ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-020-10.09.2021-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-0201 -10.09.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-020-10.09.2021-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-0201 -10.09.2021-ԳԿ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                  ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 

29.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանել չնույնականացվող աղբյուր հասկացությունը, այն է՝ «չնույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»: Նշված ձեւակերպումը բավարար չափով հստակ չէ, եւ կիրառված մի շարք դրույթներ միանշանակ չեն ընկալվում, մասնավորապես՝ 

   1) պարզ չէ, թե որո՞նք են տնօրինողին վերաբերող նույնականացման տվյալները, որոնք պետք է հրապարակվեն, որտեղ պետք է հրապարակվեն նշված տվյալները եւ արդյո՞ք նշված նույնականացման տվյալները նույնական են Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված տվյալների հետ: Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր` 4-րդ մասում նախատեսված են միայն համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցի կայքին ներկայացվող պահանջները: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող «չնույնականացվող աղբյուր» հասկացության մեջ հղում կատարել որեւէ օրենսդրական ակտի, որում սահմանված են նույնականացման տվյալներ կամ Օրենքի տեսանկյունից սահմանել «նույնականացման տվյալներ» հասկացությունը:

   2) Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր` 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ՝ «Արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին կամ չնույնականացվող աղբյուրներին, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: 

Նախագծով լրացվող «չնույնականացվող աղբյուր» հասկացության բովանդակությունից եւ չնույնականացման աղբյուրին հղում կատարելն արգելող՝ Նախագծի 3-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ արգելվում է հղում կատարել ոչ միայն զանգվածային լրատվության միջոցին, որը չի պարունակում Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված տվյալները, այլեւ ցանկացած աղբյուրի, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են: «Չնույնականացվող աղբյուր» հասկացությունը սահմանելիս «տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են» եզրույթից հասկանալի չէ՝ նույնականացման տվյալը թաքցնել կհամարվի կեղծ նույնականացման տվյալներ նշե՞լը, թե՞ ընդհանրապես որեւէ նույնականացման տվյալ չնշելը: Առաջին դեպքում կեղծ տվյալներով գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքին հղում կատարելու արգելքը կարող է հանգեցնել համապատասխան տեղեկատվության աղբյուրը տնօրինողի հեղինակային իրավունքների ոտնահարմանը: Մասնավորապես՝ լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից չնույնականացվող աղբյուրի տարածած լրատվական նյութ չպարունակող ստեղծագործական գործունեության արդյունքը վերարտադրելիս վերջինս պարտավորվում է հղում չկատարել նյութի աղբյուրին` դրանով իսկ խախտելով սկզբնաղբյուրի հեղինակային իրավունքները: Բացի  այդ,  տվյալ կարգավորման պարագայում լրատվական գործունեություն իրականացնողի վրա լրացուցիչ պարտականություն է դրվում ստուգել տեղեկատվական աղբյուրը՝ տնօրինողի նույնականացման տվյալները, որի լծակը լրագրողները եւ լրատվական գործունեություն իրականացնողները հնարավոր է չունենան:  Ինչ վերաբերում է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի տնօրինողի որեւէ նույնականացման տվյալները թաքցնելուն, ապա նշենք, որ որեւէ դրույթով, որպես պարտադիր պահանջ, սահմանված չեն համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի տնօրինողի կողմից նույնականացման տվյալները պարտադիր նշելը: Միաժամանակ, կարծում ենք, առավել նպատակահարմար կլինի ոչ թե արգելք սահմանել ցանկացած տեղեկատվություն բովանդակող չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու համար (հատկապես որ նույնականացման տվյալներ ունենալու պարտականություն նախատեսված չէ, օրինակ,  հավելվածի օգտահաշիվ կամ էջ տնօրինողի համար), այլ Օրենքով սահմանել կարգավորում առ այն, որ աղբյուր տարածողն է պատասխանատու իր տարածած տեղեկատվության համար:

 Հետեւաբար` առաջարկում ենք հստակեցնել կամ հղում կատարել, թե որ իրավական ակտով են սահմանված տնօրինողի նույնականացման տվյալները, ովքեր են հանդիսանում կայքի կամ էջի տնօրինող, կարգավորումներ սահմանել կեղծ եւ թաքցված նույնականացման տվյալների տարբերակման վերաբերյալ:

2.  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 3-րդ հոդվածը լրացվում է նոր` 5-րդ կետով, իսկ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով փոփոխություններ են կատարվում Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում. առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում կատարվող փոփոխությունները նախատեսել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում, իսկ Օրենքի 3-րդ հոդվածում նոր 5-րդ կետի լրացումը նախատեսել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում՝ ապահովելով փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասերի համարների տրամաբանական հաջորդականությունը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսվում է լրացնել նոր` 2-րդ պարբերությամբ: Հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը բաղկացած է երեք պարբերությունից: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով», ինչպես նաեւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:» առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել համապատասխանաբար լրացուցիչ 4-րդ պարբերությամբ:

4.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո նախատեսվում է լրացնել «կամ լրատվական գործունեություն իրականացնողի՝ հավատարմագրված լրագրողի հետ իրավահարաբերությունների դադարեցման մասին դիմումով» բառերը:

Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել նոր` 5.1-ին եւ 5.2-րդ մասերը՝ «5.1. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե չեն պահպանվել այդ մարմինների աշխատակարգի կանոնները:

5.2. Լրատվական գործունեություն իրականացնողը իր անունից հավատարմագրված լրագրողի հետ իրավահարաբերությունների դադարեցման դեպքում պարտավոր է այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր ընթացակարգով տեղեկացնել բոլոր այն պետական մարմիններին, որտեղ հավատարմագրված է տվյալ լրագրողը»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «(…) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նշված հոդվածը ընդունվել է 2003 թվականին, այն այսօր գործնականում ամբողջությամբ չի կարգավորում լրատվական գործունեություն իրականացնողների եւ պետական մարմինների հարաբերությունները, եւ գործնական խնդիրներ է առաջացնում երկու կողմերի համար: Մասնավորապես, գործող օրենքի համաձայն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, ինչի արդյունքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ լրագրողը կարող է դադարեցնել իրավահարաբերությունները իրեն հավատարմագրած լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության հետ կամ հակառակը, սակայն շարունակի մնալ հավատարմագրված պետական կառույցներում: (…) Նկարագրված իրավիճակը կանխելու համար առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր կետերով (…): Իրավահարաբերությունների դադարման մասին ծանուցման պահանջը չի առաջացնի լրացուցիչ բեռ լրատվական գործունեություն իրականացնողների համար, այլ կհստակեցնի հարաբերությունները պետական մարմինների հետ»: 

Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության եւ 3-րդ մասով նախատեսված լրացումների նպատակը Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ հարաբերությունների հստակեցնում է: Մինչդեռ, նշենք, որ Օրենքի որեւէ դրույթով սահմանված չէ հավատարմագրման դադարեցման ընթացակարգ եւ հստակ կարգավորումներ: Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների եւ Օրենքի 6-րդ հոդվածի համադրման արդյունքում հասկանալի չէ` պետական մարմնի աշխատակարգի կանոնները չպահպանելու դեպքում կարող է արդյո՞ք պահանջվել լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը: 

Իրավական որոշակիության տեսանկյունից կարգավորման հստակությունը լիարժեք ապահովելու նպատակով` առաջարկում ենք հավատարմագրման դադարեցման հիմքերը հստակ սահմանել Օրենքի 6-րդ հոդվածում՝ առանձնացնելով հավատարմագրող պետական մարմնի՝ հավատարմագրումը դադարեցնելու իրավունքը եւ պարտականությունը:

5. Նախագծի 4-րդ հոդվածում օգտագործվում է նոր եզրույթ՝ «հրապարակային գրառում», սակայն չի բացահայտվում, թե ինչ չափանիշների պետք է բավարարի գրառումը, որպեսզի այն համարվի հրապարակային, բացի այդ անհասկանալի է նոր եզրույթ օգտագործելու նպատակահարմարությունն այն պարագայում, երբ այն բացակայում է նույնական կարգավորում նախատեսող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 6-րդ մասում , Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում:

6.  Նախագծի 5-րդ հոդվածում նախատեսված փոփոխություններում կիրառվում է «զանգվածային լրատվության միջոց» ձեւակերպումը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում «զանգվածային լրատվության միջոց» արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ լրատվության միջոց)»: Ուստի, առաջարկում ենք Նախագծով կատարվող փոփոխություններում կիրառել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կրճատ տարբերակը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «Զանգվածային լրատվության միջոց» ձեւակերպմանը:

7.  Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր` 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «4.Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը իր կայքում պետք է ներառի՝

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը եւ տրման օրը.

3) հետադարձ կապը (հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն)»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն ներկայացվող դիմումը պետք է բովանդակի`

(...)

2) դիմող ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը եւ գտնվելու վայրը.»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիակական անձի «հասցե» հասկացության փոխարեն կիրառել «բնակության կամ հաշվառման հասցե» ձեւակերպումը:

Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր` 4-րդ մասի 2-րդ կետում սահմանված է, որ եթե լրատվություն իրականացնողն անհատ ձեռնարկատեր է, ապա իր կայքում պետք է ներառի նաեւ պետական գրանցման վկայականի համարը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 63-րդ հոդվածում սահմանված է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքի վերաբերյալ իրավակարգավորում: Այսպես՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատվում է պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքով:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր` 4-րդ մասում սահմանվում են համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցի կողմից իր կայքում պարտադիր ներառվող պահանջները: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ կետում սահմանվում է չնույնականացվող աղբյուր հասկացությունը, այն է՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր` 4-րդ մասում սահմանված չեն համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշվին կամ ալիքին կամ էջին ներկայացվող պարտադիր պահանջները:

8. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի նոր շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային վճարումներից, հովանավորությունից, փոխառությունից, իրական շահառու հանդիսացող անձի կամ անձանց ներդրումներից»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ  կարծում ենք՝ 

1)  Հասկանալի չէ «հովանավորություն» եզրույթը հետեւյալ հիմնավորմամբ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխում է, որ հովանավորությունը գովազդ է: Հարկ է նկատել, որ քննարկվող փոփոխությամբ զանգվածային լրատվության միջոցի եկամուտների առաջացման առանձին աղբյուրներ են համարվում գովազդը եւ հովանավորությունը: Հիմք ընդունելով գովազդի եւ հովանավորության տարբերակումը՝ առաջարկում ենք սահմանել «հովանավորության» հասկացությունը Օրենքի տեսանկյունից: 

2)  Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի նոր շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված դրույթում հասկանալի չէ նաեւ «իրական շահառու հանդիսացող անձանց» շրջանակը:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 60.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքի իմաստով՝ իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը»:

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանված է իրական շահառու հասկացությունը՝«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, եւ (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 եւ ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.»:

Իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք Օրենքի տեսանկյունից սահմանել իրավաբանական անձի  իրական շահառու հանդիսացող անձանց հասկացությունը կամ հղում տալ օրենսդրությամբ սահմանված հասկացությանը: 

3)  Օրենքի գործող 12-րդ հոդվածում որպես ֆինանսական աղբյուր,  ի թիվս այլ աղբյուրների, սահմանված է նաեւ նվիրատվությունը, մինչդեռ առաջարկվող իրավակարգավորման մեջ նվիրատվությունը որպես ֆինանսական աղբյուր բացակայում է:

9.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառից հետո լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) անվանումը պարունակում է «Հայաստանի Հանրապետության» բառերը:

10.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 

11.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 189-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսվում է «Հոդված 189. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները չներառելը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը

1. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

2. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները կամ զանգվածային լրատվության միջոցի օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:»:

 Հարկ է նկատել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 189-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում վարչական պատասխանատվություն է նախատեսվում միեւնույն արարքի կատարման համար, մասնավորապես՝ այն զանգվածային լրատվության միջոցի տարածման համար, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները:

Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 224-րդ հոդվածում «186 (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության՝ ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից հետո լրացնել «189-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը» բառերը: Այսինքն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 189-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները, քննելու իրավասություն է վերապահվում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Մինչդեռ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «17013 հոդվածներով» բառերից հետո նախատեսվում է լրացնել «189-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով: Նշված լրացման համաձայն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները, քննելու իրավասություն է վերապահվում հարկային մարմիններին: Քննարկվող նախագծով սահմանված կարգավորումներից բխում է, որ միեւնույն իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու իրավասություն է վերապահվում երկու տարբեր մարմինների, ինչը կհանգեցնի ներքին հակասությունների եւ իրավական շփոթի: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»` առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում բացառել անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:

12.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներում հղում է կատարվում «Օրենսգրքին»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում Օրենսգրքի առաջին իսկ կիրառումից հետո սահմանել կրճատ տարբերակ կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներում հղում կատարելիս նշել Օրենսգրքի կրճատ անվանումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների որոշակիությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),
 

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), 

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248) 

29.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),
 

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), 

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248) 

29.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: 

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են իրական լրատվամիջոցներին անհայտ ծագումնաբանությամբ կամ չնույնականացված աղբյուրներից տարանջատելու, արտաքին տեղեկատվական հարձակումներից խուսափելու, զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ նյութական կրիչի վրա թողարկված եւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող լրատվության միջոցների տարեկան հաշվետվության հրապարակման պահանջները հստակեցնելու  անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նաեւ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմքերին ավելացնել պետական մարմինների աշխատակարգի կանոնների խախտման դեպքերը:

Փաթեթով առաջարկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են զանգվածային լրատվության միջոցի՝ օրենքով սահմանված տվյալները կամ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացված չլինելը, ինչպես նաեւ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը բացառելու անհրաժեշտությամբ: Նշենք նաեւ, որ վերը նշված իրավախախտումների համար սահմանվել են տուգանքի չափեր:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

23.09.2021թ.
 
 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխություններով այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, իսկ եթե նա անհատ ձեռնարկատեր է, նաեւ պետական հաշվառման համարը, տրման օրը եւ հետադարձ կապը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- սահմանել «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը,

- լրատվության ոլորտում արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

- հստակեցնել նյութական կրիչի վրա թողարկված եւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների տարեկան հաշվետվության հրապարակման պահանջները,

- առանց Օրենքով սահմանված տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածման, զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում վարչական պատասխանատվություն նախատեսել լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեղմել հատկապես արտաքին տեղեկատվական հարձակումները, տարանաջատել իրական՝ Օրենքի պահանջներին համապատասխանող լրատվամիջոցներին անհայտ ծագումնաբանություն ունեցող  կամ չնույնականացված աղբյուրներից:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

16.09.2021թ.