ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-054-28.09.2021-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0541 -28.09.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-054-28.09.2021-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0541 -28.09.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին նաեւ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
19.10.2021թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը: 2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 393-րդ հոդվածում լրացնել 10-րդ մաս, որի համաձայն՝ «Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»: Մեջբերված նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում սահմանել տվյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությանը: 3. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչեւ դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը»: Մեջբերված նորմի բովանդակությունից բխում է, որ վերջին օրը եւս ներառված է տվյալ ժամկետում, ուստի «ներառյալ» բառի կիրառումը, կարծում ենք, որ անհարկի է: Միաժամանակ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծում «եւ (կամ)» գրելաձեւի գործածման դեպքերը: 4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված է Օրենսգրքի 396-րդ հոդվածում 2-րդ եւ 3-րդ մասերի «դրոշմապիտակները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված դրոշմապիտակների)» բառերով: Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 422-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի համաձայն՝ «Սույն գլխի իմաստով խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը»: Վերոգրյալ կարգավորումների առնչությամբ նկատենք, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 422-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասում բացահայտված է խոտանված դրոշմանիշներ եւ դրոշմապիտակներ դիտարկելու կանոնը: Մինչդեռ Նախագծի մի շարք հոդվածներով նախատեսված փոփոխություններով (օրինակ՝ 6-րդ հոդվածի 2-րդ կետ, 7-րդ հոդվածի 1-ին կետ) բացառություն է սահմանված միայն դրոշմավորման ընթացքում խոտանված դրոշմապիտակների համար: Նշվածով պայմանավորված՝ կարող ենք արձանագրել, որ անհասկանալի է Նախագծի վերը քննարկվող կարգավորումներում համապատասխան բացառությունը միայն դրոշմապիտակների, այլ՝ ոչ նաեւ դրոշմանիշերի համար սահմանելու օբյեկտիվ հիմքը: 5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր եզրույթների կիրառումը բացառելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 422-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտե» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաեւ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը: 6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 422-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 19.10.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 19.10.2021թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունմամբ պայմանավորված նախատեսվում է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Մասնավորապես, առաջարկվում է՝ 1) դրոշմավորման ոչ ենթակա սահմանել ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները), 2) սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն են կրում նաեւ արտադրող չհանդիսացողների կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, 3) հստակեցնել, որ դրոշմավորման ենթակա չեն մանրածախ առեւտրի ոլորտում ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը), որը կատարվում է օտարման պահին կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ, 4) հստակեցնել հայտի մերժման եւ չեղարկման հիմքերը, էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը, 5) էականորեն վերանայել սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակներում վերադարձվել եւ հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից, 6) սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչեւ սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն, 7) վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքն առաջարկվում է փոխարինել տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ, 8) սահմանել «խոտանված» եւ «օգտագործված» դրոշմապիտակներ հասկացությունները: Միաժամանակ, ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար սահմանված տուգանքի մեծությունները համաչափության սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 06.10.2021թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրառման ընթացքում ի հայտ եկող հարցերի հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ներկայացված Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է. - դրոշմավորման ոչ ենթակա սահմանել ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները), - սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն են կրում նաեւ արտադրող չհանդիսացողների կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, - հստակեցնել, որ դրոշմավորման ենթակա չեն մանրածախ առեւտրի ոլորտում ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը), որը կատարվում է օտարման պահին կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ, - սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչեւ սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն եւ այլն: Առաջարկվող կարգավորումների ընդունմամբ պայմանավորված նախատեսվում է նաեւ համապատասխան փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակներում վերադարձվել եւ հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից: Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար սահմանված տուգանքի մեծությունները համաչափության սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել ու կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270) 06.10.2021
|