ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-104-30.11.2021-ԳԿ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի եւ Կնյազ Հասանովի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) (փաստաթղթային կոդ` Պ-104-30.11.2021-ԳԿ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

21.12.2021թ.




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Կրթության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրիվ անվանումը շարարդրելիս անհրաժեշտ է Օրենքի համարից հետո նշված վերջինիս բնույթի մասին նշումը հանել, այն է՝ «ՀՕ-297-Ն» ձեւակերպումը փոխարինել «ՀՕ-297» ձեւակերպմամբ:

2.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.11-րդ կետում տրվում է «ուսուցման ազգային ռեեստր» հասկացության սահմանումը, համաձայն որի՝ ուսուցման ազգային ռեսստրն (այսուհետ՝ Ռեեստր) իրենից ներկայացնում է «լրացուցիչ կրթական ծրագրերի եւ դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված եւ վկայագրված անձանց, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատված ու ճանաչված անձանց, ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան»:

2.1. Նշված սահմանմամբ «լրացուցիչ կրթական ծրագիր» եւ «դասընթաց» եզրույթները կիրառվում են որպես իրարից անկախ եզրույթներ, մինչդեռ Օրենքում «դասընթաց» եզրույթը կիրառվում է միայն 26-րդ հոդվածի 3-րդ մասում, որը սահմանում է. «Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային եւ անհատական մասնագիտական ուսուցման եւ կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել եւ ճանաչվել»: Այսինքն՝ դասընթացը  ներառված է լրացուցիչ կրթական ծրագրի մեջ եւ այդ ծրագրի մաս է կազմում: Նույնը վկայում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասը, որը սահմանում է. «Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, եթե բավարարում է տվյալ դասընթացի մուտքային պահանջները»: Հետեւաբար առաջարկում ենք վերաձեւակերպել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.11-րդ կետը՝ նախատեսելով Նախագծով սահմանված նույնական կարգավորումներ:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.11-րդ կետում կիրառվում են «դասընթացներին մասնակցած, գնահատված եւ վկայագրված անձանց» բառերը: Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային եւ անհատական մասնագիտական ուսուցման եւ կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել եւ ճանաչվել»: Այսինքն՝ անձը կարող է գնահատվել եւ վկայագրվել ոչ միայն դասընթացներին, այլ նաեւ վերապատրաստմանը մասնակցելու արդյունքում, մինչդեռ Նախագծի վերը մեջբերված ձեւակերպումը սահմանափակում է վերապատրաստմանը մասնակցած, գնահատված եւ վկայագրված անձանց տվյալները Ռեեստրում գրանցելու հնարավորությունը: Բացի այդ՝ Օրենքով եւ Նախագծով նախատեսված չեն դասընթացներին մասնակցելու եւ դրա հիման վրա գնահատվելու եւ վկայագրվելու ընթացակարգեր կամ այլ կարգավորումներ, բոլոր կարգավորումներն ու ընթացակարգերը վերաբերում են լրացուցիչ կրթական ծրագրերին, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի վերը մեջբերված ձեւակերպումը խմբագրել՝ հաշվի առնելով սույն կետում նշված դիտարկումները:

2.2. Նախագծի՝ վերը մեջբերված սահմանման համաձայն՝ Ռեեստրում գրանցվում են նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող անձանց տվյալները: Այսինքն՝ նախատեսվում է առանձին անձանց շրջանակ, որ պետք է իրականացնի լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ: Այս առումով հարկ է նկատել, որ Օրենքով եւ Նախագծով «մոնիտորինգ» եզրույթն ընդհանրապես չի կիրառվում, այնուհանդերձ անհրաժեշտ է անդրադառնալ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.4-րդ մասի 6-րդ կետին, որում նշված է. «երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի իրականցման ընթացքի մշտադիտարկում՝ ուսուցման ազգային ռեեստրում ընդգրկված անկախ մասնագիտների կողմից»: Նշված ձեւակերպումը խնդրահարույց է հետեւյալ պատճառաբանությամբ: Նախ՝ ո՛չ Օրենքով, ո՛չ Նախագծով չի կիրառվում «դասընթացների ընթացքի մոնիտորինգ» եզրույթը, հետեւաբար հասկանալի չէ՝ թե ինչ է այն իրենից ներկայացնում, որ դեպքերում է իրականացվում եւ ում կողմից: Երկրորդ՝ եթե «լրացուցիչ կրթական ծրագրի իրականցման ընթացքի մոնիտորինգ» եւ «լրացուցիչ կրթական ծրագրի իրականցման ընթացքի մշտադիտարկում» եզրույթները նույն միտքն են արտահայտում, ապա, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, անհրաժեշտ է միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույնական հասկացություններ: Բացի այդ՝ վերը մեջբերված ձեւակերպումից բխում է, որ մոնիտորինգ հնարավոր է իրականացնել միայն երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերի նկատմամբ, հետեւաբար անհրաժեշտ է կատարել համապատասխան հստակեցում Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.11-րդ կետում: Եթե նշված երկու եզրույթները տարբեր են, ապա անհրաժեշտ է սահմանել, թե ովքեր իրավունք ունեն իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրի իրականցման ընթացքի մոնիտորինգ: Երկու դեպքում էլ առկա է խնդիր. անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում մոնիտորինգը կամ մշտադիտարկումը, ինչպես է իրականացվում: Բացի այդ՝ անհրաժեշտ է սահմանել, թե Օրենքի իմաստով ով է համարվում «անկախ մասնագետ»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այս եզրույթը կիրառվում է միայն վերը մեջբերված ձեւակերպման մեջ:

