ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սնդիկի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-049-23.09.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0491 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-049-23.09.2021-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0491 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Սնդիկի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է «սնդիկային թափոններ» հասկացությունը.

«3) սնդիկային թափոններ՝ նյութեր կամ առարկաներ, որոնք.

ա. բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից կամ

բ. պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ

գ. աղտոտված են սնդիկով կամ սնդիկի միացություններով.

Այս սահմանումն իր մեջ չի ներառում մակաբացման ու դատարկ ապարները եւ լցակույտերը, որոնք առաջանում են հանքարդյունահանման ընթացքում (բացառությամբ սնդիկի առաջնային արդյունահանման), եթե դրանք չեն պարունակում սնդիկ եւ սնդիկային միացություններ այն քանակությամբ, որը գերազանցում է Կոնվենցիայի Կողմերի համաժողովի կողմից սահմանված շեմային արժեքները:»:

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սնդիկի թափոններին վերաբերող 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է հետեւյալը.

«2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար` սնդիկի թափոններ նշանակում են՝ այն նյութերը կամ առարկաները, որոնք.

(a) բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից,

(b) պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ

(c) վարակված են սնդիկով կամ սնդիկի միացություններով,

այն քանակով, որը գերազանցում է այն շեմը, որը սահմանել է Կողմերի խորհրդաժողովը՝ համագործակցելով Բազելի կոնվենցիայի համապատասխան մարմինների հետ՝ ներդաշնակեցման եղանակով, եւ որոնք տնօրինվում են կամ նախատեսվում է, որ պետք է տնօրինվեն, կամ պահանջվում է, որ տնօրինվեն ազգային օրենսդրության կամ սույն Կոնվենցիայի դրույթներով: Այս սահմանումը չի ներառում հանքահանությունից գոյացող փոխաբեռնումները, ապարները եւ պոչամբարները՝ բացառությամբ սնդիկի առաջնային հանքահանության, եթե միայն դրանք չեն պարունակում սնդիկ կամ սնդիկի միացություններ, որոնք կգերազանցեն Կողմերի խորհրդաժողովի սահմանած շեմը:»:

Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սույն մասի աղյուսակով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը.

(...)

Ոչ էլեկտրոնային հետեւյալ չափիչ սարքավորումները՝

- բարոմետրեր

- հիգրոմետրեր

- մանոմետրեր

- ջերմաչափեր

- սֆիգմոմանոմետրեր

2. Արգելվում է հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչով այնպիսի բաղադրիչների ներառումը, որոնց արտադրությունը արգելված է սույն հոդվածով:

3. Սույն հոդվածը չի տարածվում՝

1) քաղաքացիական պաշտպանության եւ ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանքի,

2) հետազոտությունների, սարքերի չափաբերման համար, որպես չափանմուշ օգտագործվող արտադրանքի,

3) փոխարինման համար սնդիկ չպարունակող ընդունելի այլընտրանքների բացակայության դեպքում՝ անջատիչների եւ ռելեների, էլեկտրոնային դիսփլեյների համար սառը կատոդային լյումինեսցենտային լամպերի եւ արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպերի, չափիչ սարքավորումների,

4) թիոմերսալը որպես կոնսերվանտ պարունակող պատվաստանյութերի վրա:»:

Կոնվենցիայի՝ սնդիկի հավելիչներով արտադրաքին վերաբերող  4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ «յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով թույլ չի տա A Հավելվածի I մասում թվարկված՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի ստեղծումը, ներկրումը կամ արտահանումը այդ արտադրանքի կրճատման համար նախատեսված ժամկետից հետո՝ բացառությամբ այն դեպքի, եթե A Հավելվածը նախատեսում է բացառություն, կամ Կողմը գրանցել է բացառություն` համաձայն 6-րդ հոդվածի»:

Կոնվենցիայի A հավելվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«Սնդիկի հավելիչներով արտադրանք

Հետեւյալ արտադրանքը բացառված է սույն Հավելվածից.

