ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-086-09.11.2021-ՏԵ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-086-09.11.2021-ՏԵ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                               ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

30.11.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.  Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մաս՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Նախագծի 1-ին հոդվածով «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացվում է նոր հասկացություն, այն  է՝ «հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստր (այսուհետ՝ պետական ռեեստր) սույն օրենքի 12-րդ հոդվածի բ) եւ գ) կետերով սահմանված մարմինների եւ անձանց, նրանց կողմից կատարված աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների վերաբերյալ տվյալների ամբողջություն:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում  նշել, որ Նախագծով սահմանված հասկացությունը չի համապատասխանում բովանդակությանը: Մասնավորապես՝ Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հասկացությունների շարքում սահմանված է «հիդրոօդերեւութաբանական ծառայություն` կազմակերպչական եւ տեխնոլոգիապես փոխկապակցված կազմակերպությունների, հիմնարկների, կենտրոնների, կայանների, դիտակետերի ընդհանրություն, որն ապահովում է համալիր աշխատանքների կատարումը հիդրոօդերեւութաբանության բնագավառում, ներառյալ` կլիմատոլոգիան, ագրոօդերեւութաբանությունը, լիմնոլոգիան, հիդրոօդերեւութաբանական երեւույթների, այդ թվում` իոնոլորտի եւ մերձերկրյա տիեզերական տարածության մոնիթորինգը, հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.»:

Այսպես՝ Օրենքի իմաստով հիդրոօդերեւութաբանական ծառայությունը հիդրօդերեւութաբանության բնագավառում համալիր աշխատանքների կատարումն ապահովող կազմակերպչական եւ տեխնոլոգիապես փոխկապակցված կազմակերպությունների, հիմնարկների, կենտրոնների, կայանների, դիտակետերի ընդհանրություն է: Մինչդեռ, Նախագծով սահմանվող նոր հասկացությունը ներդնում է  հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստր: Օրենքում տրված հասկացության տեսնակյունից հասկանալի չէ՝ ովքեր են Նախագծով սահմանվող հասկացության հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձինք: Բացի այդ, պետական ռեեստրում ներառվում են Օրենքի 12-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերով սահմանված մարմինների եւ անձանց վերաբերյալ տվյալներ: Կարծում ենք՝ «հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձ» տերմինն կիրառությունը որպես Օրենքի 12-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերով սահմանված մարմինների եւ անձանց վերաբերյալ տվյալնների ամբողջություն նպատակահարմար չէ: 

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում կատարվող լրացմամբ հիդրոօդերեւութաբանական ծառայությաններ մատուցող անձանց պետական ռեեստրում ներառվում են միայն Օրենքի 12-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերով սահմանված մարմինների եւ անձանց վերաբերյալ տվյալները: Մինչդեռ, հարկ է նկատել՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում կատարվող լրացման համաձայն՝ հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրում ներառվում է հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ տվյալներ:

Հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված հասկացությունները՝ նշենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող կազմակերպությունների ու ծառայությունների ամբողջությունն ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգն է:

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝  «Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգում ընդգրկվում են`

ա) պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունը.

բ) գերատեսչական հիդրոօդերեւութաբանական ծառայությունները.

գ) հիդրոօդերեւութաբանական երեւույթների դիտարկումներ իրականացնող տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:»:

Նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է պետական հիդրոօդերեւութաբանական ծառայութան վերաբերյալ տվյալնները հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրում չներառելու վերաբերյալ հիմնավորումը: Կարծում ենք՝ հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց, նրանց կողմից կատարվող աշխատանքների եւ մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը ներառող պետական ռեեստրն ենթադրում է միասնական համակարգ, որի մեջ նպատակահարմար է ներառել նաեւ պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունը: Սույն դիտարկումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրող կազմակերպությունների ու ծառայությունների ամբողջության՝ ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգում ընդգրկված է նաեւ պետական հիդրոօդերեւութաբանական ծառայությունը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածով կատարվող լրացման 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների առնչությամբ նշենք նաեւ, որ Օրենքի 23-րդ հոդվածում սահմանված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի վերաբերյալ իրավակարգավորում, որի 1-ին պարբերության համաձայն՝ «Հիդրոօդերեւութաբանական երեւույթների մոնիթորինգի բոլոր տվյալները, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվող ազգային հիդրոօդերեւութաբանական համակարգի սուբյեկտներից, կազմում են հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդը, որը գտնվում է հիդրոօդերեւութաբանության բնագավառում լիազորված մարմնի տնօրինության ներքո:»: Հարկ է նկատել, որ հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդում եւ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրում ներառվող տեղեկությունների շրջանակում կան նույնացող տվյալններ: Կարծում ենք՝ անհրաժեշտ է վերանայել նույն տվյալնները տարբեր տեղեկատվական բազաներում ներառելու անհրաժեշտության նպատակահարմարությունը: 

3.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում կատարվող լրացման մեջ «տեղեկությունների» բառը փոխարինել «տեղեկատվության» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 20-րդ հոդվածում նախատեսված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ իրավակարգավորում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

4.  Նախագծի 1-ին հոդվածով  Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր հասկացությունն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

5.  Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.11.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքը ներդաշնակեցնել ԵՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը: Մասնավորապես, առաջարկվում է «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի ստեղծման եւ վարման հարցերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668) 

15.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման,  լիազոր մարմնին օդերեւութաբանության եւ  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, ինչպես նաեւ նրանց հաշվառելու  անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունմամբ ակնկալվում է ներդաշնակեցում ԵԱՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Լ. Սարգսյան (հեռ. 011-513-270), (12-70)

16.11.2021թ.