթեթը՝ կարծում ենք՝ Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ առկա չեն: 

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.   «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշման եւ համապատասխան նշանով կահավորման կարգի սահմանումը վերապահել Կառավարությանը:  Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշումը եւ համապատասխան նշանով կահավորումը կարող է կատարվել միայն Նախագծով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունմամբ, հետեւաբար` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

2.   Նախագծի 2-րդ հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք)՝ նոր խմբագրությամբ շարադրված 5.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Տեսուչն իրավունք ունի շրջիկ  առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե վաճառողը չունի շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ վաճառողը պետք է ունենա շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն, մինչդեռ Օրենքի 5.2-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն կարող են ստանալ շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնող միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը: Հետեւաբար` հասկանալի չէ շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն ունենալու պահանջ նախատեսել վաճառողի համար այն պարագայում, երբ համապատասխան թույլտվություն ստանալու պահանջ սահմանված է շրջիկ առեւտրի գործունեություն իրականացնող իրավբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ համար: Հետեւաբար` հիմք ընդունելով Օրենքի 5.2-րդ հոդվածի կարգավորումները` կարող ենք  նշել, որ շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն տրվում է ոչ թե վաճառողին, այլ շրջիկ առեւտրի կետին, այսինքն` համապատասխան շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառք կազմակերպող կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, ուստի առավել նպատակահարմար կլինի շրջիկ առեւտրի թույլտվությունը ոչ թե պահանջել վաճառողից, այլ ստուգել նշված թույլտվության առկայությունը (օրինակ՝ շրջիկ առեւտրի կետում թույլտվությունը կարող է փակցված լինել):

Միաժամանակ նշենք, որ պարզ չէ  Օրենքի 5.3-րդ հոդվածով եւ Նախագծի 2-րդ հոդվածով շրջիկ առեւտրի կետի եւ տրանսպորտային միջոցի սահմանազատումն այն պարագայում, երբ Օրենքի 2-րդ հոդվածով շրջիկ առեւտուր կարող են իրականացվել միայն շրջիկ առեւտրի կետերի միջոցով, իսկ շրջիկ առեւտրի կետ կարող է հանդիսանալ միայն տրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը, այսպես՝ շրջիկ առեւտրի կետ է հանդիսանում ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ եւ (կամ) դրանց կցորդներ: Բացի այդ, նշված ձեւակերպմամբ Օրենքի 5.3-րդ հոդվածում կիրառված «տրանսպորտահին միջոց» հասկացությունն ավելի լայն է («Տրանսպորտի մասին» օրենքի 1-ին հոդվածով որպես տրանսպորտի տեսակ հնադիսանում են ոչ միայն ավտոմոբիլները, այլեւ երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի եւ խողովակաշարային տրանսպորտները), քան շրջիկ առեւտրի կետի հասկացությամբ սահմանված միայն ավտոմոբիլները կամ դրա կցորդները:

3.   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում համապատասխան հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Տեսուչն իրավունք ունի շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե  վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից»: Տվյալ կարգավորումից միանշանակ չի ընկալվում՝ ինչպես վաճառողը պետք է թույլատրված վայրից դուրս իրականացնի վաճառք կամ մատուցի ծառայություն եւ միաժամանակ բացակայի նշված վայրից: Մասնավորապես՝ հասկանալի չէ վաճառողի բացակայության պայմաններում ինչպե՞ս է տարբերակվելու համապատասխան տրանսպորտային միջոցը, որը կայանված է թույլատրված վայրից դուրս, կայանված է, թե վաճառք է իրականացնում:

4.   Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրված 5.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «սահմանված պահանջների եւ պայմանների» բառերը փոխարինել «Երեւան համայնքի ավագանու սահմանած՝ շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջների եւ պայմանների» բառերով՝ ապահովելով նորմի հստակությունը: Հակառակ պարագայում նման ձեւակերպումից հասկանալի չէ՝ ում կողմից սահմանված եւ ինչ պահանջների եւ պայմանների խախտումը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածք տեղափոխմանը:

5.   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում համապատասխան հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է՝ «Տեսուչն իրավունք ունի շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե  տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ աեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից»: Նշված կարգավորումից բխում է, որ շրջիկ առեւտրի կետի սեփականատերը կամ փաստացի տիրապետողը (շահագործողը), ով շրջիկ առեւտրի կետը կայանել է ոչ իր կողմից ամրագրված սահմանված վայրերից մեկում, պետք է անհապաղ ազատի շրջիկ աեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը՝ շրջիկ առեւտրի կետը հատուկ տարածք տեղափոխելուց խուսափելու նպատակով: Մինչդեռ, շրջիկ առեւտրի կետի՝ ոչ իր կողմից ամրագրված վայրում կայանելը, կարծում ենք, շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը լքելու համար հիմք չի կարող հանդիսանալ, քանզի շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն ունեցող եւ ոչ իր ամրագրած տարածքում կայանած շրջիկ առեւտրի կետին պետք է հնարավորություն տրվի շտկել կամ վերացնել իր կողմից թույլ տրված խախտումը՝ կայանելով իր կողմից ամրագրած տարածքում, ինչը հնարավորություն կտա իր կողմից չամրագրած տարածքում կայանած շրջիկ առեւտրի կետին վերացնելու մատնանշված խախտումը եւ այն կայանել կրկին՝ առանց խախտումների՝ իր կողմից ամրագրված վայրում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների եւ հասկացությունների հստակությունը, համապատասխանությունը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

29.09.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

29.09.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերի գծանշումը եւ նշաններով կահավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, քանի որ կառավարման կարգերն արդեն իսկ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ եւ նպատակահարմար չէ Երեւանի քաղաքապետի կողմից նույն նպատակով իրավական ակտի ընդունումը: Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

24.09.2021թ.
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

 25.09.2021թ.