ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-050-23.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0501 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0502 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0503 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-050-23.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0501 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0502 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0503 -23.09.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին, ինչպես նաեւ տվյալ նախագծի 1-ին հոդվածում «Պետական տուրքի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակմանը:

2.  Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները՝ «Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման ենթակա քանակությունը, համարվում է օգտագործողի սեփականությունը եւ կարող է օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:

Օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարվում են ձեռք բերողի սեփականությունը»:

Նշված դրույթներից բխում է, որ կենդանական աշխարհն այսուհետ պետության բացառիկ սեփականությունը չէ, եւ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից օգտագործման ենթակա քանակությունը եւ օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող կենդանիները կարող են անձանց պատկանել սեփականության իրավունքով: Նախագծով նախատեսված կարգավորումներով եւ համապատասխան ընթացակարգերի բացակայության պարագայում վայրի կենդանիների սահմանումը սեփականության իրավունքի օբյեկտների շարքում դժվար է համադրել սեփականության իրավունքի առանձնահատկությունների տեսանկյունից: Մասնավորապես Նախագծով նախատեսված կարգավորումներով վայրի կենդանիները նախատեսվում են որպես սեփականության առանձնահատուկ նշանակության օբյեկտ, որի, ըստ նպատակի օգտագործման նկատմամբ սահմանված է վերահսկողություն, մինչդեռ որեւէ կարգավորում սեփականության իրավունքի համապատասխան առանձնահատուկ օբյեկտի օգտագործման, գործունեության դադարեցման, վերահսկողության շրջանակի եւ սահմանների վերաբերյալ բացակայում է, ինչի արդյունքում «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ սեփականության իրավունքով անձին պատկանող վայրի կենդանիների նկատմամբ վերահսկողության վրա, ինչը համադրելի չէ սեփականության իրավունքի բովանդակության հետ: Այսպես՝

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: 

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի: 

Սահմանադրական դատարանն իր՝  2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշմամբ, անդրադառնալով սեփականության իրավունքի թույլատրելի սահմանափակումերին,  նշել է՝, որ առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը։ Այն կարող է, նախ` իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն։ Երկրորդ` «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից էապես տարբեր այլ ինստիտուտ է եւ պետք է իրականացվի Սահմանադրությամբ սահմանված հիմքերով։

Սեփականության իրավունքի թույլատրելի սահմանափակման նշված երկու դեպքերի համար բնորոշ ընդհանրական տարրն այն է, որ երկու դեպքում էլ սեփականատիրոջ հայեցողությունը, կամքն այլեւս առաջնային եւ վճռորոշ չեն, քանի որ այս դեպքրում առաջնայնություն են ստանում տվյալ իրավիճակում պաշտպանության նախապատվություն ունեցող այլ շահեր:

Նախագծով նախատեսված կարգավորումներով սեփականատերը պարտավոր է հաշվառել եւ սահմանված ժամկետում եւ կարգով հաշվառման տվյալները ներկայացնել լիազոր մարմնին, իսկ նշված հաշվառումը չներկայացնելու դեպքում ենթարկվել վարչական պատասխանատվության: Սեփականության իրավունքի բովանդակությունն է կազմում անձի կողմից իր սեփականությունը տիրապետելու, տնօրինելու եւ օգտոգրծելու իրավազորությունները՝ որպես դրանց իրացման նախապայման սահմանելով սեփականատիրոջ հայեցողությունը: Սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող օգտագործման իրավազորությունն իրենից ներկայացնում է սեփականության իրավունքի օբյեկտի օգտագործում սեփականատիրոջ հայեցողությամբ եւ ազատորեն: Նախագծով նախատեսված կարգավորումներով անձը զրկվում է իր հայեցողությամբ եւ կամաարտայատոիթյամբ օգտագործել իր գույքը, իսկ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտությունը, ենթադրում է արդարացի հավասարակշռություն հասարակության շահերի եւ մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտության միջեւ: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ–1073 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը պայմանավորում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու առաջնահերթ անհրաժեշտությամբ։ Դրանք են` շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքները եւ օրինական շահերը։ Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ եւ այլոց իրավունքների ու հանրային շահերի միջեւ ողջամիտ հավասարակշռություն` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը ճանաչելով երաշխավորված, սակայն ոչ բացարձակ։Նշված դրույթներից բխում է, որ սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը,որը կարող է հաշվի չառնվել հանրային արժեքներ պահպանելու առաջնահերթ անհրաժեշտությամբ: Մինչդեռ Նախագծերի փաթեթով նախատեսված ոչ ամբողջական կարգավորումները, սեփականության  իրավունքով պատկանող զենքի նկատմամբ վերահսկողության թույլատրելի սահմանների եւ ընթացակարգի բացակայությունը թույլ չեն տալիս ամբողջությամբ հասկանալ համապատասխան միջամտության սահմանները:

