ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-076-27.10.2021-ՊԻ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0761 -27.10.2021-ՊԻ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0762 -27.10.2021-ՊԻ-011/0) եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0763 -27.10.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-076-27.10.2021-ՊԻ-011/0), «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0761 -27.10.2021-ՊԻ-011/0), «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0762 -27.10.2021-ՊԻ-011/0) եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0763 -27.10.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
17.11.2021թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է՝ «(…) Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասում «իրականացման կարգը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների քննության կարգը,» բառերը»: Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով, այն է՝ «Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով՝ սույն օրենսգրքի 31.6-րդ գլխին համապատասխան»: «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում «դատարանի՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.6-րդ գլխով,» բառերը: Համապատասխան լրացումներ են կատարվում նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի 115-րդ հոդվածում, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածում: Վերը մեջբերված դրույթների առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը. Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 2. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) իր 2020 թվականի հունիսի 18-ի թիվ ՍԴՈ-1546 որոշմամբ անդրադարձել է անձին վերաբերող բանկային գաղտնիքի, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաեւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների (այսուհետ՝ գաղտնի նաեւ տեղեկություններ) առնչությամբ նախատեսված սահմանափակման Սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանված մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանափակման հիմք հանդիսանալու հարցին՝ արձանագրելով հետեւյալը՝ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքը ներառում է նաեւ բանկային գաղտնիքը: Ընդսմին` բանկային գաղտնիքը պաշտպանվում է պետության կողմից, ի մասնավորի, ի դեմս Կենտրոնական բանկի` իր հաճախորդ բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների մասով, եւ հենց այդ բանկերի կողմից: Նշված հանգամանքի հաշվառմամբ՝ հարց է ծագում՝ արդյոք միայն Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններն ու լրացումները բավարար են մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակման համար օրենսդրական հիմք նախատեսված լինելու պահանջը բավարար համարելու տեսանկյունից: Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Ընդգծենք, որ ներպետական օրենսդրությամբ գաղտնի տեղեկությունները ստանալու հիմքերի (որոշակի դեպքերի), տվյալ տեղեկությունները օտարերկրյա իրավասու մարմնին փոխանցելու նպատակով հարկային մարմնի համար ոլորտային օրենսդրությամբ վարչական դատարան դիմելու իրավասության նյութական հիմքն ամրագրելու1 , այն անձանց շրջանակը, ում վերաբերյալ կարող են ստացվել գաղտնի տեղեկությունները սահմանելու վերաբերյալ նյութական իրավակարգավորումների բացակայության պայմաններում Նախագծերի փաթեթով նախատեսված դրույթները խնդրահարույց են որոշակիության եւ համաչափության սկզբունքների տեսանկյունից: Մասնավորապես՝ գաղտնի տեղեկությունները տրամադրելու հիմքերի, չափորոշիչների առնչությամբ որոշակիացված կարգավորումների բացակայության պայմաններում վարչական դատարանի վրա պարտավորություն է դրվում համապատասխան դիմումի ներկայացման դեպքում կայացնել պատճառաբանված որոշում, մինչդեռ պարզ չէ, թե դատարանն ինչ չափանիշներով պետք է գնահատի, որ հայցվող գաղտնի տեղեկությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին (համապատասխան միջազգային պայմանագրով եւս որոշակիացված չեն գաղտնի տեղեկությունների տրամադրման դեպքերի, հիմքերի առնչությամբ կարգավորումները): Հարց է ծագում՝ վարչական դատարանը ինչ օբյեկտիվացված հանգամանքից ելնելով պետք է եզրակացնի, որ առկա է գաղտնի տեղեկությունների տրամադրման հիմք: Հետեւապես գործնականում դատարանի եզրահանգումը հիմնված է լինելու բացառապես իր սուբյեկտիվ ընկալումների եւ պատկերացումների վրա: Ինչն էլ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի վերը մեջբերված որոշման տրամաբանության շրջանակներում՝ «(…) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն համապատասխան օրենքների կարգավորումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում»: Տվյալ դեպքում առավել խնդրահարույց է այն, որ Սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանված իրավունքի սահմանափակումների վերաբերյալ նյութական կարգավորումներն ընդհանրապես բացակայում են, որոնք հանգեցնում են նաեւ համաչափության սահմանադրական սկզբունքի խախտման: Այլկերպ ասած՝ նյութական հիմքի բացակայության պայմաններում անհայտ են նաեւ սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանի եւ անհրաժեշտ լինելու հանգամանքները: Վերոգրյալի հաշվառմամբ կարող ենք եզրահանգել, որ գաղտնի տեղեկությունները տրամադրելու առնչությամբ նյութական կարգավորումների բացակայությունը խնդրահարույց է Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված դրույթի տեսանկյունից (մասնավորապես՝ համապատասխան սահմանափակումը բացառապես օրենքով սահմանված դեպքում կատարելու հրամայականի համատեքսում), ինչպես նաեւ վերջինիս բացակայությունը հանգեցնում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված կարգավորումների խնդրահարույց լինելուն որոշակիության եւ համաչափության սահմանադրական սկզբուքների տեսանկյունից: 3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 31.6-րդ գլխի 222.20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված են հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու հիմքերը: Տվյալ հիմքերը սահմանելիս առաջարկում ենք կիրառել «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) սահմանված կարգավորումների եզրույթները՝ անհիմն կրկնություններից խուսափելու, բացի այդ, հիմքերի որոշակի լինելն ապահովելու նպատակներով: Օրինակ՝ Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է՝ «Բացառությամբ 14-րդ հոդվածի՝ սույն Կոնվենցիայի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, որ հայցվող պետության նկատմամբ սահմանվեն հետեւյալ պարտավորությունները. (…) դ. տրամադրել տեղեկություն, որով կբացահայտվի որեւէ առեւտրային, գործարար, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առեւտրային գործընթաց, կամ՝ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի հանրային կարգին (ordre public), (…)»: 4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 31.6-րդ գլխի 222.19-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 15 օրյա ժամկետում: Դատարանը իրավասու է ոչ ավել, քան եռօրյա ժամկետով կասեցնել գործի վարույթը, եթե անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հանգամանքներ պարզել կամ տեղեկություններ ստանալ: Սույն մասով սահմանված կասեցումը ենթակա չէ բողոքարկման: Դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե վերացել են կասեցումն առաջացրած հանգամանքները՝ այդ մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնելով դիմողին»: Այն հիմքերը, որոնց առկայության պարագայում վարչական դատարանը պարտավոր է կամ իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, սպառիչ կերպով սահմանված են Օրենսգրքի 94-րդ հոդվածում: Տվյալ հիմքերի շարքում, իբրեւ գործի վարույթի կասեցման հիմք, նախատեսված չէ լրացուցիչ հանգամանքներ պարզելու կամ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը, ուստի տվյալ դեպքում վարչական դատարանն իրավասու չէ կասեցնել գործի վարույթը: Կարծում ենք՝ համապատասխան հանգամանքներ պարզելու կամ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վարչական դատարանի կողմից գործի վարույթը առավելագույնը եռօրյա ժամկետով կասեցնելու վերաբերյալ իրավակարգավորում նախատեսելու փոխարեն՝ նպատակահարմար է այդ դեպքում սահմանել գործի քննության ավելի երկար ժամկետ՝ տվյալ ժամկետում անհրաժեշտ հանգամանքների պարզման եւ տեղեկությունների ձեռքբերման համար: 5. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 31.6-րդ գլխի 222.20-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է հետեւյալը՝ «Վարչական դատարանը դատական ակտը ուղարկում է հարկային մարմնին եւ այդ մասին ծանուցում է այն անձին կամ խմբին, ում վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ խմբին չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել օտարերկրյա իրավասու մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացմանը եւ երաշխավորելով, որ. 1) հարկային մարմինը օտարերկրյա իրավասու մարմնին ներկայացնելու է պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ խմբին հասանելի դարձնելու վերաբերյալ, 2) դատական ակտը կայացնելու օրվանից երեք տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետում հարկային մարմինը դատական ակտը ուղարկելու է այն անձին կամ խմբին, ում վերաբերյալ կայացվել է դատական ակտը»: Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը՝ 