ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-057-04.10.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-057-04.10.2021-ՊԻ-011/0)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
25.10.2021թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս, որի համաձայն՝ «Վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքերում, երբ տուգանքի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտել է հետեւյալ դիրքորոշումը՝ «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական եւ էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, Սահմանադրությամբ (…) եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: (…) Հետեւաբար, վիճարկվող իրավակարգավորումը դիտարկելով արդար դատաքննության իրավունքի համատեքստում` սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցագնի չափով պայմանավորված` վերաքննության իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ չի խաթարվում արդար դատաքննության իրավունքի բուն էությունը»: Հարկ ենք համարում նկատել, որ հայցագնի չափի նշմամբ վերաքննության հնարավորությունը բացառող դրույթը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը վերոնշյալ մեկնաբանության շրջանակներում ճանաչել է հակասահմանադրական այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ: Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 130-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասով նախատեսված է տուգանքի չափի մատնանշմամբ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ ատյանում բողոքարկելու հնարավորությունը բացառելու կարգավորումը վարչական մարմինների համար՝ վերաքննիչ ատյանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով: Ընդգծենք, որ քննարկվող լրացումը կատարելու անհրաժեշտությունը պատճառաբանվել է ընդամենը Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մի քանի դատական գործերի մեջբերմամբ, որոնց պարագայում տուգանքի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Սակայն կարծում ենք, որ որոշակի գումարային շեմի ֆիքսումը առնվազն պետք է կատարվի դատական պրակտիկայի հստակ վիճակագրության ներկայացման, տուգանքի ցածր չափ սահմանված լինելու պարագայում վարչական մարմինների կողմից վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ ատյանում բողոքարկելու դեպքերի տոկոսային ցուցանիշների վերհանման, արդյունքում այդ ամենի ազդեցությունը դատարանների ծանրաբեռնվածության վրա արտացոլելու հիման վրա: Բացի այդ, նույնիսկ տուգանքի շեմի մատնանշմամբ, վերաքննիչ ատյան դիմելու հնարավորությունը վարչական մարմնի համար միանշանակ կերպով սահմանափակելը, կարծում ենք, որ իրավաչափ չէ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վերը մեջբերված դիրքորոշման համատեսքստում: Կան դեպքեր, որոնց պարագայում դատական գործում էականը ոչ թե համապատասխան տուգանքի չափն է, այլ՝ այնպիսի դատական սխալը, որը կանխորոշող է գործի ելքի հարցում: Հարկ է ընդգծել, որ վերաքննիչ դատարան դիմելու հնարավորության բացառումը միայն վարչական մարմնի համար խնդրահարույց է նաեւ վարչական դատավարության կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման տրամաբանությունից բխում է, որ դատարանների ծանրաբեռնվածության միտումով նպատակահարմար է հինգհարյուրապատիկը չգերազանցող տուգանքի պարագայում վարչական մարմնի կողմից վերաքննիչ ատյանում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման հնարավորությունը բացառել: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 130-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում նախատեսված կարգավորումը ձեւակերպված է հակառակ տրամաբանությունը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորման ձեւակերպումը: 2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 154-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս, որի համաձայն՝ «Վարչական մարմինների՝ վճռաբեկ բողոք բերելու դեպքերի վրա տարածվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 154-րդ հոդվածում 5-րդ մասի լրացման անհրաժեշտության վերաբերյալ նշենք հետեւյալը՝ Օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի»։ Միաժամանակ նշենք՝ եթե սույն կանոնը նպատակաուղղված է կիրառել այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանն է փոխել տուգանքի չափը, որի արդյունքում միայն Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 154-րդ հոդվածում լրացվող կանոնը կտարածվի վերաքննիչ ատյանի կողմից կայացված դատական ակտի վրա, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունում է քննության, եթե` 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, 2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում: Հիմք ընդունելով սույն կետում, ինչպես նաեւ տվյալ եզրակացության 1-ին կետում ներկայացված դիտարկումներն առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 154-րդ հոդվածում կատարվող լրացման անհրաժեշտությունը: 3. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1) «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի կրճատ անվանման հիշատակման մեջ նշված չեն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ ներառված են «Հայաստանի Հանրապետության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում կիրառված Օրենսգրքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: 2) Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենսգրքում լրացվող նոր՝ 130-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 154-րդ հոդվածի 5-րդ մասի տեքստը ներառել չակերտներում: Բացի այդ, առաջարկում ենք պահպանել Նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել դատարանի մատչելիության սահմանադրական սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 25.10.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 25.10.2021թ.
Ներկայացված Նախագիծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր՝ 3-րդ մասով. «3. Վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքերում, երբ տուգանքի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:»: Նույն կանոնն առաջարկվում է կիրառել նաեւ Օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ կապված վճռաբեկ բողոքների հետ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ Նախագիծը, մեր կարծիքով, որոշ հստակեցման անհրաժեշտություն է զգում: Մասնավորապես, խոսքը գնում է այն մասին, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում, որի 3-րդ հոդվածով էլ 1000 դրամը սահմանվում է ՀՀ օրենսգրքերի, օրենքների եւ իրավական այլ ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք կամ նվազագույն ամսական աշխատավարձի չափ, խոսք է գնում «նվազագույն ամսական աշխատավարձի», այլ ոչ թե «նվազագույն աշխատավարձի» մասին: Բացի այդ, Նախագծի հիմնավորումից, կարծում ենք, ակնհայտ է, որ Նախագծի հեղինակն առաջարկում է վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք տալ այն դեպքում, երբ քննարկվող տուգանքի չափը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի հինգհարյուրապատիկը: Հիմնավորման մեջ բառացիորեն նշվում է, որ. - «Այս առնչությամբ հարկ է նշել, որ նախագծով կկանխվի նաեւ ոչ խոշոր չափերի տուգանքների գործերով պետության կողմից պետական միջոցների անհարկի վատնումը:», - «Նախագծով նաեւ նախատեսվել է կոնկրետ դրամական-միավորային չափը, որը գերազանցելու դեպքում՝ պայմանավորված ռեսուրսների, ժամանակի եւ կատարված զանցանքի համար վրա հասնող պատասխանատվության տեսակի եւ դրա չափի է վարչական մարմինների համար առաջանում վերաքննիչ եւ կամ վճռաբեկ դատարաններ բողոք բերելու իրավասություն:» եւ այլն: Այս կապակցությամբ առաջարկում ենք՝ ա) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3. Վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքերում, երբ տուգանքի չափը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի հինգհարյուրապատիկը:»: բ) Նախագծի երկրորդ «Հոդված 2.»-ը ձեւակերպել որպես «Հոդված 3.»:
Նախագիծն առաջարկվող լրացումների եւ Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված մտքերի համապատասխանության ապահովման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.10.2021թ.
Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավակիրառ պրակտիկայում՝ նույնիսկ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի պայմաններում, վարչական մարմինները մեխանիկորեն ներկայացնում են վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, որի պայմաններում առաջանում է ուշացած արդարադատության ծայրահեղ վտանգավոր իրավիճակ եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխիքի խախտում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է էապես ավելի արագ եւ արդյունավետ ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական գործերի քննության կարգը, բացառել ուշացած արդարադատության կայացումը, էապես բեռնաթափել Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարանները: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-270) 06.10.2021թ.
|