ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-058-04.10.2021-ՏՏԳՇ-011/0)  եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0581 -04.10.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-058-04.10.2021-ՏՏԳՇ-011/0)  եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0581 -04.10.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտությանը   եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանը  վերաբերող տեղեկանքը: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

21.10.2021թ.






Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հետեւյալ դրույթը. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի՝ Երեւանի քաղաքապետի լիազորությունները սահմանող 52-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետ. «առանձին բնագավառների, գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին»: Օրենքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները», բացի այդ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաեւ այլ լիազորություններ»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ տեղակալների հստակ լիազորություններ Օրենքում սահմանված չեն, վերջիններս նշվում են կա՛մ քաղաքապետարանի կանոնադրությամբ, կա՛մ վերապահվում են քաղաքապետի հանձնարարությամբ: Բացի այդ նշենք, որ Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի N 18-Ա որոշման հավելվածով սահմանվող Երեւանի քաղաքապետարանի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 22-րդ կետով Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 1.1-ին կետով նշված իրավասություններն արդեն իսկ վերապահված են քաղաքապետի տեղակալին:

3. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքից հանել Երեւանի գլխավոր ճարտարապետին վերաբերող կարգավորումները: Այս առումով հասկանալի չէ՝ ինչու ոչ մի փոփոխություն չի կատարվում վերոնշյալ օրենքում առկա Գյումրու եւ Վանաձորի գլխավոր ճարտարապետների վերաբերյալ նշում պարունակող դրույթներում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս  նույնպես վարչական պաշտոններ են եւ վարչական պաշտոն զբաղեցնող անձինք են եւ չեն կարող կայացնել քաղաքական որոշումներ: Անհրաժեշտ է ներկայացնել տարբերակված մոտեցման համար օբյեկտիվ հիմք:

4.Նախագծերի փաթեթով նախատեսվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի (այսուհետ նաեւ` Ճարտարապետ) գործառույթները վերապահել Երեւանի քաղաքապետի տեղակալին: 

4.1.Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ` Հիմնավորում) համաձայն՝ վերոնշյալ փոփոխությունը պայմանավորված է հետեւյալով. «Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ»: Այս առումով հարկ է նշել, որ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում համապատասխան հղումով այն նորմատիվ իրավական ակտին, որով սահմանվում է, որ Երեւան քաղաքում քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականության մշակման եւ իրագործման լիազորությունը պատկանում է Ճարտարապետին: Կանոնադրության 22-րդ կետի վերլուծությունից ակնհայտ է, որ Երեւան քաղաքում միայն քաղաքապետին է վերապահված որեւէ ոլորտի քաղաքականության մշակման կամ իրագործման իրավունք, հետեւաբար հասկանալի չէ Հիմնավորման վերը մեջբերված պնդումը: Միաժամանակ նշենք, որ ի տարբերություն քաղաքական պաշտոնների, վարչական պաշտոն զբաղեցնող անձանց համար, պարտադիր է բարձրագույն կրթությունը (հիմք՝ «Հանրային ծառայության մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մաս), ինչը ճարտարապետաքաղաքաշինության ոլորտի համակարգման համար, կարծում ենք, առաջնային  նախապայմաններից պետք է լինի:

4.2. Հիմնավորմամբ նշված է նաեւ. «Երեւանի գլխավոր ճարտարապետը ի պաշտոնե համակարգում է ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող երեք հիմնարկների, Երեւանի քաղաքապետարանի երկու վարչությունների եւ մեկ ստորաբաժանման աշխատանքները: Այս միավորների համակարգումը արդյունավետ իրականացումը իրենից ենթադրում է նշված միավորներին տրվող կոնկրետ հանձնարարականներ եւ առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացնում, միավորների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրություններ եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծություն, ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի համապատասխան զարգացման ծրագրերի մշակման եւ աշխատանքների իրականացման համակարգում, պետական կառավարման եւ այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ համագործակցություն»: Մինչդեռ Կանոնադրության 26-րդ կետում, որով սահմանվում են Ճարտարապետի լիազորությունները, առկա չէ որեւէ դրույթ նրա՝ որեւէ հիմնարկի, վարչության կամ ստորաբաժանման աշխատանքների համակարգման իրավասության մասին: Բացի այդ Կանոնադրության 22-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետի տեղակալները. «1) համակարգում են քաղաքապետարանի, Երեւանի ենթակայության հիմնարկների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքները` քաղաքապետի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում.

2) իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են քաղաքապետին օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` քաղաքապետարանի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ Երեւանի ենթակայության հիմնարկների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ եւ հանձնարարականներ»: Վերոգրյալից հետեւում է, որ Հիմնավորմամբ նշված իրավասությունները Կանոնադրությամբ արդեն իսկ վերապահված են Երեւանի քաղաքապետի տեղակալներին այլ ոչ թե Ճարտարապետին, հետեւաբար հասկանալի չէ Հիմնավորման վերաբերելիությունը Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորուներին:

4.3.Սույն եզրակացության 2.1-ին եւ 2.2-րդ կետերում մեջբերված Հիմնավորմամբ նշված լիազորությունների իրականացման համար, ըստ Հիմնավորման, պարտադիր պահանջ է ունենալ քաղաքական որոշում կայացնելու իրավունք, որը Ճարտարապետը չունի վարչական պաշտոն զբաղեցնելու հիմքով: Այս առումով հարկ է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, պետական պահպանության ծառայության պետի եւ նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների եւ նրանց տեղակալների, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի եւ նրա տեղակալի պաշտոնները»: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով սահմանվող, օրինակ՝ հանրապետության նախագահի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորություններից են՝ «(…) առանձին գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, աշխատակազմի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը (…)», ինչն ամրագրված է վերոնշյալ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում: Այսպես՝ ինչպես արդեն նշվել է սույն եզրակացության 2.2-րդ կետում ըստ Հիմնավորման՝ կառուցվածքային ստորաբաժանումների եւ հիմնարկների գործունեության համակարգման համար պարտադիր պայման է քաղաքական որոշում կայացնելու իրավասությունը, մինչդեռ հանրապետության նախագահի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարները, զբաղեցնելով վարչական պաշտոն եւ չունենալով քաղաքական որոշում կայացնելու իրավունք, արդյունավետ իրականցնում են իրենց վերապահված իրավասությունները՝ առանձին գործառույթների կամ ստորաբաժանումների գործունեության համակարգումը: Հետեւաբար հասկանալի չէ Հիմնավորմամբ նշված այն պնդումը, թե Ճարտարապետը չի կարող վարչական պաշտոնում համակարգման գործունեություն իրականացնել առանց քաղաքական որոշում կայացնելու իրավունքի, ուստի առաջարկում ենք ներկայացնել համապատասխան վարչական եւ քաղաքական պաշտոնների համեմատության օբյեկտիվ հիմնավորվածություն: 

5. Հիմնավորմամբ Ճարտարապետի հաստիքը Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու վերաբերյալ նշվում է, որ «Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորւթյուն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ»: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետի տեղակալն իրականցնելու է գործունեության համակարգման իրավասությունները, իսկ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող իրավասությունները վերապահվելու է ճարտարապետների խմբի: 

Ճարտարապետի իրավասությունների բաժանման տեսանկյունից Հիմնավորմամբ նշվում է, որ փոփոխության նպատակն է սուբյեկտիվ մոտեցման բացառումը Ճարտարապետին վերապահված միանձնյա որոշումներ կայացնելու իրավունքը իրացնելիս, մասնավորապես՝  «Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ», արդյունքում նշյալ ճարտարապետների խմբին փոխանցվում են այն իրավասությունները, որոնք Երեւանի քաղաքապետի տեղակալը համապատասխան որակավորում չունենալու պատճառով չի կարող իրականացնել: Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխության արդյունքում փաստացի ունենում ենք իրավիճակ, երբ Ճարտարապետի լիազորությունները փոխանցվում են միայն մեկ անձի՝ Երեւանի քաղաքապետի տեղակալին, որը, ըստ Հիմնավորման, նեղ մասնագիտական հարցեր չի կարող լուծել՝ համապատասխան որակավորման կամ կրթության բացակայության պատճառով:  Փաստացի նման կարգավորման պարագայում Ճարտարապետին վերապահված միանձնյա որոշում կայացնելիս սուբյեկտիվության հարցը, կարծում ենք, չի լուծվում, քանի որ իրավասությունները շարունակում է իրականացնել մեկ անձ, միաժամանակ առաջանում է նոր խնդիր՝ Երեւանի քաղաքապետի տեղակալը, ի տարբերություն Ճարտարապետի, կարող է չունենալ համապատասխան որակավորում, կրթություն նեղ մասնագիտական որոշումներն ինքնուրույն կայացնելու համար: 

