ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-085-09.11.2021-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) (փաստաթղթային կոդ` Պ-085-09.11.2021-ՊԱ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

30.11.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ուղղել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) վերնագիրը՝ «Պաշտպանության» բառը փոխարինելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերով:

2.Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հետեւյալ պահանջով. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը» եւ հանել «2016» թվին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասով նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների (այսուհետ՝ շահառու) շրջանակում ընդգրկել նաեւ զինծառայողի քրոջը, եղբորը, տատին եւ պապին: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ որպես նախատեսվող լրացման պատճառ նշվում է, որ առկա են դեպքեր, երբ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված շահառուները բացակայում են, սակայն զինծառայողն ունի քույր, եղբայր, տատ կամ պապ: Նշվածի կապակցությամբ մեջբերենք Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ «Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու են համարվում զինծառայողի՝ (…)

հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում(…)»:

Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաեւ այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը»:

Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ զինծառայողի մահվան դեպքում վերջինիս քույրը կամ եղբայրը կարող են շահառու դիտարկվել միայն որոշակի պահանջների առկայության պարագայում: Այլ կերպ ասած, Օրենքում արտացոլված են այն պահանջները, օրինակ՝ տվյալ անձի խնամքի տակ գտնվելու հանգամանքը, անչափահաս լինելու հանգամանքը եւ այլն, որոնց առկայության պարագայում նպատակահարմար է զինծառայողի քրոջը կամ եղբողը վնասի հատուցում տրամադրել: Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասն էլ հնարավորություն է տալիս Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում հատուցում ստանալ նաեւ օրինակ՝ զինծառայողի տատին կամ պապին, ովքեր եղել են նրա խնամքի տակ, ունեն հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք, բացի այդ՝ Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի իմաստով շահառու կարող են հանդիսանալ նաեւ զինծառայողի քույրը, եղբայրը, տատը կամ պապը՝ պայմանով, որ վերջիններս խնամել են զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը: Հետեւապես կարող ենք ընդգծել, որ, համապատասխան պահանջները հաշվի առնելով, զինծառայողի տատին, պապին, քրոջը կամ եղբորը հատուցում տրամադրելու դեպքերն արդեն իսկ սահմանված են Օրենքում:

4.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասով սահմանվում է, որ այդ մասում նշված անձինք օժտված են շահառու հանդիսանալու իրավունքի առաջնահերթությամբ նույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց համեմատությամբ: Մինչդեռ Հիմնավորման բովանդակությունից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասում նշված անձինք կարող են հանդիսանալ շահառուներ միայն Օրենքի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված շահառուների բացակայության դեպքում: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասում նշված «3-րդ մասի 1-4-րդ կետերում» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ մասերում» բառերը: Հարկ ենք համարում նկատել նաեւ, որ «3-րդ մասի 1-4-րդ կետեր» ձեւակերպման կիրառումը ինքնին իմաստազուրկ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ մասն իրենից ներկայացնում է իր մեջ եղած կետերի ամբողջություն:

5.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասով սահմանվում է. «Եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու? Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ»: Մեջբերված հատվածին հարկ է անդրադառնալ մի քանի տեսանկյուններից.

5.1.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում կիրառվում են «փաստական ամուսնություն» եւ «փաստական ամուսնական հարաբերություն» եզրույթները: Սույն եզրակացության 4-րդ կետում մեջբերված մասի վերլուծությունից բխում է, որ «փաստական ամուսնություն» եւ «փաստական ամուսնական հարաբերություն» եզրույթները նույն իմաստն են արտահայտում: Այս առումով հարկ է մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Հետեւաբար արգելվում է «փաստական ամուսնություն» եւ «փաստական ամուսնական հարաբերություն» եզրույթների միաժամանակյա կիրառությունը:

5.2.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում կիրառվող «փաստական ամուսնություն» եզրույթը Հայաստանի Հանրապետության օրեսնդրության մեջ ընդհանրապես չի կիրառվում, ինչն իր հերթին հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

5.3.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասով սահմանված դրույթի համաձայն՝ «փաստական ամուսնություն» եւ «փաստական ամուսնական հարաբերություն» եզրույթները կիրառվում են այն հարաբերությունների վերաբերյալ, որոնք օրենքով սահմանված կարգով ամուսնության պետական գրանցում չեն ստացել: Այս առումով վերոնշյալ դրույթը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքին (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) հակասելու տեսանկյունից: Մասնավորապես՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը», Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից»: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասով նախատեսվում է Օրենքով ճանաչել ամուսնության պետական գրանցում չստացած հարաբերությունները:

5.4.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում նշված «(…) անձը (…) համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու (…)» ձեւակերպումը, կարծում ենք, կարիք ունի վերաձեւակերպման՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով:

5.5.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի» 21-րդ հոդվածի 4-րդ մասի հետեւյալ պահանջին՝  «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Մասնավորապես՝ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է Օրենքի համաձայն ստեղծված հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կրճատ տարբերակը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում արդեն իսկ կիրառվում է «Հիմնադրամ» կրճատ տարբերակը:

5.6.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում նշված է. « (…) այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ (…)»: Մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կամ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կամ Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն (այսուհետ՝ իրավասու մարմիններ) է որոշում, թե ով է հանդիսանում շահառու, իսկ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ շահառու հանդիսանալու համար անհարժեշտ փաստաթղթերն ու տվյալները Հիմնադրամ են ներկայացնում իրավասու մարմինները, այլ ոչ ֆիզիկական անձինք:Նշված ձեւակերպումից բխում է, որ Օրենքի կարգավորմամբ շահառու հանդիսանալու համար ֆիզիկական անձի կողմից Հիմնադրամին դիմելու ընթացակարգը բացակայում է, ինչը որ նախատեսված է Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 3.2-րդ մասով:

5.7.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասով ամուսնության պետական գրանցում չստացած հարաբերությունները ամուսնություն ճանաչելու վերաբերյալ նշվում է. «Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ»: Այս ձեւակերպումը կարող է հանգեցնել տարատեսակ մեկնաբանությունների: Այսպես՝ մեջբերված հատվածում սահմանվում են այն հիմքերը, որոնք կարող են հավաստել փաստական ամուսնական հարաբերությունների մեջ լինելու փաստը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «փաստական ամուսնություն» եզրույթի սահմանումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծությունից հստակ չէ, թե որ հանգամանքների առկայությունն է անհրաժեշտ եւ բավարար ամուսնության պետական գրանցում չստացած հարաբերությունները փաստական ամուսնական հարաբերություն ճանաչելու համար՝ առաջարկում ենք Օրենքով հստակ սահմանել այն տեղեկությունների շարքը, որոնք կարող են հիմք հանդիսանալ փաստական ամուսնական հարաբերության մեջ լինելու փաստը հավաստելու համար կամ Օրենքով հստակ նշել՝ որ մարմինն իրավասություն ունի իր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանել վերոնշյալ տեղեկությունների սպառիչ ցանկը: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասի մեջբերված հատվածում կիրառված «կարող են» բառերը փաստում են, որ նույնիսկ նույն մասով նշված տեղեկությունների առկայությունը չի երաշխավորում, որ ամուսնության պետական գրանցում չստացած հարաբերությունները կճանաչվեն փաստական ամուսնական հարաբերություն: Այսինքն՝ «կարող են» բառերի կիրառումը թողնում է փաստական ամուսնական հարաբերության ճանաչումը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայեցողությանը: Բացի այդ՝  Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում նշված է. «անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու»: Այս առումով հատկանշական է այն փաստը, որ Օրենքի՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունները սահմանող 24-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա կարող ենք փաստել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը չունի նման փաստ հաստատելու իրավասություն:

5.8.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում նշված «Սույն կետի իմաստով» ձեւակերպման մեջ անհրաժեշտ է «կետի» բառը փոխարինել «մասի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի հետեւյալ պահանջը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի» եւ այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվում է նոր 3.2-րդ մաս, այլ ոչ թե կետ:

5.9.   Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» ձեւակերպումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվող ձեւակերպմանը՝ «Հայաստանյայց» բառից բացի մյուս բառերը շարադրելով փոքրատառերով:

6.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով կատարված լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, 4-րդ եւ 5-րդ մասերում:

Միաժամանակ առաջարկում ենք վերացնել Նախագծում առկա մի շարք վրիպակներ, մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում կիրառվող «3.1.-ին» եւ նույն հոդվածի 2-րդ կետում կիրառվող «3.2.-րդ» ձեւակերպումների մեջ երկրորդ միջակետերը եւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր 3.2-րդ մասում կիրառվող «?» նշանը առաջարկում ենք հանել:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

30.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

30.11.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառուների շրջանակը՝ դրանում ընդգրկելով զինծառայողի եղբորը, քրոջը, պապին, տատին: Բացի այդ, առաջարկվում է Նախագծում ավելացնել նոր դրույթ, ըստ որի? «եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու: Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ:»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Շահառուների շրջանակի ընդլայնումը, կարծում ենք, կարող է ստեղծել լրացուցիչ ֆինանսական ռիսկեր՝ հատուցման գումարների ոչ նպատակային օգտագործման եւ, որպես դրա հետեւանք՝ փոշիացման համար, առավել եւս, որ շահառուների շրջանակի մեջ այդ անձանց ընդգրկման հիմնավորվածությունը բացականաչափ վիճահարույց է: Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ? «Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից»: Այսինքն, օրենսդրությամբ չգրանցված ամուսնությունը չի կարող առաջացնել որեւէ իրավական հետեւանք: Կարծում ենք, այս առումով Նախագծով առաջարկվող լրացումը հակասում է Ընտանեկան օրենսգրքի նշված հոդվածին:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու համարվող անձանց շրջանակի սահմանման հիմքում դրված է ընտանիքի անդամ հանդիսանալու գաղափարը? Այս առումով, զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնված եւ ամուսնության պետական գրանցում չունեցած անձին շահառու դիտարկելը չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ, առավել եւս, որ որպես այդպիսին դիտարկվելու՝ Նախագծով նախատեսվող «ապացույցները» ոչ միայն սպառիչ կերպով սահմանված չեն (ինչը շրջանցելու լայն հնարավորություններ է տալիս), այլեւ բավարար հիմք չեն փաստական ամուսնական հարաբերության մեջ գտնվելն ապացուցելու համար:

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Նախագծի ընդունումը գործնականում չի կարող ապահովել դրանից ակնկալվող արդյունքների ստացումը, ուստի այն ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

19.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

   1. ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես, առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1 եւ 3.2 մասերով, որոնցով հստակ կսահմանվեն զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու հանդիսացող անձինք: 

   1.1 Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է որպես շահառու համարել նաեւ զինծառայողի եղբորը, քրոջը, պապուն, տատուն:

   1.2 Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է. 

«3.2. Եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու: Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ:»: 

   2. Նախագծի վերաբերյալ սոցիալական առումով դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես,

   2.1 Կարծում ենք առավել նպատակահարմար է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «1) եղբայրը, 2) քույրը, 3) պապը, 4) տատը» բառերի փոխարեն ավելացնել «մերձավոր ազգականները» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի» հետ համահունչ դարձնելու նպատակով: Ելնելով նշվածից, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի մերձավոր ազգականները:»:

   2.2 Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «3.2. Եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու: Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ:»: Այս կապակցությամբ, հարկ ենք համարում նշել հետեւյալը: ՀՀ օրենսդրությամբ «փաստական ամուսնություն» կարգավիճակ, որպես այդպիսին սահմանված չէ եւ դրան ներկայացվող պայմանները: Դրանով պայմանավորված, կցանկանայինք ներկայացնել հարցադրումները:

- արդյո՞ք փաստական ամուսնական հարաբերությունը հաստատող արժանահավատ փաստ կարող է հանդիսանալ համատեղ լուսանկարը կամ «կենսաբանական» երեխայի առկայությունը,

- ի՞նչ տեղի կունենա, եթե փաստական ամուսնության մեջ գտնված անձը, հանգամանքներից ելնելով, չի կարող ներկայացնել բավարար ապացույցներ (չկա «կենսաբանական» երեխա, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումներ), 

- ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից պսակադրության վկայականի (ինչը, համաձայն Նախագծի, հանդիսանում է «համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստող տեղեկություն») տրամադրումից հետո որոշ ժամանակ անց, մինչեւ հատուցման դեպքի տեղի ունենալը, փաստական ամուսնական հարաբերությունները դադարում են:

3. Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ շրջանառության մեջ է գտնվել (Խ-264-02.09.2019-ՊԱ-011/0) նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկության մեջ բարձրացված որոշ հարցեր ուղղակիորեն առնչվում են սույն Նախագծով նախատեսվող կարգավորուներին: Մասնավորապես, 

«…օրենքի համաձայն դրամական օգնությունը տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի միայն այն անդամներին, ովքեր ներկայացրել են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական: Հատկապես նշված խնդիրը վերաբերում է մահացած զինծառայողի ընտանիքի անդամներից ամուսնուն դրամական օգնություն տրամադրելուն, քանի որ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց փաստացի ամուսնության եւ ընտանիք կազմելու փաստը հաստատում ՔԿԱԳ-ի մարմնում՝ այսպիսով զրկվելով դրամական օգնություն ստանալու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով որպես ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունք՝ ամրագրվում է, որ ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը: Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: Այսինքն, հաշվի առնելով պետական ու հասարակական շահերը, ինչպես նաեւ ամուսնացողների եւ նրանց զավակների անձնական եւ գույքային շահերի պաշտպանությունը՝ օրենքով սահմանված է ամուսնության գրանցման որոշակի կարգ: Ավելին, Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով չգրանցված ամուսնությունը չի ճանաչվում եւ չի առաջացնում որեւէ իրավական հետեւանք: Հետեւաբար, ամուսնության գրանցման փաստը հանդիսանում է ամուսնու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքների եւ պարտկանությունների ծագման նախապայման, ուստի առանց վերջինիս անհնար է դառնում նաեւ անձի՝ ամուսնու կարգավիճակից բխող իրավունքներից եւ արտոնություններից օգտվելու հնարավորությունը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն նշված հոդվածի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները եւ ծնողները: Նշված կարգավորումից ողջամտորեն ենթադրվում է, որ օրենսդիրը տվյալ դեպքում նկատի է ունեցել անձի՝ ամուսին, զավակ եւ ծնող լինելու փաստը հենց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքը, ուստի նախագծով առաջարկվող կարգավորման իրացումը փաստացի հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կարգավորումների հետ այն իմաստով, որ միայն համապատասխան պետական գրանցում ստանալու հիմքով անձը կարող է ճանաչվել որպես ընտանիքի անդամ:»

Եզրահանգում

Ներկայացված տեսքով Նախագծի ընդունումը չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները, ուստի, սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից այն լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

17.11.2021թ.