ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-071-22.10.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-071-22.10.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

10.11.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը» եւ այն հանգամանքը, որ «Օրենք» բառը Նախագծում չի կիրառվում:

2.  Նախագծի 1-ին հոդվածով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ մասում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության վարչապետ» եզրույթը «վարչապետ» եզրույթի հետ միաժամանակ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում վերոնշյալ երկու եզրույթներից կիրառվում է միայն «վարչապետ» եզրույթը: Հետեւաբար առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ձեւակերպումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:

Միաժամանակ, հաշվի առնելով ժամանակի սղությունը, նշենք, որ Նախագիծն ամբողջական փորձաքննության չի ենթարկվել, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

10.11.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

10.11.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահը եւ վարչապետը կարող են ունենալ նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները եւ նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ սփյուռքի գործերի հանձնակատարներ: Ըստ առաջարկվող իրավակարգավորումների՝

- հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, 

- չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ,

- մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ սփյուռքի գործերի հանձնակատարները՝ մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի եւ իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ,

- չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքներ (համաձայն այդ մասի. «Պետական մարմնի ղեկավարի հրամանով առանձին դեպքերում խորհրդականին կարող են վերապահվել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը, որի իրականացման համար խորհրդականն իրավունք ունի կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից եւ հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:»):

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

27.10.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021 թ. հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) «Սփյուռքի հետ կապերը» 1.4. բաժնի պահանջներով:

Նախագծով առաջարկվում է ներդնել Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ, որի նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:

Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով: Սփյուռքի գործերով հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունով նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները:

Նախագիծը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացվող նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը, աշխարհի հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունների ապահովմանը եւ համայնքային ներուժի նպատակային ներգրավմանը, հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձության եւ Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿԹՐԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (513-270, 1270)

28.10.2021