ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-052-28.09.2021-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-052-28.09.2021-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.10.2021թ.






Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.     Առաջարկում ենք հանել Նախագծի վերնագրից երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: 

Նույն դրույթով առաջնորդվելով՝  առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման մեջ հիշատակված  «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հաշվեքննիչ պալատի գործունեության սկզբունքների շրջանակում լրացվում են նոր՝ օրինականության, գաղտնիության, ազնվության եւ բանիմացության սկզբունքները, մինչդեռ նշված սկզբունքների բովանդակությունը բացակայում է. մասնավորապես նշված սկզբունքների բովանդակության բացակայության պարագայում հասկանալի չէ, հաշվեքննիչ պալատի գործունեության գաղտնիության եւ թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքների միաժամանակյա առկայությունը: Հետեւաբար,  առաջարկում ենք Օրենքի 2-րդ գլխում ներառված սկզբունքների բովանդակության տեսքով բացահայտել նաեւ հաշվեքննիչ պալատի գործունեության նոր սկզբունքների բովանդակությունը:

3.  Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսվում է Օրենքի հոդվածների կամ առանձին մասերի գործողության դադարեցում: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կամ նրա մասի գործողությունը դադարեցվում է երեք դեպքում՝ այն ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ ճանաչելով, հետեւաբար անհրաժեշտ է Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածներում համապատասխան հոդվածները կամ մասերն ուժը կորցրած ճանաչել:

4.  Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «1.1» գրելաձեւը փոխարինել «1.1-ին» գրելաձեւով:

5.  Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, ինչպես նաեւ  սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ եզրակացությունները համապատասխանաբար այդ ժամանակահատվածների ավարտման օրվանից հետո՝ չորս ամսվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով»: Նշված ձեւակերպումից հետեւում է, որ տարբերակվում է պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ երկու տեսակի եզրակացություն՝ ընթացիկ եզրակացություն, եւ պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ եզրակացություն՝ հղում կատարելով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: 

Նախ նշենք, որ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը վերաբերում է պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության բաղկացուցիչ մասերին, մասնավորապես՝ հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաեւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությանը, հետեւաբար Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին արված հղումը չի վերաբերում պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ եզրակացություններին:

Բացի այդ Սահմանադրության 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով է ներկայացնում՝

1) տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.

3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ»:

Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Հաշվեքննիչ պալատը՝ 1) Ազգային ժողով է ներկայացնում՝

ա. տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ,

բ. եզրակացություն պետական բյուջեի կատարման վերաբերյալ,

գ. սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ընթացիկ եզրակացություններ.»: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները»:

Նշված հոդվածների բովանդակությունից հստակ բխում են Հաշվեքննիչ պալատի հիմնական գործառույթները, որոնց շրջանակում ընթացիկ եզրակացությունից բացի պետական բյուջեի երեք, վեց եւ ինն ամիսների կատարման վերաբերյալ որեւէ այլ  եզրակացությանը վերաբերող կարգավորումները բացակայում են: 

6.  Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «հաշվեքննողների» բառով, ինչի արդյունքում Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողների` հաշվեքննությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի ղեկավար եւ այլ պաշտոնատար անձանց համար »: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նշյալ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ «Հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ, պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք եւս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին»: Հարկ է նկատել՝ Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունն ուղղված չէ հիմնավորմամբ մատնանշված խնդրի լուծմանը, ելնելով այն հանգամանքից, որ հիմնավորմամբ սահմանված քաղաքացիական աշխատանք կատարողները քաղաքացիական ծառայողներ, հետեւաբար նաեւ հաշվեքննողներ չեն: Այսպես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով»:

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ «հաշվեքննողը հաշվեքննություն, ստուգում իրականացնող հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայող է»: Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատի հաշվեքննողները եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողներն առնվազն երեք տարին մեկ անցնում են վերապատրաստում` հաշվեքննիչ պալատում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրով սահմանված կարգով»: Նշված հոդվածների բովանդակությունից բխում է, որ հաշվեքննողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ հաշվեքննիչ պալատը բաղկացած է ոչ միայն հաշվեքննողներից, այլեւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողներից, իսկ քաղաքացիական աշխատանք իրականացնող անձինք հաշվեքննողներ կամ քաղաքացիական ծառայողներ չեն: Հետեւաբար Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում նեղացվում է անձանց շրջանակը, որի օրինական պահանջները հաշվեքննության օբյեկտի ղեկավարի եւ այլ պաշտոնատար անձանց համար կարող են պարտադիր լինել: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

19.10.2021թ.
 






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

19.10.2021թ.
 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություներ եւ լրացումներ կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, որոնք, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված են Օրենքն ուժի մեջ մտնելուց եւ կիրարկվելուց հետո ի հայտ եկած որոշ նորմերի հստակեցման եւ շտկումների կատարման անհրաժեշտությամբ: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կրում են ինչպես խմբագրական եւ կառուցվածքային բնույթ, այնպես էլ կարգավորումներ են առաջարկում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերի եւ բովանդակության վերաբերյալ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-248)

12.10.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագիծը նպատակ ունի կարգավորելու «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց եւ կիրարկվելուց հետո ի հայտ եկած որոշ նորմեր: 

Նախագծով ներկայացվող լրացումներն ու փոփոխությունները կրում են խմբագրական եւ կառուցվածքային բնույթ, կարգավորումներ են առաջարկում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերի եւ բովանդակության վերաբերյալ:

Ըստ Օրենքի, հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, փոխառությունների, վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության ու արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական ու անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է, ինչը Ազգային ժողովին եւ հանրությանը տրամադրվում է հաշվեքննության արդյունքում կազմված եւ հաստատված ընթացիկ եզրակացությունների միջոցով: 

Այս կապակցությամբ, հեղինակն  առաջարկում է Նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ «հաշվեքննության արձանագրություն» տերմինները:

Նախագծի 2-4-րդ, 6-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են կամ իրականացվում են անհարկի կրկնություններից խուսափելու համար: 

Նախագծով առաջարկվում է վերացնել Հաշվեքննիչ պալատի կողմից  յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում Ազգային ժողով ներկայացվող տվյալ եռամսյակի ընթացքում ըստ ամիսների բաշխված ընթացիկ եզրակացությունները: Ըստ հեղինակի, տվյալ դրույթը կիրառական նշանակություն չունի, քանի որ ընթացիկ եզրակացությունները քննարկող Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը պալատի կողմից ներկայացված ընթացիկ եզրակացությունները օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում է՝ դրանք փաստացի ստանալուն պես:

2.  Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

05.10.2021