ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-109-06.12.2021-ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1091 -06.12.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-109-06.12.2021-ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Պ-1091 -06.12.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

27.12.2021թ.
 
 


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրացվող նոր 183.2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքին կատարված հղումներին:

2.  Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է մեկ փոփոխություն:

3.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «(այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերից հետո լրացվում է «,ինչպես նաեւ նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց» բառերով:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացումից առաջարկում ենք «նախադպրոցական,» բառը եւ կետադրական նշանը հանել հետեւյալ հիմնավորմամբ.

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված է «հանրակրթություն» հասկացությունը, որի համաձայն՝ «հանրակրթություն` անձի ուսուցման եւ դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական եւ լրացուցիչ ծրագրերով.»: Նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված է «հանրակրթական ուսումնական հաստատություն» հասկացությունը, այն է՝ «հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն)` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).»:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ խնամքի գործընթաց, որը համարվում է հանրակրթության սկզբնական աստիճան եւ իրականացվում է նախադպրոցական կրթության ծրագրով.»:

Վերոնշյալ սահմանումներից բխում է, որ հանրակրթություն հասկացությունը ներառում է նախադպրոցական կրթությունը: Հետեւաբար հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի մշտապես բարձրացման պարտադիր պահանջն ենթադրում է նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի մշտապես բարձրացման պարտադիր պահանջ: Հիմք ընդունելով վերոնշյալ դիտարկումը՝ կարծում ենք՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի մասին առանձին նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

4.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի համաձայն՝ «Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը եւ իջեցումը

1. Հանրապետության եւ Անկախության տոներին, ինչպես նաեւ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է այն բնակելի եւ ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության համայնքների հրապարակների, փողոցների, այգիների եւ պուրակների հարակից տարածքներում:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ պետական այլ տոներին եւ հիշատակի օրերին Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման եւ իջեցման փոխանցման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

4.1) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կարգավորումը կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ սույն դիտարկումը հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման պարտականության սահմանմամբ այն բնակելի եւ ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության համայնքների հրապարակների, փողոցների, այգիների եւ պուրակների հարակից տարածքներում: Հարկ է նկատել, որ  հասկանալի չէ այն վայրերի շրջանակը որտեղ պետք է մշտապես բարձրացվի Հայաստանի Հանրապետության դրոշը, որի հիման վրա հնարավոր կլիներ որոշել պահանջի կատարված լինելու հանգամանքը: Նշենք նաեւ, որ որեւէ հղում չի կատարվում համապատասխան կարգավորումների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտի ընդունմանը: Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 183.2-րդ հոդվածի 2-րդ մասում պատասխանատվություն է սահմանվում Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները խախտելու համար այն դեպքում, երբ հասկանալի չէ այն հրապարակների, փողոցների, այգիների եւ պուրակների հարակից տարածքների շրջանակը, որոնց վրա պետք է մշտապես բարձրացվի Հայաստանի Հանրապետության դրոշը: Ուստի, առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կարգավորումը իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

4.2) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման եւ իջեցման փոխանցման արարողակարգը» հատվածը համապատասխանաբար կետադրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը, իջեցումը եւ փոխանցումը առանձին արարողություններ են: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 3-րդ մասում քննարկվող հատվածի նման ձեւակերպումն անհասկանլի է, մասնավորապես՝ ի՞նչ է ենթադրում «իջեցման փոխանցումը»:

4.3) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է Կառավարության լիազորությունը սահմանել Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը: Հարկ է նկատել, որ Կառավարությանը վերապահվում է սահմանել արարողակարգ միայն կոնկրետ դեպքերի համար: Մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում, այն է՝ Հանրապետության եւ Անկախության տոներին, Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը, եւ պետական այլ տոներին եւ հիշատակի օրերին Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման դեպքերում: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը, իջեցումը, փոխանցումը սահմանափակված չէ միայն նշված դեպքերով: Օրենքի 3-րդ հոդվածում սահմանված է Հայաստանի Հանրապետության դրոշի գործածումը, որի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար պետական մարմինների, անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանների (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի) շենքերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) եւ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա՝ միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին եւ ընդունող պետությունների սովորույթներին համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություններում եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային միջոցառումներին՝ այդ կազմակերպություններում ընդունված ընթացակարգերին եւ գործելակերպին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական առաջնությունների բացման ժամանակ եւ իջեցվում է փակման արարողությունների ժամանակ:

4. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես տեղադրվում է պաշտոնական, աշխատանքային եւ հանդիսավոր արարողությունների համար նախատեսված` Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, դատարանների դատական նիստերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճներում:

5. Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի եւ Ազգային ժողովի այլ մարմինների, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինքնավար եւ անկախ պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների եւ դատախազների, մարզպետների եւ համայնքների ղեկավարների, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների) ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում:

6. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է տեղադրվել այլ վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա:

7. Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է ամրացվել Հանրապետության նախագահի փոխադրամիջոցների վրա, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների վրա` միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգին համապատասխան, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների փոխադրամիջոցների վրա` ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:

8. Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:

9. Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի եւ դրա պատկերի գործածման կարգը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:»: 

Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման պահանջ: 

Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կարգավորման արդյունքում բացի Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերից, մնացած դեպքերում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգի վերաբերյալ կանոններ Կառավարությունը լիազորված չէ նախատեսել: Հետեւաբար Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման այլ դեպքերում իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ կարծում ենք՝ առավել նպատակահարմար է Կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգի սահմանումը չսահմանափակել առանձին դեպքերով:

5.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված Կառավարության կողմից սահմանվող Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման առարողակարգի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ անցումային դրույթը բացակայում է: Առաջարկում ենք Նախագծում անցումային դրույթով սահմանել նշված արարողակարգի ընդունման նախատեսվող ժամկետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետ՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

6.  Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

7.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

8.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի պահանջների որոշ խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 183.2-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ կամ 8-րդ մասերով, ինչպես նաեւ 6-րդ հոդվածով սահմանված պահանջները խախտելու համար: Ընդ որում, նշված մասով վարչական իրավախախտման սուբյեկտ են հանդիսանում քաղաքացիները, իրավաբանական անձինք եւ պաշտոնատար անձինք: Այս համատեքստում հատկանշական է, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ կամ 8-րդ մասերով, ինչպես նաեւ 6-րդ հոդվածով նախատեսված պահանջներն ուղղված չեն քաղաքացիներին, հետեւաբար՝ քաղաքացիները չեն կարող դառնալ վարչական պատասխանատվության սուբյեկտ: Ուստի, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 183.2-րդ հոդվածի 1-ին մասում բացառել քաղաքացիների համար նախատեսվող վարչական պատասխանատվությունը, այսինքն՝ սանկցիայից հանել «քաղաքացիների եւ» բառերը:

Բացի այդ, նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 183.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշում է կատարված վարչական իրավախախտման սուբյեկտների մասին, իսկ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում սուբյեկտների վերաբերյալ նշումը բացակայում է: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Օրենսգրքում լրացվող նոր 183.2-րդ հոդվածի մասերի միատեսակ ձեւն (տեսքը) ապահովելու նպատակով իրավախախտման սուբյեկտների վերաբերյալ նշում կատարել քննարկվող հոդվածի բոլոր մասերում կամ ընդհանրապես իրավախախտման սուբյեկտներին չանրադառնալ:

9. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ (…):

Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:»:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված  պահանջների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն նախատեսված չէ:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում՝

1) առաջարկում ենք ուղղել վրիպակը՝ «2191-րդ» թիվը փոխարինել «219.1-ին» թվով:

2) «2-րդ մասը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «2-րդ պարբերության» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

3) «,183.2.-րդ» ձեւակերպումից առաջարկում ենք հանել երկրոդ միջակետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «(...)Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով(...)»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը իրավական որաշակիության սկզբունքին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքին, «Հանրակրթության մասին» օրենքին, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

27.12.2021թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

27.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

- կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաեւ առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը,

- «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն,

- օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանել եռամսյա ժամկետ՝ հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը: 

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման հիմնական նպատակը, ըստ հեղինակի, ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների եւ երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

13.12.2021թ.



Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացմամբ, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների եւ երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: 

Առաջարկվում է նաեւ օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշներին վերաբերվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

08.12.2021թ.