ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-053-28.09.2021-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի եւ Հռիփսիմե Հունայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-053-28.09.2021-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.10.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը (…)»՝ «հոգեմետ» եզրույթից հետո նշելով «(հոգեներգործուն)» բառը եւ կետադրական նշանը:

2.  Նախագծի 1-ին հոդվածում «բառերով» բառից առաջ առաջարկում ենք նշել «կետադրական նշանով եւ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

3.  Օրենքի 32.2-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:
 
 

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, ոստիկանության կողմից թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գիտությունների ազգային ակադեմիայի» կետադրական նշանը եւ բառերը, ինչի արդյունքում Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ ձեւակերպմամբ կարգավորում՝ «2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայությամբ գործող կազմակերպությունների, ոստիկանության կողմից թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման վերաբերյալ նշենք հետեւյալը.

3.1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` Ակադեմիա)» հասկացությունը՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն:

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ակադեմիայի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման տեքստում նշել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ամբողջական անվանումը:

3.2. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանվում է «Ակադեմիայի գիտական եւ գիտատեխնոլոգիական կազմակերպություն» հասկացությունը` Ակադեմիայի համակարգում գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններ իրականացնող կազմակերպություն:

«Հայաստանի Հանրաապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի՝ Ակադեմիայի համակարգին վերաբերող 11-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի ակադեմիկոսներին (իսկական անդամներին), թղթակից անդամներին, Ակադեմիայի պատվավոր եւ արտասահմանյան անդամներին, ինչպես նաեւ Ակադեմիայի բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը եւ Ակադեմիայի` Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնադրած կազմակերպությունները:

2. Ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հիմք ընդունելով եզրակացության 3-րդ կետի սույն ենթակետում մեջբերված դրույթները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն՝ առաջարկում ենք «գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայությամբ գործող կազմակերպություններ» ձեւակերպումը խմբագրել՝ դրանում չկիրառելով «ենթակայությամբ գործող» եզրույթը՝ քննարկվող դրույթը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին եւ հասկացություններին համապատասխանեցնելու նպատակով:

3.3. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծով կատարվող լրացման անհրաժեշտության վերաբերյալ նշվում է հետեւյալը.

«(...)Նշված հոդվածի 2-րդ մասը պետական կառավարման մարմինների (արդարադատության, առողջապահության եւ ոստիկանության համակարգի) ենթակայությամբ գործող կազմակերպություններին կամ ստորաբաժանումներին իրավասություն է տալիս իրենց կողմից իրականացնել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության: Սակայն հոդվածի նման շարադրմամբ վերը նշված կազմակերությունների շարքից դուրս է մնում համանման գործունեություն ծավալող, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1127-Ն որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Այս համատեքստում ակնհայտ է, որ նման կարգավորումը նպաստում է համանման գործունեություն ծավալող փորձագիտական պետական կազմակերպությունների նկատմամբ ոչ միատեսակ՝ խտրական մոտեցման ձեւավորմանը, էապես խաթարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքը, ինչպես նաեւ բացառում է հավասար մրցակցային պայմանների ընձեռումը համանման գործեություն ծավալող պետական կազմակերպությունների շրջանակում:

(...)

4. Կարգավորման առարկան եւ բնույթը.

Անհրաժեշտություն է առաջացել «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 2021 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ մտնող 31.2-րդ հոդվածը խմբագրել եւ լրացնել, որի արդյունքում իրավահավասար եւ ոչ խտրական հնարավորություն կտրվի պետական կառավարման համակարգի ենթակայության ներքո փորձագիտական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձագիտական գործունեություն իրականացնելիս: 

(...)

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավահավասար պայմաններ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության ընթացակարգերով նախատեսված՝ պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրերի հիման վրա պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող դատական փորձաքննություններ իրականացնող՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական կազմակերպության համար:»:

Այսպիսով՝ Նախագծով կատարվող լրացման նպատակն է փորձագիտական գործունեության ոլորտում ստեղծել իրավահավասար պայմաններ ՝ «պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող» դատական փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների համար՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպության: Նախագծին կից հիմնավորմամբ քննարկվում է նաեւ համանման գործունեություն ծավալող փորձագիտական պետական կազմակերպությունների նկատմամբ ոչ միատեսակ՝ խտրական մոտեցման հարցը:

Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

 «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են Սահմանադրությամբ (28-րդ եւ 29-րդ հոդվածներ), ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Այդ իրավադրույթներից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն՝ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…)Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Նախագծով կատարվող լրացման նպատակն է Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կազմակերպությունների հետ համադրելի կարգավիճակ ունեցող պետական կազմակերպությունների համար՝ փորձագիտական գործունեության ոլորտում հավասար հնարավորությունների ապահովումը: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համադրելի կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություններ են դիտարկվում դատական փորձաքննություններ իրականացնող պետական կազմակերպությունները՝ «պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող դատական փորձաքննություններ իրականացնող»: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում կատարվող լրացումը չի ապահովում դրան կից հիմնավորմամբ ներկայացվող նպատակի իրագործումը, այն է՝ ստեղծել իրավահավասար պայմաններ համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, քանի որ կարգավորման տեքստում նշվում է միայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական գործունեություն իրականացնող մարմնի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման արդյունքում նախատեսվող կարգավորումը՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված պետական կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր կարգավորում նախատեսելու նպատակով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 32.2-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացմամբ միայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական գործունեություն իրականացնող կազմակերպության մասին նշում կատարելը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին»  եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

19.10.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

19.10.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը, ըստ դրա հիմնավորման, պայմանավորված է պետական կառավարման համակարգի ենթակայության ներքո փորձագիտական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը, առանց լիցենզիայի առկայության թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձագիտական գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքը ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ Նախագծի հիմնավորման «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում առաջատար խոշորագույն դատափորձագիտական կառույց եւ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, պետական գնման պայմանագրի շրջանակներում իրականացնում է քրեական հետապնդում եւ արդարադատություն իրականացնող մարմինների կողմից քրեական դատավարության ընթացակարգերով նշանակվող՝ օրենսդրությամբ սահմանված տարբեր տեսակների, այդ թվում՝ նյութագիտական (թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ստանդարտ լուծույթների կիրառմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերմանն ուղղված) բազմաթիվ տարաբնույթ եւ մեծածավալ դատական փորձաքննություններ (տարեկան կտրվածքով նա իրականացնում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերմանն ուղղված շուրջ 1000-ից ավելի դատական փորձաքննություններ, կամ դատական փորձաքննությունների մոտ 60 %-ը):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248) 

11.10.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) Հոդված 31.2-ում կատարել լրացում, որի արդյունքում իրավահավասար եւ ոչ խտրական հնարավորություն կտրվի պետական կառավարման համակարգի ենթակայության ներքո փորձագիտական գործունեություն ծավալող իրավաբանական անձանց թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձագիտական գործունեություն իրականացնելիս, մասնավորապես, նախագծի ընդունմամբ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող փորձագիտական կազմակերպություններին կթույլատրվի զբաղվել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացմամբ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-270)

07.10.2021թ.