ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-092-15.11.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0921 -15.11.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0922 -15.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-092-15.11.2021-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0921 -15.11.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0922 -15.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
06.12.2021թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը: 2. Նախագծի 3-րդ հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 95-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները եւ վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:»: Նախագծի 8-րդ հոդվածով` Օրենսգրքի 123-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «3. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 123-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ նշում է կատարում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հայտարարությունների հրապարակման ժամկետի հետ կապված` հաշվի առնելով դատավորների թեկնածուների ցուցակների հերթական համալրման համար նախատեսված ամենամյա ժամկետները: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք, Նախագծերի փաթեթով դատավորների թեկնածուների ցուցակների համալրման կարգում կատարվող ընդհանուր փոփոխությունների հաշվառմամբ, նախատեսել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների ցուցակի համալրման անհրաժեշտության մասին որոշման ընդունաման պահից որոշակի ժամկետի պահպանմամբ` հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հայտարարությունների հրապարակման պահանջ: 3. Նախագծի 3-րդ հոդվածով` Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 95-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաեւ սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները: 2. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա եւ կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը եւ այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:(...)»: Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը եւ դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգումը բաղկացած է հայտի ներկայացման եւ ստուգման, գրավոր քննության եւ հարցազրույցի անցկացման փուլերից: Օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 15-ը սահմանում եւ հրապարակում է որակավորման գրավոր քննության ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների 60 տոկոսից): Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք, Նախագծերի փաթեթով դատավորների թեկնածուների ցուցակների համալրման կարգում կատարվող ընդհանուր փոփոխությունների հաշվառմամբ, նախատեսել Բարձրագույն դատական խորհրդի կողմից` Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ձեւերի, պահանջների եւ կարգերի սահմանման եւ հրապարակման այլ ժամկետներ: 4. Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածների մեկ համարակալված կետերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: 5. Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում առկա է հետեւյալ ձեւակերպումը. «4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ, որում ընդգրկվում են` (...):»: Հիմք ընդունելով իրավական կարգավորումների որոշակի եւ հստակ լինելու պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի կարգավորումը շարադրել հետեւյալ կերպ. «4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ յուրաքանչյուր ենթաբաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, որում ընդգրկվում են`(...)», եթե քննարկվող կարգավորման նպատական է հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համար նախատեսել երկու առանձին ցուցակներ՝ ըստ ենթաբաժինների: Իսկ եթե կարգավորման նպատակն է նախատեսել, որ դատավորների թեկնածուների հավակնորդների մեկ միասնական ցուցակը կազմված է երկու առանձին մասերից՝ ըստ ենթաբաժինների, ապա առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի համապատասխան ձեւակերպումը: 6. Նախագծի 6-րդ հոդվածով` Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրվում են նոր խմբագրությամբ, որի արդյունքում նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնում է հետեւյալ հաջորդականությամբ. (...) 4) չորրորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին. 5) հինգերորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին:»: Նախագծի 6-րդ հոդվածով` Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ եւ 5-րդ կետերի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 6.1. Նախագծի 6-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում փոփոխության են ենթարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված որոշակի խումբ անձանց` Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկվելու նպատակով թեկնածու ընտրվելու հերթերը: Հարկ է նկատել, որ քննարկվող փոփոխության վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են դրա անհրաժեշտության վերաբերյալ դիտարկումները: 6.2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնում է հետեւյալ հաջորդականությամբ. (...) 4) չորրորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին. 5) հինգերորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին:»: Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում եւս մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցողին: Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք, Նախագծի 6-րդ հոդվածով` Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ եւ 5-րդ կետերում տարիքով ավագ հավակնորդին կամ թեկնածուին նախապատվություն տալու կանոնը ունի լրացուցիչ հիմնավորման կարիք: 7. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի` 124-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ եւ 6-րդ մասերի կարգավորումներն առաջարկում ենք երկու կողմից ներառել չակերտներում: 8. Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 9. Նախագծի` եզրափակիչ եւ անցումային դրույթներին վերաբերող 11-րդ հոդվածով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 9-րդ մասում սահմանված պահից: 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության եւ իրականացման կարգի մանրամասները՝ հաշվի առնելով սույն հոդվածի կարգավորումները: 3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի՝ այն դատավորները, որոնք մինչեւ Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատի ձեւավորումից հետո: Գրավոր համաձայնություն ներկայացրած դատավորները մինչեւ Վարչական պալատի ձեւավորումը պաշտոնավարում են որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ: 4. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն դատավորները, որոնք չեն համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին եւ այն դատավորները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին, սակայն Վարչական պալատում պաշտոնավարելու վերաբերյալ գրավոր համաձայնություն չեն ներկայացնում, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի (այսուհետ՝ Քաղաքացիական պալատ) եւ Վարչական պալատի ձեւավորումից հետո շարունակում են պաշտոնավարել որպես Քաղաքացիական պալատի դատավորներ մինչեւ իրենց լիազորությունների համար սահմանված ժամկետի ավարտը` անկախ սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված թվակազմից: 5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցը լուծելու պահից եռօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակում է հայտարարություն Վճռաբեկ դատարանում ձեւավորվող Վարչական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի եւ համալրման կարգի վերաբերյալ: 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հայտարարությունը հրապարակելու պահից երկշաբաթյա ժամկետում Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով: Սույն մասով նախատեսված դիմումը ներկայացնելիս Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք դիմումին կցում են Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկը: Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց ներկայացրած բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկները ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: 7. Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացությունը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում կազմում եւ հաստատում է Վարչական պալատում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը: 8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը, ցուցակի կազմումը, հաստատումը եւ թեկնածուներին առաջարկության ներկայացումն իրականացվում է Օրենքի 132-րդ եւ 133-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: 9. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը համարվում է վերացված, իսկ Քաղաքացիական եւ Վարչական պալատները համարվում են ձեւավորված Վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրելու պահից եւ եթե Քաղաքացիական պալատում պաշտոնավարելու է առնվազն 5 դատավոր: (...): (...) 13. Մինչեւ Քաղաքացիական եւ Վարչական պալատների ձեւավորումը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ ներկայացված վճռաբեկ բողոքները, որոնց վերաբերյալ չի կայացվել վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում եւ որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի մասնագիտացմանը, մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջեւ:»: Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 9.1. Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Սահմանադրության` որոշակիության սկզբունքին վերաբերող 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավելեւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Սահմանադրության 175-րդ հոդվածով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսվում է հետեւյալը. «3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 4. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:»: 9.2. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի` վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերին վերաբերող 131-րդ հոդվածի համաձայն` 1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝ 1) ստեղծվում է Վճռաբեկ դատարանի նոր պալատ. 2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները. 3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը: Օրենսգրքի` Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստմանը վերաբերող 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը: Օրենսգրքի 132-րդ եւ 133-րդ հոդվածներով արդեն իսկ կարգավորվում են Վճռաբեկ դատարանի նոր պալատի ստեղծման հիմքով առաջացած դատավորների թափուր տեղերի համալրմանը վերաբերող իրավահարաբերությունները: Միաժամանակ` հարկ է նկատել, որ Օրենսգրքում բացակայում են Վճռաբեկ դատարանի վերացվող պալատին փոխարինող նոր պալատի կամ պալատների ստեղծմանը եւ ձեւավորմանը վերաբերող կարգավորումները, ինչը հնարավորություն կտար նաեւ հստակեցնելու վերացվող պալատի դատավորների հետագա պաշտոնավարման հետ կապված իրավահարաբերությունները: 9.3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...)2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը: 3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` 1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները. 2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը: 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: 5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: 6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: (...): (...) 8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:(...)»: 9.4. Հարկ է նկատել, որ Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծի 1-ին հոդվածի համար նախատեսվում է ուժի մեջ մտնելու այլ ժամկետ: Նախագծի 11-րդ հոդվածում առկա կարգավորումներից բխում է, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում ստեղծվող Վճռաբեկ դատարանի նոր պալատների ստեղծումը եւ ձեւավորումը իրականացվում է մինչ այդ պալատների ստեղծման իրավական հիմք հանդիսացող դրույթի ուժի մեջ մտնելը: Հարկ է նկատել նաեւ, որ Օրենսգրքի 131-133-րդ հոդվածների կարգավորումից բխում է, որ վճռաբեկ դատարանի նոր պալատի ստեղծումն է հանդիսանում դատավորների թափուր տեղերի առաջացման հիմք, հետեւաբար եւ այդ տեղերի լրացման գործընթացի մեկնարկի հիմք: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք նախատեսել Նախագծի 1-ին հոդվածի ուժի մեջ մտնելու հստակ ժամկետ: Միաժամանակ` անհրաժեշտ է նշել, որ այդ հոդվածի լրիվ գործողության մեջ դնելու համար Նախագծի անցումային դրույթով կարող է նախատեսվել որոշակի պայման, այն է Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված հարցի լուծումը, ինչը հնարավորություն կտա Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործընթացը մեկնարկելու` համալրման ենթակա տեղերի հստակ քանակի որոշման հնարավորությամբ պայմանավորված: 9.5. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում առկա է լիազորող նորմ, որը, կարծում ենք, չի բավարաում իրավական որոշակիության պահանջին, մասնավորապես` հասկանալի չէ, թե ինչ գործընթացի ապահովման նպատակով է սահմանվում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության եւ իրականացման կարգի մանրամասները, որը Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում որակվում է, որպես հրապարակման ենթակա որոշում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 11-րդ հոդվածում առկա անցումային դրույթը` նշելով իրավահարաբերությունների հստակ շրջանակը, որին այդ պայմանը վերաբերելի է, ինչպես նաեւ ապահովելով տերմինների կիրառման միասնականությունը: Միաժամանակ` առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում Նախագծի 1-ին հոդվածին կատարվող հղումն հստակեցնել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում սահմանված չէ դատավորներին վերաբերելի թվակազմ եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի: 9.6. Նախագծի 11-րդ հոդվածի 5-8-րդ մասերում նախատեսված կարգավորումներն, կարծում ենք, խնդրահարույց են իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի նոր պալատի ստեղծման հիմքով առաջացած ազատ տեղերի համալրման կարգը, ուստի հասկանալի չէ նույն իրավահարաբերությունների վերաբերյալ նախատեսվող վերոնշյալ կարգավորումների անհրաժեշտությունը, որոնցում նշում է կատարվում, որ գործընթացի վերաբերյալ կիրառելի են Օրենսգրքի 132-րդ եւ 133-րդ հոդվածների կարգավորումները, սակայն, Նախագծի 11-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող է ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն, Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4.1-ին հոդվածի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Բարձրագույն դատական խորհուրդը բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածուի անձնական գործը, իսկ դատավոր չհանդիսացող թեկնածուի դեպքում՝ նրա ներկայացրած եւ դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը, այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի:»: Հարկ է նկատել, որ որպես առանձնահատկություններ դիտարկվում են Նախագծի 11-րդ հոդվածում առկա՝ Օրենսգրքի 132-րդ եւ 133-րդ հոդվածներով նախատեսված գործընթացների ժամկետներից տարբերվող ժամկետները, որոնց նախատեսման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները բացակայում են: Միաժամանակ՝ հստակեցման կարիք ունի Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասում Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկին կատարված հղումը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 132-րդ եւ 133-րդ հոդվածներում՝ բարեվարքության հարցաթերթիկին վերաբերելի կարգավորումների առկայությունը: Վերոգրյալ դիտարկումների հաշվառմամբ եւ եզրակացության սույն կետի 9.1-ին ենթակետում մեջբերված իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով` առաջարկում ենք վերանայել Նախագծի 11-րդ հոդվածի 5-8-րդ մասերում նախատեսված կարգավորումները: 9.7. Նախագծի 11-րդ հոդվածի 13-րդ մասում նախատեսվում է, որ մինչեւ Քաղաքացիական եւ Վարչական պալատների ձեւավորումը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ ներկայացված վճռաբեկ բողոքները, որոնց վերաբերյալ չի կայացվել վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում եւ որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի մասնագիտացմանը, մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջեւ: Առաջարկում ենք քննարկվող կարգավորման շրջանակում հաշվի առնել նաեւ այն բողոքների վերաբաշխման առնաձնահատկությունները, որոնց վերաբերյալ վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների ընդունման համար սահմանված ժամկետները կարող են լրանալ նախատեսվող մեկշաբաթյա ժամկետում: Միաժամանակ, կարծում ենք, որ նպատակահարմար է նախատեսլ նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերում քննարկվող վերաբաշխման գործընթացի կարգ: 10. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է օրինականության եւ որոշակիության սկզբունքների տեսանկյունից: Միաժամանակ` անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 06.12.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 06.12.2021թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ, կարգավորել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների կազմավորման եւ բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ սահմանել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների եւ համալրման ենթակա քանակի սահմանափակման: Համաձայն Նախագծերի փաթեթին կից ներկայացված տեղեկանքի՝ ակնկալվում է, որ դրանց ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության կառաջանա, որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ եւ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ, սակայն հարկ է նշել, որ ՀՀ Ազգային ժողով ներկայացված՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծում նշված պալատների ֆինանսավորման ծագրերն առանձնացված չեն: Այս պալատների բնականոն գործունեության ապահովման առումով նշված գումարը, անհրաժեշտության դեպքում բյուջետային վերաբաշխումներ կատարելու տեսանկյունից, մեծ չի կարելի համարել, սակայն նշված պալատների ծախսային ծագրերի տարանջատումը շատ էական հանգամանք է ծրագրային բյուջետավորման պահանջների կատարման տեսանկյունից, ուստի առաջարկում ենք այն իրականացնել մինչեւ 2022 թվականի պետական բյուջեի ընդունումը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-668) 19.11.2021թ.
1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն՝ ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումներով Բարձրագույն դատական խորհուրդը՝ դատավորների թեկնածուների ցուցակը համալրելիս, կաշկանդված է դատական համակարգում կանխատեսվող թափուր տեղերի քանակով համալրումն իրականացնելու պայմանով: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նաեւ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությամբ ամրագրված Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով նախատեսվում է ստեղծել Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ, կարգավորել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների կազմավորման եւ բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը, նախատեսել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակի համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների եւ համալրման ենթակա քանակի սահմանափակման: 2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում՝ կապված դրա 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման հետ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) չծանրաբեռնելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «վերացման» բառից առաջ լրացնել «եւ համապատասխան պալատի» բառերը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածը հանել:
Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթը որոշ լրամշակման կարիք կունենա:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-270) 23.11.2021թ.
|