Ճարտարապետների խմբի վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից պետք է նշել, որ Հիմնավորման մեջ ճարտարապետների խմբի վերաբերյալ չափազանց անորոշ է նշված: Հասկանալի չէ՝ ինչ է իրենից ներկայացնում այդ խումբը, ինչ կարգավիճակ ունի, Ճարտարապետի կոնկրետ ինչ իրավասություններ է իրականացնում, սահմանված չէ գործունեության կարգավորման ոչ մի ընթացակարգ: Վերոնշյալ հարցերը, կարծում ենք, պետք է կարգավորվեն ոչ թե Հիմնավորմամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, հետեւաբար ճարտարապետների խմբի վերաբերյալ կարգավորումները անհրաժեշտ է սահմանել անմիջապես Նախագծերի փաթեթով կամ Նախագծերի փաթեթում սահմանել դրույթ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի եւ դրա ընդունման ժամկետների մասին, որը կներառի ճարտարապետների խմբի մասին կարգավորումները:

Բացի այդ՝ սույն կետում նշված ճարտարապետների խմբի գործունեության կարգավորումն ու Ճարտարապետի որոշ իրավասությունների ստանձնումը, նոր տեղակալի նշանակումը կարծում ենք, անհնար է իրականացնել այն ժամկետում, որը նախատեսված է Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու համար: Այս առումով անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, (…) եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին (…)», եւ սահմանել Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

20.10.2021թ.
 





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ «Համայնքային ծառայության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: 

«Համայնքային ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված է հետեւյալը. «համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարի եւ նրա տեղակալի, համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո», հաշվի առնելով Նախագծերի փաթեթով սահմանված փոփոխությունները եւ Հիմնավորման համաձայն Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը վերացնելու Նախագծերի փաթեթի նպատակը, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում «Համայնքային ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «Երեւանի գլխավոր ճարտարապետի» բառերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթով չի նախատեսվում Օրենքում հստակ նշում կատարել Երեւան քաղաքի՝ գլխավոր ճարտարապետ չունենալու մասին, Օրենքի համատեքստից հնարավոր չի լինելու հասկանալ, որ գլխավոր ճարտարապետի հաստիքի հետ կապված Երեւան քաղաքում առկա է առանձնահատկություն: Հետեւաբար առկա չէ հիմք ենթադրելու, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանվում է. «Համայնքն ունի գլխավոր ճարտարապետ, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը», չի տարածվում Երեւան քաղաքի վրա: Վերոնշյալ մասի պահանջի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար առաջարկում ենք «Համայնքն» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ Երեւան քաղաքի)» բառերը:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

20.10.2021թ.
 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Երեւան քաղաքի կառավարման եւ Երեւանի քաղաքապետին քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով եւ ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի համապատասխան ծառայությունների ու մարմինների գործառույթների համակարգումը վերապահել Երեւանի քաղաքապետի տեղակալին: Խնդիրը, ըստ Նախագծերի Փաթեթի հեղինակի, կայանում է նրանում, որ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չէ կայացնել քաղաքական որոշումներ՝ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներին՝ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով դրանք կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248) 

13.10.2021թ.
 






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Երեւան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման եւ Երեւանի քաղաքապետին քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով:

Ներկայիս գործող իրավակարգավորումներով («Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս)? համայնքային քաղաքական պաշտոններ են համարվում համայնքների ղեկավարների եւ նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումներով? Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հանդիսանում է համայնքային վարչական պաշտոն:

Վերոգրյալից բխում է, որ  համայնքային քաղաքական եւ համայնքային վարչական պաշտոնները միմյանցից տարբերվում են քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ: Մասնավորապես, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, մինչդեռ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասություն չունի եւ չի կարող նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնել:

Ներկայացված Նախագծերի փաթեթով Կառավարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով հնարավորություն կընձեռնվի արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Կարծում ենք, Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները:

Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

05.10.2021