ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-103-30.11.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1031 -30.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-103-30.11.2021-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1031 -30.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
21.12.2021թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ) առաջին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերից հետո առաջարկում ենք գրել «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով: 2. Նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը: 3. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: 4. Նախագծով փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս, լրացվող կամ փոփոխության ենթարկվող ձեւակերպումներում կետադրական նշանների առկայության դեպքում, առաջարկում ենք նշում կատարել նաեւ դրանց վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով, եւ 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Միաժամանակ՝ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետում առաջարկում ենք «բառեր» բառը փոխարինել «թվեր եւ կետադրական նշաններ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: 5. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրեսնգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «75» թիվը փոխարինվում է «95» թվով, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալը. «Հոդված 45. Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատավորներին եւ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները 1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետեւյալ նվազեցումները. (...) 6) 95 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:»: Միաժամանակ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին բաշխվող գործերի նկատմամբ:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...) 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր: (...) 6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: (...): (...) 8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:(...)»: Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված իրավական դրույթները՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաեւ անցումային դրույթ հանդիսացող կարգավորումներին՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով ներկայացվող պահանջները: 7. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: 8. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 314.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ կետում առկա ձեւակերպումն առաջարկում ենք վերանայել՝ հիմք ընդունելով հոդվածի 1-ին մասի լեզվական կառույցը: Միաժամանակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 314.4-րդ հոդվածի վերնագիրն աաջարկում ենք խմբագրել՝ ձեւակերպելով որպես «Իրավունքի իրականացման սահմանափակումը եւ այն կիրառելու առանձնահատկությունները»՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դատական սանկցիաների առանձին տեսակներին վերաբերող հոդվածների վերնագրերի առանձնահատկությունները: 9. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվում է նոր՝ 314.4-րդ հոդված. «Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը 1. Իրավունքի իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է: 2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում՝ 1) միջնորդություն հարուցելը. 2) բացարկ հայտնելը. 3) քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար նյութեր ներկայացնելը. 4) քրեական գործի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելը. 5) ելույթ ունենալը. 6) պաշտպանից հրաժարվելը, 7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը: 3. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաեւ դատավարական գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսեւորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, ներկայացուցիչներին կամ փաստաբաններին: 4. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող նոր՝ 314.4-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 9.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ եւ 32-րդ կետերով սահմանվում են հետեւյալ հասկացությունները. «31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը. 32) քրեական դատավարությանը մասնակցող անձինք` դատավարության մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, վկան.»: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 314.4-րդ հոդվածի 1-ին մասում նշում է կատարվում անձանց կողմից իրենց դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում՝ նրանց իրավունքների իրականացման սահմանափակման հնարավորության վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով անձանց տրվում է որոշակի դատավարական կարգավիճակ, դրանից բխող իրավունքներ եւ պարտականություններ, ինչպես նաեւ անձինք դասակարգված են որոշակի խմբերի՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 314.4-րդ հոդվածի 1-ին մասում հստակ նշում կատարել անձանց շրջանակի վերաբերյալ: Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 9.2. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 314.4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշում է կատարվում քրեական գործի նյութերին ծանոթանալու եւ դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելու իրավունքի սահմանափակման հնարավորության մասին: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներում՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավուքներին եւ պարտականություններին վերաբերող կարգավորուներում, գործի բոլոր նյութերին ծանոթանալու եւ ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն գործից դուրս գրելու իրավունքների զուգահեռ նշում է կատարվում նաեւ գործի բոլոր նյութերից պատճեններ հանելու իրավունքի մասին: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք խմբագրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 314.4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ձեւակերպումը: 10. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ դրա ընդունման անհրաժեշտության վերաբերյալ նեկայացված են հետեւյալ դիտարկումները. «Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը: Ըստ այդմ, նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝ 1) որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: Դատավարության մասնակիցների նման վարքագիծը, չարժանանալով դատարանի իրավաչափ եւ համաչափ միջամտության վտանգում է ողջամիտ ժամկետներում գործի քննության եւ լուծման պահանջը, խաթարում արդարադատության բուն էությունը եւ հանգեցնում հանրության մոտ դատական իշխանության նկատմամբ վստահության ու հարգանքի նվազման: Նախագծով առաջարկվում է, որպեսզի դատարանը, դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսեւորելու դեպքում, իրավունք ունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (օր.՝ քանակական եւ ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումը օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար: (...)»: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն՝ դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝ 1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները. 2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որեւէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը. 3) դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ: Օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն դատական սանկցիաներն են նկատողությունը եւ դատական նիստի դահլիճից հեռացնելը: Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ օրենքով կարող են նախատեսվել այլ դատական սանկցիաներ: Հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի քննարկվող դրույթներում լրացումներ եւ փոփոխություններ չեն կատարվում: Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացվում է դատական սանկցիա հանդիսացող՝ իրավունքի իրականացման սահմանափակման վերաբերյալ նոր՝ 314.4-րդ հոդված: Սակայն, Նախագծերի փաթեթով ոչ քրեական գործերով դատավարությունների դեպքում որեւէ լրացում չի նախատեսվում, չնայած որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշում է կատարվում բոլոր գործերով դատավարությունների շրջանակում քննարկվող դատական սանկցիայի անհրաժեշտության եւ կարեւորության վերաբերյալ՝ առանց որեւէ տեսակի առանձնացման: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը վերաբերում է դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությանը. «1. Դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն եւ իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: 2. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսվում են դատական սանկցիաները՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի դատավարության մասնակցի, դատական նիստին ներկա այլ անձի նկատմամբ կիրառել հետեւյալ սանկցիաները. 1) նկատողություն. 2) դատական նիստերի դահլիճից հեռացում. 3) դատական տուգանք:»: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածով եւս որպես դատական սանկցիաներ թվարկվում են նկատողությունը, դատական նիստերի դահլիճից հեռացումը եւ դատական տուգանքը: Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից մեջբերված դիտարկումները, ինչպես նաեւ վկայակոչված իրավական դրույթները եւ հաշվի առնելով կատարված եզրահանգումները՝ առաջարկում ենք վերանայել Նախագծերի փաթեթով միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նոր դատական սանկցիայի վերաբերյալ կարգավորումների լրացման նպատակահարմարության եւ հիմնավորվածության հարցը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 21.12.2021թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248) 21.12.2021թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 03.12.2021թ.
1. Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը, - Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ՝ ԲԴԽ) օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր, - ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 75 տոկոս նվազեցման փոխարեն կիրառել 95 տոկոս նվազեցումը, որը կնպաստի նրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը: 2. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում եւ դրա վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան, սակայն կցանկանայինք հեղինակների ուշադրությանը հրավիրել այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետի բովանդակությունը, այն է՝ «18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան եւ վիճակագրությունը եւ ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ.» չի համապատասխանում Նախագծերի փաթեթին կից ներկայացված գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքում (այսուհետ՝ Տեղեկանք) Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում տեսանելի ձեւով ներկայացված 18.2-րդ կետի բովանդակությանը՝ «18.2) ապահովում է դատարանների աշխատանքի կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու իրավունքների եւ ազատությունների ու օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, գործերը արագ քննելու եւ լուծելու նպատակով.»: Արդյունքում անհամապատասխանություն է առաջանում Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի եւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված Տեղեկանքի միջեւ: Նշենք նաեւ, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից ենթադրվում է, որ հեղինակները նկատի են ունեցել Տեղեկանքում տեսանելի ձեւով ներկայացված լրացումը: Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել հեղինակների դիրքորոշումը Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող18.2-րդ կետի մասով:
Նախագծերի փաթեթը, մեր կարծիքով, վերը նշված լրացման եւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված Տեղեկանքի ու հիմնավորման մեջ ներկայացված մտքերի համապատասխանության ապահովման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 16.12.2021թ.
|