Սեփականության իրավունքի բովանդակության տեսանկյունից հասկանալի չէ նաեւ անձին սեփականության իրավունքով պատկանող վայրի կենդանու նկատմամբ բնապահպանական վերահսկողություն իրակնացնելու ընթացակարգը եւ հետեւանքները:

Մասնավորապես Նախագծի 19-րդ հոդվածով բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին է վերապահված կենդանական աշխարհի մասին օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը: «Բնապահպանական վերահսկողոության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության եւ 22-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ բնապահպանական օրենսդրությամբ սահմանված նորմերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության համար սահմանված պահանջների կատարման, Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի, ինչպես նաեւ բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանման, կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական, արդյունագործական եւ սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման ուղություններով: Նույն օրենքի  29-րդ հոդվածի համաձայն՝ «Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների գործողությունները դադարեցվում, կասեցվում եւ արգելվում են օրենքներով սահմանված դեպքում ու կարգով եւ սույն հոդվածով սահմանված ընթացակարգով», իսկ 29.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում ստուգվող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ՝ ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում բնապահպանական պետական տեսուչը կարող է կասեցնել, ընդհուպ մինչեւ դադարեցնել իրավախախտում կատարած անձանց գործունեությունը: Այսինքն՝ բնապահպանական վերահսկողության արդյունքում տեսչական մարմինը, անձին սեփականության իրավունքից դատական կարգով զրկելու սահմանադրաիրավական պահանջը շրջանցելով, կարող է վայրի կենդանու սեփականատիրոջը զրկել  սեփականության իրավունքից:

Օրենսդրությամբ սահմանված դրույթները Նախագծով նախատեսված կարգավորումների հետ համադրելու արդյունքում հասկանալի  չէ ձեռք բերողի կամ օգտոգործողի սեփականությունը համարվող վայրի կենդանիների նկատմամբ նախատեսված սահմանափակումների իրավաչափությունը, ընթացակարգը, կանոնակարգված չէ վայրի կենդանիների, որպես սեփականության իրավունքի առանձին օբյեկտների, օգտագործման հետ կապված առանձնահատկությունները,  հասկանալի չէ վայրի կենդանու նկատմամբ սեփականության իրավունքը սեփականատիրոջ կողմից իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքն իրականացնելու սահմանները, անձին սեփականությունից զրկելու ընթացակարգը: 

3.  Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր պարբերություններում նպատակների առնչությամբ կիրառված են «կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում» կամ «կենդանական աշխարհի օգտագործում» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք բացառել միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր եզրույթների կիրառումը: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի մի շարք այլ հոդվածներում միեւնույն միտքն արտահայտերիս տարբեր եզրույթների (օրինակ՝ «վայրի կենդանի», «վայրի տեսակ») կիրառման բացառմանը:

4.  Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող պարբերության՝ «արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում» հասկացությունը սահմանված է այսկերպ՝ «կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ շահույթ հետապնդելու նպատակով.»:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով»:

Վերը մեջբերված դրույթի  համատեքստում հարկ ենք համարում արձանագրել, որ Օրենքի 2-րդ հոդվածում ներկայացված հարաբերությունները կարող են կարգավորվել բացառապես օրենսդրական ակտերով, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «օրենսդրական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ եւ օրենքներ.»: Ուստի առաջարկում ենք ապահովել վերը նշված նորմերի միջեւ հակասությունների բացակայությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 17-րդ հոդվածով (տվյալ հոդվածում «27.1-րդ գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «27.1-ին» գրելաձեւով) Օրենքի 27.1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասին:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող պարբերության՝ «արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում» հասկացությունը բացահայտելիս կիրառված «շահույթ հետապնդելու նպատակով» ձեւակերպումը վերանայել, կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հանրածանոթ հասկացությունը՝ օրենքի հստակությունը եւ որոշակիությունն ապահովելու, ինչպես նաեւ տարընթերցումից խուսափելու նպատակներով:

