ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-093-17.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-093-17.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

07.12.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին (այսուհետ՝ Օրենք) այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: 

Միաժամանակ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «11.1-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել «11.1-ին» թվով:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասում կատարել լրացում.

«2) 12-րդ մասում «սահմանված» բառից հետո լրացնել «կարգով եւ» բառերը:»:

Օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«12. Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասում «սահմանված» բառը կիրառվում է երկու անգամ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում հստակեցնել կատարվող հղումը:

3. Նախագծի 2-րդ հոդվածում առկա վրիպակն առաջարկում ենք ուղղել՝ հանելով կարգավորման վերջում դրված «»:» կետադրական նշանները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է, ներկայացված առաջարկությունների հիման վրա, ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

07.12.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

07.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագիծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

22.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առկա բացը կարգավորելու  անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող իրավակարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Սրա հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել այս խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի առաջարկվող օրենսդրական կարգավորումները կկարգավորեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.11.2021թ.