ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-105-30.11.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-105-30.11.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
21.12.2021թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Գնումների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 18-րդ կետի համաձայն՝ «18) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային եւ թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ:»: Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված են գնումների գործընթացի հիմքում դրված սկզբունքները, որի համաձայն՝ «Գնումների գործընթացը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում. 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսում. 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:»: Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպան կարգում նախատեսվում է գնման գործընթացի Օրենքով սահմանված որոշ սկզբունքների վերաբերյալ կարգավորումների նախատեսման պահանջ: Մինչդեռ, հասկանալի չէ գնման գործընթացի սկզբունքներից մրցակցային, թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման սկզբունքների ընտրությունը, դրանց վերաբերյալ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգում կարգավորումների նախատեսման պարտադիրության պահանջը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված գնման գործընթացի հիմքում դրված սկզբունքները տարածվում են գնման ամբողջ գործընթացի, այդ թվում շինարարական աշխատանքների գնման գործընթացի նկատմամբ: Հետեւաբար, շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգում նշված սկզբունքների վերաբերյալ կարգավորումների սահմանման անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվում է նոր նախադասություն՝ «Մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝ 1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան. 2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Կառավարության որոշմամբ պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը:»: Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 2.1 Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում լրացում է մեկից ավելի նախադասություն, բացի այդ լրացվող առաջին չհամարակալված նախադասությունը բաժանված է համարակալված կետերի: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Հիմք ընդունելով մեջբերված իրավադրույթը՝ նշենք, որ համարակալված կետերի կարող է բաժանվել միայն հոդվածի մասը: Հետեւաբար «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք նախատեսվող լրացումը կատարել առանձին մասի տեսքով: 2.2 Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող լրացման «կառավարության» բառը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառված հասկացությունը: 2.3 Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող լրացման 1-ին կետի վերաբերյալ նշենք հետեւյալը. Նախ՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում սահմանված է «գնման առարկայի բնութագիր» հասկացությունը, որի համաձայն՝ «գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմաններ.»: Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված կարգավորմամբ՝ «Գնման առարկայի հատկանիշները կարող են սահմանվել նաեւ որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան:»: Հիմք ընդունելով մեջբերված իրավադրույթները, կարծում ենք՝ որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր կարող են սահմանվել միայն գնման առարկայի բնութագրում ներառվող հատկանիշները: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող հատվածում «բնութագրերը» բառը փոխարինել «հատկանիշները» բառով: Բացի այդ, անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք «որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.» բառերը եւ միջակետը հանել՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգավորումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 2.4 Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող լրացմամբ առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների գնման գործընթացի իրականացման պայման է սահմանված շինարարական աշխատանքների մեկնարկը ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Կարծում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող լրացման 2-րդ կետում սահմանված պայմանը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլերով անցած նախագծային փաստաթղթերի ամբողջական փորձաքննության հիման վրա, թե շինարարական աշխատանքներն են անցկացվում փուլերով՝ յուրաքանչյուր փուլում ներառելով նախագծային փաստաթղթերի փորձաքննություն: Կարգավորման հստակությունն ապահովելու, ինչպես նաեւ իրավական շփոթից խուսափելու նպատակով, կարծում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող լրացման 2-րդ կետում սահմանված կարգավորման ձեւակերպումն անհրաժեշտ է համապատասխանաբար փոփոխել կամ կետադրել: Հարկ ենք համարում նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում փուլային կատարվող շինարարության առանձին փուլերի համար նախագծային փաստաթղթերի փորձաքննության իրականացման վերաբերյալ կարգավորումները բացակայում են: 3. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»: Նախագծի 1-ին հոդվածով Կառավարությանը վերապահվում է սահմանել շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգ, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացմամբ նախատեսված է Կառավարության որոշմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի իրականացման վերաբերյալ կարգավորում: Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում Կառավարության որոշմանը կատարված հղումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 5. Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-011-20.08.2021-ՏՀ-011/0), «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-0111-20.08.2021-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-0112-20.08.2021-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-0113-20.08.2021-ՏՀ-011/0) նախագծերի փաթեթը: «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-011-20.08.2021-ՏՀ-011/0) 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է 18-րդ եւ 19-րդ կետեր: Նույն նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասից նախատեսված է հանել «եթե օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերը: Հիմք ընդունելով վերոնշյալն՝ առաջարկում ենք Նախագծով կատարվող լրացումները դիտարկել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-011-20.08.2021-ՏՀ-011/0) հաշվառմամբ:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, «Գնումների մասին» օրենքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.12.2021թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 20.12.2021թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսել, որ մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կազմակերպել կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Նախատեսվում է նաեւ, որ այս որոշմամբ պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը, իսկ գնման գործընթացը կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝ 1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան. 2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Առաջարկվում է նաեւ ՀՀ կառավարությանը վերապահել նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու իրավասություն, նկատի ունենալով, որ կարգը կնախատեսի կարգավորումներ գնման գործընթացը մրցակցային, թափանցիկ, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ? տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծի 1-ին հոդվածով, ինչպես արդեն նշեցինք, առաջարկվում է լիազորել ՀՀ կառավարությանը՝ սահմանելու մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը. « պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային եւ թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ:»: Այս առումով հարկ է նշել, որ Օրենքի ամբողջ տրամաբանությունը, ի թիվս այլ սկզբունքների, կառուցված է նաեւ գնման գործընթացների թափանցիկության, գործընթացի մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնման եւ մրցակցության խրախուսման սկզբունքների վրա, որոնք առաջարկվում է դնել Կառավարության կողմից ընդունվելիք կարգի հիմքում: Մասնավորապես, Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Գնումների գործընթացը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում. 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսում. 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:»: Սկզբունքների նշված երկու ցանկերի համադրությունն ակնհայտորեն վկայում է, որ Կառավարության կողմից ընդունվելիք կարգի հիմքում դրվող սկզբունքները շատ ավելի նեղ եւ սահմանափակ են, քան սահմանված են Օրենքով, ուստի Օրենքի եւ ընդհանուր առմամբ գնման գործընթացի հայեցակարգային տրամաբանությունը չխախտելու նպատակով, կարծում ենք, ավելի ճիշտ կլինի առաջարկվող իրավակարգավորումների մասով նոր (ավելի նեղ շրջանակի) սկզբունքներ սահմանելու փոխարեն, որպես հիմք, հղում կատարել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին, իսկ եթե նախատեսվում է սահմանել այնպիսի դրույթներ, որոնք բացակայում են Օրենքում, ապա այդ դրույթներն առաջարկում ենք սահմանել Օրենքով եւ կիրառել գնման բոլոր դեպքերի համար, քանի որ գնման գործընթացի նշված սկզբունքները հիմնարար նշանակություն ունեն եւ հավասարապես վերաբերելի են գնման բոլոր դեպքերին՝ առանց բացառության (օրինակ՝ եթե պետք է կատարվի շինարարական աշխատանքների հրատապ գնում, ապա այդ հրատապությունը չի կարող նշանակել, որ տվյալ գնման գործընթացում կարելի է թույլատրել գնման գործընթացի մասնակիցների նկատմամբ խտրական վերաբերմունք, իրավահավասարության խախտում կամ պետական մարմինների կողմից ոչ թափանցիկ գործելակերպ): 2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի նոր նախադասությունն ուղղակիորեն վերաբերում է շինարարական աշխատանքների գնման գործընթացին (որի իրականացման կարգը պետք է սահմանվի Կառավարության կողմից), այնինչ՝ այդ գործընթացի հետ կապված լրացումներն առաջարկվում է