1) Այս կարգավորմամբ դատարանի վրա պարտականություն է դրվում երաշխավորելու հարկային մարմնի կողմից դատական ակտը կայացվելու օրվանից երեք տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխան անձին այն ուղարկելու հանգամանքը, մինչդեռ վարչական դատարանին տրամադրված իրավասությունների շրջանակից չի բխում դատարանի կողմից տվյալ գործառույթը կատարելու հնարավորությունը: Բացի այդ, անհասկանալի է՝ ինչ է ենթադրում ծանուցումն իրականացնելու հանգամանքի երաշխավորումը, այսպես՝ վարչական դատարանն ինչ կառուցակարգով է իրականացնելու տվյալ պարտականությունը: Հետեւապես առաջարկում ենք վերանայել վերը քննարկվող կարգավորումը եւ վարչական դատարանի համար հարկային մարմնի կողմից դատական ակտը համապատասխան սուբյեկտին ուղարկելը երաշխավորելու վերաբերյալ կարգավորում սահմանելու փոխարեն՝ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում՝ հատուկ վարույթի շրջանակներում ծանուցման ընդհանուր կանոնի համեմատությամբ այլ ժամկետ նախատեսված լինելու դեպքերում հարկային մարմնի համար սահմանելով այդ ժամկետում ծանուցումն իրականացնելու պարտականություն: 2) Օտարերկրյա իրավասու մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացմանը խոչընդոտելու հանգամանքի առկայության դեպքում տվյալ հանգամանքի հիմնավորման վերաբերյալ փաստարկները եւս, կարծում ենք, որ պետք է ներառվի դիմումին կից ներկայացվող պահանջների շարքում: 3) Ընդգծենք, որ անձի իրավունքն է իր իրավունքներին կամ պարտականություններին առնչվող դատական ակտին ծանոթանալը: Անգամ այն պարագայում, երբ որոշակի շահերի պաշտպանության նպատակով դատական ակտի հրապարակման հատուկ կանոններն են գործում, մասնավորապես՝ դատական ակտը հրապարակվում է դռնփակ դատական նիստում, անձին իր իրավունքների եւ պարտականությունների առնչությամբ կայացված դատական ակտի մասին ծանուցելը բխում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի տրամաբանությունից: Տվյալ ծանուցումն ապահովելը անձի համար երաշխիք է նաեւ իր իրավունքների պաշտպանությունը վերաքննության կարգով իրականացնելու տեսանկյունից: Նախագծով վերը քննարկված դեպքում ծանուցման համար նախատեսված է դատական ակտը կայացնելու օրվանից երեք տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետ: Նշված ժամանակահատվածի ընտրության՝ կոնկրետ այդ ժամկետի ֆիքսման կապակցությամբ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը բացակայում է: Ուստի առաջարկում ենք հիմնավորել ծանուցման համար վերը մեջբերված կարգավորմամբ նախատեսված ժամկետը ողջամիտ դիտարկելու չափորոշիչները: 6. Նախագծում կիրառվում են «Վարչական դատարան», «վարչական դատարան» եւ «դատարան» հասկացությունները, առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերն որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 7. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվում է 31.6-րդ գլուխ, մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենսգիրքն արդեն իսկ պարունակում է 31.6-րդ գլուխ, ինչպես նաեւ 222.17-րդ, 222.18-րդ եւ 222.19-րդ հոդվածներ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված կարգավորումներն Օրենսգրքում լրացնել լրացուցիչ համարներով գլխի եւ հոդվածների տեսքով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով»: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում Նախագծի 2-րդ հոդվածում, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում Օրենսգրքի 31.6-րդ գլխին կատարված հղումները համապատասխանաբար փոխարինելու նախատեսվող լրացուցիչ համարով: 8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.18-րդ հոդվածում նախատեսված է դիմումին ներկայացվող պահանջները եւ կցվող փաստաթղթերը: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.18-րդ հոդվածի 1-ին մասի վերջին չհամարակալված նախադասության համաձայն՝ «Դիմումը ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը»: Առաջարկում ենք դիմողի պաշտոնատար անձի կողմից դիմումի ստորագրման վերաբերյալ կարգավորումը սահմանել դիմումին ներկայացվող պահանջների շարքում՝ 11-րդ կետի տեսքով, այն սահմանելով հետեւյալ կերպ՝ «11) Դիմողի ստորագրությունը»: 9. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.18-րդ հոդվածի պահանջները, ապա Վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն դրույթը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձեւական սխալները վերացնելու եւ որոշումը ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.18-րդ հոդվածում սահմանված են դիմումին ներկայացվող պահանջները: Վարչական դատարանի կողմից եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումի վերադարձման դեպքում դրույթի վերաբերյալ պարտադիր նշումը, կարծում ենք, նպատակահարմար չէ այն հանագմանքով պայմանավորված, որ դիմումի վերադարձման ցանկացած դեպքում վարչական դատարանը կարող է հղում անել միայն հոդվածին: Առաջարկում ենք «դրույթը» բառը փոխարինել «պահանջը» բառով, որպեսզի հասկանալի լինի դիմումին ներկայացվող սահմանված ո՞ր պահանջի խախտումն է հիմք հանդիսացել վարչական դատարանի կողմից դիմումի վերադարձման համար, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.18-րդ հոդվածում սահմանված են դիմումին ներկայացվող պահանջները: 10. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.20-րդ հոդվածում 4-րդ մասին հաջորդում է 6-րդ մասը: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.20-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը: 11. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.20-րդ հոդվածը վերնագրված է «Դատական ակտերը», մինչդեռ նույն հոդվածի 7-րդ մասում սահմանված են վերաքննիչ դատարան բողոքի ներկայացման վերաբերյալ ընթացակարգային կարգավորումները, մասնավորապես՝ «Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ եւ գործը քննում է 10-օրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում»: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.20-րդ հոդվածի 7-րդ մասը դուրս է հոդվածի վերնագիրի կարգավորման շրջանակից: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 222.20-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի բովանադակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասերը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում»: 12. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են մեկից ավելի լրացումներ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում կիրառված «ԼՐԱՑՈՒՄ» բառին: 13. «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել (այսուհետ՝ Օրենք) ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված (այսուհետ՝ Օրենք) ձեւակերպումներին: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 31-րդ, 78-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորման վերաբերյալ հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.11.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.11.2021թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել օրենսդրական կարգավորումներ՝ հատուկ վարույթի շրջանակներում հարկային մարմնի կողմից բանկային եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության ստացման համար՝ Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջեւ վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում եւ համապատասխան հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով: Գլոբալ ֆորումը միջազգային կառույց է, որի գործունեությունն ուղղված է դրա անդամ երկրների միջեւ հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման ստանդարտների իրականացմանը: Գլոբալ ֆորումի շրջանակներում ներդրված է Տեղեկատվության փոխանակում հարցման հիման վրա՝ Exchange of information on request-EOIR ստանդարտը, համաձայն որի՝ 157 երկիր պարտավորվել են հարկային նպատակով միմյանց միջեւ տեղեկատվություն փոխանակել: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 03.11.2021թ.
1. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին) եւ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների եւ հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման ստանդարտների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ նախատեսելով հարկային մարմնի կողմից բանկային եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկության ստացումը հատուկ վարույթի շրջանակներում։ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջեւ (վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն) հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման համար: 2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթում ներառված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), մեր կարծիքով, որոշ հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Ընդ որում անձին արգելվում է հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:»: Վերոգրյալի հետ կապված կարծում ենք, որ «անձին արգելվում է» ձեւակերպումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի, քանի որ տվյալ տեսքով ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում եւ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Ուստի, առաջարկում ենք հստակ նշել այն անձին, ում արգելվում է հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը որոշ լրամշակման կարիք կունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-270) 12.11.2021թ.
|