3.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.13-րդ կետով սահմանվում է «անձի փաստացի կարողություններ» եզրույթը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.12-րդ եւ 1.15-րդ կետերում կիրառվում է «անձի կարողություններ» եզրույթը՝ համապատասխան հոլովաձեւերով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք նույն միտքն արտահայտելիս կիրառել նշված եզրույթներից միայն մեկը:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.14-րդ կետով սահմանվող «համեմատելի չափանիշներ» եւ 1.15-րդ կետում կիրառված «չափանիշներին» եզրույթներին:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 1.14-րդ կետում, որպես համեմատելի չափանիշներ, սահմանված են որոշակի մասնագիտության չափորոշչի կամ ծրագրի ուսումնառության արդյունքներով, զբաղմունքի նկարագրով կամ պաշտոնի անձնագրով սահմանված որոշակի կարողությանը ներկայացվող պահանջները:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացովող 3.4-րդ մասի 1-ին կետում, որպես լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման եւ վկայագրման փուլ նախատեսված է ըստ մասնակցի նպատակների, կազմակերպության պատասխանատուի (գործատուի) կարիքների եւ պաշտոնի նկարագրի պահանջների՝ անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատում:

Հարկ է նկատել, որ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը անձի կարողությունների, սահմանված որոշակի չափանիշների եւ պաշտոնի անձնագրում սահմանված պահանջների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է: Նախ նշենք, որ օրենսդրական ակտերում սահմանված չէ կրթության ոլորտում պաշտոնի անձնագիր ունենալու պարտականություն ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաեւ տվյալ պաշտոնի անձնագրում որոշակի կարողություններ կամ չափանիշներ բովանդակելու պահանջը: Պաշտոնի անձնագիրը, որպես աշխատատեղի նկարագիր, պետք է սահմանի որոշակի չափանիշներ եւ պահանջներ, որոնց բավարարելու փաստը պետք է որոշվի նախքան այդ պաշտոնը զբացեղնելը: Իսկ՝ համապատասխան պաշտոնը զբաղեցնող անձի՝ գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթացը նախատեսված է որպես ատեստավորում:

Օրինակ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ»:

Հետեւաբար կարծում ենք իմաստզուրկ է պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխան անհրաժեշտ  լրացուցիչ գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատումը դիտարկել որպես լրացուցիչ կրթական ծրագրի կազմակերպման փուլ, այն պարագայում, երբ համապատասխան պաշտոնը (տնօրեն, մանկավարժ) կարող է զբաղեցվել միայն համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված աշխատատեղի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող անձի կողմից: Իսկ տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների եւ անձի կարողությունների համեմատության համար օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է ատեստավորման ինստիտուտը: 

Միաժամանակ նշենք, որ լրացվող 1.14-րդ կետում կիրառված «մասնագիտության չափորոշիչ» հասկացությունը սահմանված չէ օրենսդրությամբ եւ միանշանակ չի ընկավում:

5.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.15-րդ կետը սահմանում է. «գնահատում` անձի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության համադրության գործընթաց»: Կարծում ենք նշված կետում նպատակահարմար է «վկայությունները» բառը փոխարինել «փաստաթղթերը» բառով:

6. Նախագծի 2-րդ հոդվածն ունի ընդամենը մեկ մաս եւ մեկ համարակալված կետ, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «1)» թիվը եւ այդ կետում նշված «լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ից 3.7-րդ մասերով» բառերը շարադրել նույն հոդվածի «Օրենքի 26-րդ հոդվածը» բառերից հետո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.3-րդ մասով սահմանվում է. «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման եւ վկայագրման գործընթացը համակարգում, ինչպես նաեւ ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը».

