ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-090-12.11.2021-ԱՍ-011/0)  եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0901 -12.11.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-090-12.11.2021-ԱՍ-011/0)  եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0901 -12.11.2021-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագիծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

30.11.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծերի փաթեթով նախատեսվում է արդեն իսկ ուժի մեջ մտած եւ գործող օրենքների եզրափակիչ մասերում եւ անցումային դրույթներում կատարել այնպիսի լրացումներ եւ փոփոխություն, որոնցով սահմանվում են գործող օրենսդրությունից տարբերվող դրույթներ: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից բխում է, որ թույլատրվում է փոփոխություններ կամ լրացումներ կատարել միայն սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ մտած օրենքների ոչ թե եզրափակիչ մասում եւ անցումային դրույթներում, այլ հիմնական մասում. «(…)Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում»: Վերոնշյալ դիտարկմամբ նշված Նախագծերի փաթեթով նախատեսվող լրացումներն ու փոփոխությունը հանգեցնում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝

1.1.Նախագծերի փաթեթով նախատեսվում է անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչել բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, անձի հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ որոշել, հաստատել անձանց վերականգնողական անհատական ծրագրի կազմման եւ իրականացման կարգ եւ այլն, մինչդեռ վերը նշված գործողությունները դուրս են այն օրենքների կարգավորման առարկաներից, որտեղ Նախագծերի փաթեթով նախատեսվում է կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություն: Այսպես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ», այսինքն՝ Օրենքով չեն կարող սահմանվել կարգեր կամ չափորոշիչներ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, նրա հաշմանդամության խումբ որոշելու եւ նմանատիպ այլ դրույթներ: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական եւ իրավական հիմքերը, նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաեւ կարգավորում է ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ», այսինքն՝ նշված օրենքով չեն կարող սահմանվել անձին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, անձի հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ որոշելու վերաբերյալ դրույթներ, քանի որ այդ օրենքով կարգավորվում են անձի ֆունկցիոնալության գնահատումը, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի որոշումը եւ այլն:

1.2.Հարկ է նկատել նաեւ, որ Նախագծերի փաթեթում կիրառվող «բժշկասոցիալական փորձաքննություն», «հաշմանդամության խումբ», «անձի վերականգնողական անհատական ծրագիր» եզրույթների սահմանումները բացակայում են այն օրենքներում, որտեղ Նախագծերի փաթեթով լրացումներ եւ փոփոխություն են նախատեսվում, հետեւաբար հասկանալի չէ արդյոք նշյալ եզրույթները տարբերվում են համապատասխանաբար «անձի ֆունկցիոնալության գնահատում», «անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան», «ծառայությունների անհատական ծրագիր» եզրույթներից, թե ոչ, ինչքանով են դրանք համընկնում, կարելի է արդյոք կիրառել  «անձի ֆունկցիոնալության գնահատում», «անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան», «ծառայությունների անհատական ծրագիր» եզրույթների կիրառմամբ սահմանված դրույթները «բժշկասոցիալական փորձաքննություն», «հաշմանդամության խումբ», «անձի վերականգնողական անհատական ծրագիր» եզրույթների նկատմամբ եւ այլն:

1.3.Սույն կետով նշված դիտարկումները հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր կետին՝ Կառավարության կողմից սահմանվող բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի վերաբերյալ: Այս առումով հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն միայն անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի խախտման համար, այսինքն՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ ոչ մի պատասխանատվություն նշված կարգի խախտման համար:

2.Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի՝ «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությամբ 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 3-րդ կետով սահմանել հետեւյալը. «Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

ա. մանկուց (մինչեւ 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը.

բ. ընդհանուր հիվանդությունը.

գ. աշխատանքային վնասվածքը.

դ. մասնագիտական հիվանդությունը.

ե. բնական, տեխնածին եւ այլ աղետները, ինչպես նաեւ դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

զ. զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

է. զինվորական պարտականությունները կատարելու հետեւանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

թ. Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ժ. պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ի. հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

լ. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի եւ այլ ճառագայթային աղետների հետեւանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

խ. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»: 

 Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանվում է, որ «3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր»: 

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 3-րդ կետով սահմանվող դրույթը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված եզրափակիչ մասում եւ անցումային դրույթներում ներառման ենթակա ոչ մի դեպքին:

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 3-րդ կետն ունի նույն բովանդակությունն ինչ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը: 

Միաժամանակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 3-րդ կետում առաջարկում ենք «ժ» ենթակետից հետո ենթակետերի համարակալումը «ի», «լ» եւ «խ» տառերով համարակալման փոխարեն սահմանել համապատասխանաբար «ժա», «ժբ» եւ «ժգ» տառերով:

3.Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 4-րդ կետը սահմանում է. «Միասնական սոցիալական ծառայության իրավասու ստորաբաժանումն անձին հաշմանդամ է ճանաչում սույն հոդվածին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման, վերականգնողական անհատական ծրագրերի կազմման ու իրականացման կարգին եւ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան»: 

3.1.Նախ՝ մեջբերված հատվածում կիրառված «հաշմանդամ» բառը հարկ է փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ հետեւյալ պատճառաբանությամբ: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում եւ վերոնշյալ օրենքներում կիրառվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը: Հետեւաբար անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

3.2.Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելիս Միասնական սոցիալական ծառայությունը գործում է միայն Նախագծի 2-րդ հոդվածով կատարված լրացման արդյունքում շարադրված Օրենքի 23-րդ հոդվածին եւ Կառավարության կողմից սահմանվող կարգերի եւ չափորոշիչներին համապատասխան, մինչդեռ անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ դրույթներ սահմանվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով:

3.3.Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր 3.1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը եւ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ կիրառվում է «Կառավարություն» բառը:

4.«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացման արդյունքում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը ունենում է հետեւյալ տեսքը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից եւ գործում է 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ 5-րդ հոդվածի 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ կետերի»: Վերոնշյալ լրացմանն անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի տեսանկյուններից.

4.1.Նախ՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետն արդեն վրա է հասել եւ այն մի քանի ամիս է ինչ գործում է, հետեւաբար «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացման մեջ նշված ժամկետը չի կարող հանգեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի գործելու ժամկետի փոփոխմանը:

4.2.«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացման արդյունքում հասկանալի չէ, թե սահմանված բացառությունը վերաբերում է նշված օրենքի 5-րդ հոդվածի 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ կետերի ուժի մեջ մտնելու թե գործելու ժամկետին: Հետեւաբար անհրաժեշտ է կատարել համապատասխան հստակեցում:

Բացի այդ՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում լրացվող ձեւակերպման մեջ «5-րդ հոդվածի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «1-ին մասի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

29.11.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

29.11.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծերի փաթեթով նախատեսվում է մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացն իրականացնել առկա մեխանիզմներով եւ չափանիշներով, զուգահեռաբար իրականացնելով համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգն արդյունավետ ներդնելու ուղղությամբ: 

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

15.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագիծերի փաթեթով  առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում՝ հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով: 

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները՝ ըստ հեղինակի,  հնարավորություն կընձեռեն մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացը իրականացնել գործող մեխանիզմներով եւ չափանիշներով, զուգահեռ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը արդյունավետ ներդնելու ուղղությամբ: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Կարծում ենք, Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումներով կապահովվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի սահուն իրականացում, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի արդյունավետ ներդրում, աջակցող միջոցների տրամադրման հասցեականության մեծացում:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

15.11.2021