(a) քաղաքացիական պաշտպանության եւ ռազմական օգտագործման համար անհրաժեշտ արտադրանք,

(b) հետազոտությունների, գործիքակազմի կալիբրացիայի համար որպես չափորոշիչ օգտագործվող արտադրանք,

(c) այնտեղ, որտեղ առկա չեն փոխարինման ենթակա՝ սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ, անջատիչներ եւ ռելեներ, սառը կատոդային ցերեկային լույսի լապտեր եւ արտաքին էլեկտրոդով ցերեկային լույսի լամպեր (CCFL եւ EEFL) էլեկտրոնային էկրանների եւ չափիչ սարքավորումների համար,

(d) ավանդական կամ կրոնական արարողություններում օգտագործվող արտադրանք,

(e) թիոմերսալը որպես պահպանիչ պարունակող պատվաստանյութեր: (...):»

Կոնվենցիայի A հավելվածի I մասի աղյուսակով նախատեսվում է, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետի առարկա հանդիսացող արտադրանք է համարվում հետեւյալ արտադրանքը.

«Ստորեւ թվարկված ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները, բացառությամբ ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումների` տեղադրված մեծածավալ սարքավորումներում, կամ որոնք օգտագործվում են բարձր ճշգրտության չափումների համար, եթե չկան սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ`

(a) բարոմետրեր

(b) հիդրոմետրեր

(c) մանոմետրեր

(d) ջերմաչափեր

(e) սֆիգմոմանոմետրեր»:

Նախագծով նախատեսվող՝ եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումների վերաբերյալ հարկ են համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1) Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ  ներկայացվում են հետեւյալ դիտարկումները.

«1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ստանձնած պարտավորություններից:

Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւսնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 2020 թվականից հետո (սնդիկի փուլային դուրսբերման ժամկետ) Կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը եւ արտահանումը: Այդ արտադրանքն է` կուտակիչները, անջատիչները եւ ռելեները, փոքր չափի եւ խողովակաձեւ լյումինեսցենտային լամպերը, բարձր ճնշման սնդիկային լամպերը, սառը կաթոդային լյումինեսցենտային լամպերը, կոսմետիկ միջոցները, պեստիցիդները, բիոցիդները եւ տեղային հակասեպտիկները, ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները` բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր:

(...)

4. Ակնկալվող արդյունքը

«Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի եւ սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ ուղղված սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը: Օրենքի նախագիծը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտադրությունը ՀՀ-ում օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգելվի: Օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ՀՀ-ից արտահանման եւ ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը: (...):»:

2) Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունիսի 3-ի ՍԴՈ-966 որոշմամբ նշվում է հետեւյալը՝ «... ՀՀ միջազգային պայմանագրերը նորմատիվ իրավական ակտեր են, որոնք ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, այսինքն՝ բովանդակում են իրավակարգավորման համապատասխան բնագավառի սուբյեկտների համար վարքագծի պարտադիր կանոններ, ունեն ՀՀ օրենքներից եւ իրավական այլ ակտերից առավել բարձր իրավաբանական ուժ, ենթակա են պարտադիր կատարման ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ողջ տարածքում:»

3) Նախագծի՝ եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումներով նախատեսվում են առավել խիստ սահմանափակումներ, քան նախատեսված են Կոնվենցիայով, մասնավորապես.

Սնդիկային թափոններ են համարվում այն նյութերը կամ առարկաները, որոնք բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից, կամ պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ, կամ աղտոտված են սնդիկով կամ սնդիկի միացություններով՝ անկախ Կոնվենցիայով նախատեսված համապատասխան շեմը (այն քանակով, որը գերազանցում է այն շեմը, որը սահմանել է Կողմերի խորհրդաժողովը՝ համագործակցելով Բազելի կոնվենցիայի համապատասխան մարմինների հետ) գերազանցելու հանգամանքից:

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի հավելիչով հետեւյալ արտադրանքի արտադրությունը՝ ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները՝ բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր, սակայն Կոնվենցիայով քննարկվող սարքավորումների դեպքում նախատեսվում է բացառություն՝ ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ` տեղադրված մեծածավալ սարքավորումներում, կամ որոնք օգտագործվում են բարձր ճշգրտության չափումների համար, եթե չկան սնդիկ չպարունակող պիտանի այլընտրանքներ:

Կոնվենցիան սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը արգելելիս բացառությունների շարքում նախատեսում է նաեւ ավանդական կամ կրոնական արարողություններում օգտագործվող արտադրանքը, որը, սակայն, Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված չէ:

Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական դրույթները եւ կատարված դիտարկումներն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ եւ 10-րդ հոդվածների քննարկվող կարգավորումները՝ դրանք Կոնվենցիայի կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ սնդիկի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է միայն Լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիայի առկայության դեպքում:

«Լիցենզավորման մասին» օրենքի՝ կարգավորման առարկային վերաբերող1-ին հոդվածով նախատեսվում է, որ օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ կարգավորում է լիցենզավորման  հետ կապված հարաբերությունները: Օրենքը չի տարածվում արտաքին առեւտրային նպատակով ապրանքների արտահանման եւ (կամ) ներմուծման լիցենզիաների, պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների (լիցենզիաների), ինչպես նաեւ քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզային պայմանագրերի վրա:

«Լիցենզավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվում է, հետեւյալ կարգավորւմը. «արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ եւ (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների եւ բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը»:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «1? Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր:

2? Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:

3? Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով եւ չափով։ (...)»:

Կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկում սնդիկը եւ սնդիկի միացությունները նախատեսցած են վտանգավոր թափոնների ցանկում, իսկ սնդիկային թափոնները , որպես առանձին վտանգավոր թափոններ համապատասխան ցանկում ներառված չեն: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով Կոնվենցիայով եւ Նախագծով նախատեսված համապատասխան հասկացություններն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի՝ սնդիկի ներմուծման լիցենզիային վերաբերող կարգավորումները՝ հղում կատարելով համապատասխան օրենքներին, ինչպես նաեւ հաշվի առնելով արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապրանքների ցանկը եւ դրանում կիրառվող հասկացությունները:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի չհամարակալված պարբերության մեջ կիրառվում է «սնդիկի առաջնային արդյունահանում» ձեւակերպումը, իսկ Նախագծի 7-րդ հոդվածում կիրառվում է «սնդիկի հիմնական արդյունահանում» ձեւակերպումը: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել որոշակի հերթականությամբ միեւնույն բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում առաջարկում ենք հանել «սույն» բառը՝ հիմք ընդունելով այն հագամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված է Կոնվենցիա հասկացությունը, այն է՝ «Կոնվենցիա՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինավատայի կոնվենցիա» եւ հասկանալի չէ «սույն Կոնվենցիա» արտահայտությունը: 

5. Նախագծի 2-րդ գլուխը վերնագրված է «ՍՆԴԻԿԻ, ՍՆԴԻԿԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՆԴԻԿԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ գլխում ներառված են նաեւ Կառավարության եւ լիազոր մարմնի լիազորությունների վերաբերյալ հոդվածները: Ուստի, կարծում ենք՝ անհրաժեշտ է Նախագծի 2-րդ գլխի վերնագրում ներառել նաեւ Կառավարության եւ լիազոր մարմնի լիազորությունների վերաբերյալ նշում: Սույն առաջարկը հիմնավորվում է այն հանգամանքով, որ քննարկվող գլխի վերնագիրն ավելի նեղ է, քան դրանում ներառված հոդվածների բովանդակության շրջանակը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»: 

6. Նախագծի 4-րդ հոդվածը վերնագրված է հետեւյալ կերպ՝ «Կառավարության լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում»: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածում Կառավարության լիազորությունները սահմանվում են նաեւ սնդիկի հավելիչով արտադրանքի, ինչպես նաեւ սնդիկի միացությունների նկատմամբ: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանադակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրին եւ 5-րդ հոդվածում ներառված սնդիկի միացությունների վերաբերյալ լիազոր մարմնի լիազորությանը:

7. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Կառավարության լիազորություններից է «Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի սահմանումը.»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 12-րդ հոդվածում սահմանաված անցումային դրույթներով նախատեսված չէ քննարկվող կարգի ընդունման ժամկետի վերաբերյալ դրույթ: Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթով սահմանել նաեւ Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի ընդունման նախատեսվող ժամկետը: Սույն առաջարկը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում սահմանված պահանջով, այն է՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

8. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում լիազոր մարմնի լիազորություններն են՝

(...)

2) Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման լիցենզիաներ տրամադրելը եւ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ տալը եւ ստանալը.