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաեւ ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը», իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, թե կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ սույն կետում՝ Կազմակերպություն) ինչ փուլերով է կազմակերպում եւ իրականացնում ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատելու եւ ճանաչելու գործընթացը: Չնայած Կազմակերպությանը վերապահված վերոնշյալ իրավասությունների կարեւորությանն ու հիմնաքարային լինելուն՝ Նախագծով եւ Օրենքով չի սահմանվում որեւէ դրույթ առ այն՝ ինչ պահանջների պետք է բավարարի Կազմակերպությունը, ինչ կարգով է իրականացվում Կազմակերպության ընտրությունը եւ այլն: Կարծում ենք՝ Կազմակերպության դերն ու նրան վերապահված իրավասությունների լայն շրջանակը հաշվի առնելով, անհրաժեշտ է առնվազն Կազմակերպությանը ներկայացվող նվազագույն չափանիշներն ու Կազմակերպության ընտրության հիմքերն ու ընթացակարգը սահմանել օրենքի, այլ ոչ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մակարդակով: Բացի այդ՝ հարկ է նկատել, որ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածի 12-րդ կետով, Որոշման 2-րդ հավելվածի 14-րդ, 15-րդ եւ այլ կետերով եւս սահմանված են Կազմակերպության իրավասություններ, որոնք Նախագծով չեն լրացվում Օրենքում: Անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում, թե ինչ սկզբունքով է ընտրվել Նախագծով Օրենքում լրացվող Կազմակերպության իրավասությունների շրջանակը:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.4-րդ մասի 1-ին կետում նշված է, որ լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման եւ վկայագրման փուլերից է «կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու, նոր ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատում՝ ըստ մասնակցի նպատակների, կազմակերպության պատասխանատուի (գործատուի) կարիքների եւ պաշտոնի նկարագրի պահանջների»: Նշված ձեւակերպման մեջ «եւ» շաղկապի կիրառումից բխում է, որ կատարելագործման, լրացման, արդիականացման, ձեռք բերման ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատման համար պարտադիր է մասնակցի նպատակների, գործատուի կարիքների եւ պաշտոնի նկարագրի պահանջի միաժամանակյա առկայությունը, ինչը խիստ սահմանափակում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են լրացուցիչ կրթական ծրագրերով ուսուցմանը մասնակցել՝ չունենալով պաշտոնի անձնագիր: Միաժամանակ առաջարկում ենք «կազմակերպության պատասխանատուի» բառերը փոխարինել «գործատուի» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, ըստ Նախագծի, դրանք նույն իմաստն ունեն եւ այն հանգամանքը, որ «կազմակերպություն» եզրույթն օգտագործվում է տարբեր իմաստներով: 

9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.4-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է. «լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից»: Այս առումով հարկ է նկատել, որ նախ՝ հստակեցման կարիք ունի «կրթական ծրագրի երաշխավորություն» ձեւակերպումը, քանի որ Օրենքի եւ Նախագծի վերլուծությունից պարզ չէ՝ այն իրենից ինչ է ներկայացնում: Երկրորդ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի վերոնշյալ իրավասությունը սահմանված չէ ո՛չ Օրենքի 37-րդ հոդվածով, որով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, ո՛չ էլ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր կետերով: Հետեւաբար անհրաժեշտ է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ լրացուցիչ կրթական ծրագիր երաշխավորելու իրավասությունը նույնպես սահմանել Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր կետերով:

10. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.6-րդ մասով սահմանվում է «Սույն հոդվածի 3.1-րդ, 3.2-րդ եւ 3.4-րդ մասով սահմանված փուլերը պարտադիր են այն կազմակերպությունների եւ մասնակիցների (ունկնդիրների) համար, ովքեր ցանկանում են ստանալ պետական նմուշի միասնական փաստաթուղթ», մինչդեռ  նշենք, որ համապատասխան հոդվածի 3.1-ին եւ 3.2-րդ մասերով որեւէ փուլ չի սահմանվում: Առաջարկում ենք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով առաջնորդվելով, վերը մեջբերված մասում հղումները կատարել հստակ եւ ճշգրիտ: Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ մասում սխալ հղում կատարելու պատճառով հասկանալի չէ՝ կազմակերպությունները ինչ կարգով եւ ինչ նպատակով պետք է ստանան երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները ձեռք բերած մասնակիցներին տրամադրվող վկայական: 

