ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-096-19.11.2021-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                   ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

03.12.2021թ.



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել եւս երկու տարով՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, ըստ որի՝  ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից: 

 Տվյալ իրավակարգավորումը մշակվել եւ 2019 թվականի հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունվել է, որի համաձայն ավելացված արժեքի հարկից ազատված էին նշված ծածկագրերին դասվող (մեծ, միջին եւ փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ եւ մոպեդներ) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումը, ուստի տվյալ Նախագծով առաջարկվում է ընդամենը երկու տարով երկարաձգել այդ նորմի գործողության ժամկետը: Բացի այդ, 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար: Վերոնշյալ իրավական կարգավորումների արդյունքում հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

23.11.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 57-րդ կետով՝ 

«57) 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումը:»: 

Ըստ էության, Նախագծով առաջարկվում է 2019 թվականի հունիսի 7-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:

Վերոհիշյալ իրավակարգավորման արդյունքում հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար: Հարկ է հիշատակել, որ 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, (2018 թվականին՝ ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ): Տեղադրվել են 20-ից ավել լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաեւ մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ:

Արձանագրված դրական արդյունքները ամրապնդելու եւ դրանց հետագա զարգացումը ապահովելու նպատակով, Կառավարությունն առաջարկում է  երկարաձգել Օրենքի կիրառության ժամկետը եւս երկու տարով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

25.11.2021թ.