ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-101-29.11.2021-ԳԿ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) (փաստաթղթային կոդ` Պ-101-29.11.2021-ԳԿ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

17.12.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար, առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «ՀՀ» հապավումը:

2. Նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը» եւ այն հանգամանքը, որ «Կրթության մասին» օրենքի կրճատ տարբերակը Նախագծում այլեւս չի կիրառվում:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կետը» բառը փոխարինել «մասը» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

 Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

15.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

15.12.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով անվճար ապահովում է ոչ միայն պետական ուսումնական հաստատությունների, այլեւ ընդհանուր առմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին, ելնելով այն հանգամանքից, որ ըստ Նախագծի հեղինակի. «…դասագրքերը տրամադրվում են ոչ թե դպրոցներին, այլ աշակերտներին՝ դպրոցների միջոցով: Եվ պետական եւ ոչ պետական դպրոցները կրթական գործընթացն իրականացնում են համաձայն հանրակրթության պետական չափորոշիչների, ուստի տարբեր կազմակերպական-իրավական ձեւ ունեցող դպրոցներ հաճախող աշակերտների իրավունքները չպետք է տարբերվեն: Հետեւաբար, դասագրքերի տրամադրման գործընթացը չպետք է պարունակի տարբերակում՝ օրենքը պետք է վերաբերի ՀՀ բոլոր սովորողներին՝ անկախ իրենց ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձեւից, ապահովելով երեխաների կրթության իրավունքը: ՀՀ ոչ պետական դպրոցներում սովորող աշակերտները եւս ՀՀ Սահմանադրությամբ օժտված են կրթության իրավունքով: Հետեւաբար դասագրքերի տրամադրման հարցում պետական քաղաքականությունը պետք է լինի համընդհանուր, բացառելով խտրականությունը:»: 

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի համապատասխան բյուջետային ծախսային ծրագրով պետական լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության, թեեւ ընթացիկ եւ առաջիկա տարիներին այդ անհրաժեշտությունը չի առաջանա, քանի որ առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել 2023 թվականի հունվարի 1-ից: Սակայն, Նախագծի կիրարկումն ապահովելու առումով, կարծում ենք, այն որոշ լրամշակման կարիք ունի: Մասնավորապես.

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն անվճար դասագրքերը տրամադրվում են պետական ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին, հետեւաբար՝ այս առումով ուսումնական հաստատությունները բաժանվում են ըստ սեփականության (կամ կարելի է ասել նաեւ՝ ըստ ֆինանսավորման աղբյուրի) չափանիշի, այն է՝ պետական եւ ոչ պետական հանրակրթական հաստատությունների: Ելնելով այս իրողությունից, մեր կարծիքով, Նախագծում խոսքը պետք է գնա ոչ թե ըստ կազմակերպական-իրավական, այլ ըստ սեփականության ձեւի ուսումնական հաստատությունների մասին: Բացի այդ, օրենքով ուսումնական հաստատություններն ըստ կազմակերպական-իրավական ձեւի ընդհանրապես չեն առանձնացվում եւ կարգավորվում, ավելին՝ Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:», ուստի Նախագծով առաջարկվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի նոր շարադրանքում «կազմակերպական-իրավական» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սեփականության» բառով:

2. Նախագծի հիմնավորման մեջ, ինչպես արդեն նշեցինք, առաջարկվող նոր կարգավորման անհրաժեշտությունը հեղինակի կողմից պայմանավորվում է «երեխաների կրթության իրավունքի» ապահովմամբ եւ «խտրականության բացառման» հրամայականով, սակայն հարկ է նկատի ունենալ, որ տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով առաջինից չորրորդ դասարանի աշակերտներին անվճար ապահովումը ոչ թե երեխաների իրավունքների իրացման, այլ սոցիալական աջակցության տրամադրման եւ պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների հետ է կապված: Հակառակ դեպքում, եթե Օրենքի տվյալ կարգավորումները դիտարկենք կրթական իրավունքի կամ խտրականության տեսանկյունից, ապա՝

ա) անվճար դասագրքերով պետք է ապահովվեին ոչ միայն առաջինից չորրորդ, այլեւ մյուս բոլոր դասարանների աշակերտները (այսինքն՝ բոլոր դասարանների աշակերտներն էլ պետք է օգտվեին նույն իրավունքից),

բ) հեղինակի կողմից առաջարկվող կարգավորումները (խտրականության բացառման եւ կրթական իրավունքների տեսանկյունից) պետք է վերաբերեն նաեւ՝

- Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությանը, ըստ որի. «Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն:» (այսինքն, ըստ Նախագծի հիմնավորման մեջ բերված տրամաբանության՝ պետք էր սահմանել, որ անվճար կրթությունը երաշխավորվում է նաեւ ոչ պետական ուսումնական հաստատություններում),

- Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությանը, ըստ որի. «Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:»,

- Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությանը, ըստ որի. «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում անվճար եւ վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով?» եւ այլն:

Ամփոփելով, կարծում ենք, կարելի է փաստել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը պետք է քննարկել ոչ թե կրթական իրավունքների իրացման կամ խտրականության բացառման, այլ հանրակրթության բնագավառում պետական բյուջեի միջոցների հատկացման հնարավորությունների առկայության եւ դրա ընդլայնման տեսանկյունից, թեեւ զուգահեռաբար առաջանում է նաեւ պետության կողմից տրամադրվելիք սոցիալական աջակցության հասցեականության քննարկման խնդիր:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի, ինչպես նաեւ դրա հետագա կիրարկման, այդ թվում՝ համապատասխան բյուջետային միջոցներով ապահովման եւ ձեւակերպումների տեսանկյունից հստակեցման ու լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.12.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին անկախ իրենց կազմակերպական-իրավական ձեւից, առաջինից չորրորդ դասարանի աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովել տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Նախագծով նախատեսվող աջակցությունը, մեր կարծիքով, չունի հասցեականության բավարար աստիճան: Խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծի ընդունման դեպքում, անկախ կրթական հաստատության կազմակերպական-իրավական ձեւից, տարրական դասարանների (1-4) աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կտրամադրվեն տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքեր: Այլ կերպ ասած, նշված արտոնությունից կօգտվեն նաեւ մասնավոր (վճարովի) դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտները, որոնք հիմնականում չունեն սոցիալական աջակցության կարիք: Կարծում ենք, նման ծրագրի կենսագործման համար նախատեսվող գումարներն առավել նպատակահարմար է տրամադրել սոցիալական աջակցության առավել կարիք ունեցող խմբերի շրջանում որոշակի ծրագրերի իրականացմանը՝ դրանով իսկ ապահովվելով սոցիալական արդարության եւ հասցեականության առավել բարձր աստիճան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի, մասնավորապես՝ պետական աջակցության սոցիալական հասցեկանության տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

08.12.2021թ.