5.  Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող պարբերության՝ «բնապահպանական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում» հասկացությունը սահմանված է այսկերպ՝ «պահպանության, թվաքանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) եւ այլ միջոցառումների (էկոհամակարգերի վերականգնման) իրականացման միջոցով վտանգված, հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների օգտագործում՝ դրանց վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու նպատակով,»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Նախագծի մեջբերված դրույթի բովանդակությունից անհայտ է՝ ինչի պահպանության, թվաքանակի ավելացման (…) միջոցով է հազվագյուտ կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների օգտագործումը կամ այլ գործողությունները կատարվում: Օրենքի որոշակիության եւ կանխատեսելիության պահանջների պահպանումն ապահովելու նպատակով առաջարկում ենք քննարկվող դրույթը ձեւակերպել բավարար հստակությամբ:

Միաժամանակ արձանագրենք, որ Սահմանադրության որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց են նաեւ Նախագծի մի շարք այլ հոդվածներով Օրենքում լրացվող կամ փոփոխվող նորմերը:

Օրինակ՝ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «իրավաբանական անձինք» բառերից առաջ լրացնել «համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող» բառերով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

Քննարկվող լրացմամբ նախատեսված «համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող» ձեւակերպումը լայն է եւ անորոշ, մասնավորապես՝ տվյալ հասկացության՝ օրենքի շրջանակներում բացահայտված չլինելու արդյունքում անհասկանալի է՝ որ իրավաբանական անձինք են, որոնք իրավասու են իրականացնել կենդանական աշխարհի ուսումնասիրություն, ինչ է ենթադրում «մասնագիտական կարողություններ» ունենալու տարրը, որը տվյալ իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց ընդհանուր շրջանակից տարանջատելու հիմք է: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք ապահովել նորմի բավարար հստակությամբ ձեւակերպումն ու համապատասխանությունը որոշակիության սկզբունքի պահանջներին: Տվյալ դիտարկման տրամաբանության համատեքստում խնդրահարույց է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող «,հաշվի առնելով գիտական եւ մասնագիտական կազմակերպությունների եզրակացությունները»   ձեւակերպումը:

Օրինակ՝ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի բովանդակությունից անհայտ է՝ որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք են պարտավոր Կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի մինչեւ փետրվարի 1-ը լիազորված մարմնին տրամադրել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ նախորդ տարվա տեղեկատվությունը: Քննարկվող անորոշության արդյունքում համապատասխան շահագրգիռ սուբյեկտները զրկված են իրենց վարքագիծը տվյալ նորմով սահմանված պահանջի հետ համադրելու հնարավորությունից:

6.  Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող պարբերության համաձայն՝ «սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ կենդանական աշխարհի կադաստրի տվյալների հիման վրա, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում՝ սպորտային եւ սիրողական ձկնորսության, սպորտային, սիրողական եւ հաղթանշանային որսի, անձնական կարիքների համար՝ առանց շահույթ հետապնդելու.»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությունից բխում է, որ «եւ» շաղկապի կիրառումը ենթադրում է նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայության պարտադիրություն: Ուստի առաջարկում ենք վերանայել «եւ» շաղկապի կիրառումը  «սպորտային եւ սիրողական», «սպորտային, սիրողական եւ հաղթանշանային որսի» ձեւակերպումների առնչությամբ:

Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից նաեւ բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթի մի շարք հոդվածներում գործածված «եւ (կամ)»  գրելաձեւը:

7.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող «զ2» եւ «զ3» կետերի համաձայն՝ «զ2) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանում.

զ3) վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրում.»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»: Տվյալ դրույթի հաշվառմամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող «զ2» եւ «զ3» կետերը համախմբել 1 կետում:

8.  Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «օրգանիզմների» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի ցանկով հաստատված ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակների» բառերով: Սակայն հարկ է նկատել, որ տվյալ ցանկը ոչ թե լիազոր մարմնինն է, այլ լիազոր մարմինը հաստատում է համապատասխան ցանկը: Ուստի առաջարկում ենք վերանայել քննարկվող հատվածը՝ ապահովելով մտքի կապակցվածությունը:

9. Նախագծի 13-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի տեսակների, դրանց մասերի եւ ածանցյալների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը եւ/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Տվյալ պարագայում «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի անվանման առաջին իսկ կիրառումից հետո առաջարկում ենք նախատեսել համապատասխան կրճատ տարբերակ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի հաշվառմամբ:

10. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել նոր մաս, այն է՝ «Արգելվում է սույն հոդվածի առաջին մասի կետերով սահմանված օգտագործման նպատակներից բացի այլ նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը (վայրի բնությունից վերցնելը)»: Ընդգծենք, որ Օրենքի 23-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակների շարքում նշում կատարված չէ «առողջապահական» նպատակով օգտագործման վերաբերյալ, ինչի առնչությամբ մի շարք կարգավորումներ են սահմանված Նախագծում: Տվյալ նորմերի միջեւ հակասությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 23-րդ հոդվածում օգտագործման տեսակները թվարկելիս նշում կատարել նաեւ առողջապահական նպատակի մասին:

11. Նախագծի 18-րդ հոդվածով Օրենքի 27.2-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասի համաձայն՝ «Վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի կողմից հաստատած պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) կարող են ձեռք բերել լիազոր մարմնի կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, կամ այդպիսի թուլտվություն ստացած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագիր ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք»: Տվյալ կարգավորման պարագայում անհասկանալի է՝ արդյոք լիազոր մարմնի կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագիր ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվություն պետք է ստանան, թե՝ ոչ: Նշվածով պայմանավորված առաջարկում ենք քննարկվող հատվածը ձեւակերպել բավարար հստակությամբ անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ ձեռք բերելու կարգավորումը հստակեցնելու եւ առանց լիազոր մարմնի թույլտվության համապատասխան գործընթացն իրականացնելու ռիսկի բացառման նպատակներով: Բացի այդ, հասկանալի չէ՝ ինչ տեսակի պայմանագրի մասին է խոսքը: Ուստի պայմանագրի վերաբերյալ կարգավորումը եւս հստակեցման կարիք ունի, մասնավորապես՝ բնույթը որոշակիացնելու տեսանկյունից:

12. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Հարկ է նկատել, որ Նախագծի անցումային դրույթներում Նախագծի մի շարք հոդվածներով նախատեսված (օրինակ՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող «գ2» կետ) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում ենթադրող դրույթների առնչությամբ ակտերի ընդունման նախատեսվող ժամկետ սահմանված չէ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք անցումային դրույթներում սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետներ:

13. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացնել 87.2-րդ հոդված, որի համաձայն՝ 

«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվություն չտրամադրելը

Սահմանված ժամկետներում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Հարկ է նկատել, որ մեջբերված իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության երկընտրելի տարբերակների՝ «նախազգուշացման» եւ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով «տուգանքի» միջեւ առկա տարբերությունը պատասխանատվության միջոցի խստության տեսանկյունից բավականաչափ լայն է: Հարց է ծագում՝ միեւնույն արարքի կատարման պարագայում ինչ սկզբունքի հաշվառմամբ է մեկ դեպքում կիրառվելու նախազգուշացում, իսկ մեկ այլ դեպքում՝ տուգանք: Ուստի առաջարկում ենք վերանայել վերը քննարկվող հոդվածում սահմանված պատասխանատվության միջոցների երկընտրելի տարբերակների միջեւ կտրուկ տարբերության սահմանումը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 87.3-րդ, 88.1-ին հոդվածներով նախատեսված պատասխանատվության երկընտրելի միջոցներին:

14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 88.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սամանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական, սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործման համար: Մասնավորապես Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա, հողառաջացում), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք եւ մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումն՝ առաջացնում է տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով: Նշված դրույթի բովանդակությունից հասկանալի չէ վարչական պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերում երբ անձն ունի կենդանական աշխարհն օգտագործելու պայմանագիր, որեւէ կոնկրետ նպատակով սակայն այն օգտագործում է պայմանագրով չսահմանված այլ նպատակով, թե՞ կենդանական աշխարհն օգտագործում է օրենքով սահմանված թույլատրելի նպատակներից դուրս այլ նպատակով ինչն իրենից ներկայացնում է առանց օգտագործման պայմանագրի գործունեության իրականացում, քանզի նշված նպատակներից դուրս որեւէ այլ նպատակով օգտագործման պայմանագիր չի կնքվում (բխում է Նախագծի  18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից):  Հարկ է նկատել, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտներն առանց օգտագործման պայմանագրի օգտագործելու համար պատասխանատվություն նախատեսված է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում ստուգվող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ՝ ստուգվող սուբյեկտն առանց կենդանական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական աշխարհի օբյեկտ: Նշված դրույթները հաշվի առնելով առաջարկում ենք պատասխանատվություն սահմանող դրույթները նախատեսել հստակ եւ որոշակի՝ ապահովելով զանցանքի եւ վարչաիրավական ներգործության միջոցների (տույժի) համաչափությունը:

15.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացնել 88.1-ին հոդված, որի համաձայն՝ 

«Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը եւ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը

Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ եւ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով: (…)»:

Մեջբերված նորմում, իբրեւ իրավախախտման սուբյեկտ դիտարկված է իրավաբանական անձը, մինչդեռ տվյալ իրավակակգավորմամբ վարչական պատասխանատվությունը սահմանված է միայն քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ: Արդյունքում ստացվում է, որ իրավախախտման սուբյեկտի՝ իրավաբանական անձի համար պատասխանատվության միջոց նախատեսված չէ: Միաժամանակ անհայտ է՝ ինչու է պատասխանատվություն նախատեսված պաշտոնատար անձի համար, ով է տվյալ պաշտոնատար անձը: Այսինքն՝ տվյալ հոդվածում իրավախախտման սուբյեկտի եւ սուբյեկտով պայմանավորված վարչական պատասխանատվության միջոցի սահմանմանման առնչությամբ կարգավորուները որոշակի չեն: Հետեւաբար առաջարկում ենք օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության ապահովման պահանջների հաշվառմամբ՝ վերը քննարկված հարցերի վերաբերյալ կարգավորումները հստակեցնել՝ բացառելով իրավական շփոթի ռիսկը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 88.2-րդ, 88.3-րդ, 90.1-ին հոդվածներին:

16. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակմանը:

17.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»:

Օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը, (…)»:

Մեջբերված դրույթների հաշվառմամբ առաջարկում ենք վերանայել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ուժի մեջ մտնելու ժամկետը՝ համապատասխանեցնելով Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանությանը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Սահմանադրության 60-րդ եւ 79-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Կենդանական աշխարհի մասին» օրենքի, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

13.10.2021թ.
 
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

13.10.2021թ.
 
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Սույն Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են ֆիզիկական եւ իրավանբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու եւ օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման, կենդանիների հաշվառման, տեղեկատվության ամենամյա թարմացման եւ այդ գործընթացներն առավել կանոնակարգված եւ վերահսկելի դարձնելու, կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող հոդվածները (վարչարարության նվազեցման նպատակով) պարզեցնելու եւ կանոնակարգելու, սոցիալական նպատակներով օգտագործման համար բացառություն սահմանելու, ինչպես նաեւ Նախագծում օգտագործված մի շարք նոր հասկացություններ Օրենքում ներառելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված՝ հարակից օրենքներում համապատասխան ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտությամբ: 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները պայմանավորված է վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու, ինչպես նաեւ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար պետական տուրքի դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությամբ: 

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248) 

05.10.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը եւ համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը տվյալ ոլորտում՝ ըստ հեղինակի, պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Մասնավորապես, ներկա իրավիճակում վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: 

Ելնելով այս հանգամանքից, ՀՀ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու եւ օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման եւ վարչարարության նվազեցման պահանջով: 

Նախագծերի փաթեթով նախատեսվել են մի շարք դրույթներ: Մասնավորապես, 

-  արգելվում է ՀՀ-ում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում,

-  կենսաթոշակային տարիքի մարդկանց համար՝ որպես արտոնություն, սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձվի, ինչը, միանշանակ, կդյուրացնի սոցիալական այս խմբի որոշ սոցիալական ու զբաղվածության հարցերը: 

2.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես.

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է վերախմբագրել Օրենքի 25-րդ, 26-րդ եւ 27-րդ հոդվածները: Մասնավորապես, 26-րդ եւ 27-րդ հոդվածներում «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական եւ կրթական նպատակներով անվճար է:»: Մինչդեռ՝ «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով վճարովի է:»:

Առաջարկում ենք վերախմբագրել եւ առավել հստակեցնել 26-րդ եւ 27-րդ հոդվածները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «գիտահետազոտական» եւ «առողջապահական» նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման եղանակները հակասում են միմյանց: Խնդիրը կայանում է նրանում, որ «գիտահետազոտական» եզրույթն իր մեջ ներառում է նաեւ «առողջապահական» նպատակներով կենդանական աշխարհի օգտագործում: 

Կարծում ենք, ներկայիս համավարակի պայմաններում առավել քան իրատեսական կլիներ առողջապահական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը դարձնել անվճար:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը, իսկ մի շարք դրույթներ դրական ազդեցություն կունենան սոցիալական ոլորտում:

Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

4.10.2021թ.