կատարել Օրենքի 15-րդ հոդվածում, որը վերաբերում է գնումների պլանավորմանն ու ֆինանսավորմանը: Այսինքն, բացի այն, որ առաջարկվող լրացման բովանդակությունը չի համապատասխանում Օրենքի նշված հոդվածի վերնագրին, տվյալ լրացման բովանդակությունն արմատապես տարբերվում է նաեւ Օրենքի նպատակների եւ հիմնական կարգավորումների էությունից: Մասնավորապես, Օրենքի նպատակներից մեկը գնումների գործընթացում տնտեսվարողների համար հավասար հնարավորությունների եւ մրցակցային պայմանների ապահովումն է (ինչն էլ հնարավորինս ապահովված է Օրենքով), սակայն միայն հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի համար առաջարկվում է այդ կարգավորումները սահմանել Կառավարության որոշմամբ: Այս առումով, կարծում ենք, առաջարկվող լրացումները նվազագույնը պետք է սահմանվեն Օրենքի առանձին հոդվածով, եթե իսկապես հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացն ունի այդքան շատ (կամ՝ ենթադրյալ շատ) առանձնահատկություններ, ապա այդ առանձնահատկությունների բոլոր էական պայմանները պետք է տեղ գտնեն տվյալ հոդվածում: 3. Ըստ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման՝ որպես շինարարական աշխատանքների գնման գործընթացը հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում դիտարկելու դեպքեր են սահմանվում «մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի» դեպքերը: Եթե մարդկային զոհերի առաջացման վտանգների հիմնավորումն ու գնահատումը կարող է ինչ-որ տեղ առարկայական բնույթ ունենալ, ապա մյուս բոլոր դեպքերը խիստ անորոշ եւ մեկնաբանելի են, քանի որ որեւէ տեղ չի սահմանվում, թե որո՞նք են համարվելու մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցված զգալի վնասները, նյութական կորուստների ո՞ր չափն է համարվելու խոշոր չափի կորուստ, առավել եւս՝ որո՞նք են մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանները եւ ի՞նչն է համարվում այդ պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգը (նշենք նաեւ, որ առաջարկվող այս դեպքերի հիմնավորմամբ հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում սկզբունքորեն կարող է ներառվել ցանկացած շինարարական աշխատանք): Նման անորոշությունը եւ մեկնաբանելիությունը, կարծում ենք, կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, իսկ առաջարկվող լրացման տեքստը համապատասխանում է ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N1205-Ն որոշմամբ հաստատված՝ «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգի» 9-րդ կետի առնվազն չորս, մասնավորապես՝ 3-րդ, 7-րդ, 11-րդ եւ 12-րդ ենթակետերին, որոնց համաձայն կոռուպցիոն հիմնական գործոններ են համարվում՝ «3) լիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը, այդ թվում` որոշումների ընդունման ժամկետների եւ պայմանների, ինչպես նաեւ այլընտրանքային լիազորությունների դիտարկումը: Լիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը հիմնականում դրսեւորվում է որոշակի հանգամանքների առկայության դեպքում պաշտոնատար անձանց սեփական հայեցողությամբ գործելու անհարկի լայն հնարավորություն ընձեռելու միջոցով, այդ թվում` որոշումների ընդունման ժամկետների եւ պայմանների, ինչպես նաեւ այլընտրանքային լիազորությունների դիտարկման միջոցով, հետեւաբար, նաեւ` պաշտոնատար անձին հնարավորություն է ընձեռվում սեփական հայեցողությամբ ընտրություն կատարել վարքագծի տարբերակների միջեւ առանց նախատեսելու, թե որ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է ընտրել վարքագծի այս կամ այն տարբերակը. 7) մրցութային (աճուրդային) անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը: Մրցութային (աճուրդային) ընթացակարգերի բացակայությունը կամ ոչ հստակ կարգավորումը հիմնականում դրսեւորվում է կոնկրետ իրավունք ձեռք բերելուն հավակնող անձանցից հաղթողի ընտրության հատուկ ընթացակարգերի բացակայությամբ եւ պաշտոնատար անձի կողմից սուբյեկտիվ մոտեցման հնարավորության ընձեռմամբ. 11) օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությունը: Օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությունը հիմնականում արտահայտվում է հարաբերությունների օրենքով կարգավորելու փոխարեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջոցով կարգավորմամբ, ինչպես նաեւ` օրենքով` գերատեսչություններին տրամադրվող իրավաստեղծ գործունեությանը վերաբերող ենթաօրենսդրական կարգավորման չափանիշների եւ պայմանների բացակայությամբ. 