(…)»:

Վերոնշյալ կարգավորմամբ լիազոր մարմնի համար սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ ստանալու լիազորություն: Մինչդեռ հասկանալի չէ ի՞նչ է ենթադրում քննարկվող լիազորությունը, մասնավորապես՝ ումի՞ց կամ ո՞ր մարմնից լիազոր մարմինը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնությունը, այն դեպքում երբ նույն դրույթով լիազոր մարմինը լիազորվում է տալ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ: 

Հարկ ենք համարում մեջբերել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, որոնց համաձայն՝ «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթներն՝ օրինականության եւ իրավական որոշակիության սկզբունքների տեսանկյունից առաջարկում ենք վերանայել լիազոր մարմնի Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ ստանալու լիազորությունը, որը լիազոր մարմնին տալիս է որոշակի գործողության իրականացման՝ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ ստանալու, իրավունք: Քննարկվող լիազորող նորմի իրավական որոշակիության ապահովման սույն առաջարկը պայմանավորված է հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագիծ դրսեւորելու անհրաժեշտության հանգամանքով:

9. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «Թափոնների մասին» օրենքի անվանման հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

10. Նախագծի Սնդիկային թափոնների կառավարումը վերտառությամբ 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սնդիկային թափոնների նկատմամբ կիրառվում են «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի եւ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիաների, ինչպես նաեւ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան կարգավորումները:

2. Սնդիկային թափոնները կառավարվում են՝ հաշվի առնելով «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման եւ դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի ղեկավար սկզբունքները եւ թափոնների գործածության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ Նախագծով սահմանված սնդիկային թափոնների հասկացությունը չի համապատասխանում «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով սահմանված սնդիկի թափոնների հասկացությանը: Հետեւաբար, Նախագծով սահմանված սնդիկային թափոնների նկատմամբ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կիրառության մատնանշումն անհասկանալի է: Բացի այդ, Նախագծի 6-րդ հոդվածը նախատեսում է սնդիկային թափոնների կառավարումը, սակայն քննարկվող հոդվածում նախատեսված է միայն վերաբերելի օրենսդրության վերաբերյալ դրույթներ: Այսինքն՝ սնդիկային թափոնների կառավարման վերաբերյալ նորմատիվ կարգավորումները բացակայում են:

11. Նախագծի 3-րդ եւ 4-րդ գլուխների վերնագրերում եւ 11-րդ հոդվածում կիրառված է «սնդիկի գործածությունը» հասկացությունը: Մասնավորապես՝ Նախագծի 11-րդ հոդվածում սահմանված են սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ պարտականությունները: Առաջարկում ենք Նախագծում սահմանել «սնդիկի գործածություն» հասկացությունը, որպեսզի որաշակիացվի ո՞ր իրավահարաբերությունների շրջանակում  անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք ունեն իրավունքներ եւ պարտականություններ, արդյո՞ք սնդիկի գործածության մեջ ներառվում են սնդիկի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը, թե նաեւ սնդիկի արտահանումը եւ ներմուծումը:

12. Նախագծի Սնդիկի ուսումնասիրության եւ արդյունահանման արգելքը վերտառությամբ 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի (բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո) ուսումնասիրության եւ արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված է սնդիկի ուսումնասիրության եւ արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենդրության վերաբերյալ դրույթ: Մինչդեռ, Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը վերաբերում է սնդիկի ուսումնասիրության եւ արդյունահանման արգելքին: Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: 

13. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակով նախատեսված որպես սնդիկի հավելիչով արտադրանք նշված է՝ 

«- Փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ եւ լամպի անոթում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,

- Խողովակաձեւ լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար.

ա. մինչեւ 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով եւ լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ.

բ. մինչեւ 40 վատտ հզորությամբ հալոֆոսֆատային լյումինոֆորով եւ լամպում 10 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,»:

Հարկ ենք համարում նշել, որ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի A հավելվածի I մասի աղյուսակում սնդիկի հավելիչով քննարկվող արտադրանքներից մեկը նկարագրում է հետեւյալ կերպ՝ «Կոմպակտ ցերեկային լուսային լամպեր (CFL-ներ) ընդհանուր լուսավորության համար, որոնք < 30 վատտ են, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ն` լամպի մեկ այրիչի հաշվով»:

Այսպես՝ Նախագծում Հայաստանի Հանրապետությունում սնդիկի հավելիչով արտադրանքի արգելվող արտադրություն է համարվում ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ փոքր չափի լյումինեսցենտային լամպերը, որտեղ սնդիկի պարունակությունը 5 մգ-ից բարձր է լամպի անոթում: Մինչդեռ  «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ լամպերում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությունը չափվում է լամպի մեկ այրիչի հաշվով: 

