ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-056-30.09.2021-ՊԻ-011/0) եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-0561 -30.09.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-056-30.09.2021-ՊԻ-011/0) եւ  «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-0561 -30.09.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

21.10.2021թ.
 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացվում է նոր՝ 307.5-րդ հոդված.

«Հոդված 307.5 Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը

1. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝

պատժվում է՝ ազատազրկմամբ հինգից յոթ տարի ժամկետով:

2. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացվում են հետեւյալ դիտարկումները.

«Նախագծի ընդունման նպատակը.
 
 

Նախագծով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը: Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը երաշխավորված է թե՝ ՀՀ Սահմանադրությամբ, թե՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով: Առհասարակ, քննիչ հանձնաժողովները խորհրդարանական կառավարման համակարգի եւ խորհրդարանական վերահսկողության կարեւորագույն գործիք են: ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:» Սահմանադիրը, նշելով հանրային հետաքրքրություն տերմինը, արդեն իսկ կանխորոշել է, որ դրանք խիստ կարեւոր եւ առանցքային հարցեր պետք է լինեն, ինչով պայմանավորված էլ առաջանում է բացառապես ճշմարտությունը բացահայտելու առաքելությունը, որն էլ, սակայն անհնարին կլինի առանց ճշմարիտ փաստերի եւ դրանց օբյեկտիվ եւ համակողմանի ուսումնասիրության: 

(...)

Միաժամանակ, տարբերակում է դրվել քննիչ հանձնաժողովներին եւ Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու միջեւ, ինչը պայմանավորված է կրկին Սահմանադրության եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի իմպերատիվ եւ տարբերակիչ մոտեցումներով: Մասնավորապես՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերին վերաբերող դեպքերում քննիչ հանձնաժողով չի ստեղծվում, այլ դրա լիազորությունները փոխանցվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին: (...):

Տարբերակման մյուս հիմնավորումը այն հարցերի շրջանակն են, որոնք ենթակա են քննության պաշտպանության եւ անվտանգության իրավասու հանձնաժողովի կողմից՝ դրա քննիչ հանձնաժողովի լիազորություններ ստանձնելու դեպքում: Պայմանավորված այդ հարցերի ոչ միայն հանրային, այլեւ պետության, դրա անվտանգության եւ պաշտպանության տեսանկյունից կարեւորության, նպատակահարմար է սահմանել առավել խիստ սանկցիա այդ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու դեպքերի համար, ինչը կունենա պրեվենտիվ նշանակություն հնարավոր հանցավոր վարքագծի նկատմամբ եւ միաժամանակ կնպաստի արդարության եւ իրականության ամբողջական եւ համակողմանի ուսումնասիրությանն ու բացահայտմանը: (...)»:
 
 

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելուն վերաբերող 307.5-րդ հոդվածը ներառվում է Օրենսգրքի՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» վերտառությամբ 28-րդ գլխում: 

Հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում, 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

Օրենսգրքի 28-րդ գլխում ընդգրկված հանցագործությունների տեսակային օբյեկտ են հանդիսանում սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: 

Պետական անվտանգությունը պետության սահմանադրական կարգի, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանվածության վիճակն է: Պետական անվտանգությունն ունի երկու դրսեւորում` ներքին եւ արտաքին: Ներքին անվտանգությունը ենթադրում է կայնություն պետության ներսում, անօրինական արարքներից պաշտպանվածություն: Արտաքին անվտանգությունը ենթադրում է պետության իշխանություն, տարածքային ամբողջականության պաշտպանվածություն արտաքին ազդեցությունից:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ առանձնացված նշում է կատարվում Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու արարքի հանրային վտանգավորության մասին՝ ընդգծելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Քննարկվող հիմնավորմամբ ընդգծվում է այն հանգամանքը, որ պայմանավորված պաշտպանության եւ անվտանգության իրավասու հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի ոչ միայն հանրային, այլեւ պետության, դրա անվտանգության եւ պաշտպանության տեսանկյունից կարեւորությամբ, նպատակահարմար է սահմանել առավել խիստ սանկցիա այդ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու դեպքերի համար: Սույն դիտարկումների համատեքստում քննարկման առարկա կարող է լինել այլ հարցերով ստեղծված քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու արարքով վտանգի ենթարկվող հասարակական հարաբերությունների բնույթի հարցը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով Օրենքգրքի 28-րդ գլխում ընդգրկված հանցագործությունների շրջանակը, ինչպես նաեւ Օրենսգրքի՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող 6-րդ բաժնում ընդգրկված հանցագործությունների սեռային օբյեկտն՝ առաջրկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենգրքում լրացվող 307.5-րդ հոդվածը Օրենքգրքի 28-րդ գլխում ներառելու հարցը:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 307.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների համար որպես պատիժ նախատեսվում է միայն  որոշակի ժամկետով ազատազրկում պատաժատեսակը (համապատասխանաբար՝ հինգից յոթ տարի եւ ութից տասներկու տարի ժամկետներով): Ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 307.5-րդ հոդվածով նախատեսվող հանցակազմերը չեն պարունակում հանրային վտանգավոր հետեւանքի մասին նշում, այսինքն հանցակազմերը ձեւական են:

Սահմանադրության մեղքի սկզբունքին եւ պատժի համաչափության սկզբունքին վերաբերող 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ տեղեկություն (տվյալ) չտրամադրելուն կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելուն վերաբերող 18910-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ վարչական իրավախախտումը՝.

«Պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը (տվյալը) չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ աղավաղված տեսքով տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Պետական մարմնին (պաշտոնատար անձին) կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»

Միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28-րդ գլխում ներառված 300.2-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ հանցագործությունը՝ «Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը», որի համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Օրենսգրքի 306-րդ հոդվածով նախատեսված պետական գաղտնիք  դիտավորությամբ հրապարակելու հանցագործության համար նախատեսվում է հետեւյալ սանկցիան՝ «պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Միաժամանակ՝ Օրենսգրքի՝ պետական ծառայությունների դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող 29-րդ գլխում ընդգրկված մի շարք համեմատելի հանցագործությունների համար նախատեսվում են ավելի մեղմ պատիժներ՝ այդ թվում այլ պատժատեսակներ (օրինակ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական կեղծիքը): 

Օրենսգրքի՝ ապացույցները կեղծելուն վերաբերող 349-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«1. Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Քրեական գործով ապացույցներ կեղծելը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը՝
 
 

1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով,

2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Այսպիսով՝ դատարանին կեղծ ապացույցներ ներկայացնելու համար Օրենսգրքով նախատեսվում են ավելի մեղմ պատժատեսակներ եւ պատժաչափեր՝ Նախագծով կատարվող լրացման արդյունքում նախատեսվող հանցագործության համեմատությամբ:

Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական դրույթները եւ կատարված դիտարկումները, ինչպես նաեւ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 307.5-րդ հոդվածով նախատեսվող պատժաչափերը:

3. Նախագծերի փաթեթի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակման մեջ նշված չեն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: Միաժամանակ՝ Նախագծի 1-ին հոդվածում  Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ ներառված են «Հայաստանի Հանրապետության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրում Օրենսգրքի վերնագիրը հիշատակելիս նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հաջորդականությանը վերաբերող պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կրճատ եւ լրիվ անվանումների հիշատակմանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հերթական համարն է «ՀՕ-248»:

2) Նախագծի 1-ին հոդվածում «307.5» թիվն առաջարկում ենք փոխարինել «307.5-րդ» թվով՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 307.5-րդ հոդվածի տեքստը ներառել չակերտներում:

3) Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 307.5-րդ հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 

4) Նախագծի 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով Օրենսգրքում կատարվում է լրացում:

5) «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «բառից» եւ «բառը» բառերն առաջարկում ենք փոխարինել «թվից» եւ «թիվը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝  նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:
 
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր հանցանքների համար նախատեսված պատժաչափերը կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

21.10.2021թ.
 





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

21.10.2021թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը: Միաժամանակ, տարբերակում է դրվել քննիչ հանձնաժողովներին եւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու միջեւ, ինչը պայմանավորված է Սահմանադրության եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ի?պերատիվ եւ տարբերակիչ մոտեցումներով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

14.10.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը եւ այդ արարքի կատարման համար նախատեսել հինգից յոթ տարի ժամկետով ազատազրկում՝ որպես պատիժ, ինչպես նաեւ սահմանել ութից տասներկու տարի ժամկետով ազատազրկում, եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին, իսկ սույն գործերով նախաքննության մարմին սահմանել Ազգային անվտանգության մարմիններին:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-270) 

04.10.2021թ.