12) իրավական կարգավորման այնպիսի ձեւի առկայությունը, որի դեպքում անհրաժեշտ օրենսդրական փոփոխության փոխարեն, տվյալ հարաբերությունները կարգավորվում են ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի ընդունմամբ: Իրավական կարգավորման տվյալ ձեւի առկայությունը կարող է դրսեւորվել ենթաօրենսդրական կարգավորման միջոցով նոր պարտադիր վարքագծի կանոնների սահմանմամբ, նույնիսկ այնպիսի հարաբերությունների պարագայում, որոնք կարող են հանդիսանալ միայն օրենքի, այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա:»: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով, ինչպես նաեւ դրա ընդունման դեպքում Կառավարության որոշմամբ սահմանվելիք՝ շինարարական աշխատանքների գնման հրատապության կոնկրետ դեպքերը եւ պարտադիր վարքագծի նոր կանոնները սահմանել Օրենքով՝ դրանում առանձին գլխի կամ հոդվածի առանձնացմամբ: 4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը, մեր կարծիքով, բավականին վիճահարույց է նաեւ գնման առարկայի հրատապության տեսանկյունից: Խնդիրը կայանում է նրանում, որ շինարարական աշխատանքները, ի տարբերություն ապրանքների, գնման դեպքում անմիջապես չեն բավարարում դրանց մասով առկա կարիքները: Եթե ապրանքի գնումից (ձեռքբերումից) հետո այն կարելի է անմիջապես սպառել (օգտագործել) եւ բավարարել որոշակի կարիքներ, ապա շինարարական աշխատանքների գնումը վերջնական ձեռքբերման գործընթացի միայն սկիզբն է, իսկ այդ վերջնական ձեռքբերումը (կարիքի բավարարումը) կարող է ընդհուպ մի քանի տարի հետո տեղի ունենալ: Հետեւաբար, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նույնիսկ առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների սկսումը չի կարող վերացնել կամ կանխել «մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգը»: Հետեւաբար, այս երկարատեւ գործընթացի ընդամենը սկզբնական փուլի մի փոքր արագացումն էական նշանակություն չի կարող ունենալ բացահայտված կամ ակնհայտ վտանգների չեզոքացման առումով, եթե, իհարկե, խոսքը չի գնում ընդամենը շինարարական ինչ-որ կառույցի կամ դրա մի մասի արագ վերանորոգման մասին (այդ պատճառով էլ մեր կողմից առաջարկվեց նման դեպքերը, որոնք բավականին կոնկրետ են, սահմանել Օրենքի առանձին գլխով կամ հոդվածով): Ավելին, մեր կարծիքով, նշված վտանգների առկայության դեպքում առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի (այդ թվում՝ նաեւ կառույցների անվտանգության, սեյսմակայունության եւ այլ հատկանիշների գծով) շինարարական աշխատանքների իրականացումը կարող է ոչ միայն չվերացնել նշված վտանգները, այլեւ խորացնել դրանք կամ ստեղծել նոր վտանգներ, որոնք մինչ այդ գոյություն չունենին: 5. Ի լրումն նախորդ կետում ներկայացված նկատառումների, հարկ է ընդգծել, որ թեեւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման համար սահմանվում է նաեւ հատուկ պայման, ըստ որի՝ հրատապ կարիքների համար առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի. « շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:», այդուհանդերձ, շինարարական աշխատանքների պլանավորումից եւ ֆինանսական միջոցների հատկացումից հետո նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն, ըստ էության, ֆորմալ բնույթ կարող է կրել: Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ Նախագծով, ոչ էլ Օրենքով առանց ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի կամ բացասական փորձաքննական եզրակացություն ստանալու դեպքում շինարարական աշխատանքների մեկնարկը եւ իրականացումը որեւէ իրավական հետեւանքներ չի առաջացնում: Առաջարկվող իրավակարգավորումներից պարզ չի դառնում, թե ի՞նչ է տեղի ունենալու նշված դեպքում սկսված եւ ընթացքի մեջ գտնվող շինարարության հետ. արդյո՞ք այն կասեցվելու է, թե՞ ոչ, արդյո՞ք չեղարկվելու է շինարարական աշխատանքների գնման պայմանագիրը, թե՞ ոչ, ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն Օրենքի պահանջները խախտած անձինք եւ այլն (այս առումով Օրենքի 37-րդ հոդվածն ընդամենը սահմանում է գնման ընթացակարգը չկայացած համարելու հիմքերը, որոնք Նախագծով առաջարկվող դեպքերին վերաբերելի չեն): Այս կապակցությամբ առաջարկում ենք օրենքով սահմանել առանց ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի կամ բացասական փորձաքննական եզրակացություն ստանալու դեպքում շինարարական աշխատանքների մեկնարկի եւ իրականացման համար պատասխանատվության հիմքերը, տեսակները եւ չափերը:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների եւ հակակոռուպցիոն քաղաքականության տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 08.12.2021թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Գնումների մասին» օրենքում: Նախագծի հրատապությունը պայմանավորված է շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ: Գործող իրավակարգավորմամբ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Փաստացի, շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել միայն նշված փաստաթղթերի ապահովման դեպքում: Մինչդեռ, արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում՝ ժամանակի սղությամբ պայմանավորված, անհնար է դառնում օպերատիվ կարգով ապահովել նման հետեւանքների վերացումը, պայմանավորված փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ապահովման հանգամանքով: Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է, որ արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ, կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝ 1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան. 2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ կառավարությանը վերապահել նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու իրավասություն, հաշվի առնելով, որ կարգը կնախատեսի կարգավորումներ գնման գործընթացը մրցակցային, թափանցիկ, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 08.12.2021թ.
|