ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-083-05.11.2021-ԱՍ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0831
-05.11.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-083-05.11.2021-ԱՍ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0831 -05.11.2021-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
30.11.2021թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1) Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 2) Հարկ ենք համարում նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթում «եւ (կամ)» գրելաձեւի գործածման դեպքերը:
Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Նախագծերի Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություն, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Իր հերթին, Օրենքի առաջարկվող կարգավորումների գործողությունը տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոնների վրա: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել դրանում ընդգրկված նախագծերն ուժի մեջ մտնելու դրույթներին: Մասնավորապես, Նախագծերի փաթեթում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 8-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ արտակարգ դրության եւ (կամ) կարանտինի ավարտը:»: Կորոնավիրուսային հիվանդության հետ կապված ներկայումս գործում է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշումը, որով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ, որը հետագայում երկարացվեց մինչեւ 2022թ. հունիսի 20-ը: Խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծով որեւէ կարգավորում չի նախատեսվում սահմանված արտակարգ դրության կամ կարանտինի ավարտի եւ Նախագծով սահմանվող միջոցառումների (պատասխանատվության) համադրման տեսանկյունից: Մասնավորապես, նշված երկու երեւույթների համադրման դեպքում Նախագծից անհայտ է մնում, թե օրինակ՝ գործող կարանտինը չերկարացնելու դեպքում՝ կարանտինի ավարտից հետո կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատողին ազատել աշխատանքից (լուծել աշխատանքային պայմանագիրը), թե՞ ոչ, եթե նույնիսկ մինչեւ կարանտինի ավարտը աշխատողը բացակայել է համապատասխան օրերի թվով, կամ չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը եւ կարանտինի ավարտից 3 օր առաջ ստացել է գրավոր ծանուցումը: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակ սահմանել նաեւ այն ժամկետները, թե ե՞րբ են դադարում գործել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված պահանջների չպահպանման պատճառով աշխատանքից ազատման հիմքերը (նույնը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի 5-րդ հոդվածին):
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական եւ կազմակերպական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 11.11.2021թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում, աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակի հայտնաբերման պայմաններում առավել արդյունավետ դարձնել վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ միջոցների կիրառումը եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների խիստ պահպանումը՝ հիվանդության տարածումը հնարավորինս կանխելու, մահվան դեպքերը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Ներկայումս ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաեւ այդ հիվանդության հետեւանքով մահվան դեպքերի թվերի աճ: Նշվածի համատեքստում առողջապահության ոլորտում պետությունն առաքելություն է ստանձնել պահպանել բնակչության առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության նշված հանգամանքներով պայմանավորված՝ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա նախատեսվում են վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահմանն ուղղված միջոցառումների իրականացում: Վարակի տարածման կանխարգելիչ միջոցների խիստ պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պահանջը բխում է նաեւ Սահմանադրությունից, որի 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել լրացումներ եւ փոփոխություն, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու եւ լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Սա տարածվելու է հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոնների վրա: Նախագծերի փաթեթը կրթական, հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող օրենսդրական կարգավորումները կնպաստեն աշխատանքային հարաբերությունների պատշաճ կենսագործունեության ու իրականացման ապահովմանը, դրանց սուբյեկտների գործառույթների իրականացմանը, գործատուների տնտեսական գործունեության անխափան իրականացմանը, պետությունում տնտեսական կայունությանը, ինչպես նաեւ հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացմանը, ինչը բխում է հանրային շահերից եւ պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձեւավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-270) 15.11.2021թ.
|