Բացի այդ, Նախագծում Հայաստանի Հանրապետությունում սնդիկի հավելիչով արտադրանքի արգելվող արտադրություն է համարվում մինչեւ 40 վատտ հզորությամբ հալոֆոսֆատային լյումինոֆորով եւ լամպում 10 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ խողովակաձեւ լյումինեսցենտային լամպերը ընդհանուր լուսավորության համար: Մինչդեռ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում սնդիկի հավելիչով քննարկվող արտադրանքը նկարագրվում է հետեւյալ կերպ՝ «Գծային ցերեկային լույսեր (LFL-ներ) ընդհանուր լուսավորության համար.(a) Եռաժապավեն ֆոսֆոր < 60 վատտ, որում սնդիկի պարունակությունը 5 մգ է` մեկ լամպի հաշվով.

(b) Հալոֆոսֆատային ֆոսֆոր < 40 վատտ, որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 10 մգ-ը` մեկ լամպի հաշվով»:

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում հալոֆոսֆատային ֆոսֆորի համար նշված չափանիշը ոչ միայն մինչեւ 40 վատտ է, այլ նաեւ 40 վատտ:

Հաշվի առնելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակից մեջբերված հատվածը՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթներին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

14. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված աղյուսակում ներառված տվյալները շարադրել կետերի տեսքով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Սույն առաջարկը հիմնավորվում է այն հանգամանքով, որ իրավական ակտի հոդվածը չունի աղյուսակ կառուցվածքային մասը:

15. Առաջարկում ենք 11-րդ հոդվածի 1-ին մասի համարակալված մեկ կետի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող հոդվածի մասը բաղկացած է մեկ կետից, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:

16. Նախագծի 12-րդ հոդվածի վերնագրում «Եզրափակիչ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «մաս» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում կիրառվող հասկացությունը:

17. Նախագծի 12-րդ հոդվածը ներառված է Նախագծի Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ պարտականությունները վերտառությամբ  4-րդ գլխում: Հարկ է նկատել, որ Նախագծի 12-րդ հոդվածում շարադրված է եզրափակիչ մասը եւ անցումային դրույթները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնը՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:», ինչպես նաեւ 13-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը եւ անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձեւով` սույն օրենքով սահմանված կարգով:», առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածը նախատեսել առանձին գլխի տեսքով: 

Միաժամանակ, Նախագծի 4-րդ գլխի եւ 11-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտի գլխում պետք է ներառվի մեկից ավելի համասեռ հոդված:

18. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի վերնագրի հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

19. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետում «տարածքներում» բառից հետո լրացվում է «կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի արդյունահանումը» բառերով: «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը միմյանց ապահովելու նպատակով առաջարկում ենք «արդյունահանումը» բառից առաջ լրացնել «ուսումնասիրությունը եւ» բառերով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում նշված հասկացությունները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետում կատարվող լրացմանը: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 5-րդ, 6-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

14.10.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

14.10.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) առաջարկվում է`

- կարգավորել ՀՀ-ում սնդիկի, սնդիկի միացությունների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից,

- սահմանել, որ օրենքի գործողությունը չի տարածվի սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների վրա, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ, սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են այնպիսի ապրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքաքարերը կամ հանքանյութերը, այդ թվում` ածուխը, կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը եւ ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում,

- Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում նախատեսել սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրության եւ արդյունահանման արգելք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո, 

- սահմանել տվյալ ոլորտում կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները եւ այլն:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

28.09.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ստանձնած պարտավորություններով: Վերջինիս նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մի շարք լրացումներ կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում (26-րդ, 40-րդ եւ 51-րդ հոդվածներում), համաձայն որոնց Հայաստանի Հանրապետությունում կարգելվի սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո: 

Ըստ ներկայացվող Նախագծերի փաթեթի, կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից:

Համաձայն «Սնդիկի մասին» Օրենքի Նախագծի՝ վերջինիս գործողությունը չի տարածվի սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների վրա, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ՝ սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են ոչ սնդիկային մետաղներում, հանքաքարերում կամ հանքանյութերում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական բազա, ինչն անշուշտ, կնպաստի վերջինիս ապօրինի շրջանառության կանխարգելմանը, էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության եւ սնդիկի ու սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանմանը եւ ի վերջո՝ կունենա սոցիալական դրական ազդեցություն:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235)

27.09.2021