11.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.7-րդ մասով սահմանվում է. «Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (վկայական եւ ներդիր) ստացած անձինք գրանցվում են ուսուցման ազգային ռեեստրում՝ անհատական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասան»: Նշված ձեւակերպման տարընթերցումներից խուսափելու համար անհրաժեշտ է հաստակեցնել, որ Ռեեստրում անձի տվյալները գրանցելիս, օրենսդրությամբ սահմանված անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ պահանջները պահպանելու պարտականությունը դրված է ոչ թե գրանցվող անձանց, այլ Ռեեստրը վարողի վրա: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.7-րդ մասում «անհատական» բառը անհրաժեշտ է փոխարինել «անձնական» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվում է «անձնական տվյալ» եզրույթը: 

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 7-րդ մասին:

12. Նախագծով լրացվող դրույթներում «մասնագետ» բառը կիրառվում է Օրենքի 3-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված «մասնագետ» բառից տարբերվող այլ իմաստով: Այսպես՝ Օրենքի 3-րդ հոդվածի 19-րդ կետը սահմանում է. «մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց», հետեւաբար, կարծում ենք, իրավական շփոթից խուսափելու համար նպատակահարմար է Նախագծով «մասնագետ» բառի փոխարեն կիրառել այլ բառ, կամ այլ կերպ հստակեցնել, որ այն կիրառվում է Օրենքի 3-րդ հոդվածի 19-րդ կետով սահմանված «մասնագետ» բառից տարբերվող իմաստով:

13.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 1-ին մասում նշված է. «Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կամավոր գործընթաց է, որի կազմակերպման, իրականացման, ճանաչման եւ հավաստագրման ընթացակարգը, մասնակիցների գնահատման հիմքերը, գնահատման կենտոններին ու գնահատողների ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները եւ պարտականությունները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է. «(…) Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածից բխում է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը չի կարող ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման գործընթացի կողմերի համար սահմանել այնպիսի պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Հետեւաբար առաջարկում ենք ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները եւ պարտականությունները սահմանել ոչ թե ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտով, այլ օրենքով:

14.   Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «կազմակերպության մասնագետները եւ (կամ) ֆիզիկական անձինք (գնահատողներ)» ձեւակերպումը, որը, կարծում ենք, ունի վերաձեւակերպման կարիք, քանի որ դրանից բխում է, որ կազմակերպության մասնագետները ֆիզիկական անձ չեն հանդիսանում: Բացի այդ՝ նշված ձեւակերպումից հստակ չէ՝ տվյալ դրույթով սահմանված կազմակերպության մասնագետները եւ ֆիզիակական անձինք են հանդիսանում միայն գնահատողներ   (գնահատողների սպառիչ շրջանակն է արդյո՞ք), թե այդ շրջանակից դուրս այլ անձինք նույնպես կարող են լինել գնահատող: Հետեւաբար կարծում ենք՝ անհրաժեշտ է հստակեցնել «գնահատող» եզրույթը՝ այն անձանց շրջանակը, ովքեր կարող են հանդիսանալ գնահատող: Այս տեսանկյունից հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 1-ին մասին, որտեղ նշված է. «(…) գնահատման կենտրոններին եւ գնահատողների ներկայացվող պահանջները (…) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Մինչդեռ Օրենքի 37-րդ հոդվածում, որով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր կետերում առկա չէ որեւէ դրույթ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ գնահատողներին ներկայացվող պահանջների սահմանման իրավասություն ունենալու մասին: 

15.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասության «կարողություն (կարողություններ), որը (որոնք) բավարար է (բավարար են)» ձեւակերպման մեջ առաջարկում ենք «(կարողություններ)», «(որոնք)» եւ «(բավարար են)» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը (…)»:

16.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում կիրառվող «ինքնագնահատում» եզրույթի բովանդակությունը սահմանված չէ ո՛չ Նախագծով, ո՛չ Օրենքով: Առաջարկում ենք Նախագծով սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնագնահատումը եւ ինչ կարգով է իրականացվում:

17.  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածով սահմանվում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը: Մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1.4-րդ կետով սահմանված է. «ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)՝ կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության եւ (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման եւ ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի»: Հետեւաբար առաջարկում ենք Օրենքի վերոնշյալ կետում «սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման եւ ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերը խմբագրել՝ նշելով, որ ուսումնառության արդյունքների ճանաչումն իրականացվում է Օրենքի 26.1-ին հոդվածով:

Նույնը վերաբերելի է նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 1.5-րդ կետին: 

18.   Նախագծի  3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կամավոր գործընթաց է, որի կազմակերպման, իրականացման, ճանաչման եւ հավաստագրման ընթացակարգը (…) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Օրենքի 36-րդ հոդվածի 6.2-րդ կետի համաձայն՝ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը սահմանելու իրավասությունը վերապահված է ոչ թե կրթության պետական կառավարման լիազորված մարմնին, այլ Կառավարությանը: Այս առումով հարկ է նաեւ նկատել, որ Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այնուհանդերձ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-3.7-րդ կետերի դրույթներով սահմանվում են լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման, իսկ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածով՝ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման վերաբերյալ կարգավորումներ, հետեւաբար հասկանալի չէ, թե լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման վերաբերյալ լրացուցիչ ինչ ընթացակարգեր պետք է սահմանվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

19.  Նախագծի 7-րդ հոդվածում նշված է. «Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նոր խմբագրությամբ օրենքի 36-րդ եւ 37-րդ հոդվածներով սահմանված»: Այս ձեւակերպումն ունի խմբագրման կարիք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածով լրացում է կատարվում միայն Օրենքի 37-րդ հոդվածում, բացի այդ՝ առկա է վերոնշյալ ձեւակերպումը իմաստային առումով ավելի հասկանալի դարձնելու անհրաժեշտություն:

20.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող ներ՝ 3.5-րդ մասի, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 26.1-ին հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9.4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի եւ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգերը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված Նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 37-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30, իսկ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման եւ հավաստագրման գործընթացը ներդրվում է 2022 թվականի մայիսի 1-ից: Օրենքի 3-րդ հոդվածի 1.6-րդ կետի համաձայն՝ «լրացուցիչ կրթություն (ուսուցում)՝ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տեւողությունը կարող է լինել մինչեւ հինգ ամիս»: Վերոգրյալը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ 2022 թվականի մայիսի 1-ից ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման եւ հավաստագրման գործընթացը սկսելու դեպքում Նախագծով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար սահմանված ժամկետի հետ կապված խնդիր է առաջանալու, քանի որ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների հավաստագրման գործընթացը ավարտվելու է մինչեւ վկայականի եւ հավաստագրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծում առկա են բազմաթիվ վրիպակներ: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող նոր 1.11-1.15-րդ կետերում եզրույթների անվանումներն անհրաժեշտ է նշել մգեցված տարբերակով, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.4-րդ մասի 5-րդ կետում կիրառվող «իրականացնող երաշխավորված կազմակերպության (եւ կամ անհատի) ընտրություն» ձեւակերպումն ունի խմբագրման կարիք, քանի որ չի հասկացվում, թե ինչ է իրականացնում երաշխավորված կազմակերպությունը, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.7-րդ հոդվածի «համապատասան» բառում անհրաժեշտ է ավելացնել «խ» տառը, Նախագծի 3-րդ հոդվածի «Օրենքը լրացնել 26.1-րդ հոդված» ձեւակերպման մեջ անհրաժեշտ է բառերը ճիշտ հոլովաձեւով շարադրել, իսկ «26.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «26.1-ին» ձեւակերպմամբ, Նախագծի 5-րդ հոդվածում «9.1)» թվից առաջ դնել չակերտ, նույն հոդվածում «9.1-րդ» ձեւակերպումը փոխարինել «9.1-ին» ձեւակերպմամբ, Նախագծի 7-րդ հոդվածում նշված «կառավարության» բառն անհրաժեշտ է շարադրել մեծատառով եւ այլն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվող մարդու ազատ գործելու իրավունքի տեսանկյունից: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» օրենքների պահանջներին:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

21.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

21.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծն ուղղված է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացների, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման (հավաստագրման) ոլորտում ծագող հարաբերությունների իրավակարգավորմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.12.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ, համաձայն որի «Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ»: Մասնավորապես, Նախագիծն ուղղված է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացների, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման (հավաստագրման) ոլորտում ծագող հարաբերությունների իրավակարգավորմանը:

Նախագիծը սոցիալ, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում  

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարողներ՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                             Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

14.12.2021թ.