ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-077-28.10.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-077-28.10.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
18.11.2021թ.
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 6.3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ մասերով սահմանված հիմքերով»: Նախ նշենք, որ լրացվող 6.2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ սահմանված թույլտվությունը օտարերկրյա իրավաբանական անձին տրվում է համապատասխան պետության կողմից, իսկ նշված իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում լիցեզավորման ենթական գործունեությամբ կարող են զբաղվել համապատասխան լիցենզավորող մարմնի որոշմամբ, այլ ոչ թույլտվությամբ: Հետեւաբար, հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 6.2-րդ եւ 6.3-րդ մասերի բովանդակությունը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 6.2-րդ մասը ձեւակերպել այնպես, որ հասկանալի լինի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի որոշմամբ թույլտվություն տրամադրելու հնարավորությունը: Հակառակ պարագայում, նոր լրացվող 6.2-րդ մասի ձեւակերպմամբ, օտարերկրյա իրավաբանական անձին լիցենզավորող մարմնի կողմից տրվում է որոշում, իսկ համապատասխան գործունեությամբ զբաղվելու թույլտվությունը օտարերկրյա իրավաբանական անձին տրվում է կոնկրետ պետության կողմից, եւ տվյալ թույլտվությունը մերժելու հիմքերը կամ կարգը չի կարող սահմանվել «Լիցենզավորման մասին» օրենքով: Բացի այդ նշենք, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված հիմքերն են՝ 1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված. 2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, 4.1) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, 5) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Նախագծով լրացվող 6.2-րդ մասով սահմանված պետությունների օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ունեն տվյալ պետության կողմից տրված համապատասխան թույլտվություն, Հայաստանի Հանրապետությունում չեն կարող իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեություն, եթե ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին եւ այլն: Նշենք, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը եւս վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման կարգին, մինչդեռ, հասկանալի չէ, թե ինչու օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման մերժման հիմքեր սահմանված են միայն լրացվող 6.2-րդ մասի պետությունների իրավաբանական անձանց համար: Միաժամանակ նշենք, որ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 6.2-րդ մասում նշված պետությունների շրջանակի ընտրությունը: 3. Առաջարկում ենք նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 6.2-րդ մասում նշված «Միացյալ Թագավորության» բառերից առաջ լրացնել «Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի» բառերը՝ հիմք ընդհունելով պետության պաշտոնական անվանումը: 4. Նախագծի 3-րդ հոդվածի ձեւակերպումը բավարար չափով հստակ եւ որոշակի չէ եւ չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին. մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածով «սույն օրենքի 6.4-րդ կետին» կատարված հղման փոխարեն հղում պետք է կատարվեր սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացված 6.4-րդ մասին, քանզի լրացվող 6.4-րդ մասը ոչ թե սույն օրենքի, այլ «Լիցենզավորման մասին» օրենքի մաս է: Բացի այդ «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով: Նշենք նաեւ, որ Օրենքի 6.4-րդ կետին, 7-րդ հոդվածի 6.2-րդ մասին արված հղումները հստակ եւ միանշանակ չեն: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը վեցամսյա ժամկետում ընդունում է սույն օրենքի 2-րդ մասով լրացվող 6.4-րդ մասով սահմանված թույլտվության տրման կարգը:» կամ «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:»:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Սահմանադրության տեսանկյունից խնդրահարաույց չէ: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 18.11.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 18.11.2021թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց` տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում այդ երկրների տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար թույլտվությունը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու: Տվյալ մոտեցումը բխում է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից բիզնեսին, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականությունից եւ դրական ազգեցություն կունենա նրանց գործունեության վրա: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 03.11.2021թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեության՝ վայրի պահանջ չնախատեսող տեսակներով զբաղվելու համար մի շարք երկրների կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիազոր մարմնին դիմելու եւ պարզեցված ընթացակարգով թույլտվություն ստանալու օրենսդրական կարգավորում սահմանելու անհրաժեշտությամբ: Համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-րդ մասի՝ «Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»: Նախագծով կառավարությունն առաջարկում է վերոհիշյալ հոդվածն ավելացնել 6.2, 6.3 եւ 6.4 մասերով, համաձայն որոնց կբացառվեն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պահանջը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար պահանջվող ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության երկրների, Եվրոպական միության անդամ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, ՉԺՀ-ի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց համար: Նախագծով առաջարկվող նոր՝ 6.2 մասով նախատեսվում են նաեւ բացառություններ հետեւյալ հանգամանքներով. - Ռազմական նշանակության արտադրանքի շրջանառության լիցենզիա՝ որպես զգայուն եւ խիստ վերահսկվող գործընթաց եւ հաշվի առնելով ՀՀ անվտանգությունն ու պետական շահերը, ստանձնած միջազգային պարտավորությունները՝ Նախագծով առաջարկվող մոտեցումը նշված գործունեության տեսակների մասով նպատակահարմար չէ: - Վիճակախաղերի եւ շահումով, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպման լիցենզիա: Նման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:
- Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների լիցենզիա, որը տրամադրվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունն իր բնույթով բացառիկ է եւ օտարերկրյա պետության կողմից տրված լիցենզիայի հիման վրա ՀՀ-ում համարժեք գործունեության իրականացումը նպատակահարմար չէ:
- ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող արժութային կարգավորման, արժեթղթերի շրջանառության, բանկային եւ ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառի լիցենզիաներ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկվել է Նախագծով ներկայացվողվող մոտեցումը չկիրառել վերջինիս կողմից տրվող լիցենզիաների հիման վրա իրականացվող գործունեության տեսակների վրա: Ներկայացված Նախագծով կառավարությունն ակնկալում է, որ կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը, կվերանան գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթները, կբարելավվեն եւ կպարզեցվեն պետության կողմից բիզնեսին եւ օտարերկրյա իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունները: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70) 03.11.2021թ.
|